HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դոն Պիպոյի գործով տեսանյութը փորձաքննության է ենթարկվել՝ պարզելու համար կադրից դուրս լսվողը նրա ձայնն է, թե ոչ

«Հետք»-ը զրուցել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանի հետ: Հիշեցնենք՝ Ասատրյանը մեղադրվում է իր դեմ նախապատրաստվող սպանության գործով անձանցից երեքին առևանգելու, ինչպես նաև զենք-զինամթերք պահելու մեջ:

-Ազգային անվտանգության ծառայությունը օրեր առաջ հրապարակել էր տեսանյութ, որում չերևացող «Պիպո» անունով մեկը երեք անձանց հարցադրումներ է անում իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ: Արթուր Ասատրյանի մեղադրանքի հիմքում այս տեղանյութը դրվա՞ծ է:

 -Ըստ քրեական դատավարության օրենսգրքի անձին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է բավարար ապացույցների համակցություն, իսկ թե վարույթն իրականացնող մարմինը ինչն է գնահատել բավարար, քննության այս փուլում մեզ համար դեռևս հստակ չէ: Սակայն, երբ վերլուծում ենք առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, ապա դա տանում է նրան, որ Արթուր Ասատրյանը մեղադրվում է իր սպանությունը նախապատրաստած անձանց  նկատմամբ կանխիչ գործողություններ կատարելու համար, որոնց արդյունքում էլ ըստ էության սպանությունը տեղի չի ունեցել, և Արթուր Ասատրյանը ողջ է մնացել: Այսինքն՝ Ասատրյանը չի մեղադրվում շահադիտական կամ այլ անձնական դրդումներով արարք կատարելու համար: Եթե անգամ իրականության մեջ որպես սպանության կանխիչ գործողություն որոշակի բռնի գործողություններ եղած լիներ, ապա դա կարելի էր դիտարկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Փաստ է, որ Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան, և հարգելով տվյալ անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ կսպասենք դատարանի վերջնական որոշմանը: Շատ հարցեր և խնդիրներ կան, որոնք այս պահին դեռևս պարզման փուլում են, կարծում եմ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը:

-Տեսանյութը փորձաքննության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացվե՞լ է` պարզելու համար դրանում լսվող ձայնն Արթուր Ասատրյանինն է, թե ոչ:

-Այո, փորձաքննություն նշանակվել է, սակայն այս պահին դեռևս դրա եզրակացությունը  չունենք:

-Մինչև այս պահը Դոն Պիպոն առերեսվե՞լ է որևէ անձի հետ, կա՞ անձ, ով պնդում է, որ իրեն Արթուր Ասատրյանն է առևանգել:

-Ասատրյանի մասնակցությամբ առերեսումներ չեն եղել: Բացի այդ, առաջադրված մեղադրանքը քննարկելով՝ իմ պաշտպանյալի հետ, միանշանակ պնդում եմ, որ Արթուր Ասատրյանը որևէ անձի չի առևանգել, և նա ապօրինի զենք չի ունեցել:

-Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության առթիվ հարուցված քրեական գործի մասին հայտնի դառնալուց հետո մամուլում շարունակ խոսվում էր քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի հետ նրա լարված հարաբերությունների, Կանևսկոյի կողմից ենթադրյալ պատվեր տալու մասին: Ձեր պաշտպանյալն այս առնչությամբ ի՞նչ է ասում, ի՞նչ հարաբերություններ ունի Կանևսկոյի հետ:

-Ես որևէ տեղեկություն չունեմ ոչ իրենց հարաբերությունների և ոչ էլ գործի հետ կապված Կանևսկոյի առնչության մասին. նման բովանդակությամբ ցուցմունք չունենք. գոնե ես տեղյակ չեմ:

-Ունենք իրավիճակ, երբ մեղադրանքի կողմը մի դեպքում հաստատված է համարում, որ Արթուր Ասատրյանի դեմ սպանություն է նախապատրաստվել, մյուս կողմից, ըստ մեղադրանքի, Արթուր Ասատրյանը կատարել է քրեորեն պատժելի արարք՝ առևանգում, որի արդյունքում բացահայտվել ու կանխվել է իր սպանությունը: Նման պայմաններում իրավապահ համակարգն, ըստ ձեզ, ինչպե՞ս պիտի  վարվեր, ի՞նչ իրավական որակում պիտի տար արարքին:

-Ներկայացված տեսանյութում ո՛չ առևանգման գործողություն կա, ո՛չ բռնություն և ո՛չ էլ որևէ այլ դետալ, որը կարող է խոսել  բռնի գործողությունների մասին: Շատ սովորական զրույց է, հարցուփորձ է արվում: Այսինքն` եթե անգամ առևանգում եղել է, ապա դա  չի կարող կապ ունենալ Արթուր Ասատրյանի հետ: Ասատրյանը խուլիգան չէ, այն կատեգորիան չէ, որ գնա, մարդ առևանգի: Արթուր Ասատրյանը աշխարհով մեկ մեծ ճանաչում և մեծ կապեր ունեցող հայտնի գործարար է, ով դրսում աշխատած գումարներով բացի Հայաստանի Հանրապետությունում բարեգործություններ կատարելուց, որևէ այլ գործառույթ գոնե մինչև այժմ չի կատարել:

-Այն անձանց պաշտպանները, որոնք, ըստ գործի նյութերի՝ առևանգվել են, ասում են, թե ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութը նկարահանվել է նրանց նկատմամբ ճնշումների արդյունքում, ու թեև, ըստ գործի նյութերի, տեսանյութը առևանգված անձանցից մեկի հեռախոսից է հայտնաբերվել, այն իրականում Արթուր Ասատրյանը կամ նրանց առևանգած անձինք են տվել իրավապահներին: Եթե տեսականորեն ընդունենք, որ դա ճիշտ  է, ապա բնական է, որ դրանում չէին լինելու ծեծի ենթարկելու և ճնշում գործադրելու դրվագներ:

-Դա նրանց կարծիքն է. հարգելով իմ գործընկերներին՝ ես չեմ կարող փաստաբանների խոսքը մեկնաբանել:  Համենայնդեպս, գործի տվյալների համաձայն, ըստ այն նյութերի, որոնք մեր տրամադրության տակ կան, Արթուր Ասատրյանի կողմից առևանգման մասին խոսք լինել չի կարող:  Իսկ փաստն այն է, որ ըստ վարույթն իրականացնող մարմնի, նրանցից մեկի հեռախոսի պարունակության մեջ է հայտնաբերվել տեսանյութը: Այս դեպքում էլ  ստացվում է, որ առևանգված մարդն իր մոտ հեռախոս է ունեցել: Նման բան կարո՞ղ էր լինել. բնականաբար չէր կարող, քանի որ այդ դեպքում այդ հեռախոսով նա կարող էր զանգահարել թե՛ ընկերներին, թե՛ ծանոթներին և  ի վերջո, նաև զանգահարել իրավապահ մարմիններին: Իսկ այն վարկածը, թե նրանց ստիպել են հայտնել տեղեկություններ, որոնց մասին հայտնում են տեսանյութում, անտրամաբանական է: 

-Ինչո՞ւ է անտրամաբանական

-Ես կարծում եմ, որ դա ընդամենը պաշտպանական մարտավարություն է և ոչ ավելին:

-Իսկ միայն տեսանյութը կարո՞ղ էր լինել հիմք Արթուր Ասատրյանին մեղադրանք առաջադրելու համար:

 -Իհարկե չէր կարող, տեսանյութում  բռնություն չկա:  Արթուր Ասատրյանը այդ տեսանյութում չկա, միայն տեսանյութում լսվող ձայնն են նմանեցնում նրա ձայնին,  ասում, որ հարցեր տվող անձը Արթուր Ասատրյանն է, բայց մենք դրա հավաստիացումը չունենք: Իսկ, եթե անգամ նրա ձայնը լիներ, ապա այդ տեսանյութում ոչ առևանգում կար, ոչ բռնություն և ոչ էլ կոպիտ խոսք:

-Գործի քննության շրջանակներում Ճանաչման քննչական գործողություն ձեր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվե՞լ է:

-Ոչ,  չի կատարվել:

-Ըստ ձեզ՝ պիտի կատարվե՞ր:

-Ըստ տրամաբանության՝ պետք է  կատարվեր, ընդ որում` մինչև Արթուր Ասատրյանի կալանավորումը:

-Այն անձինք, որոնք Արթուր Ասատրյանի հետ ձերբակալվել, ապա ստորագրությամբ ազատ են արձակվել, ի՞նչ հարաբերություններ ունեն Արթուր Ասատրյանի հետ:

-Ընկերական հարաբերություններ, որքանով ես գիտեմ:

-Ըստ գործի նյութերի` սպանության նախապատրաստման գործով անցնող անձինք նախապատրաստել են ոչ միայն Արթուր Ասատրյանի, այլ նաև Անդրանիկ Սողոյանի և Գևորգ Մելիքյանի սպանությունները: Ձեր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ ունի Անդրանիկ Սողոյանի և Գևորգ Մելիքյանի հետ:

-Չգիտեմ ինչպիսի հարաբերություններ ունեն նրանք, չեմ հետաքրքրվել: Համենայնդեպս, գոնե այս ընթացքում նրանց մասին որևէ խոսք չի եղել և որևէ մտերմություն չեմ նկատել: Պարտադիր էլ չէ, որ հարաբերություն ունենային միմյանց հետ: Եթե այդ մեղադրանքը համապատասխանում է իրականությանը, այդ անձանց սպանելու պատվեր է եղել, կարող էր և իրարից անկախ հանգամանքներում լինել, բոլորովին էլ պարտադիր չէր, որ նշված անձինք կապ ունենային Արթուր Ասատրյանի հետ, կարևորն այն էր, թե այդ անձիք ինչ հարաբերություն և խնդիր ունեին պատվիրատուի հետ:

-Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` Արթուր Ասատրյանի առանձնատնից մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել: Այս պահի դրությամբ ապօրինի զենք պահելու մեղադրանքը ևս չի՞ ընդունում Արթուր Ասատրյանը:

-Ոչ, որովհետև ինքը զենք չի կրել, իսկ այն տանը, որտեղ հայտնաբերվել է զենք, ինքը լինում է տարվա մեջ մոտ  10-20 օրով: Դա իր հայրական տունն է: Մեծ տուն է. այնտեղ աշխատողներ կան, պահակներ և այլ տարբեր անձիք մուտք ու ելք ունեն: Ինչ վերաբերում է տարածված հաղորդագրությանը, թե մեծ քանակով զենք է հայտնաբերվել, հարաբերական է, թե ինչ ենք հասկանում մեծ քանակ ասելով: 7 միավոր զենք է հայտնաբերվել. թե համեմատենք վերջին շրջանում հայտնաբերված զենքերի հետ, դա անհամեմատելի փոքր քանակ է, և քանի որ Արթուր Ասատրյանը կապ չունի, և քննությամբ էլ, վստահաբար, չկա նման հիմնավորող փաստարկ, պարզապես կարող ենք պնդել, որ դա ևս ակնհայտ անհիմն մեղադրանք է Արթուր Ասատրյանի նկատմամբ:

-Առանձնատան խուզարկությունից հետո տեղեկություն տարածվեց, որ հայտնաբերված զենքն առաջիկայում օգտագործվելու էր:

-Չկա նման բան. որտե՞ղ էր գործադրվելու:

-Գործի նախաքննության ընթացքի հետ կապված ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնց մասին հարկ եք համարում բարձրաձայնել:

-Արթուր Ասատրյանին կալանավորելը ակնհայտորեն ապօրինի է եղել: Վերաքննիչ դատարանն էլ,  նախկինի գործելաոճի նման,  անփոփոխ է թողել առաջին ատյանի կայացրած դատական ակտը: Նախկինում այդպես էր. եթե Ազգային անվտանգության ծառայությունն է կալանավորման միջնորդություն ներկայացրել, ապա պարտադիր  կալանավորման որոշում էր կայացվում, հիմա էլ հիմնականում նույն վիճակն է այս առումով, միգուցե և ավելի վատ: Ես պատասխանատու հայտարարում եմ, Արթուր Ասատրյանին կալանավորելու մասով ակնհայտորեն ապօրինի որոշում է կայացվել:

-Ինչո՞ւ է ապօրինի:

-Արթուր Ասատրյանի կալանքի հիմքում դրվել են քննությունից խուսափելու և խոչընդոտելու հանգամանքը, որի հավանականությունը պայմանավորել են բացառապես վերագրվող արարքի ծանրությամբ և որևէ փաստական տվյալ չի դրվել այդ հանգամանքի հիմքում: Այս գործի քննությունը շուրջ մեկ տարուց ավելի ընթացել է, և Արթուր Ասատրյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով մշտապես ներկայացել ու մասնակցել է քննչական գործողություններին, չի արձանագրվել քննությունից խուսափելու կամ քննությանը խոչընդոտելու գոնե մեկ դեպք, այդ հանգամանքը հաստատվեց նաև քննիչի կողմից, մինչդեռ դատարանների նախատրամադրվածության վրա ոչինչ ազդել չէր կարող: Թեև ես բացառում եմ, որ նախկինի նման, քաղաքական վերին իշխանության կողմից հատուկ հրահանգ լինի Արթուր Ասատրյանին կալանավորելու համար, սակայն դատարանները ԱԱԾ-ի դիրքորոշումը ենթադրաբար դիտարկում են որպես քաղաքական իշխանության կամքի արտահայտում և հիմա էլ փորձում են այդ ձևաչափով և տրամաբանությամբ կատարել իշխանության կամքը, որը դարձյալ ստվերում է դատական իշխանության հեղինակությունը, քանի որ կայացված որոշումներն ակնհայտ անհիմն են: Իսկ ինչ վերաբերվում է տարածած այն ձևակերպմանը, թե Արթուր Ասատրյանը քրեական հեղինակություն է, որպիսի ձևակերպում էր կիրառել նաև վարույթն իրականացնող մարմինն իր միջնորդության մեջ, ապա սա տարակուսելի է, քանի որ մարդ, ով երբևէ դատապարտված չի եղել, երբևէ քրեաօլիգարխիկ կլանների մեջ ներգրավված չի եղել, ինչպե՞ս կարող է քրեական հեղինակություն լինել:

Իրականում Արթուր Ասատրյանն ամբողջ աշխարհում ճանաչված և հարգված հայտնի գործարար է, մեծ կապեր ունի արտասահմանյան երկրների թե՛ կառավարությունների, թե՛ գործարար շրջանակի հետ, որոնք կարող էր ծառայեցվել ի բարօրություն մեր երկրի: Արթուր Ասատրյանը մեծաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել, որի մասին հիմա էլ չի ցանկանում շատ խոսել և հեղափոխության գաղափարից ոգեշնչված՝ Հայաստան էր վերադարձել մեծ ծրագրերով, որպեսզի ներդրումներ կատարի և հազարից ավելի աշխատատեղեր ստեղծի:

-Ասում եք, որ Ասատրյանը կապեր ունի արտասահմանյան երկրների կառավարությունների ու գործարար շրջանակների հետ: Ի վերջո ի՞նչ էր պատրաստվում անել նա Հայաստանում՝ օգտագործելով այդ կապերը:

Օրինակ՝ այլ երկրների մեծ թվով գործարարների էր հորդորել և համոզել ներդրումներ կատարել Հայաստանում, որոնց մեծ մասը համաձայնվել էին և առաջիկայում ժամանելու էին Հայաստան, սակայն իրադարձությունների դասավորությունը խանգարեց այս գործընթացին:

Լուսանկարում ձախից՝ Գեղամ Հակոբյանը, աջից՝ Արթուր Ասատրյանը

Մեկնաբանություններ (1)

Արա Տոնոյան
Արթուր Սատրյանը իրոքից հայի զավակ է, շատ հայասեր, ազգասեր, բարերար հայորդի է, մենք բոլորըս սատարում ենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter