HY RU EN

Արաքս Մամուլյան

Թթի փառատոնը Քարահունջում

Սյունիքում Քարահունջ տանող ճանապարհն այսօր տևական ժամանակ դժվարանցանելի էր: Քաղաքացիները ոտքով քայլում էին ճանապարհի երթևեկելի հատվածով, իսկ նրանց միջով անցնող մեքենաները դժվարությամբ էին կարողանում առաջանալ, որոշ վարորդներ էլ մեքենաները կանգնեցնում էին ճանապարհին ու հետևում ոտքով քայլող քաղաքացներին:

Այս անգամ, սակայն, ճանապարհի խառնաշփոթը բողոքի ակցիայի նշան չէր, ինչպես սովորել  էինք տեսնել վերջերս. Քարահունջում արդեն չորրորդ անգամ կայանում էր «Թթի փառատոնը»:

Այս տարի փառատոնը համընկել է «Գորիսը`2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի օրերին:  Քարահունջում  էին ԱՊՀ երկրների պաշտոնատար անձինք ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակը նպաստելն է ԱՊՀ երկրներում միջմշակութային  կապերի խորացմանը, ծրագրի մասնակից քաղաքաների  մշակութային, սոցիալական  ու տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը,  ապակենտրոնացման քաղաքականությանը:

Փառատոնի առանցքում ստեղծագործ մարդիկ էին, որոնց եկել էին իրենց ձեռքի աշխատանքները, կերակրատեսակները, թթից պատրաստված օղին, դոշաբը, չիրը ներկայացնելու:

Միջոցառումը մեկնարկեց թութ թափ տալու արարողությամբ: Քարահունջը հայտնի է առատ թթով: Այս տարի, սակայն, թութն առատ չէր: Փառատոնին մասնակցելու համար Հայաստանից ու արտերկրից  Քարահունջ ժամանած զբոսաշրջիկները, սակայն, դժգոհ չէին. ավանդական երգուպարը, հայկական ավանդական ուտեստների ու օղու համտեսը թթի սակավության պատճառով, կարծես թե չէր տուժել: