HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին կալանավորը քրեական հանցագործ է անվանում դատախազի

Թագուհի Թովմասյան

Գործարար Հակոբ Ճարոյանը, մեղադրվելով խարդախության մեջ, 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, բայց 2 տարի 1 ամիս անցկացնելով կալանավայրում' 2005-ի մարտի 5-ին ազատ է արձակվել: Դեռեւս քրեակատարողական հիմնարկից նա 100-ից ավելի նամակներ է գրել տարբեր ատյաններ' ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահին' հայտնելով իր պատրաստակամությունը' Գեղարքունիքի մարզի դատախազի, քննիչի վերցրած կաշառքների փաստերն ապացուցելու, սակայն մինչ օրս նման հնարավորություն չի ստացել:

Մեր երկրում արդարադատության համակարգի կամայականություններից դժգոհողների պակաս գրեթե երբեք չի զգացվել: Շատերն են բողոքում իրենց նկատմամբ կեղծ մեղադրանքներ առաջադրելու, անհիմն դատավճիռներ կայացնելու փաստերից, սակայն քչերն են Ճարոյանի նման ջանասիրաբար պայքարում իրենց անմեղությունն ապացուցելու համար: Վերջինս շարունակ բարձրաձայնում ու մատնանշում է «կոռումպացված չինովնիկների» տեղը, բայց պատասխան որեւէ արձագանք չի ստանում. ո'չ իրավապահներին են պատասխանատվության կանչում, ո'չ էլ Ճարոյանի նկատմամբ են քրեական գործ հարուցում զրպարտության համար:

Բայց մինչ իրավապահները կորոշեն նշված տարբերակներից մեկն ընտրել,

ներկայացնենք կազմված մեղադրական եզրակացությունը, որը Ճարոյանը համարում է հիմարության գլուխգործոց եւ պնդում, թե պատրաստ է այնտեղ ամրագրված նույնիսկ 1 նախադասությամբ ապացուցել, որ ողջ քրգործը «փուչիկ է»:

Այսպես' ըստ մեղադրական եզրակացության' Հակոբ Ճարոյանը, 2001 թվականի մայիս-հունիս ամիսներին ծանոթանալով Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղապետ Վարուժան Թամազյանի հետ եւ տեղեկանալով, որ նա ցանկանում է «Անիվ» հիմնադրամից ստանալ 1500 ԱՄՆ դոլար փոխառության գումար (վարկ), գնել ալրաղաց եւ Ճոճկան գյուղում կազմակերպել ալյուրի արտադրություն, վերջինիս խնդրանքին ընդառաջելով' պատրաստակամություն է հայտնել օգնել նրան, որով Թամազյանի մոտ վստահություն է ձեռք բերել:

Հ. Ճարոյանը 2001 թվականի հունիս ամսվա կեսերին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումում աճուրդով ալրաղաց է վաճառվում: Նրանք Թամազյանի հետ այցելել են ԴԱՀԿ, որտեղ, օգտվելով ԴԱՀԿ պետ Վանիկ Ստեփանյանի հետ ծանոթ լինելու հանգամանքից, Վ. Թամազյանից թաքցրել է ալրաղացի մեկնարկային գինը՝ 12800$, եւ վերջինիս հայտնել է, որ ալրաղացի վաճառքի նվազագույն գինը սահմանված է 19000$:

Վ. Թամազյանը համաձայնել է նշված գնով ձեռք բերել ալրաղացը եւ 2001 թվականի հունիսի 27-ին Հ. Ճարոյանի պահանջով, իր եւ վերջինիս անվամբ ԴԱՀԿ դրամարկղ է մուծել օրենքով սահմանված կանխավճարը' 710540 դրամ, յուրաքանչյուրի անվամբ 355270 դրամ' աճուրդին մասնակցելու համար: Նշված օրը կանխավճարային գումարը մուծելուց հետո Հ. Ճարոյանը, չարաշահելով Վ. Թամազյանի վստահությունը վերջինիս գույքին տիրանալու նպատակով եւ աճուրդն իրենց օգտին կայացնելու համար, ճաշկերույթ կազմակերպելու եւ ընթացիկ այլ ծախսեր հոգալու պատրվակով Վ. Թամազյանից վերցրել է 1300 ԱՄՆ դոլար, սակայն այն չի օգտագործել ճաշկերույթի կամ ալրաղացի հետ կապված ծախսեր կատարելու վրա եւ խաբեությամբ տիրացել է այդ գումարին: Բացի դրանից, Ճարոյանը ալրաղացի ձեռքբերման ընթացքում բազմիցս ասել եւ համոզել է, որ ալրաղացը վաճառվում է 19000 ԱՄՆ դոլարով, եւ Թամազյանի կողմից վճարված 13000 դոլարի ու ալրաղացի գնի տարբերությունը կազմող 6000 ԱՄՆ դոլարը վճարել է ինքը, դարձյալ խաբեությամբ Վ. Թամազյանից 2002թ. փետրվարի 1-ին, Ֆերդինանտ Գրիգորյանի ներկայությամբ, վերցրել է գրավոր ստացական այն մասին, որ Վ. Թամազյանն իրեն պարտք է 6000 դոլար եւ պարտավորվում է վերադարձնել մինչեւ 2002թ.-ի հոկտեմբերը:

Այսպիսով' ըստ նախաքննական մարմնի եզրակացության' Ճարոյանը, չարաշահելով Թամազյանի վստահությունը, խարդախության միջոցով տիրացել է վերջինիս առանձնապես խոշոր չափերի 1300 ԱՄՆ դոլարին համարժեք 721643 դրամին, ինչպես նաեւ ձեռք է բերել 13000 դոլարին համարժեք 7.209.150 դրամով գնված ալրաղացի, շենքի եւ 6000 ԱՄՆ դոլարին համարժեք 3.383.940 դրամի նկատմամբ իրավունք:

Հ. Ճարոյանը կատարված գործողությունների այլ պատկեր է գծագրում: Նրա խոսքերով' ինքը եւ Վարուժան Թամազյանը համագործակցել են, եւ այդ համագործակցության շրջանակներում որոշել են ալյուրի արտադրություն հիմնել' միասին վճարելով անհրաժեշտ 13000 ԱՄՆ դոլարը: Սակայն գյուղապետը որոշ ժամանակ անց ալրաղացը գրավ դնելու պատճառաբանությամբ Ճարոյանից վերցրել է գույքի առքուվաճառքի լիազորագիր եւ մի քանի օր անց նրան «ավետել», թե «դու այլեւս ալրաղացի հետ կապ չունես»: Իսկ թե Թամազյանն ի՞նչ կպատմեր կատարվածի մասին, դժվար է կռահել, քանի որ հրաժարվեց մեզ հետ հանդիպել' պատճառաբանելով, թե գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով ծանրաբեռնված է: Նա խորհուրդ տվեց օգտվել իր տված ցուցմունքներից, որոնք, սակայն, այնքան էլ իր օգտին չեն խոսում: Այսպես' ցուցմունքներում Թամազյանը մեկ գրում է, թե Սեւանի շուկայի մոտ է գումար տվել Ճարոյանին, մեկ' Վանաձորում, մեկ էլ' Ալավերդու գարեջրի գործարանում: Նկատենք, որ ամբողջ քրգործում չկա որեւէ փաստաթուղթ, որով ապացուցվի, որ Թամազյանը Ճարոյանին որեւէ գումար է տվել:

Բավական հակասական փաստերով կազմված քրգործն ուղարկվել է դատարան: Գործը եղել է 3 դատավորների վարույթում: Առաջին դատավորը ինքնաբացարկ է հայտնել, ինչը, նկատենք, հաճախ չի պատահում, իսկ երկրորդ դատավորին երրորդ դատական նիստի օրը մեղադրողն ու տուժողն են բացարկ հայտնել: Երրորդ դատավորը, ըստ ընդդատության, քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի դատարան, ուր 03.01.2003-ին այն վարույթ է ընդունել դատավոր Վահան Հովհաննիսյանը, ով 13.09.2004-ին Ճարոյանին դատապարտել է 4.5 տարի ազատազրկման' չնայած մեղադրողը 6 տարի էր պահանջել:

Դատավոր Հովհաննիսյանին Ճարոյանը մեղադրում է պատվեր ստանալու արդյունքում ակնհայտ անհիմն դատավճիռ կայացնելու, ՀՀ օրենսդրությունը չիմանալու մեջ, իսկ դատավճիռը համարում է «հիմարության գլուխգործոց»: Եվ քանի որ կայացրած դատավճիռը դատավորը մեկնաբանելու իրավունք չունի, ուստի ստիպված էինք ներկայացնել միայն արդեն նախկին դատապարտյալի մեկնաբանությունները:

Ճարոյանը պնդում է, որ Հովսեփ Սարգսյանը կաշառք է վերցրել «քրեական հանցագործ» Թամազյանից եւ կազմել անհիմն քրեական գործ' չիմանալով ո'չ ՀՀ օրենսդրություն, ո'չ տարրական թվաբանություն: Իսկ կաշառք վերցնելը հիմնավորում է այսպես. «2002-ի հունիսին քննիչ Հովսեփ Սարգսյանը հանդիպել է ինձ եւ ասել' մի բան արա, գործդ կարճեմ»: Սակայն Ճարոյանը ոչ միայն «մի բան չի արել», այլեւ բղավել է քննիչի վրա: Դրանից հետո առաջացած քաշքշուկը հարթել է հանդիպմանը ներկա, Ճարոյանի ծանոթ Աշոտ Մխիթարյանը, ով ոչ պաշտոնական զրույցներում հաստատում է, թե լսել է, որ քննիչը փող է ուզել: Ըստ Ճարոյանի' քննիչ Սարգսյանը ասել է նաեւ, թե «ինձ համար մեկ է' փող տվողն ով է»: Որոշ ժամանակ անց, ըստ Ճարոյանի, Թամազյանն իրեն ասել է, որ քննիչի հետ ինքը հարցերը լուծել է: Հենց սա էլ հիմք է տալիս Ճարոյանին պնդելու, որ Սարգսյանին Թամազյանը փող է տվել, ինչի համար էլ կազմվել է «այս հիմարության գլուխգործոցը»:

Այս մեղադրանքների համար մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցեցինք քննիչ Հովսեփ Սարգսյանի հետ, սակայն նա եւս հրաժարվեց հանդիպել մեզ' նշելով, թե իր կազմած քրգործում Ճարոյանի մասին ամեն ինչ ասված է, եւ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն չկա:

Նախկին դատապարտյալը պնդում է, որ Գեղարքունիքի դատախազ Ալբերտ Մարգարյանը եւս իրենից կաշառք է ուզել' ասելով, թե «երկու տող գրի, գործերդ կարճեմ»: Իբրեւ կաշառակերության ապացույց' Ճարոյանը նշում է նաեւ, որ Սեւանի ժամանակավոր պահման մեկուսարանի պետն ու իրեն ուղեկցողները լսել են, թե ինչպես է դատախազը մյուս քննիչներին ասում' մի բան արեք, գործ սարքեք: Սակայն Ալբերտ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը Վարուժան Թամազյանին նույնիսկ չի ճանաչում, էլ ի՞նչ խոսք կարող է լինել կաշառք վերցնելու մասին: «Բացի այդ, Ճարոյանի գործը փաստաթղթային գործ է, ոչ թե ցուցմունքային, որ ինչ-որ տեղ հնարավոր լինի պարտադրանքով ինչ-որ ցուցմունք գրել տալ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացությանը, որը Ճարոյանը համարում է «հիմարության գլուխգործոց», ապա դրա յուրաքանչյուր տառի ճշտության համար Ալբերտ Մարգարյանը, ինչպես ինքն ասաց, գլխովին պատասխանատու է:

Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ շարքային քաղաքացին շարունակ կաշառակեր է անվանում դատախազին, ընդ որում' ոչ այնքան հիմնավոր փաստարկներ ունենալով խոսքերի հիմքում, սակայն պատկան գերատեսչությունները որեւէ կերպ չեն արձագանքում: Ճարոյանը նույնիսկ ամենակոպիտ վիրավորանքներով «համեմված» գրություններ է ուղարկում Գեղարքունիքի դատախազին ( պատճենը' ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին ), բայց դարձյալ ' լռություն:

«Ա՜յ, անասուն, ողորմելի տականք,-Ալբերտ Մարգարյանին ուղղված դիմումում գրում է Ճարոյանը,-եթե դու դեռեւս պնդում ես, որ «մեղադրական եզրակացության յուրաքանչյուր տառի ճշտության համար գլխովին պատասխանատու ես, ապա ես էլ եւս մեկ անգամ պնդում եմ, որ քո կողմից վավերացված մեղադրական եզրակացությունը պետք է համարել հիմարության գլուխգործոց, իսկ այն կազմողին ու վավերացնողին՝ հիմարներ եւ անգրագետներ:

«Իրավունքում» հիմարությունը ցույց տալու փոխարեն գուցե ինքդ էլ գլխավոր դատախազին դիմես ու խնդրես, որ քրեական գործ հարուցվի եւ պարզվի, թե մեզնից ով է իրավացի, եւ ով է մերկապարանոց հայտարարություններ կատարում:

Համոզված եմ, որ սույն առաջարկը դու նորից չես ընդունելու, որովհետեւ դեռ 2,5 տարի առաջ ես գիտեցել, որ իմ նկատմամբ ակնհայտ անհիմն քրեական հետապնդում ես իրականացնում, սակայն, վստահ լինելով, որ «քո դեմ խաղ չկա», որոշեցիր 30 արծաթ կաշառքը ետ չվերադարձնել ու իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացնել:

Համոզված եմ, որ իմ քայլերի արդյունքում քո անասուն լինելու մասին բոլորը իմանալու են (ոչ միայն Հայաստանում), իրականությունն է բացահայտվելու, քո նման տականքին (Հ. Սարգսյանին), ինչպես նաեւ Թամազյանին է մեղադրանք առաջադրվելու: Նաեւ դո՛ւ, եւ քո նմաններն են անազատության «բերկրանքը վայելելու»:

Այսպիսի վիրավորանքներ հասցնելով' Ճարոյանը փորձում է հասնել այն բանին, որ կա'մ իր, կա'մ դատախազի ու Ճոճկանի գյուղապետի նկատմամբ քրգործ հարուցվի: Եւ քանի որ դատախազությունը քար լռությամբ է «պատասխանում» իրեն հասցեագրված դիմումներին, ուստի Ճարոյանը հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան' ընդդեմ դատախազության անգործության: Գործը գտնվում է դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում:

«Եթե տեղական դատարանները հաստատեն իմ անմեղությունը, ես պետությունից վնասի փոխհատուցում չեմ ուզի: Բայց եթե Եվրադատարանը ինձ արդարացնի, խոշոր գումարներ կպահանջեմ »,- մեզ հետ զրույցում նշեց Հակոբ Ճարոյանը: Ճարոյանը ոչ թե այսօր արդեն իրեն չպատկանող ալրաղացն է ուզում վերադարձնել, այլ իր համբավը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter