HY RU EN

Գագիկ Աղբալյան

Պատահար Դիլիջանում․ նախարարության անգործությունը՝ վթարների պատճառ

Այսօր ժամը 14։30-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում։ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, M4 միջպետական ճանապարհի՝ Դիլիջան քաղաքից դեպի Սեւան տանող հատվածում կորցնելով կառավարումը, ընկել է ձորը։

Ճանապարհի այդ հատվածում արգելապատնեշներ չկան։ Ամիսներ առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով՝ արգելապատնեշները քանդվել են, եւ ձորը ճանապարհից բաժանված է ընդամենը ժապավեններով։ «Սուզուկիի» վթարին նպաստել է նաեւ հորդառատ անձրեւը, ինչի պատճառով ասֆալտե ծածկույթը դառնում է ավելի սահուն։

Չնայած ավտոմեքենան մոտ քսան մետր ներքեւ է գլորվել, վարորդը եւ ուղեւորները, այդ թվում՝ անչափահաս երեխա, լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Նրանք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու։

Վթարի վայրում ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության մայորը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ավելի քան երկու ամիս է՝ ճանապարհի այս հատվածը չի վերանորոգվում, արգելապատնեշներ չեն կառուցվում։ Միջպետական մայրուղիների սպասարկման պատասխանատուն Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է։ Այս գերատեսչության անգործությունը, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին ԱԻՆ Փրկարարական ծառայության ներկայացուցիչները, այս ընթացքում դարձել է 4-5 նման վթարի պատճառ։

«Առաջին ավտոմեքենան չէ, որ հանելու ենք ձորից»,- ասաց փրկարարներից մեկը։

Մինչեւ փրկարարների ժամանելը, տուժածներին ձորից հանել են լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն ու «SOS TV»-ի լրագրող Վիլեն Գայֆեջյանը, ովքեր Դիլիջանի ոլորաններով մեկնելիս են եղել Վանաձոր։ Նրանք զբաղվում են ալպինիզմով եւ երջանիկ պատահականությամբ՝ ավտոմեքենայի մեջ ունեցել են ժայռամագլցման համար անհրաժեշտ պարագաներ։ Նկատելով ՃՈ ավտոմեքենան եւ դրա շուրջը հավաքված մարդկանց, Հայկն ու Վիլենը մոտեցել են։ Հայկ Բարսեղյանն է պատմում․ «Էդ պահին դեռ օգնություն ցույց տվող չկար, որովհետեւ, ինչպես նկատել եք, վայրէջքը շատ կտրուկ է, պատի նման։ Մեքենայի վարորդը եւ ուղեւորները մեքենայից դուրս էին եկել, բայց չէին կարող բարձրանալ ձորից։ Պարանը կապելու ուրիշ տեղ չունեինք, կապեցինք մի ավտոմեքենայի քարշակի տեղից, որպեսզի կարողանանք մարդկանց հանել։ Ուղեւորները, որ երիտասարդ տղաներ էին, պարաններիով, իրենց ուժերով վեր մագլցեցին»։

Սա միակ ճանապարհահատվածը չէ, երբ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անգործությունը հանգեցնում է սերիական վթարների։ Սեւանի մայրուղու վրա, Ծովագյուղի հարակից տարածքում, Ճամբարակ տանող խաչմերուկում կա մի հատված, որը նույնպես հայտնի է դժբախտ պատահարներով։ Իրավիճակը հետեւյալն է․ Երեւանի ուղղությունից դեպի Դիլիջան երթեւեկելիս, Ճամբարակի խաչմերուկի հատվածում լայն ասֆալտե ճանապարհը միանգամից սեղմվում, դառնում է ավելի նեղ, եւ հատկապես գիշերային ժամերին, վարորդները դա չեն նկատում։ Առաջին երթեւեկելի գոտիով ուղիղ շարժվելու դեպքում ավտոմեքենան միանգամից հայտնվում է ճանապարհից դուրս։ Սակայն այդ մասին հուշող որեւէ ճանապարհային նշան տեղադրված չէ։ Իսկ միջպետական ավտոճանապարհներին ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը եւս պատկանում է ՏԿՏՏ նախարարությանը։

Ամիսներ առաջ, ընտանիքիս հետ դեպի Դիլիջան երթեւեկելիս, վթարի ենթարկվեցինք։ Ֆինանսական մեծ ծախսեր կրեցինք։ Հարցը քննարկեցի նախարարության պաշտոնյաներից մեկի հետ` միաժամանակ շոշափելով նաեւ ֆինանսական փոխհատուցման հարցը, այդ թվում՝ դատական կարգով։ Բայց քանի որ վթարից հետո ճանապարհային ոստիկանություն չէի դիմել, վթարը որեւէ տեղ չէր արձանագրվել, փոխհատուցում ստանալն օրենքով անհնար էր լինելու։

Խոսակցության վերջում իմ խնդրանքը հետեւյալը եղավ․ ճանապարհի այդ հատվածով նշաններ տեղադրել, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։ Ծովագյուղցիների վկայությամբ, այդ հատվածում վթարներ հաճախ են լինում։

Անցել է մոտ չորս ամիս, Ծովագյուղ-Ճամբարակ խաչմերուկում նշան տեղադրված չէ։ Իմ ընտանիքի հետ տեղի ունեցածից հետո, իմ ունեցած տեղեկություններով, այստեղ տեղի է ունեցել եւս երկու վթար։ Առնվազն երկու։