HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ինչո՞ւ է վանում Արամը և ինչո՞ւ նրա արձանը չեն դնում Հանրապետության հրապարակում

Քաղաքաշինության պետական կոմիտեն դադարեցրել է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները՝ պատճառաբանելով, թե հաստատման համապատասխան ընթացակարգ չի անցել։

Արձանը ապամոնտաժելու պատրվակներից մեկն էլ այն է, թե այն խաթարում է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի ճարտարապետական կառույցը։

Մշակույթի նախարարությունը հայտարարում է, թե «կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում»։

Սակայն այդպես չէ, իրականում կան մասնագետներ, ովքեր հակառակ կարծիքն են հայտնում, բայց նրանց կարծիքը չի շրջանառվում լրատվության մեջ։

Օրինակ՝ ճարտարապետ Միսաք Խոստիկյանը ասում է, որ ճիշտ կլինի արձանը չհանեն. «Քննադատությունը որոշումների ընթացակարգի հետ կապված կարծեմ կարևոր է, բայց դա կապ չունի սկզբունքորեն Արամ Մանուկյանին արձան դնելու հետ: Չնայած անշուշտ նշանակալից է մետրոյի կայարանի համալիրը, (որը ցավոք անխնամ վիճակում է), բայց չեմ կարծում, որ դա բացառում է կոնկրետ այս առումով միջամտության հնարավորությունը՝ հաշվի առնելով դրա «քաղաքաշինական» առանձնահատկությունները: Ի դեպ այդ առանձնահատկությունների մասին ոչ ոք չի խոսում բովանդակային առումով` միստիֆիկացվում է բառը և սրբացվում ակադեմիկոս վարպետի այս գործը, որին ի դեպ ջերմորեն եմ վերաբերվում, բայց ոչ կուրորեն: Քանդակի քիչ թե շատ բովանդակալից քննադատություն չեմ հանդիպել, չնայած վստահ եմ, որ կան, կամ կլինեն իրավացիորեն, իռացիոնալ արտահայտություններից բացի: Կարծեմ պետք է թողնել, որ մնա»: 

Արամ Մանուկյանին գնահատելու պրոբլեմն այն է, որ նա կուսակցական է եղել՝ դաշնակցական։

Սովետական Հայաստանի վերնախավը չէր կարող անտեսել Սարդարապատի ճակատամարտը, քանի որ Սարդարապատի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի հանրապետություն, որին էլ հաջորդեց Սովետական Հայաստանը։ Այսպիսով, սովետական իշխանությունը 1968 թվին ճակատամարտի 50-ամյակի առթիվ կառուցեց Սարդարապատի հուշահամալիրը։ Սակայն մյուս կողմից էլ չէր կարող խոստովանել, որ Սարդարապատի կազմակերպիչն է եղել մեկը, ով դաշնակցական էր՝ Արամ Մանուկյանը։ Ուրեմն պետք էր և Սարդարապատը փառաբանել և միևնույն ժամանակ, թաքցնել, ու սովետական պատմագրությունը ամեն կերպ նսեմացնում էր Արամ Մանուկյանի դերը ու հաղթանակը, վերագրում վերացական ժողովրդի։ Ապա սովետական պատմագրության ոգով Տիգրան Խզմալյանը «Սարդարապատ» ֆիլմը նկարեց, որտեղ հաղթում է ինչ-որ առասպելական ժողովուրդ առանց կազմակերպման ու առաջնորդի, հոգևորականները եկեղեցիների զանգերը խփում են, մարդիկ էլ տներից դուրս են գալիս ու հաղթում։

20֊րդ դարասկզբի հայ ժողովրդի երկու մեծագույն ռազմական հաջողությունները՝ Վանի պաշտպանությունը և Սարդարապատի ու Բաշ Ապարանի հաղթանակները Արամ Մանուկյանի շնորհիվ են եղել(իհարկե, մեծ դեր են խաղացել նաև հրամանատարները, մասնավորապես Բաշ Ապարանում Դրոն, բայց և՛ Ապարանի, և՛ Սարդարապատի ճակատամարտերի հաղթանակները նախապատրաստվել էին շատ ավելի վաղ, երկու ամիս առաջ, 1918֊ի մարտին, երբ Արամ Մանուկյանը հռչակվեց Երևանի նահանգի դիկտատոր, ու նա էր թուրքական բանակին դիմադրելու ճակատամարտերի ոգին, ի հարկե առաջին հերթին անմիջականորեն՝ Սարդարապատի դիմադրության։ Ահա ինչ է ասում հայկական բանակի հրամանատար Մովսես Սիլիկյանը. «Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու՝ ոչ մի կարեւոր քայլ չեմ առնում. իսկ վարիչի պաշտօնը յանձն առնելու պարագայում, գրասենեակս տեղափոխելու եմ նրա մօտ։ Ոչ մի զինուորական վերարկու ո՛չ ոքի չի տայ այն՝ ինչ որ ունի Արամը»։)։ Վանի պաշտպանությունը հեշտությամբ կարող են անտեսել, սակայն նշել Հայաստանի Հանրապետության 100-ամյակ առանց Արամ Մանուկյանին գնահատելու, ակնհայտ անարդարություն կլիներ, հետևաբար նախկին կառավարությունը ստիպված Արամի արձանը որոշեց դնել։

Այժմ, Արամ Մանուկյանին նսեմացնում է նաև նոր կառավարությունը։

Այսպես, Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյան ֆեյբուքայն իր էջում գրել է. «Ես երբեք հիացած չեմ եղել Արամ Մանուկյանի կերպարով, ընդհակառակը, նա ինձ միշտ վանել է»: Ապա այլանդակ որակելով Արամ Մանուկյանի արձանը իր ուրախությունն է հայտնում, որ այն «այլանդակ» է. «Գուրգեն Մահարին տեսնում է և ուրախանում, ճիշտ էլ անում է, միանում եմ նրան»։


Առաջին փոխվարչապետի խոսնակի գրառումը

Փոխվարչապետի խոսնակի հայտարարությունից հետո եթե եզրակացություն արվի, որ Արամ Մանուկյանի արձանի ապամոնտաժումը կապված է նրա նկատմամբ նոր կառավարության վերաբերմունքի հետ, սխալ չի լինի (այն, որ խոսնակ Կարպիս Փաշոյանը արտահայտում է կառավարությունում իշխող մթնոլորտը, ցույց է տալիս նաև այն, որ մեկ տարի առաջ՝ 2017թ. հունվարին,  երբ նա խոսնակ չէր, լրիվ հակառակ բանն էր ասում Արամ Մանուկյանի մասին. « Հայկական նոր պետականության հիմնադիր-հայր, Վասպուրականի և Երևանի դիկտատոր, կյանքը հայրենիքին զոհաբերած Արամ Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից: Վարակվել էր, որովհետև չէր փակվել իր աշխատասենակում, ինչպես ներկայիս գործչներն են, այլ ապրում էր սովի ու վարակիչ հիվանդությունների արդյունքում մորթվող ժողովրդի կողքին»)։

Ծայրահեղ դաշնակցականներն ասում են՝ ով դաշնակցական չէ, հայ չէ, իսկ ծայրահեղ հակադաշնակցականներն ասում են՝ ով դաշնակ է, մարդ չէ։ Ուրեմն, դաշնակցությանը ատողների հարցը պարզ է, ինչքան էլ փաստարկներ բերես, որ Արամի շնորհիվ են 20-֊րդ դարի երկու գլխավոր դիմադրությունները հայերը հաղթել, մեկ է, չես համոզի, դաշնակ է և վերջ, իսկ դաշնակը չի կարող ինչ-որ դրական դեր խաղացած լինել։

Իսկ նրանք, ովքեր այլ կուսակցություններից են՝ դժկամությամբ են Արամին գնահատում, որովհետև Արամը նրանց համար մրցակից կուսակցության անդամ է. հայ կուսակցականի համար, եթե այլ կուսակցության գործչին գնահատեն, նրա միավորները կշատանան: Մասնավորապես Արամի անունը ամեն անգամ տալիս՝ կուսակցականին թվում է, թե ընտրություններին դաշնակցությանը տոկոսը ավելացնում է, հետևաբար իր կուսացության տոկոսը նվազում է, հո չե՞ն գժվել մրցակից կուսակցության պրոպագանդան անեն։  Հայ կուսակցականը աշխարհին նայելու մի ակնոց ունի, որի միջով մարդիկ երևում են կա՛մ որպես կուսակցական՝ իր կուսակցական անդամը՝ մերոնցական, ուրիշ կուսակցության անդամը՝ մրցակից, թշնամի` սվոյ-չուժոյ, կա՛մ  էլ որպես ձայն տվող։

Նժդեհին ու Անդրանիկին գնահատված լինելու առումով փրկել է այն, որ հեռացվել են դաշնակցությունից, որևէ այլ կուսակցության մտքում նրանց գովելը, արձանները շարելը դաշնակցությանը միավոր չի բերում: Հակառակը, եթե հեռացվել են, ուրեմն նրանց փառաբանելը դաշնակցությունից միավոր է խլում։ Եթե Նժդեհը դաշնակցական մնացած լիներ, էսօր հաստատ, հանրապետականը նժդեհական չէր լինելու։

Ուրեմն, Արամը կարող է բարձր գնահատվել երկու դեպքում՝ եթե դաշնակցությունը փակվի և որպես մրցակից վերանա, իսկ դա մոտ ապագայում անհնար է, և մեկ էլ, որ իշխանությունը վերցնի ու իր հերոսներին պրոպագանդի։ Էդպես է, ինչպես Վալտեր Բենյամինին է ասում,  պատմությունը գրում է հաղթողը, նա՝ պատմությունը, թեքվում է ուժեղի կողմը, այս դեպքում կուսակցության կամ խմբավորման կողմը (տես՝ Մարկ Նշեանեանի դասախոսությունը. «Բենյամին՝ պատմություն և սևամաղձոտութիւն»)։ Հայաստանի պատմությունն էլ լավ օրինակ է դա ցույց տալու համար՝ Հայոց պատմության դասագրքերը Սովետում մի բան էին, ՀՀՇ֊-ի ժամանակ՝ լրիվ այլ բան, հանրապետականների ժամանակ՝ մի ուրիշ բան, հիմա էլ լրիվ այլ բան է լինելու, ու եթե պատմությունից անտեղյակ մեկը տարբեր ժամանակաշրջանների դասագրքերը իրար կողք դնի, կկարծի թե տարբեր ժողովուրդների մասին են դրանք։  

Բայց մյուս կողմից էլ Հայաստանում ինչ կուսակցություն էլ իշխանության գա, Արամին լրիվ անտեսել չի կարող, անհնար է անտեսել մեկին, ում շնորհիվ ստեղծված կառավարությունն են նրանք ղեկավարում։ Սովետը հնարավորություն ուներ անտեսելու, գրաքննություն կար, գրադարաններում ուրիշ բան ասող գրքերը փակի տակ էին, հեշտորեն անտեսում էր։ Հիմա ինչպե՞ս անտեսեն, չեն կարող։  

Ուրեմն, նոր կառավարությանը ինչքան էլ վանի Արամի կերպարը, մեկ է, ստիպված է նրա ինչ-որ արձան ինչ-որ տեղ դնել։ Տեղը գտնելը դժվար չէ, մի այգի կգտնեն։

Հանրապետության հրապարակից Լենինի արձանը հանելուց հետո հասարակության մեջ քննարկվում է, թե տեղը ինչ դրվի։ Տարբեր առաջարկներ են եղել, օրինակ՝ Սասունցի Դավթի արձանը Կայարանից տեղափոխել Հրապարակ։ Նաև հնչել է Արամ Մանուկյանի արձանը դնելու առաջարկ, բայց այն պաշտպաններ չի ունեցել, հայ մտավորական շրջանակներն ու քաղաքացիական հասարակությունը լռությամբ կամ էլ ինչ-որ անհիմն պատճառաբանություններով մերժել է այդ գաղափարը։

Ինչո՞ւ։

Կուսակցությունների դեպքում պարզ է, արդեն ասեցի՝ նրա մեջ մրցակից կուսակցության անդամ են տեսնում, ո՞նց կլինի ամեն օր հազարավոր մարդիկ հրապարակում զբոսնելիս տեսնեն դաշնակցականի արձան, հո հիմար չե՞ն իրենց ձեռքով հակառակորդի քարոզարշավ տանեն։

Բայց Հրապարակում Արամի արձանը բարձրացնելուն դեմ են նաև բազմաթիվ այլ մտավորականներ, նաև այնպիսիք, ովքեր չեն զգուշանում Արամին բարձր գնահատել, նրա հիշատակին դիֆերամբներ ձոնել, ինչպես օրինակ  «Հայեր» կայքի խմբագիր Արայիկ Մանուկյանն է շարում Արամին փառաբանող տողեր՝ «Արամ Մանուկյանը սխրանք գործած և անհնարինը հնարավոր դարձրած պետական, քաղաքական, ռազմական այրն է «և վերջ», նա պնդում է՝ «Հայաստանը պետք է ունենար Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը»: Սակայն ոչ Հանրապետության հրապարակում, ահա թե ինչու. «Անձնապես ոչ մի կերպ չէի ուզենա, որ այն լիներ Լենինի տեղում, բայց դա չէ կարևորը: Դեռ երկար ժամանակ կա, կարծում եմ անցնելու, որպեսզի այդ պղծված տարածքը դարձի գա ու պատահական չէ, որ միայն մաքուր, կանաչ խոտը՝ բնության հրաշքը, կարող է դառնալ այդ դարձի գրավականը»:

Եթե նույնիսկ նա անկեղծ է (ինչու եմ կասկածում անկեղծությանը, քանի որ ամբողջ գրության մեջ զուգահեռ սովետական ճարտարապետության գովքն է անում), ապա պետք է ենթադրել որ սովետատյացությունը կրոնի է վերածվել, որի համար պիղծ ֊տաբու է շփումը որևէ սովետական հիշողության հետ, ինչպես գողականը «գյառլախ»-ի հետ, ինչպես հինդուն է պղծված իրեն զգում, երբ ոտքը դիպչում է անձեռնմխելի կաստայի մարդու ոտնահետքին։

Ուրեմն, չհամոզեց։

Իսկ ինչո՞ւ են դեմ։

Հայ մտավորականներն ու քաղաքացիական հասարակությունը հրապարակում Արամի արձանը դնելուն դեմ են այնպիսի մի պատճառով,  որը չեն կարող խոստովանել, չեն կարող նաև նրա համար, որ այն թաքնված է նրանց անգիտակցականի անկյունում.

Հանրապետության հրապարակը կառուցվել է որպես աշխարհի ամենահզոր պետության խորհրդանիշ, շրջանի կենտրոնում տեղադրված հսկա Լենինի արձանն էլ թելադրում էր նաև հրապարակի անունը՝ Լենինի հրապարակ։ Այդտեղ ում արձանն էլ դրվի, հրապարակին թելադրելու է իր անունը, հրապարակը Նրանն է դառնալու։ Հայ մտավորականները չեն կարողանում պատկերացնել, որ  մի տեղ, որը նախատեսված է մոնումենտալ հուշարձանի համար, ուր եղել է աշխարհացունց հեղափոխության առաջնորդի արձանը, կարող է դրվել մի փոքրիկ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքում (այսքան էր Հայաստանի առաջին հանարապետության տարածքը հռչակման պահին) թշվառ, ցեղասպանությունից մազապուրծ եղած բնակչությանը փրկող գործչի արձանը։ Նրանք մասշտաբների հարց ունեն չլուծված, մի տեսակ չեն կարողանում սազացնել Արամին Լենինի տեղում։ 

Գլխավոր լուսանկարում՝ Արամ Մանուկյանի արձանը ապամոնտաժման սպասելիս՝ մոմլաթով թաքցված / © Ռաֆայել Իշխանյան

Մեկնաբանություններ (9)

Սոնա Երանոսյան
Գուրգեն Մահարու եղբոր՝ Խորեն Աճեմյանի, եղբորը գրած նամակից ընդամենը մեկ հատված ՝՝Այրվող այգեստանները՝՝ գրքի առնչությամբ /նամակները մի քանիսն են և պահվում են ԳԱԹ-ի Մահարու ֆոնդում/: ...`՝Հիշու՞մ ես, թե ինչպես ավստրիական մի հրեա կարող էր հիանալ և հիացնել Մուսա դաղի հերոսամարտով, իսկ այժմ Վանից սերված հայ գրողը կարող էր այդ աստիճանի չնչինացնել, նսեմացնել Վանի հերոսամարտը: Անշուշտ վեպումդ կան հիանալի էջեր և գլուխներ, բայց մի գդալ ձյութը շա՜տ վատ դեր է խաղում մեղրի տակառում և այդ հին ճշմարտությունը այստեղ ևս արդարացավ:՝՝...
Մ.Գրիգորյան
Արամ Մանուկյանին չի կարելի դիտարկել միայն որպես դաշնակցական գործիչ: Արամը նախ և առաջ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրն է: Երիտասարդ պաշտոնյայի անպարկեշտ արտահայտությունները պայմանավորված են սեփակա անձը շատ բարձր դասելու, իրեն տեր ու տիրակա զգալու (իմ քաղաքում)... առհասարակ իմ երկիր, իմ քաղաք, իմ ժողովուրդ ասելը պետք վաստակել: Նաև չեմ կարծում, որ երիտասարդ խոսնակը արտահայտում է կառավարության տեսակետը, պարզապես անսպասելի բարձր պաշտոն ստանալը մի փոքր գլխապտույտ է առաջացրել:
Կարպիս
Եթե չհաջողվի կանգնեցնել Ա. Մանուկյանի արձանը հանրապետության հրապարակում, համենայն դեպս կարելի է մի շքեղ հուշակոթող տեղադրել եվ Արամի սխրագործությունների կողքին հիշել նաեվ Ալեքսանդր Մյասնիկյանին, ով՝ հաշտեցրեց հայ բոլշեվիկներին դաշնակցականների հետ եվ հիմք դրեց Սովետական Հայաստանի հզորացմանը:
Վիգէն Թորիկյան
Արդեօք մէկը մտածում է թէ Արամը պիտի ուզէր իր արձանը տեսնել որեւէ հրապարակի վրայ։ Ըստ ինծի այդպիսի մարդ չէր։ Դաշնակները թէ լաւ թէ ալ վատ բաներ են ըրած։ Նոյնպէս Սովետները։ Անտեսել որեւէ մէկին գործը նուազագոյնը անաչար չէ իսկ արաւելագոյնը քաղաքական ջայլամութիւն է։
Զարեհ Սաբսզեան
1968-ին երբ Սարդարապատի կոթողը կառուցեցին, հերոսամարտի յիսնամեակն էր եւ ոչ վաթսունամեակը:
Razmik Shahinian
Բոլորովին կաիեւոր չէ ում արձանն է եղել այդ պատվանդանին: Պատվանդանը եւ դիրքը ընտիր է ու տեղին նոր պետականության արշալույսի ազգընտիր նվիրյալ առաջնորդի արձաի համար: Մեր դժբախտ ու մոլորյալ սերունդը համարե՛ք անցած, իսկ նորը զերծ է բարդույթներից: Եղի՜շ, այս է Նաիրին: Տեր Հիսուսի շնօրհքը մեր վրա լինի: Ռազմիկ, ծնվ 1949 (վերստին 1994)
Անի Աստուրեան
Ուրախ եմ, որ Վահան Իշխանյան անաչառ ձեւով կը մօտենայ Արամ Մանուկեանի յուշարձանի կանգնեցման հարցին ու վայրին շուրջ ստեղծուած տագնապին: Անկախ այն հարցէն, որ անձնապէս ոգեշնչող չեմ գտներ յուշարձանը, Իշխանյանի յօդուածով ներկայացուած բացատրութիւնները հետաքրքրական են եւ մտածելու առիթ կու տան: Շնորհակալութի'ւն՝ իրեն: Տխուր եմ, որ Պարոն Կարպիս Փաշոյան չ'անդրադառնար թէ որքա'ն պատասխանատու դիրքի վրայ է հիմա: Դիմատետրային մակերեսային մօտեցումներէ եւ արագ դատումներէ անդին անցնելով, պէտք է գիտակցի թէ իր եւ ներկայ կառավարութեան նպատակը պէտք է ըլլայ համախմբել բոլո'ր կուսակցութիւնները, քաղաքական եւ այլ ուժերը: Պարոն Փաշոյան ղեկավար դիրքի վրայ ըլլալով, փոխանակ հրահրելու հակադաշնակցական կամ այլ «հակա» մօտեցումները,պէտք է միտի սովետական շրջանին կազմուած կաղապարներէն դուրս գալու եւ մտային հորիզոնները բանալու: Գ. Մահարի, իր Ծաղկած Փշալարերով հիանալի ձեւով ներկայացուցած է աքսորի դժոխքը սովետական օրերուն եւ իր ստեղծագործական արժէքին մասին յաճախ գրուած է դաշնակցական մամուլին մէջ: Հետեւաբար, չեմ հասկնար մանկական այս արհամարհանքը եւ ոճը: Կը յուսամ որ անիկա կը փոխարինուի աւելի լուրջ եւ շրջահայեաց մօտեցումով մը:
Արմինե
Հայերս բարդույթավորված ենք, և դա է պատճառը , որ չենք զարգանում, մերոնցական , ձերոնցականի ենք բաժանվուն` ընդհանուր շահը թողած. մեծ դժբախտություն է , մեր հերոսներին հավուր պատշաճի ներկայացնելու և նրանց օրինակով սերունդներին կրթելու խնդիր ունենք։
Արթուր Եղիազարյան
Բավականին օբյեկտիվ վերլուծություն էր։ Բայց մի դիտարկում. ոչ մի իրական դաշնակցական ԵՐԲԵՔ ՉԻ ԱՍԵԼ ՈՒ ՉԻ ԱՍՈՒՄ, ՈՐ ՈՎ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Է՝ ՀԱՅ ՉԷ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter