
Պետությունը հրաժարվել է նրանցից
«Քույրիկս՝ Արուսիկը, եկավ էդ օրը մի աղջկա հետ, ասաց' Աննան է, քո կինն է լինելու ինքը: Էդ օրը Աննայի հետ քնեցի: Առաջին աղջիկն էր իմ կյանքի, դրանից հետո էլ չեմ եղել աղջկա հետ»,-մեր երկրորդ հանդիպման ժամանակ պատմեց 24-ամյա Արսեն Գեւորգյանը: Այդ ժամանակ Արսենը 20 տարեկան էր: Դրանից որոշ ժամանակ անց նրա ավագ քույրը՝ Արուսը, եւ Աննան բանգլադեշցի Գայանեի օգնությամբ մեկնում են Դուբայ: Նրանք այսօր Դուբայում զբաղվում են մարմնավաճառությամբ: Գայանեն նրանց վաճառել է կավատ Նանոյին (մականունը՝ «Ձի Նանո»): Երեք տարի Արուսը Նանոյի մոտ «ստրուկի» կարգավիճակով մարմնավաճառություն է արել: Նա մի կերպ էր հասցնում ամիսը 50-100 դոլար ուղարկել Երեւան' քրոջն ու եղբորը: Մեկ տարի առաջ, այլեւս չդիմանալով Նանոյի դաժանություններին, Արուսը փախչել է նրա մոտից եւ հիմա ապրում է մի տեղացի արաբի հետ: Նա ուզում է վերադառնալ Հայաստան, բայց անձնագիր չունի: Այդ մասին հայտնել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության քննիչ Արսիտակես Երեմյանին, որը փետրվարին գործուղվել էր Դուբայ: Երեմյանը տեղյակ է, որ Արուսի անձնագիրը գտնվում է «Ձի Նանոյի» մոտ: Բայց դրանից որեւէ բան չի փոխվել:
Գայանեն փորձված կին հավաքագրող է, ապրում է Երեւանի հարավ-արեւմտյան թաղամասում: Նա փնտրում, գտնում է սոցիալապես անապահով ընտանիքներ, որտեղ օրվա հացի խնդիր կա, եւ աղջիկներին առաջարկում «վայելել Դուբայի հեքիաթային կյանքը»:
Արուսը ծնողներ չունի, հայրն ու մայրը մահացել են, իսկ քրոջն ու եղբորը պահելու հոգսը նրա վրա է մնացել: Հայրը մահացել է տասնհինգ տարի առաջ: Հարեւաները պատմում են, որ մոր մահից հետո տունը վերածվել էր կերուխումի վայրի: «Տղաներ ու աղջիկներ էին գալիս, հարբում, մեզ էլ անհանգստացնում էին»,-պատմում էր բակում նստած մի տարեց կին:
«Ես քրոջս եւ եղբորս համար եմ գնացել Դուբայ, նրանք դա չեն էլ հասկանում, չգիտեն էլ, թե ինչ գործ է սա, ու ես իրենց համար եմ այստեղ: Հոգնել եմ արդեն, ինչքա՞ն կարող եմ իրենց պահել: Մի տեղ լիներ' նրանց տեղավորեի, պրծնեի նրանցից»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Դուբայում մարմնավաճառությամբ զբաղվող Արուսը:
Արուսը 25 տարեկան է, եղբայրը' Արսենը' 24, քույրը' Գոհարը' 20 տարեկան: Նրանք բոլորն էլ հաճախել են Երեւանի Նորքի թիվ 2 գիշերօթիկ դպրոց:
«Երեքն էլ հիվանդ են սակավամտությամբ' դեբիլության աստիճանով, որը տարիների ընթացքում ավելի է խորանում: Մայրն էլ էր հիվանդ: Նրանք Չարբախում էին ապրում: Երբ Արուսյակը ութերորդ դասարանը ավարտեց, մայրը մյուս երկուսին հանեց դպրոցից, ասաց' աղջիկս կպահի տանը: Ու դրանից հետո էլ կապ չենք ունեցել»,-ասաց Նորքի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի տնօրեն Սամվել Ղազարյանը:
Երկու տարի առաջ' մոր մահից հետո, երեք երեխաները Չարբախի իրենց տունը վաճառել են եւ նոր բնակարան գնել Աերացիայում: Այս տարվա մարտի սկզբին Արսենը եւ Գոհարը հայտնվեցին փողոցում: Արսենը 15 օր ապրեց Աերացիայի գերեզմանոցում, Գոհարը' որտեղ պատահի:
Նրանց տանից հանել է Արուսի ընկերը' Կարենը: «Կարենը քրոջս ընկերն էր: Արուսիկը Դուբայից ամեն ամիս 100 դոլար էր ուղարկում: Կարենը մեզ տալիս էր սկզբից 50 դոլար, հետո' 10000 դրամ»,-ասում է Արսենը:
Այնուհետեւ Արսենին եւ Գոհարին փողոցում պատահաբար հանդիպում է գիշերօթիկ դպրոցի դայակը' Անուշը, եւ նրանց բերում է իր վագոն-տնակը: Այսօր նրանք ապրում են Անուշի ընտանիքի հետ: «Արսենի համար խոսեցինք, որ օրավարձով աշխատի, չի կարողանում: Մի քիչ ֆիզիկական աշխատանք է կատարում, հոգնում է, թուլանում: Երեւի ինչ-որ հիվանդություններ էլ ունի»,- ասում է Անուշը: «Թոքերս են ցավում, շունչս կտրվում է, ես թոքերից հիվանդ էի մի ժամանակ»,-ավելացնում է Արսենը:
Անուշը հանդիպել է Կարենին' պարզելու, թե ինչու են Արսենին եւ Գոհարին հանել տանից: «Կարենն ինձ ասաց, որ ինքն այդ տունը 15.000 դոլարով առել է, փողն էլ ուղարկել է Արուսիկին' Դուբայ»,-ասում է Անուշը:
Երբ այցելեցինք Արսենենց բնակարան, բանվորները նորոգում էին:
«Տունը վաճառված չէ: Սեփականատերը Արուսյակն է: Եթե վաճառվեր, մենք տեղյակ պիտի լինեինք, տեղեկանք պիտի տայինք: Իրենց տունը վաճառված չէ, սպասարկման վարձի մոտ 36.000 դրամ պարտք ունեն: Անձնագրային բաժնից ստացած տվյալներով' 2 անձ է այնտեղ գրանցված' մեկը սեփականատեր Արուսյակ Գեւորգյանը, մյուսն էլ եղբայրը' Արսենը»,-ասաց «Շիրազ» համատիրության գործավար-գանձապահ Մարինե Սարգսյանը:
Գոհարն անձնագիր չունի, Արսենի անձնագրում գրանցման վայրը Աերացիայի բնակարանն է' Աերացիա 5/21: Արսենն ասում է, որ ինքը առուվաճառքի որեւէ փաստաթուղթ չի ստորագրել:
«Իրանց հետ տենց առանձնակի շփում չկա: Բայց մեղք են չէ՞, անտեր երեխեք են, էլի: Էն մի քուրը էլի ոչինչ, նայում էր սրանց»,-ասում է Արսենենց հարեւան Ժենիկը:
«Դե հիմա ինչ-որ են, իրանց վարքն էլ մի կողմ, մարդ են, էլի~: Ես էլ մեկ-մեկ ինչով կարում եմ օգնում եմ, հաց-մաց եմ տալիս, ինձ էլ են պարտք, ուտելու բաներ են վերցրել, սիգարետ, մինչեւ Արուսը փող ուղարկի, տան»,-ասում է շենքի դիմացի կրպակի վաճառողուհին:
Կարենը մեր հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը տուն չի գնել. «Արուսիկը փող է ուղարկել, խնդրել, որ տունը նորոգեմ: Ես էլ նորոգում եմ: Նա ինձ ասել է' թող Արսենն ու Գոհարը գնան վարձով ապրեն: Իմ քյարն էն է, որ մեջտեղը փող եմ աշխատում»:
Պետությունը սակավամտությամբ տառապող այս հիվանդներին թոշակ չի տալիս: Չնայած' նրանց հասնում է եւ՛ հաշմանդամության թոշակ, եւ՛ ընտանեկան նպաստ: Քսան տարեկան Գոհարն ընդհանրապես փաստաթուղթ չունի: Իսկ Արսենն ի վիճակի չէ զբաղվել փաստաթղթային հարցերով:
Երբ տանն այլեւս փող չեն ունենում, Գոհարը ստիպված գնում է փողոց եւ սկսում մարմնավաճառությամբ փող աշխատել:
«Գոհարն առաջին անգամ 18 տարեկանում եղավ տղայի հետ: Իրա ասելով' Մալաթիայի շուկայում կարտոլ վաճառող մի տղայի հետ է եղել բազարի զուգարանում: Էդ տղան 12 հազար դրամ է տվել»,-գլուխը կախ պատմում է Արսենը:
Արսենի ասելով' քույրն օրական 1000-5000 դրամ է աշխատում' էնքան որ հացի փող ա բերում: Մի անգամ Գոհարը տղամարդկանց հետ պատահական կապից հղիացել է: «Տարան հիվանդանոց, աբորտ արին»,-ասում է Արսենը:
«Քրոջդ չես ասու՞մ' մի գնա էդ տղամարդկանց հետ»,-հարցնում ենք մենք: «Ասում ա' բա որ չգնամ, ի՞նչ պետք ա անենք: Մի երկու անգամ եղել ա, ես տունը չեմ եղել, եկել եմ, տեսել քուրիկը տղերքի հետ նստած խմում ա: Դրա համար էլի հարեւանները չպաշտպանեցին մեզ: Երկու անգամ էլ Գոհարին դանակով խփել եմ. մի անգամ ոտին, մի անգամ էլ' գլխին: Ասում էի' մի՛ գնա, ես գնում էի գոմերը աշխատում էի: Մի անգամ եկա, տեսա տղերքը նստած են: Կռիվ արի, ինձ ծեծեցին: Հետո ես Գոհարին ծեծեցի, հանի գցի դուրս»:
Եթե Շենգավիթի սոցիալական ծառայությունը հետաքրքրվեր իր համայնքում ապրող այս երկու հիվանդներով եւ զբաղվեր նրանց հաշմանդամության թոշակի ու ընտանեկան նպաստի հարցով, գուցե Գոհարը Երեւանում, իսկ Արուսը' Դուբայում մարմնավաճառությամբ չզբաղվեին:
Մեկնաբանել