HY RU EN

Սեդա Ղուկասյան

451.9 մլն դրամ՝ աղետի գոտու կիսակառույց բնակելի տներ ունեցող շահառուներին

Կառավարությունը նախատեսում է աղետի գոտու անօթևան մնացած 44 ընտանիքների բնակարաններով ապահովել: ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ պետք է 2018 թվականի պետական բյուջեի ծրագրում վերաբաշխում կատարվի՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում:

Ըստ նախագծի՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում նախատեսված և Լոռու մարզպետարանին (2018 թվականի պետական բյուջեով) հատկացված 458 միլիոն 118 հազար դրամ միջոցներից 452 միլիոն 604 հազար դրամն ուղղվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված և ծրագրի շրջանակներում կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի:  

Նշվում է, որ 451 միլիոն 944 հազար դրամը նախատեսված է նշված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման համար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով: 660 հազար դրամը այդ ընտանիքների հետ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի նոտարական վավերացման համար նոտարի մատուցած ծառայությունների, շինարարությունն ավարտված բնակելի տան չափագրման աշխատանքների և բնակելի տան նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի դիմաց գանձվող վճար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:

Առաջարկվում է նաև թույլատրել Լոռու մարզպետարանին ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել Լոռու մարզպետարանի անվամբ արտաբյուջետային հաշիվ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը գործողության ժամկետով:

Տեղեկացնենք, որ «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Սպիտակի քաղաքապետարանից հայտնել են, որ համայնքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած 430 ընտանիք է հաշվառված, ովքեր ստացել են դրամական փոխհատուցում ԽՍՀՄ ռուբլով:

«Այսօրվա դրությամբ բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան կորցրած և չփոխհատուցված 7 ընտանիք դատական կարգով վերականգնել են բնակապահովման իրենց իրավունքը՝ ճանաչվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառուներ: Նրանք բնակարանային փոխհատուցում կստանան պետական աջակցությամբ»,- ասված է հարցման պատասխանում:

Հարցման պատասխանում նշվում է նաև, որ Սպիտակ համայնքի տնակային ավաններում փաստացի բնակվում է 218 ընտանիք:

Ծրագրի շահառու ճանաչված՝ կիսակառույց բնակելի տներ ունեցող անձանց ցուցակին ծանոթացեք այստեղ:

Հիշեցնենք, որ նախագիծը Կառավարությունը դեռևս պետք է հաստատի: