
Հայտարարություն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվերով «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն մշակել է Կապան-Ծավ-Շվանիձոր ճանապարհաշինական նախագիծ, համաձայն որի ճանապարհի մի հատվածն անցնելու է «Շիկահող» պետական արգելոցի Մթնաձոր տեղամասով: Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից եւ ներկայացվել ՀՀ նախագահի վավերացմանը:
«Շիկահող» արգելոցում, բնակվում են բույսերի մոտ 1100 տեսակներ, որոնցից 70-ը գրանցված են Հայաստանի, իսկ 18-ը' ԽՍՀՄ Կարմիր գրքերում: Շիկահողի կենդանական աշխարհը լիարժեք կերպով ուսումնասիրված չի, սակայն մինչ այժմ հայտնաբերվել են այնպիսի հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են հովազը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, գորշ արջը, կասպիական հնդկահավը, հայկական իժը, լայնականջ ոզնին եւ այլն: Մթնաձորը Շիկահողի առավել լավ պահպանված կուսական անտառներով պատված տարածքն է, որն արժանի է դասվելու համաշխարհային բնական ժառանգության նմուշների շարքը:
Արգելոցի տարածքով ավտոմայրուղային ճանապարհի անցկացումը խախտում է ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների (ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա, ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիա, Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիա) եւ ՀՀ օրենքների («Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք) մի շարք դրույթներ: Նախագծի հաստատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը հակասում է ՀՀ կառավարության այլ որոշումների, ինչպիսիք են' ՀՀ կառավարության 26.12.02թ. N54 որոշմամբ հաստատված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության եւ գործողությունների ազգային ծրագիրն ու ՀՀ կառավարության 10.04.03թ. N610-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը:
Նշված ճանապարհաշինական գործունեության արդյունքում խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, քանի որ հատուկ պահպանվող տարածքով ճանապարհ անցկացնելու վերաբերյալ հայեցակարգի համար չի իրականացվել բնապահպանական փորձաքննություն, իսկ շինարարությունը սկսվել է առանց բնապահպանական դրական եզրակացության առկայության:
Խախտվել են նաեւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունմանը հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի պահանջները:
ՀՀ բնապահպանության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ու ճանապարհաշինարար մասնագետների կարծիքով «Տրանսնախագիծ» ՓԲԸ կողմից առաջարկվող նախագծից բացի կան ճանապարհի անցկացման այլընտրանքային տարբերակներ, որոնք առավել նախընտրելի են ե՛ւ ռազմավարական, ե՛ւ տնտեսական նկատառումներով, իսկ դրանցից ցանկացածի իրականացման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կարող է լինել ավելի փոքր:
Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպում է հասարակական ֆորում' քննարկելու «Շիկահող» արգելոցի տարածքով ավտոմայրուղային ճանապարհ անցկացնելու նպատակահարմարության հարցը եւ առաջարկվող այլընտրանքային տարբերակները: Քննարկումը կկազմակերպվի Ս.թ. հունիսի 17-ին, ուրբաթ, ժամը 10:00-13:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի 5-րդ հարկի դահլիճում, հասցե' Բաղրամյան պողոտա 40:
Էկոլոգիական հասարակական դաշինքի
«SOS Շիկահող» աշխատանքային խումբ
Մեկնաբանել