
Դատախազության ավտոմեքենաների քանակը կրճատվեց
Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց դատախազության աշխատակազմին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կոմիտեին կփոխանցվի 78 միլիոն դրամ արժողությամբ 25 ավտոմեքենա:
Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում ՝ գլխավոր դատախազի 2015 թվականի հրամանի համաձայն՝ դատախազության ծառայողական ավտոմեքենաների քանակը սահմանվել է 92 միավոր, սակայն հաշվեկշռում հունիսի 12-ի դրությամբ հաշվառված է 88 ավտոմեքենա:
Սակայն դատախազությունը նպատակահարմար է գտնում այդ ավտոմեքենաների թիվը կրճատել 25-ով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի կողմից 2017-ին «Դատախազության մասին» օրենքի պահանջներին համապատասխան փոփոխություններ են կատարվել դատախազության կառուցվածքում, ինչպես նաև դատախազության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենաների շահագործման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են հատկացված պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ թվով 25 մեքենաները հնամաշ են և մեծ ծախսեր են պահանջում:
Ելնելով այդ հանգամանքից դատախազությունը առաջարկել է, դատախազության հաշվեկշռում հաշվառված 88 ավտոմեքենաների թիվը կրճատել 25-ով, որոնք էլ կառավարության այսօրվա որոշմամբ հանձնվեցին պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մեկնաբանել