Ներքին մարդու փափագը՝ ազատություն
Բենիամին Հովակիմյան
Մայիսի 28-ին մեծ շուքով նշեցինք անկախության օրը։
Հիրավի արժանի է անկախությունը տոնվելու որպես տոն: Չկա եւ չի կարող լինել մեկ այլ գաղափար, որին ստորադաս լինի անկախության գաղափարը: Սակայն, ցավոք, մենք այն ընկալում եւ գնահատում ենք ոչ արժանի կերպով: Ավելին, մեր ունեցած, հասկացած անկախությունը բնավ էլ անկախություն չէ: Այն, ինչ այսօր մեր պետական այրերը մեզ ներկայացնում են որպես անկախություն, ունի ընդամենը այդ մեծ գաղափարի շուքը: Աշխարհի բանն է այդպես, այն միշտ ջանում է կապկել, նմանակել հոգեւոր մեծ գաղափարները, որպիսի արդարացնի գոյության իր կերպը եւ համոզի մարդկանց ծառայել իր նպատակներին: Այս անկախությունը, որ մենք տոնում ենք, ունի շատ նեղ, ընդամենը քաղաքական իմաստ: Իսկ մեր ունեցած իրական անկախությունը քողարկված, ազատության կոստյումը հագած նույն ստրկությունն է: Մենք նույն ստրուկն ենք մնացել, որին սակայն համոզում են, թե ինքն ազատ է:
Անկախություն. ի՞նչ է այն: Ինչպես հուշում է բառը, այն կախվածությունների բացակայությունն է: Լինել անկախ նշանակում է լինել ազատ, լինել ինքնիշխան եւ ինքնակամ, չունենալ ստրկական կախվածություններ ոչ մեկից եւ ոչ մի բանից: Միայն անկախ մարդն է ունակ իրականացնել իր նպատակները: Եթե մարդը անկախ եւ ազատ չէ, այլ գտնվում է ինչ-ինչ ուժերի ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ, ապա ինչ էլ նա անում է, անում է այդ ուժերի, իր տերերի գործը: Միայն ազատ մարդը կարող է ստեղծագործել եւ արարել, կատարել իր գործը: Մնացած բոլոր դեպքերում, եթե չկա ազատությունը, նա դառնում է գործիք ուրիշի ձեռքին եւ իրականացնում նրանց պարտիան, ստրուկի պես աշխատում է օտարի դաշտում եւ, լավագույն դեպքում, ստանում մի փոր հաց եւ այն էլ միայն նրա համար, որ վաղն էլ կարողանա աշխատել:
Անկախություն եւ ազատություն բառերը հոմանիշներ են: Պետական անկախությունն այդքան թանկ է մեզ համար, որովհետեւ ասոցացվում է մարդու ազատության հետ: Մարդու աստվածային էությունը նախ եւ առաջ իր ազատությամբ է արտահայտվում: Ինչ մեծ բան է ազատությունը, որ Աստված շնորհեց Ադամին, չնայած տեսանելի էր հնարավոր անկման խորությունը: Մարդու ազատությունից են ծնվել եւ ծնվում ինչպես ամենասուրբ գործերը, այնպես էլ մեծագույն եղեռնագործությունները:
Ազատությունը մարդուն տրվում է կամաց կամաց, քայլ առ քայլ՝ կախված հասունացման աստիճանից: Այն ճիշտ եւ ճիշտ նման է երեխայի քայլել սովորելուն: Սկզբից ծնողները բաց են թողնում երեխայի մի ձեռքը: Հետո, երբ համոզվում են, որ երեխան կարող է կանգնել առանց օգնության, բաց են թողնում մյուս ձեռքը, բայց կողքից չեն հեռանում, այլ ուշադիր հետեւում են, որ եթե անզգույշ քայլ անի թույլ չտան: Մի որոշ ժամանակ անց թույլ են տալիս անգամ առանց հսկողության դուրս գնալ բակ, հետո փողոց: Ճիշտ այսպես մարդուն տրվում է ազատությունը քայլ առ քայլ, փուլ առ փուլ: Այսօր բաց են թողել մեր մի ձեռքը: Մեզ շնորհվել է որոշակի աստիճանի ազատություն: Եթե մենք կարողանանք քայլել տրված ազատության պայմաններում, անպայման ավելանալու է մեր ազատության աստիճանը: Բայց, եթե պարզվի, որ մեր ազատությունը օգտագործում ենք ցեխերի մեջ թավալ տալու համար, այն հետ է վերցվելու:
Հարց է առաջանում. Ի՞նչ իմաստ ունի, կամ սկզբունքորեն, ի՞նչ իմաստ կարող է ունենալ մեր ձեռք բերած ազգային, պետական անկախությունը: Մի բան բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այն ինքնանպատակ չէ եւ չի էլ կարող լինել: Եւ ընդհանրապես, պատմական որեւէ դեպք, կամ էլ, նույնիսկ, ողջ մարդկության պատմությունը ինքնանպատակ լինել չի կարող: Պատմության եւ պատմական դեպքերի իմաստը պատմությունից դուրս պետք է փնտրել: Մեր պետական եւ ազգային անկախությունը կարող է իմաստավորվել միայն այնքանով, որքանով այն նպաստում եւ աջակցում է մեզանից յուրաքանչյուրի ազատականանալուն: Իսկապես, անիմաստ մի բան է պետական անկախությունը, եթե այն չի օգնելու իր քաղաքացիներին հասնելու անձնական ազատության: Եւ, ընդհանրապես, ցանկացած սոցիալական կառույց չպիտի լինի ինքնանպատակ, այլ պետք է հետամուտ լինի հասարակության անդամի կայացմանը: Այս դեպքում, մարդու ներքին անձնական ազատությունը բացարձակ մեծություն է, իսկ պետական, ազգային անկախությունը այնքանով է միայն արժեւորվում եւ իմաստ ձեռք բերում, որքանով նպաստում եւ չի հակադրվում իր քաղաքացու անձնական ազատությանը:
Այս հոդվածի շրջանակները չափազանց նեղ են, որ հնարավոր լինի ներկայացնել, թե ինչ է ազատությունը: Սակայն վստահեցնում եմ Ձեզ, որ այն իրապես շատ թանկ բան է: Եթե մեկը զգացել է, թե ինչ է ազատությունը, ապա նա իր ունեցած ազատությունը այլեւս չի փոխի ոչ մի բանի հետ: Այդպիսի մեկը կգերադասի ազատության մեջ չարքաշ կյանք վարել, քան թե ստրուկ լինել եւ ապրել ապահով ու կուշտ կյանքով: Նա գնահատում է ոչ միայն իր ազատությունը, նրա համար թանկ է յուրաքանչյուրի ազատությունը: Միարժեք կարող եմ պնդել. նա, ով նսեմացնում է դիմացինին, ջանում է պարտադրելով ստիպել նրան ծառայել իր անձնական կամ ոչ անձնական շահերին, չգիտի թե ինչ է իսկական ազատությունը: Միայն ստրուկի հոգեբանություն ունեցող մարդը կարող է ստրկացնել, շահագործել դիմացինին ու պարտադրել նրան իր կամքը: Եթե Աստված չի բռնանում մարդու կամքի վրա, այլ շնորհում է նրան ազատ կամք, ապա մարդն ո՞վ է, որ այդ իրավունքն ունենա:
Կա այս հարցի մյուս կողմը եւս: Պետական անկախությունը այնքանով կկայանա եւ կհարատեւի, որքանով որ ազատ կլինեն այդ պետականությունը ներկայացնող մարդիկ եւ նրա քաղաքացիները: Ստրուկների հասարակությունը չի կարող ապահովել պետական անկախություն: Պատմական այս ժամանակաշրջանում պետություն կառուցելը, պետականության պահպանումը ենթադրում է ամենօրյա ստեղծագործական աշխատանք: Իսկ ստեղծագործել կարող է միայն ազատ մարդը: Բանակային մեթոդներով, հրամաններով հնարավոր չէ պետություն կառուցել: Մարդու, քաղաքացու ազատությունը այն անհրաժեշտ պայմանն է, առանց որի վաղ թե ուշ կքանդվի ցանկացած պետություն: Քանի դեռ մեր հասարակության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու ազատությունը չի գնահատվում որպես առավել էական եւ արժեքավոր մի բան, մեր պետության կառուցման խնդիրը չի գտնելու անհրաժեշտ լուծումը: Մեր եւ դիմացինի ներքին, անձնական ազատությունը պետք է դասվի մեր բոլորի թիվ մեկ արժեքների շարքում: Մարդու ներքին հոգեւոր ազատությունը պետք է լինի պետության կառուցման անկյունաքարը:
Բոլորիս համար էլ, անկասկած, հասկանալի է, որ պետական անկախություն, մեծ իմաստով, մենք, իհարկե, ձեռք չենք բերել: Ավելին, եթե որեւէ ազգ ցանկանա ազատ լինել բոլոր հնարավոր ազդեցություններից, պետք է կառուցի մի նոր չինական պարիսպ եւ փակվի ինքն իր մեջ: Դա կլինի այդ ազգի լճացման եւ մահվան սկիզբը: Այս պարագայում կարելի է խոսել միայն կախվածությունների քչանալու մասին: Դա այսպես է, քանի որ մենք ողջ աշխարհի, բոլոր ազգերի հետ կապված ենք բազմաթիվ տեսանելի եւ անտեսանելի կապերով: Մարդկությունը իրենից ներկայացնում է մի օրգանական միասնություն:
Այս անկախությունը, որ մենք տոնում ենք, ունի հուշող, մատնացույց անող նշանակություն: Այն մեզ ասում է, որ այսօր մեզ, մեր ներքին մարդուն տրված է լինել ազատ: Մենք կանչված ենք լինելու ազատ: Այս տոնը մեզ կոչ է անում տեր կանգնելու մեր անձնական ազատությանը, մոռանալու մեր նախկին ստրկական վիճակները, հիշելու, որ մենք մարդ ենք' արարված Աստծո պատկերով եւ նմանությամբ: Իսկապես, չկա այս երկրի վրա մի բան, հանուն որի արժե զիջել մեր ազատ լինելու իրավունքը: Ոչ հարստությունը, ոչ իշխանությունը, ոչ բարեկեցությունը, ոչ այս աշխարհի հաճույքները այն արժեքները չեն, որոնցով արժե փոխել մեր ազատությունը: Հիրավի, ի՞նչ օգուտ ունի մարդը, եթե ողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի:
Մեր հավատքն էլ ազատության եւ ոչ թե բռնության հավատք է: Քրիստոսը քարոզում էր ոչ թե բռնություն, այլ սեր եւ ազատություն: Նա աշխարհին հայտնվեց որպես խաչյալ եւ ոչ թե ինչպես մի հզոր թագավոր: Նա փրկում է մարդկանց ոչ թե ստիպելով կամ պարտադրելով, այլ սիրով եւ ինքնազոհաբերությամբ: Նրա համար արժեքավոր է այն հավատքը, որը պարտադրված չէ հրաշքներ տեսնելով, այլ բխում է ազատությունից: Քրիստոնեական հավատքը դրա համար է աստվածային, որ ծնվում է ազատությունից, հետեւում է ոչ թե այս աշխարհի մեծամեծ թագավորներին այլ խաչյալ Քրիստոսին եւ ի վերջո մարդուն հասցնում է կատարելության:
Այսօր մեր անձնական, առօրեական հոգսերն ու խնդիրները խժռում են մեր ամբողջ ժամանակն ու էներգիան: Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ ինչքան շատ ենք վազում եւ անում, հոգսերը պակասելու փոխարեն մի բան էլ շատանում են: Պատճառը նրանում է, որ էականը ոչ թե անելն է, այլ լինելը: Այդ հոգսերն ու խնդիրները ծնվում են մեր ներքին անկատար, անազատ վիճակից: Նախ անհրաժեշտ է, որ մենք մեր ներսում լուծենք մեր ներքին պրոբլեմները, հանդես գանք որպես ազատ մարդ եւ միայն այդ ժամանակ ի վիճակի կլինենք լուծելու արտաքին հոգսերն ու խնդիրները:
Այն օրը, երբ մենք կհասկանանք, թե ինչ մեծ բան է ազատությունը եւ կփնտրենք հասնելու նրան ու այն կդառնա մեր ներքին մարդու փափագը, նոր միայն կլուծենք եւ մեր անձնական խնդիրները եւ պետական անկախության հարցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել