
Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկությունը
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության նիստին ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության եզրակացությունը, որը հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը և Խոսրով Հարությունյանը:
Նախագծի հեղինակներն առաջարկում են մինչև հինգ հարյուր հազար դրամ եկամտահարկի դեպքում լինի քսան տոկոս, իսկ դրանից ավելիի դեպքում՝ 25 տոկոս դրույքաչափ կիրառելու կարգավորում:
«Սկզբունքերը կառավարության ծրագրում նախատեսված են, և մենք գնում ենք այն ճանապարով, որ ուղղակի դրույքաչափերը վերանայելու հնարավորություն ընձեռվի, և այդ միջոցները նպաստեն տնտեսական զարգացմանը: Այս դեպքում նույնպես պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, որովհետև այս փոփոխությունը ենթադրում է որոշակի բյուջետային մուտքերի նվազում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խոսքը 45-47 միլիարդ դրամի նվազման մասին է, և այդ փոփոխությունները պետք է ուղեկցվեն այդ միջոցների փոխհատուցման որևէ ծրագրով: Նախագիծը կառավարության հավանությանը չարժանացավ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում այս հարցում քննարկում են ունեցել: «Մենք արձանագրեցինք, որ պետք է այստեղ ռիսկով, դուխով փոփոխությունների գնանք: Կարծում եմ, որ ճիշտ եզրահանգման ենք եկել, որ հարկային օրենսգրքում ոչ թե առանձին հատվածական փոփոխությունների գնանք, այլ մի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք և ամբողջական փոփոխությունների գնանք»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ սեպտեմբերին պետք է նոր փաթեթը Ազգային ժողով ներկայացվի, քանի որ «գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է դրան»:
Մեկնաբանել