HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական հետքը Վրաստանում

Ռուսաստանը Վրաստանի միավորման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտն է

Խորհրդային Միության փլուզումից հետո անցել է 14 տարի, եւ 14 տարի շարունակ Վրաստանը ձգտում է մաքրվել այդ փլատակներից։ Այս տարիների ընթացքում Վրաստանում եւ ոչ մեկը չի հավատացել, թե Ռուսաստանն իրենց ռազմավարական գործընկերն է, ինչպես ժամանակ առ ժամանակ հայտարարում էր նախկին նախագահ Շեւարդնաձեն։ Բոլորը գիտեն, որ Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ռուսական քաղաքականությունը, Վրաստանի ազատության եւ զարգացման թշնամին է, եւ երկրում չի գտնվի ոչ մի քաղաքական ուժ, որը բացահայտ հանդես գա ռուսական ազդեցության պահպանման ու մեծացման օգտին։ Չհաշված՝ մարգինալ-կոմունիստներին, որոնց մասին այսօր ոչ ոք չի հիշում։ Բոլորից շատ կոմունիստներին նման են վրացական լեյբորիստները, բայց նույնիսկ այդ ակնհայտ բոլշեւիկանման կուսակցությունը երբեք ռուսամետ դիրքերից հանդես չի գալիս։

Այո՛, Ռուսաստանը թշնամի է, բայց Վրաստանում ոչ մեկն ավելորդ ջանք չի թափում այդ բանն ընդգծելու համար։ Առանց այդ էլ ամեն բան պարզ է, եւ Ռուսաստանն էլ չի թաքցնում իր թշնամանքը։ Վրաստանում այլեւս չի աշխատում քարոզչական մեքենան, որը քաղաքացիների գլուխն էր մտցնում, թե ով է մեր հյուսիսային մեծ հարեւանը եւ ինչպիսի վերաբերմունք ունի մեր նկատմամբ։

Պարադոքս է թվում. չնայած բոլոր պատմական վիրավորանքներին' երբ Վրաստանում քննարկում եւ գնահատում են այդ երկիրը, գերակշռում է ո՛չ ռուսատյացությունը, այլ, ավելի շուտ, անվստահությունը եւ, թվում է, այս անգամ ավելի լիակատար եւ անդառնալի, քան ատելությունը։ Ահա թե ինչպես են այսօր Վրաստանում վերաբերվում Ռուսաստանին։ Ի միջի այլոց, սեփական պետությունից վիրավորված (մասամբ՝ արդարացիորեն, մասամբ՝ ոչ) վրացիները հաճախ սպառնում են, թե ռուսական քաղաքացիություն պիտի խնդրեն։ Կարծես թե դա պետության կամ իշխանության դեմ վերջին փաստարկը լինի. մարդը հասել է այն աստիճանի, որ կարող է իր հայրենիքը փոխել նրա «ոխերիմ բարեկամի» հետ։

Վրացիները չկարողացան դրսեւորել այնպիսի հաստատակամություն, հետեւողականություն եւ ռացիոնալություն, ինչպես, օրինակ, մերձբալթյան ժողովուրդները, որպեսզի իրենց երկրից քայլ առ քայլ մաքրեն ռուսական ազդեցությունն ու ժառանգությունը։ Գրեթե 200-ամյա ռուսական տիրապետությունն այստեղ խորը հետք է թողել։ Դրանից ազատվելու համար երկու տասնամյակը քիչ է։ Իհարկե, այսօր Վրաստանում շատ կան երիտասարդներ, որոնք ռուսերեն չեն խոսում։ Դրանից չի հետեւում, թե նրանք անպայման գիտեն մի ինչ-որ օտար լեզու։ Որեւէ օտար լեզու, ասենք' անգլերեն, իմացողները շատ ավելի քիչ են, քան նրանք, որ նույնիսկ ռուսերեն չգիտեն։ Ոչ ոք չի մտածում այն մասին, որ երիտասարդ սերունդը (ասենք՝ 20-25 տարեկանները) եվրոպական լեզուների հետ միասին սովորի նաեւ ռուսերեն։ Բոլոր նորանկախ երկրների նման, Վրաստանը դառնում է միալեզու եւ ավելի անգրագետ, քան Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ։ Թեեւ պետք է ասել, որ քաղաքացիների մի մասն իրենց երեխաներին սովորեցնում են նաեւ ռուսերեն. բացի այն, որ անձնական գրադարանները հիմնականում բաղկացած են ռուսերեն լեզվով գրքերից (այսօր Վրաստան ներմուծվող գրքերի 95%-ը ռուսերեն լեզվով է), Թբիլիսիում շատերը դեռ դիտում են ռուսալեզու ալիքներ։ Վերջապես, ամեն ոք հասկանում է, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը կմնա մեր հարեւանը։ Այդ պատճառով Վրաստանում դժվար է, նույնիսկ՝ անհնար միայն ատել Ռուսաստանին։

Ուրեմն, որտե՞ղ է Ռուսաստանն ու ռուսական ազդեցությունը այսօրվա Վրաստանում։ Իսկ գուցե դա ազդեցություն չէ, այլ նմանություն, որը հնարավոր չէ բացատրել միայն նրանով, որ այն մեզ պարտադրել է Ռուսաստանը։ Կարծում եմ՝ մենք սկսում ենք հասկանալ, որ Վրաստանում Ռուսաստանն այնտեղ է, որտեղ դեռ մնացել է Խորհրդային Միությունը։ Վրաստանում Ռուսաստանը հիմնականում ընկալվում է որպես մի երկիր, որը ցանկանում է շարունակել լինել Խորհրդային Միություն, կարեւոր չէ՝ ինչ անվան տակ եւ ինչ ձեւով։ Ռուսաստանն առաջվա պես ցանկանում է լինել կայսրություն, իսկ մենք չենք ցանկանում լինել նրա մի մասը կամ նրա անվերապահ ազդեցության առարկան։ Ռուսաստանը (ավելի ճիշտ՝ ռուսական քաղաքականությունը) այսպես է ընկալվում վրացիների մեծամասնության կողմից։

Լավ, եթե Ռուսաստանը այսօրվա Խորհրդային Միությունն է, ապա ժամանակակից Վրաստանում ի՞նչն է համապատասխանում խորհրդային շաբլոններին։ Առաջին հերթին՝ իրավապահ համակարգը, որն էական բարեփոխման չի ենթարկվել, թեեւ Շեւարդնաձեի ժամանակների ազդեցությունն այնտեղ նվազել է։ Վրաստանում այժմ միավորվել են անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունները, ինչը շատերը գնահատեցին որպես նոր ՆԿՎԴ ստեղծելու փորձ։ Միավորված նախարարությունում դեռեւս կան հազարավոր թղթապանակներ, որոնց վրա ռուսերենով գրված է՝ «Պահպանել ընդմիշտ»։

Այդ թղթապանակներում անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների գործակալների դոսյեներն են։ Միացյալ նախարարության վերլուծական ծառայության ղեկավար Շոթա Ուտիաշվիլին ասում է, որ 1990թ.-ին խորհրդային պետանվտանգությունը Վրաստանում ուներ 23 հազար գործակալ, որոնց մեծ մասը դեռ ողջ է։ Բոլոր գործակալների դոսյեների պատճենները պահպանվում են ռուսական հատուկ ծառայություններում, եւ այդ գործակալներից շատերն այսօր աշխատում են Ռուսաստանի համար։ Գործակալական այդ ցանցը Ռուսաստանը հատկապես արդյունավետ օգտագործեց 90-ականների առաջին կեսին։ Վրացական հատուկ ծառայությունները կարողացան վերահավաքագրել այդ գործակալների մի մասին, բայց նրանց շատ չեն վստահում, քանի որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նրանք զուգահեռ աշխատում են Ռուսաստանի համար։ Վրաստանի անվտանգության եւ ներքին գործերի միավորված նախարարությունում մինչ օրս գործում է խորհրդային տարիներին մշակված եւ հաստատված հրահանգը, համաձայն որի՝ գործակալական «գործերը» պահպանվում են անժամկետ եւ երբեք ոչ մի ձեւով չեն գաղտնազերծվում։ Նախարարության վերլուծական ծառայության ղեկավարի խոսքերով՝ եթե Վրաստանի խորհրդարանը դրանք գաղտնազերծելու որոշում ընդունի, ապա նախարարությունը պատրաստ է այդ բանն անել, եւ Վրաստանում կսկսվի գաղտնազերծումը: Դրան անհամբեր սպասում եւ պահանջում է քաղաքացիների մի նեղ շրջանակ։ Բայց առայժմ ոչ մի նշան չի հուշում, թե խորհրդարանը պատրաստվում է քննարկել օրենք գաղտնազերծման մասին…

Ուստի, խորհրդային շրջանի գործակալական ցանցը ռուսական հետք է, որը կարելի է գուշակել, բայց անհնար է տեսնել սեփական աչքով։

Սակայն կա եւս մեկ հաստատություն, որտեղ, ըստ բազմաթիվ վրացի մտավորականների եւ վերլուծաբանների, ռուսական (խորհրդային, կայսերական) ազդեցությունը շատ ավելի ցայտուն է երեւում։ Դա Վրացական ուղղափառ եկեղեցին է, իսկ ավելի ճիշտ՝ հոգեւորականության մի մասը եւ բազմաթիվ կրոնական հրատարակություններ, որոնց վրայից միայն վերջերս է հանվել «Հրատարակվել է համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ» գրիֆը։

Այդ հրապարակումների, իսկ հաճախ էլ՝ աշխարհիկ մամուլի միջոցով, հոգեւորականության հիշատակված մասը եւ նրանց օժանդակությունը վայելող աշխարհիկ անձինք (այդ թվում՝ զանազան հասարակական կազմակերպությունների անդամներ), հասարակության վզին են փաթաթում ազատականության եւ իրենց կողմից սուբյեկտիվորեն մեկնաբանվող ուղղափառության անհամատեղելիության գաղափարը։ Օրինակ՝ շարունակ հայտարարություններ են հնչում, թե իրավապաշտպան կազմակերպությունները սասանում են Վրացական ուղղափառ եկեղեցու հիմքերը եւ պայքարում են ոչ միայն նրա, այլեւ առհասարակ ամեն ճշմարիտ ազգային բանի հետ, որ Վրաստանում մարդասիրական առաքելությամբ աշխատող կրոնական կազմակերպությունները գառան մորթի հագած գայլեր են, որ արտասահմանից երկիր են թափանցում հակաեկեղեցական, հակակրոնական եւ հակապետական աղանդներ, եւ որ պետությունը, ուժային կառույցների եւ գաղափարախոսության օգնությամբ, պետք է պաշտպանի ժողովրդին Եվրախորհրդի, Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վնասակար ազդեցությունից։ Եկեղեցու հոգեւոր պետերից մեկը «Ախալի վերսիա» թերթին հայտարարեց, թե Զբիգնեւ Բժեզինսկին նախ քանդեց Խորհրդային Միությունը, իսկ հիմա ձեռք է զարկել ուղղափառությանը։ Աստվածաբան Նոդար Լադարիան խոսում է Վրացական ուղղափառ եկեղեցու՝ մեկուսանալու ձգտման եւ նրա մեջ արմատներ ձգած ազգայնական հավատքի մասին, որն աստիճանաբար նրա միջից վանում է քարոզը եւ կրոնական դիսկուրսը։ Թվում է, թե դա պարադոքս է, բայց վրացական եկեղեցում առկա նման միտումները շատերը բացատրում են Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցությամբ։ 2-3 տարի առաջ Մոսկովյան պատրիարքությունը ներկայացրեց պետությանը սպառնացող կրոնական վտանգների ցուցակը: Այդ դասակարգմանը տրվեց պաշտոնական փաստաթղթի տեսք։ Համաձայն դրա՝ Ռուսաստանին սպառնացող հիմնական վտանգը գալիս է կաթոլիկության կողմից, որին հաջորդում են բողոքականությունը, ոչ ավանդական կրոնները, աղանդները եւ ամենավերջում՝ իսլամական արմատականությունը։

Եկեղեցում տեղ գտած մեկուսացման եւ ազգայնական միտումների ազդեցությունը հասարակության վրա հստակորեն դրսեւորվեցին Շեւարդնաձեի ռեժիմի վերջին շրջանում, երբ Թբիլիսիում հրաժարվեցին ստորագրել միջպետական պայմանագիր Վատիկանի հետ։ Հատուկ այդ փաստաթուղթը ստորագրելու համար Թբիլիսի ժամանեց արքեպիսկոպոս Ժան-Լուի Տորանը, Սուրբ Աթոռի արտասահմանյան երկրների հետ կապի գծով քարտուղարը, փաստորեն՝ Վատիկանի արտաքին գործերի նախարարը։ Այս համաձայնագիրը պետք է որոշեր կաթոլիկ եկեղեցու իրավաբանական կարգավիճակը Վրաստանում։ Արքեպիսկոպոսի ժամանումից առաջ Պատրիարքությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ վրացական կառավարությունը մտադիր է Վատիկանի հետ կնքել «գաղտնի համաձայնություն», որը կհանգեցնի Վրաստանում Վատիկանի ազդեցության ուժեղացման։ Իսկ կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «ուղղափառ Վրաստանի եւ Վատիկանի միջեւ միջպետական համաձայնությունն անցանկալի է։ Այն բազմաթիվ լուրջ խնդիրներ կծնի Վրաստանի կառավարության համար»։

Այս իրադարձություններից չորս տարի առաջ Վրաստան Հռոմի պապի այցելության ժամանակ բազմաթիվ ուղղափառ եկեղեցականներ զգուշացրին հոտին՝ խուսափել Պապի քարոզին մասնակցելուց, քանի որ դա մեծ մեղք կլինի։

Կարելի է հիշել, որ ավելի վաղ Հռոմի Պապի Ռուսաստան այցելության դեմ ելույթ ունեցավ հենց Ռուս ուղղափառ եկեղեցին։ Բանը միայն կաթոլիկության հետ հարաբերությունը չէ։ Նոր իրողությունների նկատմամբ վրացական եկեղեցու հոգեւոր պետերի վերաբերմունքի մեջ հաճախ կարելի է նկատել հենց ռուսական հետք։ Կուզեք' եկեղեցու, կուզեք' հատուկ ծառայությունների։

Կրոնի նկատմամբ նման վերաբերմունքի օրինակ են եւս երկու իրադարձություններ, որոնք տեղի ունեցան Մոսկվայում եւ Թբիլիսիում։ Ճիշտ է, պատահարը Մոսկվայում տեղի ունեցավ երկու տարի առաջ, բայց արձագանքները լսվում են մինչեւ օրս։ Նկատի ունեմ Յուրի Սամոդուրովի կազմակերպած «Զգուշացե՛ք, կրոն է» ցուցահանդեսը, որը ջարդուփշուր արին վեց «վիրավորված ուղղափառ հայրենասերներ»։ Նրանցից երկուսի դեմ նույնիսկ քրեական գործ չհարուցվեց։ Դրա փոխարեն հետո քրեական գործ հարուցվեց իր՝ Սամոդուրովի դեմ, որն իբրեւ թե այդ ցուցահանդեսով վիրավորել էր հավատացյալների զգացմունքները եւ նպաստել կրոնական եւ ազգամիջյան տարաձայնությունների բորբոքմանը։ Ռուս ուղղափառ եկեղեցին այդ ցուցահանդեսը գնահատեց որպես պրովոկացիա։ Եւ դատարանը Սամոդուրովին մեղավոր ճանաչեց։

Այս տարվա մարտի 31-ին Թբիլիսիի պատմության թանգարանում բացվեց պերֆորմանսային արվեստի «Ճաշ բոլորի համար» ցուցահանդեսը, որը պետք է տեւեր մեկ շաբաթ։ Հեղինակներից մեկի՝ Թորնիկե Ցապոձեի աշխատանքը հենց բացման օրը հարուցեց մի խումբ այցելուների բարկությունը։ Որպես հոգեւոր ճեմարանի ուսանողներ ներկայացած երիտասարդները հայտարարեցին, որ Ցապոձեի աշխատանքը վիրավորում է նրանց կրոնական զգացմունքները։ Թանգարանի ղեկավարությունը փակեց շենքը, եւ միջադեպը տեղափոխվեց փողոց։ Այսպես կոչված սեմինարիստները զինված էին մահակներով, դանակներով եւ այլ սառը զենքով։ Հարաբերությունների պարզման ժամանակ տուժեց մի քանի երիտասարդ։ Հաջորդ օրը թանգարանի ղեկավարությունը, առանց լրացուցիչ բացատրությունների, փակեց ցուցահանդեսը։ Թանգարանի աշխատակիցներից մեկի խոսքերով՝ ցուցահանդեսը փակեցին «կրոնական ոչ կոռեկտության» պատճառաբանությամբ, թեեւ այդպես էլ չկարողացան իրավաբանորեն փաստարկել այդ որոշումը։ Ինչ վերաբերում է պետության միջամտությանը, ապա նկարիչների օգտին հանդես եկավ միայն Վրաստանի Ժողովրդական պաշտպանը (Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը), որը հայտարարեց, որ խախտվել է Սահմանադրությամբ երաշխավորված կարծիքների արտահայտության ազատությունը, ստեղծագործական պրոցեսի ազատության եւ գեղարվեստական ստեղծագործությունների տարածման իրավուքը։ Ժողովրդական պաշտպանը եզրակացրեց, որ այդ դեպքով պետք է հետաքրքրվի դատախազությունը, բայց նման բան տեղի չունեցավ։

Ոչ միայն Ռուսաստանի հետքի, այլեւ դերի շատ ավելի բացահայտ եւ ծանրակշիռ ապացույցներ կարելի է գտնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։ Ճիշտ է, նախկին խորհրդային ինքնավարությունների պատճառով Վրաստանը շատ է իզուր ջանք թափել, հիմնականում սեփական իշխանությունների անմիտ եւ հանցագործ քաղաքականության պատճառով, այդուհանդերձ, հակամարտությունները մնում են չլուծված Ռուսաստանի «շնորհիվ»։ Խորհուրդներ ստանալու համար հենց Մոսկվա են գնում աբխազական եւ օսական առաջնորդները։ Հենց Մոսկվան է ամրապնդում Վրաստանի նկատմամբ նրանց դիրքերը։ Այսօր Ռուսաստանը Վրաստանի տարածքային միավորման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտն է։

Ռուսական եւս մեկ հետք Վրաստանի կառավարությունը սկսեց մաքրել բոլորովին վերջերս։ Քսաներորդ դարի 70-ական թվականներից ի վեր երկրի ոչ վրացական դպրոցներում գործնականում դադարեցին սովորել վրացերեն լեզուն։ Տասնյակ հազարավոր հայեր, ադրբեջանցիներ եւ հույներ կրթություն էին ստանում ռուսերեն լեզվով։ Իսկ Շեւարդնաձեի կառավարման շրջանում իշխանությունն առհասարակ մոռացավ կրթության մասին։ Իրականում ազգային փոքրամասնությունների ավագ սերնդի ներկայացուցիչների հետ այսօր կարելի է շփվել միայն ռուսերենով, իսկ ավելի երիտասարդ սերունդը հասկանում է միայն մայրենի լեզուն։ Այդ փոքրամասնությունները ինտեգրված չեն ո՛չ վրացական պետական սեկտորին, ո՛չ քաղաքացիական տարածությանը։ Մի քանի ամիս առաջ Վրաստանի կրթության նախարարությունը սկսեց նոր ծրագիր' «Ապագան սկսվում է այսօր», որի նպատակն այն է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում սովորեն վրացերեն եւ վրացերեն լեզվով՝ տարբեր առարկաներ։ Ընդ որում՝ հաճախ վրացերենի ուսուցիչներն իրենք ուսումնասիրում են ադրբեջաներեն եւ հայերեն։

Վրաստանի ներկա իրադրության տարբեր դրսեւորումների մեջ կարելի է անվերջ ինչ-որ բաներ գտնել եւ Ռուսաստանի հետ զուգահեռներ անցկացնել։ Ուզես, թե չուզես՝ աչքի է զարնում այն, որ վրացական երաժշտական փոփ-մշակույթը, փոքր ինչ ուշացած, նմանակում է այն, ինչ կատարվում է Ռուսաստանում։ Թբիլիսիում ոչ մեկին չեն դիմավորում այնպիսի լեփ-լեցուն դահլիճներով, ինչպես ռուսական փոփ-աստղերին (գուցե պատճառն այն է, որ ուրիշ աստղեր մեզ մոտ չեն էլ գալիս)։ Միեւնույն ժամանակ, այստեղ սիրում եւ զանգվածաբար այցելում են տեղական արտադրության ցածրորակ «աստղերի» համերգները։

Վրաստանի իշխանությունը, Ռուսաստանի նմանությամբ, վարժեցնում է հեռուստատեսային մեդիան, թեեւ մամուլի հետ նման բան դեռ չի անում։ Էլ չենք խոսում չինովնիկների կոռումպացվածության մասին. տարբերությունն այստեղ, հավանաբար, մասշտաբի մեջ է՝ Վրաստանը փոքր է, Ռուսաստանը՝ մեծ։ Դատախազության եւ գործադիր իշխանության նկատմամբ լոյալ դատարանը, որը, նոտարիուսի նման, հաստատում է մեղադրողների պահանջները, գործում է թե՛ այստեղ, թե՛ այնտեղ։ Ճիշտ է, Վրաստանում արդեն ուրվագծվում է դատական նոր բարեփոխության աղոտ պատկերը։ Հասարակության մեջ այնպիսի մարդկանց գերակշռությունը, որոնք սպասում են, թե կառավարությունը երբ կլուծի իրենց խնդիրները, կկերակրի եւ կհագցնի՝ նույնպես ընդհանուր է մեզ համար։ Բայց դա, հավանաբար, ընդհանուր կոմունիստական ժառանգություն է։

Բայց չէ՞ որ այդ կոմունիզմը նույնպես Վրաստանի վզին փաթաթեց Ռուսաստանը…

Դավիթ Պայչաձե, Վրաստան
«Ազատություն» ռադիոկայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter