HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկ ռուսները ցանկանո՞ւմ են…

Երեւույթի առաջացումը եւ աստիճանական անհետացումը

Ադրբեջանում ռուսները հայտնվել են ավելի քան հազար տարի առաջ։ Սկզբում ռազմիկների հարձակումներն էին, այնուհետեւ տեղական հողերը ժամանակ առ ժամանակ արյամբ ոռոգում էին Ստենկա Ռազինի նման ատամանները… Եւ միայն Եկատերինա երկրորդի իշխանության գալուց եւ արեւմտյան սահմաններն ամրապնդելուց հետո Ռուսաստանը կարողացավ պետականորեն հայացք գցել Կովկասի եւ ավելի հարավային տարածքների վրա։ Նոր մոտեցումը նշանակում է' տեղական կառավարիչների լիակատար ենթարկում, կեցության պայմանների փոփոխություն հօգուտ տեղական եւ եկվոր քրիստոնեական բնակչության, ինչպես նաեւ «աբորիգենների միջավայրում» վարքի սեփական սոցիալ-մշակութային մոդելի արմատացում։

Համաձայն վերջին մարդահամարի' Ադրբեջանում ապրում է մոտ 170 հազար ռուս, թեեւ 1979թ.-ի մարդահամարով ռուսները գրեթե երեք անգամ շատ էին։ Ի՞նչ պատահեց։ Պատահեց դժբախտություն։ Անկախ Ռուսաստանի ղեկավարությունը, ինքնիշխանություն հռչակելուց եւ 1991թ.-ի մայիսի 12-ին Խորհրդային Միության իրավահաջորդությունը ձեռք բերելուց հետո, որոշեց «չնկատել» Ադրբեջանին։ Այս պայմաններում, երբ խզվել էին Ռուսաստանի հետ բոլոր կապերը, փաստորեն ինքնապաշտպանության նպատակով Բաքվում ստեղծվեց «Ադրբեջան-Ռուսաստան» ընկերությունը։ Դա տեղեկատվական շրջափակումը ճեղքելու, Ադրբեջանում ռուս բնակչության կյանքի մասին ռուսներին ճշմարտությունը պատմելու փորձ էր։ Այնուհետեւ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների որոշ միտումներ, ինչպես, օրինակ, Ազգային-հայրենասիրական միության եւ Ադրբեջանի նկատմամբ բացասաբար տրամադրված այլ բլոկների ստեղծումը, ռուսներին մղեց «Ադրբեջանի ռուսական համայնք» կազմակերպության ստեղծմանը։ Հիմնական նպատակը ռուսաստանցիների հետ սերտ կապերի հաստատումն էր, որպեսզի նրանք իմանան ճշմարտությունը բախտի քմահաճույքին թողնված իրենց հայրենակիցների մասին։
Պատմական ակնարկ

Ռուսաստանից ամենաառաջին վերաբնակները Հարավային Կովկասում հայտնվեցին հենց Ադրբեջանի տարածքում։ Դրանք ռասկոլնիկներ էին, նրանցից, որ համաձայն չէին եկեղեցուն վերաբերող պետրոսյան բարեփոխումների հետ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի նահանգներից Անդրկովկաս ռուս ռասկոլնիկների վերաբնակեցման առաջին հրահանգները հրապարակվեցին 1832թ.-ին ցար Նիկոլայ I-ի կողմից։ Դրանից հետո Ադրբեջանում հայտնվեցին վերաբնակիչներ Տամբովի, Սարատովի, Վորոնեժի եւ այլ նահանգներից։ Ռուս վերաբնակիչների հաջորդ ալիքը կապված է նավթարդյունաբերության զարգացման հետ։ Կարելի է վկայել, որ գործնականում ամբողջ հանրապետությունում եւ նրա խիտ բնակեցված շրջաններում ապրում էին ռուսներ։ Արդեն երկար տարիներ Ադրբեջանում ապրող ռուսները արդարացիորեն մեր երկիրը համարում են իրենց երկրորդ հայրենիքը։ Բայց 1805թ.-ին Ադրբեջանական խանությունը Ռուսական կայսրությանը միացնելու եւ ԽՍՀՄ-ի քայքայման ժամանակաշրջանի միջեւ ընկած է ցնցումների եւ զիգզագների, հոգեւոր կյանքի, մշակութային նվաճումների եւ սոցիալ-քաղաքական տխուր երեւույթների, փոխադարձ անհասկացողության եւ ազգամիջյան օտարացման մեծ պատմություն։ Ադրբեջանում չնկատվեցին ռուսների նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսեւորումներ, որ եղան ԱՊՀ-ի ուրիշ երկրներում։ Բյուրոկրատական հիերարխիան ԽՍՀՄ-ի ժողովուրդներին բաժանեց ավագ եւ կրտսեր եղբայրների, սիրելիների եւ մերժվածների։
«Ռուսական գործոնի» նշանակությունը Ադրբեջանում

Այս գործոնը որոշվում է երկրի սոցիալ-տնտեսական կյանքում ռուսների մասնակցությամբ։ Ռուսները որակավորում ունեցող բանվորներ են, ինժեներատեխնիկական աշխատողներ, որոնց մի մասը զբաղված է պետական, գիտական եւ կրթական հիմնարկներում։ Արդյունաբերական արտադրության կրճատման ընթացքը, գիտության եւ կրթության համար կատարվող բյուջետային հատկացումների քչությունը հանգեցրին ռուս բնակչության միջավայրում պասիվ սոցիալական բողոքի մեծացման։ Դա արտահայտվում է երկրից արտագաղթի ձեւով։

Պետք է նշել ռուսերենի օգտագործման ոլորտի նեղացումը։ Ադրբեջանում պետական լեզվի կարգավիճակ ունի միայն ադրբեջաներենը, եւ դա եւս մեկ պատճառ է, որի հետեւանքով հանրապետության ազգությամբ ռուս բնակիչները բախվում են որոշակի դժվարությունների։ Ձեռնարկությունների ղեկավարները մերժում են աշխատանքի կամ ԲՈՒՀ ընդունվողների ռուսերեն գրված փաստաթղթերը։ Մի շարք ԲՈՒՀ-երում նվազել են ռուսերենին հատկացված ժամերը։ Կան փաստեր այն մասին, որ որոշ դպրոցների տնօրեններ չեն ցանկանում ռուսերենը մտցնել ծրագրի մեջ որպես առաջին օտար լեզու եւ նախապատվությունը տալիս են անգլերենին, ինչի հետեւանքով որոշ ուսուցիչներ գործազուրկ են դառնում, դժգոհություն է առաջանում ծնողների շրջանում։ Պատահում է նաեւ այնպես, որ ռուսերեն լեզվով ուսուցմամբ դասարաններում մի շարք առարկաների դասավանդումը կատարվում է ադրբեջաներեն։ Բայց ծնողների արձագանքը աննկատ է մնում։ Ադրբեջանում չկան նախագծեր ռուսական ներդրողների համար, ուստի ռուսական բիզնեսը հանրապետությունում ռուսների համար աշխատատեղեր չի ստեղծում։

«Ռուսները մերձավոր արտասահմանում» անունով գործոնի բացասական ազդեցությունն առաջիններից մեկն իր վրա զգաց Ադրբեջանը, երբ Բաքու խորհրդային զորքեր մտցնելու ժամանակ ԶԼՄ-ում իրականացվում էր հակաադրբեջանական քարոզչական արշավ։ Ուինսթոն Չերչիլն այսպես է արտահայտվել Ռուսաստանի մասին. «Ես չեմ կարող կանխատեսել Ռուսաստանի գործողությունները։ Դա գաղտնիքով պատված եւ լաբիրինթոսում թաքցված հանելուկ է»։ Ցավոք, Ռուսաստանի մերօրյա արտաքին քաղաքական մեքենան նույնպես համապատասխանում է այդ սահմանմանը։ Նրան չի վերաբերում այն, որ դիվանագիտությունն այսօր շատ առաջ է գնացել, որ աշխարհը գլոբալացվում է, եւ քաղաքական գործիչները գերադասում են առնչություն ունենալ կանխատեսելի գործընկերների հետ։ Մնացածի ճակատագիրը շահագործումը եւ խորը վիրավորանքն է։ Յուրաքանչյուրին՝ իրենը։

Ադրբեջանում ռուսներն իրենց լա՞վ են զգում

Ադրբեջանում ապրող ռուսները ռուսերեն լեզվով կրթություն ստանալու դժվարություններ չունեն։ Ամբողջովին հեռարձակվում են OPT եւ PTP հեռուստաալիքները, գրախանութներում կարելի է գնել ռուսական գրքեր։ Ռուսները ներկայացված են Միլի Մեջլիսում, պետական ապարատում եւ կառավարության մեջ։ Յուրաքանչյուր հավատացյալ ռուս կարող է ստանալ հոգեւոր առաջնորդի աջակցությունը, կատարել կնունքի եւ ամուսնության ծեսերը։

2001թ.-ի օգոստոսին ընդունված «Պետական լեզվի մասին» նոր օրենքը հարուցեց ռուսալեզու փոքրամասնության անհանգստությունը։ Դրա պատճառները հոգեբանական են։ Ադրբեջանում երբեք չի պատահել, որ մայրենի լեզուն ավելի բարձր դասվի այն ազգերի լեզվից, որոնք ժամանակավորապես տնօրինում են տվյալ տարածքները։ Ուստի Հեյդար Ալիեւի վճռականությունը զարմացրեց եւ մտահոգեց հասարակության որոշ խավերի։ Այժմ ամեն բան իր տեղն է ընկել։ Մարդիկ, որոնց հիմնական լեզուն ռուսերենն է, հեռուստացույցով հետեւելով Մերձբալթիկայում կատարվող իրադարձություններին, տառացիորեն փառք են տալիս Աստծուն ադրբեջանցիների բարձր ազգային ինքնագիտակցության համար։ Նրանք հասկանում են, որ առօրյա լեզվական խնդիրները չեն կարող ապրելու վայրը փոխելու պատճառ դառնալ։ Ի միջի այլոց, 2004թ.-ին 354 ռուսական ընտանիք մշտական բնակության համար Ռուսաստանից Ադրբեջան է վերադարձել։ Եւ այդ միտումը շարունակվում է։ Պետք է ապրել եւ հաղթահարել դժվարությունները, աշխատել, պայքարել այն բանի համար, որ փոխհարաբերությունների նախապատվությունները համապատասխանեն թե՛ ադրբեջանցիների, թե՛ ռուսների ազգային շահերին։ Դա պետք է լինի երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհ։

Ռուսական գործոնի տեղը եւ դերը Ադրբեջանում

Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցումը դարձավ հերթական դառը հիշեցումն այն բանի, որ նախկին խորհրդային հանրապետություններն ավելի ու ավելի են հեռանում միմյանցից։ Վաշինգտոնը շռայլորեն ֆինանսավորում է այդ նախագիծը եւ գոհ է, որ նավթը կանցնի Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Նավթային շահերից բացի, Ռուսաստանը Ադրբեջանում ունի այլ հոգսեր՝ կապված այստեղ ապրող ռուսների օժանդակության հետ, քանի որ ռուսական սփյուռքը նշանակալի դեր է խաղում ադրբեջանական հասարակության կյանքի բոլոր ասպեկտներում։ Ի միջի այլոց, վերջին տարիների ընթացքում քաղաքական դասավորությունն այնպես է փոխվել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հայտնվել են հասարակության ուշադրության լուսանցքում։

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ում ռուսերեն լեզվի օգտագործման հարցին՝ պետք է նշել հետաքրքրության աճը։ Այդ մասին են վկայում այնպիսի ռուսալեզու հրատարակություններ, ինչպիսիք են «Մոնիտոր» համազգային ամսագիրը, «Կասպիյ», «Զերկալո», «Էխո» թերթերը։ Ադրբեջանի ռուսական համայնքին կից գործող Ռուսական մշակույթի կենտրոնը նշեց իր տասնամյակը։ Հակառակ նյութական լուրջ դժվարություններին' այն ակտիվ գործունեություն է ծավալել։ Երկար տարիներ ռուսական դրամատիկական թատրոնը պրոպագանդել է ռուս դրամատուրգիայի լավագույն նվաճումները, թեեւ վերջին տարիներին այն զիջել է իր դիրքերը, եւ դասականների տեղը բռնել են թեթեւամիտ շոուները։

Վերջերս մենք ականատես եղանք կարեւոր իրադարձության։ Խոսքը Ռուս մամուլի համաշխարհային կոնգրեսի մասին է, որը իրականացվեց Ադրբեջանի կառավարության աջակցությամբ։ Պատահական չէ, որ այդ ֆորումի անցկացման վայր էր ընտրվել Բաքուն. հանրապետությունում ռուսերեն լեզուն ռուսական եւ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու միջոց է։ Հանրապետությունում գործում է Դաղստանի պետական համալսարանի մասնաճյուղը, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսերեն լեզվով։ Այն ստեղծվել է 1966թ.-ին, ունի ՌԴ-ի կրթության նախարարության հավաստագիրը։ Գործում է նաեւ Բաքվի սլավոնական համալսարանը, որը պատրաստում է ռուսերեն լեզվի մասնագետներ։ Ադրբեջանին ձեռնտու չէ արգելակել կամ զսպել ռուսերեն լեզվի ազդեցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս մտավորականության մեծ մասը ռուսական կրթություն ունի, իսկ այժմ Ռուսաստանում ապրում է մոտ երկու միլիոն ադրբեջանցի։ Ռուսների ցանկությունն է, որ ռուսերենը դառնա Ադրբեջանի երկրորդ պետական լեզուն։

Պաշտոնական հարաբերությունների մասին

2004թ.-ի հոկտեմբերի 19-ին ելույթ ունենալով Համառուսական ադրբեջանական կոնգրեսի երկրորդ համագումարում' Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ «ադրբեջանցիները պետք է իրենց լավ զգան Ռուսաստանում, իսկ ռուսները՝ Ադրբեջանում»։ Սակայն այս խնդրի լուծման համար պահանջվում է գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակ պետության, հասարակության եւ բիզնեսի միջեւ։ Մի բան, որից Ադրբեջանն առայժմ հեռու է։ Սակայն պետք է ընդունել, որ Ադրբեջանում ռուսազգի ներկայացուցիչների արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար շատ բան է արվել։

Ադրբեջանում գործում է Ռուսական ուղղափառ եկեղեցու Մերձկասպյան թեմի վեց ծխական համայնք։ Եպիսկոպոսի նստավայրը Բաքվում է, որտեղ գործում է երեք ուղղափառ եկեղեցի։

Չնայած կառավարության ուշադրությանը' հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունները (ռուսներ, լեզգիներ, թաթարներ) դեռեւս շատ սկզբունքային եւ բարդ խնդիրներ ունեն։ Ադրբեջանի ռուս համայնքի երկրորդ համագումարում համայնքի նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Միխաիլ Զաբելինը նշեց, որ հանրապետությունում կրճատվում է ռուսերենի օգտագոծման ոլորտը, առկա է կենցաղային ազգայնականություն, էթնիկ ռուսների բիզնեսը դժվար է զարգանում եւ այլն։

Ռուսերենի օգտագործման նվազումն առաջին հերթին կապված է ադրբեջանական դպրոցների հետ, որտեղ 2001թ.-ից ռուսերեն լեզուն հավասարեցված է օտար լեզուներին։ Այսինքն՝ ադրբեջանցի դպրոցականների ներկա սերունդը հազիվ թե կարողանա ռուսերեն լեզուն յուրացնել այնպես, ինչպես հասուն ադրբեջանցիները, որոնք դպրոցն ավարտել են խորհրդային տարիներին։ Բացի այդ, 2001թ.-ի օգոստոսի 1-ից ամբողջ գործավարությունը երկրում իրականացվում է ադրբեջաներեն…

Հասկանալի է, ինչպես բազմիցս ընդգծեց Զաբելինը, որ «այն ռուսաստանցիները, որոնք ցանկանում են իրենց բախտը կապել Ադրբեջանի հետ, պետք է սովորեն ադրբեջաներեն։ Դրա համար երկրի կառավարությունը պետք է ստեղծի մատչելի դասընթացների ցանց, հրատարակի դասագրքեր եւ բառարաններ»։ Ադրբեջանում ռուսերենի օգտագործման ոլորտի նեղացումը բացասաբար է անդրադառնում նաեւ ադրբեջանցիների վրա։ Ադրբեջանի պետական գրադարանի տնօրեն Լեյլա Գաֆուրովան ասում է, որ «հանրապետությունում ռուսերեն լեզուն շարունակում է մնալ որակյալ բարձրագույն կրթություն ստանալու եւ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու միջոց»։ Գրադարանում պահվող գրականության 80%-ը ռուսերեն լեզվով է։ «Առանց ռուսերենի իմացության, հանրապետությունում անհնար է արդյունավետ գիտական գործունեություն, անհնար է պահպանել եւ բարձրացնել ինժեներատեխնիկական աշխատողների, բժիշկների, մանկավարժների եւ ստեղծագործական մտավորականության որակավորումը»,-համոզված է Գաֆուրովան։ Չպետք է մոռանալ նաեւ, որ այսօր Ռուսաստանում աշխատում է Ադրբեջանի ավելի քան երկու միլիոն քաղաքացի։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում այդ մարդկանց աշխատանքային եւ սոցիալական ադապտացման համար ռուսերենի իմացությունը կենսական անհրաժեշտություն է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ ռուսների աշխատանքին, ապա դրական օրինակ է Իսմայլինսկի շրջանի Նիկիտինի անվան կոլտնտեսությունը։ Այստեղ կողք-կողքի ապրում եւ աշխատում են 3 հազար ռուս, 500 լեզգի, 270 ադրբեջանցի։ Ամեն տարի կոլտնտեսությունը միջինում ստանում է 10 հազար տոննա ցորեն, 460 տոննա միս, 3 հազար տոննա խաղող։ Կոլտնտեսության նախագահ Նիկոլայ Միննիկովը հենց այս ամենով է բացատրում, թե ինչու մարդիկ չեն հեռանում, այլ վերադառնում են դեպի այն հողը, որտեղ ավելի քան երեք դար ապրում են ռուսներ։

Շաֆիգա Դադաշովա, Ադրբեջան
«Էքսպրես» թերթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter