HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանելի կամ անտանելի իշխանություն

Հաճախ քաղաքական-հասարակական քննարկումների ժամանակ  այս կամ այն գործչի մասին արտահայտվելիս, իհարկե հիմնականում, որպես մահախոսական, բայց ոչ միայն, ներկայացվում են տվյալ անձի մարդկային լավ հատկանիշները։

Այսպես, պատմում են, թե նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ինչ լավ մարդ էր, հարևանները նրան շատ էին սիրում, հաճախ` նույնիսկ վարչապետ ժամանակ, իջնում էր բակ և, հարևանների հետ գարեջուր խմելով, նարդի, բլոտ խաղում և այլն։ Հավանաբար, Անդրանիկ Մարգարյանի մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ է, որ Կոմիտասի անվան պանթեոնում  նրա հիշատակին ամենաշքեղ հուշարձանն է կառուցված։ Եվ, իհարկե, նույն մարդկային բարձր հատկությունների, այլ ոչ թե նրա քաղաքագիտական հանճարեղ աշխատությունների, վերլուծությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հրաշքի, ազգային անվտանգության, պաշտպանության ոլորտում նրա վաստակի հիշատակին, նրա անունով հիմնադրվեց ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը։  

Արդյո՞ք այդ քաղաքական դպրոցի ունկնդիրներին ներկայացվում է Անդրանիկ Մարգարյանի, որպես քաղաքական գործչի իրական կերպարը։ Այն, որ այդ գործիչը 1992թ․ ՀՀԿ-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի նախաձեռնությամբ, ՀԴԿ-ի հետ համատեղ մասնակցում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին։ Ապա 1995թ․ ՀՀԿ-ն անդամակցեց նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված Հանրապետություն դաշինքին և Անդրանիկ Մարգարյանը դարձավ պատգամավոր։ 1998թ․ Անդրանիկ Մարգարյանը «քցեց» թագավոր Լևոնին (ձևակերպումը Աշոտ Նավասարդյանի,1996 թ․) և դարձավ երկրապահ, 2000 թ․ նա հերթական քաղաքական ճկունությունը ցուցաբերեց` այս անգամ «քցելով» Միասնություն դաշինքի գործընկերներին, դառնալով ՀՀ վարչապետ։ Վարչապետության տարիներին բակում գարեջուր խմող գործիչը դարձավ դոլարային միլիոնատեր` տղային էլ դարձնելով Ավանի թաղապետ։

Նմանատիպ խոսակցություններ, պատմություններ ենք լսում, ինչպես հրապարակային, այնպես էլ սրճարանային մակարդակով, նաև այլ գործիչների մասին։ Գեներալ, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ (ներողամիտ եղեք բոլոր տիտղոսները չիմանալու համար) Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի մասին, շատերին հայտնի, բայց այնուամենայնիվ, սկանդալային բացահայտումներից հետո, նույն ԱԺ արդեն, նախկին ընդդիմադիր ԵԼՔ  խմբակցության անդամ, Հանրապետություն կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, Արարատի ցեմենտի գործարանի նախկին տնօրեն, իրականում սպարապետ, ՀՀ Ազգային Հերոս, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը ցավով նշեց, թե ինչ անակնկալ էր իր համար ինչպես Մանվել Գրիգորյանի, այնպես էլ  Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ, ավելի ստույգ, Մանվել Գրիգորյանի որդու մասին վերոնշյալ բացահայտումները։ Արամ Սարգսյանը նշեց, թե ինչ հերոս և առաքինի մարդ էր Մանվել Գրիգորյանը մինչև 1999թ․, հետո Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, նրան «փչացրեց», իսկ Կարեն Գրիգորյանը հաճախ էր այցելում իրենց տուն, ինչ լավ մարդ է և այլն։ Հիշում եմ 2008թ․ իմ և, այն ժամանակ թունդ լևոնական, բանաստեղծ Մարինե Պետրոսյանի բանավեճը։ Նրա` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած բոլոր քննադատությունների (ընտրակեղծիքներ, սպանություններ, քաղբանտարկյալներ, կոռուպցիա և այլն ) հետ համաձայնելով` բերում էի նմանատիպ օրինակներ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից (այդ մասին ավելի մանրամասն` այստեղ)։ Այլևս, նոր փաստարկներ չունենալով` Մարինեն հարցրեց․

-Լևոնին ճանաչու՞մ ես, շատ լավ մարդ է։,

Պատասխանեցի․

-Եթե դու նրան նոր ես ճանաչում, ապա ես նրա հետ շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել, 1988-1991թթ․ մենք գործընկերներ ենք եղել։ Իսկ դու Սերժին ճանաչու՞մ ես։

-Ոչ։

-Ծանոթացիր, գուցե նույնպես, շատ լավ մարդ է։

Օրինակները կարելի է շարունակել։

Նախ, «լավ մարդ» հասկացության մասին։ Ինչպե՞ս սահմանել, թե ով է լավ կամ վատ մարդ։ Եթե մարդը պաթոլոգիական շեղումներ չունի, ապա, կարծում եմ, լավ ու վատի բնորոշումները շատ սուբյեկտիվ են` կախված տվյալ ազգի մշակութային-պատմական-կրոնական ավանդույթներից ու արժեքներից ձևավորված միջավայրից, անհատական, ընտանեկան հարաբերություններից, տվյալ մասնագիտական ոլորտում մրցակցությունից, անձնական նախանձից և այլն։ Ոմանց համար վատ մարդիկ այլոց համար լավն են, և հակառակը։ Հաճախ, կախված տարբեր իրավիճակներից, լավ մարդը դառնում է վատը, վատը՝ լավ։ «Ես նրան լավ չէի ճանաչում, պարզվում է շատ լավ մարդ է, ընտանիքին նվիրված, չնայած իր դիրքին, հարստությանը, հնարավորություններին, ինձ հետ հավասարի պես էր պահում, նույնիսկ թևը գցեց ուսիս»։ «Ես նրա հարցում սխալվում էի, պարզվեց` սրիկայի մեկն է, մի բան խնդրեցի՝ չարեց»։ Մենք պարզունակորեն առաջնորդվում ենք Արամայիս Սահակյանի փիլիսոփայությամբ․

Ինչքան շատ բան կլիներ

Չլինեին վատ մարդիկ,

Քեն ու դավեր, կռիվներ,

Մարդն ավելի երջանիկ

Ու բախտավոր կլիներ:

 

Ու խորհում եմ ես էլի

Ափսոսանքով, ցավով լի.

-Ինչքա՜ն շատ բան կլիներ,

Եթե շատ բան չլիներ...

Ընդհանրապես, որոշակի ժամանակի ընթացքում մարդիկ, նաև` հասարակական-քաղաքական գործիչները (չէ՞ որ նրանք էլ մարդիկ են), փոխվում են, երիտասարդ ժամանակ ռոմանտիկ, պայքարող գործիչները տարիներ հետո համակերպվում են իրավիճակին` մոռանալով իրենց քաղաքական հավակնությունների մասին կամ ընդամենը ընկնելով հիշողությունների գիրկը։ Այս մասին ուշագրավ է Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմի հերոսներից Լենսկու ռոմանտիկ, ազատամիտ կերպարի վերլուծությունը Վիսարիոն Բելինսկու կողմից։ Ըստ Բելինսկու` եթե Լենսկին մենամարտում չզոհվեր, ապա նա, ինչպես այդ տիպի այլք, իրենց անձնական անվիճելի առավելություններով հանդերձ, կվերափոխվեր` դառնալով կատարյալ հարմարված քաղքենի կամ կվերածվեր հնացած միստիկ-երազողի։ ․․․ Ոչ մեկին չեմ ակնարկում․․․

Կարծում եմ` քաղաքական, պետական գործիչներին գնահատելիս չպետք է առաջնորդվել «լավ» կամ «վատ» մարդ լինելու մեր պատկերացումներով, այլ միմիայն նրանց գործունեությամբ։ Հակառակ դեպքում, օրինակ, եթե որևէ մեկը հյուրընկալվեր Ադոլֆ Հիտլերին, գուցե նրան ներկայացներ որպես շատ լավ մարդ՝ հետաքրքիր զրուցակից, բավականին տաղանդավոր նկարիչ, երաժշտասեր, նվիրված կնոջը՝ Եվա Բրաունին, հոգատար իր շան նկատմամբ և այլն։ Տարիներ առաջ կարդացի 30-ականներից ինչ-որ մեկի հուշերը, թե իր հայրն ինչ ջերմ հարաբերությունների մեջ էր Ստալինի հետ։ Նրանք միասին թեյ կամ Քինձմարաուլի խմելով` զրուցում էին սոցիալիզմից դեպի կոմունիզմ տանող ճանապարհի մասին, և իրենց ընտանիքը համոզված էր Ստալինի բարության մեջ։ Եվ հանկարծ մի օր էլ, երբ հայրը պետք է գնար հերթական հանդիպմանը, նրան Ստալինի հրամանով ձերբակալում և գնդակահարում են։

Կարծում եմ նաև, որ քաղաքական-պետական գործիչների նկատմամբ պետք է դրսևորել ոչ թե անվերապահ, անսահման սեր ու հավատ (նկատի ունեմ վկաների ինստիտուտը), այլ առավելագույնը հարգանք և ամենակարևորը` վերահսկողություն: Առանց հանրային վերահսկողության իշխանության եկած, նույնիսկ լավագույն ցանկություններով, ազգային գաղափարներին նվիրված, անկեղծ գործիչը որոշ ժամանակ անց կկերպարանափոխվի (հիշենք չինական հայտնի հեքիաթը՝ «Սպանել վիշապին»)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ասպետ Ժորժ Ժակ Դանտոնը դարձավ խոշոր կոռուպցիոներ` թալանելով Վերսալի պալատի հարստությունը։

Եվ ընդհանրապես, արդյո՞ք լինում է լավ կամ վատ իշխանություն։ Մորս քեռին շատ կոլորիտային մարդ էր և խնջույքների ճանաչված թամադա։ Հիշում եմ` տասը-տասնմեկ տարեկան երեխա էի, մի խնջույքի ժամանակ նա հերթական բաժակը բարձրացրեց և կենացը նվիրեց տոհմի հարսներին (կարծում եմ` ներողամիտ կլինեն կանանց պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները մեջբերման համար)։

-Հարսների կենացը․ հարսի լավը չի լինում, հարսը լինում է տանելի կամ անտանելի։

Հետագայում ես այս հայեցի, ավանդական, մեր ընտանեկան ավանդույթներն ու արժեքները պահող-պահպանող ասույթը ձևափոխել եմ․

-Իշխանությունը լավը չի լինում, այն լինում է տանելի կամ անտանելի։

Տանելի է իշխանությունների տարանջատման և հանրային վերահսկողության սկզբունքով, ընտրությունների միջոցով ձևավորված կառավարման համակարգը։ Տանելի իշխանության չափանիշների մեջ է մտնում նաև նույն ընտրությունների միջոցով իշխանության պարբերական փոփոխությունը։ Կրկնում եմ` իշխանության, ոչ թե իշխանությունը կրողի փոփոխությունը։ Հայաստանում մինչ 2018թ․ երկու անգամ տեղի է ունեցել իշխանությունը կրողի փոփոխություն, բայց ոչ՝ իշխանության։ 

Իհարկե, աշխարհում ցանկացած գործիչ, ով հասել է իշխանության (անկախ` թե ինչ ձևով), ձգտում է պահպանել այն։ Եվ հաճախ այդ մոլուցքը այլասերում է նույնիսկ սկզբնական շրջանում անուն հանած բարեփոխիչներին (հիշենք մեր հարևան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրինակը)։ Քաղաքակիրթ երկրներում այդ հարցը լուծել են նախագահական համակարգի դեպքում ժամկետային արգելանքի ամրագրմամբ (ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ)։

Ինչ վերաբերում է խորհրդարանական համակարգին, ապա կայացած ժողովրդավարական երկրներում, որպես կանոն, որևէ կուսակցություն չի ունենում ձայների բացարձակ մեծամասնություն և ստիպված գնում է կոալիցիոն կառավարության ձևավորման։ Իհարկե, իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով տարված գործիչը փոխում է նաև սահմանադրությունը` սեփական իշխանությունը հավերժացնելու համար, մի դեպքում` «ժողովրդի պահանջով» վերացնելով երկու տարվա արգելանքը (Ադրբեջան, Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան և այլն), մյուս դեպքում` «հանուն ժողովրդավարության» նախագահականից անցում կատարում իբրև թե խորհրդարանական համակարգի (Վրաստան, Հայաստան):

Այսպիսով, 90-ական թվականներից մենք ունեցել ենք, թերևս, «լավ մարդկանցով» ձևավորված, բայց անտանելի իշխանություն։ Այժմ թավշյա հեղափոխությունը հնարավորություն է ընձեռել և´ իշխանության եկած հեղափոխականներին, և´ հանրությանը համատեղ ջանքերով ստեղծել տանելի իշխանություն։

Ավետիք Իշխանյան

Մեկնաբանություններ (2)

Գիշյան
Հայկական իրականությունում իշխանությունը հարատև տանելի կլինի (խոսքը իշխանավորների հարատևության մասին չէ), եթե ազգային ժողովը չգրավվի (թեկուզ շաատ արդար ընտրությամբ), մեկ կուսակցության կողմից: Այսինքն ազգային ժողովի կազմավորումը պետք է լինի բացառապես քվորումով, ինչը նաև անիմաստ կադրձնի ընտրակաշառքները և այլ տիպի ընտրախախտումները:
Լուսիկ
Իշխանությունը դառնում է տանելի, երբ ստեղծում է այնպիսի քաղաքական, տնտեսական, սոցիալական պայմաններ ժողովրդի համար, որ իր գոյության մասին ստիպված չեն լինում ամենօրյա ռեժիմով հիշել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter