HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքը մեզ օգնեց

Վերջապես պարզ դարձավ, որ «Կապան-Մեղրի» իսկապես ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհը շրջանցելու է Շիկահողի պետական արգելոցը, այսինքն՝ Մթնաձորը, որը Հայաստանի տարածքում գտնվող եզակի կուսական անտառ է։

Չնայած պետական պաշտոնյաներն ամեն կերպ փորձում են նսեմացնել հասարակության դերը, բայց հասարակական կազմակերպությունները, հատկապես՝ բնապահպանությամբ զբաղվող, համառ ու անզիջում պայքար մղեցին հանուն անտառի պահպանության, եւ այս անգամ հաղթեցին։

Պետական պաշտոնյաներին հիմա ավելի շատ հուզում է ոչ թե այդ ճանապարհից ստանալիք շահից զրկվելը (առանձին պաշտոնյաներ միայն հատված ծառերի վաճառքից կարող էին միլիոններ վաստակել), այլ հասարակական շարժման հաղթանակի փաստը, կամ ավելի ճիշտ՝ նախադեպը։ Որովհետեւ հասարակական կազմակերպություններն այլեւս հավատացած են, որ համախմբված եւ համառ պայքարի շնորհիվ հնարավոր է կանխել իշխանությունների «ռազմավարական» ցինիզմը։

Այս հաղթանակը մի քանի պատճառ ուներ։ Նախ՝ կառավարությունը ձեռք էր բարձրացրել մի արգելոցի վրա, որն իր նշանակությամբ, կարելի է ասել, եզակի է։ Եւ այդ պատճառով Մթնաձորի համար մղվող պայքարը համախմբեց նաեւ այն կազմակերպություններին ու թերթերին, որոնք այլ դեպքերում հաշտվողական դիրք էին բռնում։ Երկրորդը՝ չափազանց ակնհայտ էր, որ պաշտոնյաներն այդ տարբերակը պաշտպանում էին՝ անձնական շահ ակնկալելով։ Եւ դա այնքան բացահայտ էր, որ թույլ չէր տալիս լրջորեն հիմնավորել տարբերակի եզակիությունը։ Երրորդ՝ արժանի հարգանք պետք է մատուցել Սյունիքի մարզպետարանի պաշտոնյաներին, ովքեր մինչեւ վերջ եղան շարժման հետ։ Սա փաստորեն աննախադեպ էր նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի եւ ՀԿ-ների համագործակցության առումով։ Փաստորեն. տեղային հայրենասիրությունն առաջին անգամ դրական արդյունք ունեցավ։ Եւ չորրորդ՝ հասարակական այս շարժմանը միացան սփյուռքահայ ավանի բարերարներ, ում խոսքը, եթե անգամ իմպերատիվ չէ Հայաստանի իշխանությունների համար, ապա անպայման սասանում է սեփական ճշմարտացիության նրանց աներկմիտ գիտակցությունը։

Սա թերեւս պատճառներից ամենածանրակշիռն ու հիմնավորն էր, եւ այսօր հույս է տալիս մտածելու, թե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները նոր որակ ու բովանդակություն են ստանում։ Եթե նախկինում այդ հարաբերությունների առանցքը հիմնականում նյութական օգնություն-աջակցությունն էր, կառավարության միջոցով տնտեսության վերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնելը՝ միաժամանակ աչք փակելով երկրում տիրող անիրավության վրա, ապա Մթնաձորով պատկերը փոքր ինչ փոխվեց եւ ստեղծվեց նոր համագործակցության մակարդակ, որտեղ սփյուռքահայերը, կարծես, այլեւս հակված չեն պահպանելու դիտորդ-բարերարի իրենց կարգավիճակը։

Հրայր Հովնանյան, Քերոլայն Մուգար, Թուֆենքյաններ… Այս մարդիկ Հայաստանի անկախության առաջին օրերից եղել են մեզ հետ, եւ եղել են ոչ թե սենտիմենտալ բարեգործներ, ովքեր բարեգործում են սեփական հանգստության ու հաճույքի համար, այլ մասնակցել են Հայաստանի իսկապես ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը։ Ավելի չմանրամասնելու համար բավական է նշել միայն Հայաստանն ու Ղարաբաղը կապող «Գորիս-Ստեփանակերտ» եւ Ղարաբաղի շրջաններն իրար միակցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիների շինարարությանը նրանց նվիրաբերած յոթանիշ գումարները։

Երբ առաջին անգամ լսեցի, որ Հրայր Հովնանյանը միացել է բնապահպանների շարժմանն ու նամակով դիմել Հանրապետության նախագահին, ենթադրեցի, որ հարցը լուծվելու է հօգուտ բնապահպանների, այսինքն՝ ի շահ ժողովրդի։ Եւ երբ իմացա, որ հատուկ այս առիթով Հայաստան է եկել Քերոլայն Մուգարը, ենթադրությունս դարձավ համոզմունք։ Ու չնայած շրջապատիս թերահավատությանը, ես պնդում էի, որ ճանապարհը կշրջանցի արգելոցը, որովհետեւ գիտեմ, որ մեր իշխանություններն՝ ընդունակ չլինելով հասարակության հետ երկխոսության մեջ մտնելու, հարգում, այսինքն՝ վախենում են ուժեղ մարդկանցից։

Ես վստահ եմ, որ մեծ կենսագրություն եւ ծանրակշիռ վարկ ունեցող սփյուռքահայերի համագործակցությունը Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ այս նախադեպով չի սահմանափակվելու, այլ շարունակություն է ունենալու։ Որովհետեւ վաղուց արդեն ժամանակն է միջամտելու ներկա իշխանության ստեղծած հակահասարակական այս վիճակի վերացմանը, երբ պետության շահերը գերակա հայտարարելով ոտնահարում են այդ իսկ պետության տիրոջ՝ ժողովրդի, իրավունքը։

Մթնաձորը եզակի է որպես կուսական անտառ, սակայն եզակի չէ որպես դեպք, երբ մի խումբ պաշտոնյաներ առուծախի առարկա են դարձնում հանրային սեփականությունն ու ազգային արժեքները։ Այսպես եղավ «Հաղթանակի» զբոսայգու դեպքում, երբ ծառերը հատելով հյուրանոց կառուցեցին, այսպես եղավ օպերային հարող զբոսայգու դեպքում, երբ կանաչ տարածքները բետոնապատելով վերածեցին սրճարանների, այսպես եղավ Հյուսիսային պողոտայի դեպքում, երբ խրճիթների եւ հյուղակների հետ քանդեցին նաեւ պատմական արժեք ունեցող ճարտարապետական կառույցներ։ Այսօր արդեն հերթը հասել է Կոմիտասի անվան զբոսայգուն եւ մեր մեծերի պանթեոնին, որն ուզում են տեղափոխել ու տարածքները տրամադրել հանրային եւ անհատական շինարարության նպատակով։

Նշված բոլոր դեպքերում հանրության ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները մենակ մնացին իշխանությունների հետ պայքարում եւ պարտվեցին։ Այդ պարտությունը, սակայն, խայտառակություն էր ոչ թե պարտվողների համար, այլ՝ իշխանությունների, որովհետեւ քաղաքի կենտրոնում քանդված տան դիմաց ընդամենը 14000 դոլար վճարելն այլ բան չէ, քան խայտառակություն, եթե հաշվի առնենք, որ քաղաքի ամենահեռավոր ծայրամասում անգամ այսօր հնարավոր չէ այդ գումարով բնակարան գնել։

Ես վստահ եմ, որ մեծ կենսագրություն եւ ծանրակշիռ վարկ ունեցող սփյուռքահայերը տեսնում եւ հասկանում են այս ամենը, եւ ամբողջ կյանքում ապրած լինելով ժողվրդավարական երկրներում, գիտեն, որ հասարակությանը ճնշելը, հասարակական կարծիքը խլացնելը երբեք լավ հետեւանք չի ունենում։ Եւ գիտեն, որ պետությունը (այդքան երազված) կայուն ու անվտանգ է այն դեպքում, երբ բացասական երեւույթներն անմիջապես նկատվում, քննարկվում ու վերացվում են։

Մեծ կենսագրություն եւ ծանրակշիռ վարկ ունեցող սփյուռքահայերը գործով վաղուց ապացուցել են իրենց հայրենասիրությունը, իսկ այսպես հայրենիքի նկատմամբ սերն ավելի ու ավելի ամրապնդում են։ Հարգանք եւ խոնարհում նրանց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter