HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կառավարությունն ուզում է իմանալ, թե ինչ վիճակում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը

Կառավարությունն ուզում է իմանալ, թե հանքարդյունաբերության ոլորտում ինչ իրողություն և ինչ վիճակ է տիրում: Այդ նպատակով, վարչապետի հանձնարարականով, ստեղծվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խումբը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն այսօր նախաձեռնած հանրային քննարկմանը որոշ մանրամասներ հաղորդեց աշխատանքային խմբի ապագա անելիքների մասին և ներկաների հետ քննարկեց այդ խմբի ձևավորման հարցերը:

Արթուր Գրիգորյանի ասելով` մինչ օրս բնապահպանական փորձաքննությունների համակարգն աշխատել է լուրջ թերություններով, և այդ գերատեսչությունների կողմից արված փորձաքննությունների և պաշտոնական տվյալների վրա հենվել նոր կառավարությունը չի ուզում:

Աշխատանքային խմբի առաքելության մեջ չի մտնում ֆինանսական և աուդիտորական հարցերը, մնացյալ հարցերի լայն շրջանակներին հնարավորություն լինելու է ծանոթանալու:  

Խմբի կազմում ընդգրկվելու են նեղ մասնագետներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության, համայնքների, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ: Այդ խմբում ընդգրկվելը, ըստ Արթուր Գրիգորյանի, ոչ թե առավելություններ է տալու, այլ մեծ պարտավորություն է սահմանելու, քանի որ աշխատանքային խումբը քիչ ժամանակ է ունենալու` մոտ 20 օր, որի ընթացքում բոլորը ծանրաբեռնված աշխատելու են:

«Մեզ հասանելի պետք է լինեն գերատեսչությունների տիրապետության տակ գտնվող գրեթե բոլոր փաստաթղթերը, բացառությամբ նրանց, որոնք առևտրային կամ պետական գաղտնիք են պարունակում: Բայց դրանք փոքր ծավալ են կազմում, և մենք հնարավորություն ենք ունենալու ուսումնասիրել ընդհուպ մինչև երկրաբանական ուսումնասիրությունների, պաշարների հաստատման հետ կապված գործընթացների փաստաթղթերը` որոշակի բացառություններով»,- մանրամասնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը:

Սահմանափակումներ չեն լինելու, թե ովքեր են ընդգրկված լինելու աշխատանքային խմբում, անկախ այն հանգամանքից, թե որ կողմը որ անձի նկատմամբ ինչպիսի դիրքորոշում ունի:

«Մենք կաշկանդված չենք այն հանգամանքով, որ խմբում ներգրավված մանսագետները լինեն բացարձակապես չեզոք մոտեցում ունեցող մարդիկ, որովհետև մեր խնդիրն է փաստահավաք գործունեություն իրականացնելը: Եթե ոչ չեզոք մոտեցում ցուցաբերած մարդիկ կարող են գիտականորեն հիմնավորված փաստարկներ ներկայացնել այս կամ այն ոլորտի կամ երևույթի վերաբերյալ, ապա այդ հարցը մեզ համար բարձր արժեք է ներկայացնում»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Աշխատանքային խումբը ղեկավարելու է Արթուր Գրիգորյանը: Երկու հիմնական շեշտադրմամբ են առաջնորդվելու` պարզելու, թե կա արդյոք Ջերմուկի վրա ազդեցություն և կլինի արդյոք ազդեցություն ջրային ավազանի վրա:  Դրա համար պետք է ուսումնասիրվի ՇՄԱԳ-ը, որպեսզի հասկանալի դառնա` արդյոք բավարար գնահատված է Ջերմուկի և ջրային ավազանի վրա ազդեցությունն այնտեղ:

Աշխատանքային խմբի գործունեության հետևանքը լինելու է այն, որ խումբը կառավարության սեղանին է դնելու փաստարկված, հիմնավորված մի եզրակացություն, որի հիման վրա կառավարությունը պետք է որոշում կայացնի այդ հանքավայրի հետագայի վերաբերյալ: 

Առաջինը Ամուլսարի նախագիծն է լինելու: Հետևելու են Սյունիքում գործող մետաղային հանքավայրերը: 

Այս պահին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն իսկ ստուգումներ է իրականացնում Ամուլսարում, սակայն աշխատանքային խմբի առաքելությունը փոքր-ինչ այլ է լինելու: Քանի որ Ամուլսարում դեռևս հանքարդյունահանում չի իրականացվում, տեսչության գործունեությունը սահմանափակվելու է շինարարական փուլում տեղ գտած խնդիրները վեր հանելով: Աշխատանքային խմբի գործունեությունն ավելի լայն է լինելու` փաստաթղթերի ուսումնասիրությունից սկսած մինչև տեղանքի հետազոտություն:  

«Մեզ համար սկզբունքային կարևորություն է ներկայացնում, որպեսզի այս գործընթացում որևէ իրավական շեղում չունենանք: Հասկանում եք բոլորդ, որ զգայուն իրավիճակ է, քանի որ բոլորն առևտրային ընկերություններ են, և եթե մենք մեր գործունեության ընթացքում թույլ տանք և նյութական, և ընթացակարգային իրավունքի առանձին շեղումներ, դա կարող է շատ թանկ արժենալ: Մեր հետևությունները կարող են արժեզրկվել տարբեր դատական, միջազգային ատյաններում»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Դրանով է պայմանավորված նաև վարչապետի որոշման ձգձգումը, որով պետք է հաստատվի աշխատանքային խմբի կազմը և լիազորությունները: Ամենայն հավանականությամբ վաղն արդեն ցանկը պատրաստ կլինի, և առաջիկա օրերին աշխատանքները կմեկնարկեն:

Արթուր Գրիգորյանի խոսքով` հանքավայրի տարածք լրատվամիջոցների մուտքի հարցը պետք է լուծվի հանքարդյունաբերությամբ զբաղվող առևտրային ընկերության թույլտվությամբ: Այն փաստաթղթերը, որոնք գաղտնիք պարունակող կհամարվեն, ընկերության թույլտվությունը ստանալով` հնարավոր կլինի գաղտնազերծել կամ հրապարակել:

Արթուր Գրիգորյանն առաջարկում էր, որպեսզի աշխատանքային խմբում ընդգրկված լրատվամիջոցները սպասեին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի կողմից տեղեկատվության տարածմանը, այնուհետև հանդես գային հրապարակմամբ: Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչների դժգոհությունից հետո քննարկվեց այն գործելաոճը, համաձայն որի` աշխատանքային խմբում ընդգրկված լրագրողները պետք է այդ առավելությունն ունենան և հրապարակեն առաջին ձեռքից ստացած տեղեկությունը:

Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանն այն կարծիքին է, որ  մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ կմեծանա նաև տեսչական մարմնի ուսումնասիրության հնչեղությունը, ծավալը և խորությունը: Հետևաբար, հետաքննական աշխատանք կատարող լրագրողը չպետք է սպասի, մինչև որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը մի ինֆորմացիա հրապարակի, որը շատ ավելի քիչ է լինելու ծավալով, քան լրագրողի  հետաքննական հոդվածը: Լրատվամիջոցների` սպեցիֆիկ մասնագիտական կարողությունները պետք է արտացոլվեն այս աշխատանքային խմբում: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter