HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքացու ավտոմեքենան առանց իր գիտության տիրազուրկ են ճանաչել և վաճառել

Արդեն մեկ տարի է՝ Գայանե Հարությունյանը հստակ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել մոր՝ Հոռոմսիմ Թադևոսյանի անունով գրանցված, Նորագավիթ ավտոտրանսպորտային միջոցների մաքսատանը պահվող «Միցուբիշի-Գալանտ» մակնիշի ավտոմեքենայի հետ: Գայանեի փոխանցմամբ՝ մեքենայի բացակայությունը մաքսատնից տարբեր կերպ են պատճառաբանել: Սկզբում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ տեղյակ չեն՝ որտեղ է մեքենան, ապա նշել, թե մեքենան վաճառվել է Համբարձում Թադևոսյանին:

Գայանե Հարությունյանը զարմանում է, թե ինչպես է ավտոմեքենան առանց իրենց գիտության տիրազուրկ ճանաչվել և վաճառվել այլ անձի, եթե մեքենայի բանալիներն ու տեխնիկական անձնագիրը իրենց մոտ է:

Գայանե Հարությունյանը հետագայում պարզել է, որ ավտոմեքենան տիրազուրկ է ճանաչվել դատական կարգով՝ 2014 թվականի նոյեմբերին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Գայանեն ասում է, որ իրենց պատկանող մեքենայի տիրազուրկ ճանաչելու դատական նիստի մասին որևէ ծանուցագիր չեն ստացել: Որպես փաստ՝ ներկայացնում է նաև «Հայփոստ» ընկերությունից 2017 թվականի հուլիսին ստացած նամակն այն մասին, որ 2014 թվականի ընթացքում Հոռոմսիմ Թադևոսյանին հասցեագրված որևէ պատվիրակված առաքում նրա բնակության հասցե չի ուղարկվել:

«Իրենք ոչ մի ծանուցում չեն ուղարկել մեզ, ես բոլոր թղթերը ունեմ: 2014 թվականին իբրև տիրազուրկ են ճանաչել, սակայն մենք 2015, 2016 թվականներին գնացել ենք մաքսատուն, մեքենան տեղում է եղել, ու մեզ ոչ մեկը չի ասել, որ այդ մեքենան իբր թե ձերը չի: Ես երկու անգամ շարժիչի մասնագետ եմ տարել մաքսատուն, եկել են (մաքսատան աշխատակիցները-հեղ.), դարպասները բացել են, մասնագետը նայել է»,- ասաց Գայանե Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ իրենց պատկանող «Միցուբիշի-Գալանտ» մակնիշի ավտոմեքնան վաճառվել է որպես պահեստամաս, քանի որ դրա տեխնիկական անձնագիրն ու բանալիները իրենց մոտ է, և որևէ մեկը դրանք իրենցից չի պահանջել:


Ավտոմեքենայի բանալիները

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հոռոմսիմ Թադևոսյանի ավտոմեքենան տիրազուրկ ճանաչելու վճռում նշել է, որ ավտոմեքենան 2012 թվականի օգոստոսից մինչ 2014 թվականի նոյեմբեր պահվել է մաքսատանը և Թադևոսյանը այդ մեքենայի նկատմամբ չի դրսևորել սեփականության իրավունք և հավակնություններ:

Դատարանի վճռի համաձայն՝ Հոռոմսիմ Թադևոսյանը 2014 թվականի հուլիսի 2-ին ուղարկված գրությամբ տեղեկացվել է, որ մաքսային ռեժիմով ավտոմեքենան չվերահայտարարագրելու կամ չարտահանելու դեպքում կդիմեն դատարան՝ մեքենան հօգուտ պետության տիրազուրկ ճանաչելու պահանջով: Սակայն Գայանե Հարությունյանը պնդում է, որ այդ մասին որևէ փաստաթուղթ չեն ստացել: 2014 թվականի նոյեմբերին դատարանը տիրազուրկ է ճանաչել ավտոմեքենան և հանձնել պետության սեփականությանը:

Ինչպես ավտոմեքենան հայտնվեց մաքսատանը

Գայանե Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ 2009 թվականին Ոսկեվազ համայնքում գտնվող իրենց բնակելի տունը վաճառել են Ախալքալաքի մի բնակչի, ով, չկարողանալով հետագայում վճարել գնած տան գումարը, 9 500 դոլարի դիմաց տրամադրել է «Միցուբիշի-Գալանտ» մակնիշի ավտոմեքենա: Մեքենան ունեցել է Վրաստանի գրանցում և վրացական համարանիշ: Հարությունյանները այն վարել են երկու տարի: Գայանեի փոխանցմամբ՝ մեքենան մաքսազերծելու համար գումար չեն ունեցել և այն ձեռք բերելուց հետո մոտ երկու ամիս մեքենայի փաստաթղթերը ուղարկել են Հայաստանի և Վրաստանի մաքսատններ, որտեղ հաստատել են, որ մեքենան հատել է սահմանը: Գայանեի պատմելով՝ հետագայում որպեսզի մեքենան չհատի սահմանը և փաստաթղթերը անծանոթ վարորդների հետ չուղարկեն մաքսատներ, ընտանիքը պետական եկամուտների կոմիտեում ամեն ամիս վճարներ է կատարել:

2012 թվականին մեքենայի շարժիչը խափանվել է և ընտանիքը մեքենան կայանել է տան բակում, որից մի քանի օր անց մաքսատան աշխատակիցները եկել են և մեքենան տեղափոխել մաքսատուն:

Մեքենան մաքսատուն է տեղափոխվել այն պատճառաբանությամբ, որ չի մաքսազերծվել: Մեքենան տեղափոխող աշխատակիցները ընտանիքին հայտնել են, որ մեքենան մաքսատուն տեղափոխելուց հետո գումարը «կսառի» և որևէ վճար կատարելու կարիք չի լինի: Գայանեն հավաստում է՝ իրենց չեն տեղեկացրել, որ մեքենան մաքսատուն տեղափոխելուց հետո պետք է շարունակեն հարկային մարմին վճարում կատարել :

Արդեն 2014 թվականի հունվարին, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Հոռոմսիմ Թադևոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է վարչական դատարան: ԴԱՀԿ-ն դատարանին միջնորդել է հօգուտ պետբյուջեի Թադևոսյանից բռնագանձել մոտ 198 հազար դրամ և նրան պարտավորեցնել մաքսային մարմին ներկայացնել Հայաստան ներմուծված «Միցուբիշի-Գալանտ» մակնիշի վերաբերյալ հայտարարագիր: 198 հազար դրամ գումարի բռնագանձման միջնորդություն ներկայացվել է Բագրատաշենի մաքսատան պետի՝ 2009 թվականի ապրիլի որոշմամբ, քանի որ Թադևոսյանը սահմանված ժամկետներում չի կատարել ներմուծված ավտոմեքենայի վերաարտահանում կամ վերահայտարարագրում:

Դատարանի կայացրած վճռի համաձայն՝ Թադևոսյանը վճարել է 198 հազար դրամ, սակայն մաքսային ձևակերպումներ չի կարողացել կատարել, չնայած ձեռնարկել է համապատասխան միջոցներ: Թադևոսյանը մաքսային մարմնի աշխատակիցներից տեղեկացել է, որ ավտոմեքենայի ներմուծումը ձևակերպելու համար անհրաժեշտ է Վրաստանում ավտոմեքենան հանել հաշվառումից, և ճանապարհային ոստիկանությունից վերցրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ու մեկնել Վրաստան: Այնտեղ, սակայն, Հոռոմսիմ Թադևոսյանին պարզաբանել են, որ ավտոմեքենան հաշվառումից հանելու համար պետք է այն տեղափոխվի Վրաստան: Բեռնատարով անսարք մեքենան Վրաստան տեղափոխելու համար Հոռոմսիմ Թադևոսյանը չի ունեցել անհրաժեշտ 500 դոլարը, և մաքսային ծառայության աշխատակցի հորդորով Հարությունյանները մեքենան տեղափոխել են Նորագավիթի մաքսատուն՝ հետագա տուգանքներից խուսափելու համար:

Վարչական դատարանը մերժել է ԴԱՀԿ-ի այս հայցը՝ պատճառաբանելով, որ Հոռոմսիմ Թադևոսյանը վճարել է բռնագանձման ենթակա վարչական տույժն ու պետական տուրքը, իսկ Հայաստան ներմուծված «Միցուբիշի-Գալանտ» ավտոմեքենայի վերաբերյալ հայտարարագիր մաքսային մարմին ներկայացնելու համար ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները, սակայն մեքենայի շարժիչի խափանված լինելու պատճառով, հնարավորություն չի ունեցել այն հաշվառումից հանել կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու համար տեղափոխել Վրաստան:

Այս որոշումից հետո արդեն ֆինանսների նախարարությունն ավտոմեքենան տիրազուրկ ճանաչելու պահանջով դատարան միջնորդություն է ներկայացրել, որի մասին ընտանիքը տեղյակ չի եղել:

«Միշտ հետաքրքրվել եմ, միշտ գնացել-եկել եմ, մեզ ոչ ոք չի ասել, որ այդ ավտոն ձերը չի կամ կայանել է, դուք պետք է գումար մուծեք: Ոչ մեկը, ոչ մի բան մեզ չի ասել՝ ոչ գրավոր, ոչ մի ձև: Որ մամայիս անունով է եղել այդ մեքենան, մամաս էլ տարիքով կին է, երևի մտածել են՝ մահացել է կամ այդ ավտոյով չեն հետաքրքվում, վաճառել են, բայց մենք միշտ գնացել-եկել ենք»,- նշեց Գայանե Հարությունյանը:

Գայանեն պատմում է, որ մաքսային ծառայության աշխատակիցները մշտապես պնդել են, որ ավտոմեքենան մաքսազերծելու համար անհրաժեշտ է 1500 դոլար, սակայն չեն տեղեկացրել, որ եթե այն խափանված է, մաքսազերծումը առավել ցածր գնով է լինում, որի հնարավորությունը կկարողանային գտնել: 2017 թվականի աշնանը Գայանեի մայրը, ծանոթներից մեկից տեղեկանալով, որ հնարավորություն ունի ցածր գնով մաքսազերծել մեքենան, գնացել է մաքսատուն, որտեղ տեսել է, որ ավտոմեքենան մշտապես կայանած վայրում չէ:

Մաքսատան աշխատակիցները Գայանեին տեղեկացրել են, որ նրանք հրաժարվել են մեքենայից, սակայն երբ Գայանեն պահանջել է մեքենայից հրաժարման դիմումը, աշխատակիցներն այդպես էլ նրան որևէ դիմում չեն ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter