HY RU EN

Ամալյա Մարգարյան

Նոյեմբերյանում կաթի նոր արտադրամաս է հիմնվում

Նոյեմբերյան համայնքում «Քըմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը կաթի վերամշակման գործարան է կառուցում։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մինչև արտադրամասի հիմնումը ՀԿ-ն գյուղատնտեսության ոլորտում հետաքրքրվողների համար դասընթացներ է կազմակերպել, ներգրավել մարզի երիտասարդներին: Իսկ որպեսզի գյուղացին հետաքրքրվի անասնապահությամբ և ստանա եկամուտ, Ռուսաստանում գտել է գնորդ, որը պատրաստ է մթերելու գործարանում արտադրվող պանիրը:

ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ազիբեկյանն ասում է, որ պանրի արտադրությունը գյուղացիներին հնարավորություն կտա կաթը շուկայական գնից 50 դրամ ավելի գնով վաճառելու, քանի որ արտադրվելու է բարձր որակի և թանկ գին ունեցող երկու տեսակի՝ գաուդա և ռոկֆոր պանիր: Կաթը գնվելու է արտոնյալ սակագնով, քանի որ ծրագիրն իրականացվում է «Տավուշի մարզի ագրոբիզնեսի ասոցիացիայի» հետ համատեղ։ Արդեն մոտ 60 տնտեսվարող տեղեկացվել է ծրագրի մասին և արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել, որի շնորհիվ ավելացրել է անասունների գլխաքանակը:


Հասմիկ Ազիբեկյանը

Կաթը հավաքագրվելու է տարածաշրջանի տարբեր բնակավայրերից, նույնիսկ հեռավոր արոտավայրերից, մթերքը կտեղափոխվի գործարանի մեքենայով։ Պլանավորված է կաթ հավաքագրել մոտ 400 անհատից եւ օրական վերամշակել 15 տոննա:

Տարածաշրջանում բուծվող անասունների կաթի յուղայնությունը ցածր է, ուստի որոշել են բուծել կաթի բարձր յուղայնություն ունեցող ջերսի տեսակի կովեր՝ պանրի համար համապատասխան յուղայնությունը ապահովելու նպատակով։ Կաթի վերամշակման արտադրամասին կից կառուցվում է նաեւ անասնագոմ-բուծարան։ Գործարանն արտադրելու է պանիր, կարագ, մածուն, կաթնաշոռ, թթվասեր:

Ծրագիրն իրականացվում է կառավարության և Եվրամիության աջակցությամբ:

«Քըմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն մսի արտադրանքի, մրգերի, մրգային թեյերի պատրաստման գործում համագործակցում է 70 տնտեսության հետ:

«Մենք ուզում ենք կարճ ժամանակահատվածում մեծ թվով աշխատատեղեր ստեղծել»,- ասում է ՀԿ-ի նախագահը: Մայիս ամսին կայացած վաճառող-գնորդ կոնֆերանսի ժամանակ էլ համագործակցելով գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների հետ՝ ներկայացրել են 15 բիզնես-գաղափար, որոնցից 10-ը հավանության են արժանացել միջազգային ֆինանսավորողների կողմից: