Խաթրով չտա, «օրենքով» կառնեն
Լիլիթ Գալստյան
Աբովյան փողոցին հարող տարածքում' Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի 1-ին եւ 2-րդ մասնաշենքերի միջանկյալ հատվածում, արդեն շուրջ երեք ամիս է մեծ թափով շինարարություն է իրականացվում։ Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, ու տրամաբանությունն էլ հուշում է, որ կառուցվողն ակադեմիայի նոր մասնաշենք է։ Էլ ի՞նչ պետք է լինի բուհի երկու մասնաշենքերի արանքում, ուսանողական այդ եռուզեռի մեջ։ Շինարարարության մասին բավական սուղ ու անորոշ տեղեկատվություն է պարունակում նաեւ մոտակա սյունին փակցված ցուցանակը. «Վարչական շենքի շինարարությունն իրականացնում է «Օրբան» ՍՊԸ-ն»։ Ի՞նչ վարչական շենք է, ո՞ւմ է պատկանում այն, հասկանալի չէ։ Իսկ գուցե հենց այդպես էլ պե՞տք է։ «Վարչական շենքի» կառուցման ոլորապտույտ նախապատմությանը ծանոթանալով' շատ բան, այդ թվում նաեւ հիշյալ վերացականության դրդապատճառները, պարզ են դառնում։ Թյուր տպավորությունները ցրելու համար միանգամից նշենք, որ հիշյալ վարչական շենքը Գյուղակադեմիայինը չէ։ Ավելին' այն կրթական գործունեության հետ գոնե առայժմ որեւէ առնչություն չունի։
Ինչպե՞ս տիրանալ «միլիոնին»
Երբ Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ հայտնի «Զովետը», միացվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիային (ՀԳԱ), քաղաքի շատ գայթակղիչ մի տարածքում՝ Կորյուն-Տերյան փողոցների հատման խաչմերուկի մոտ, լուծարված բուհից Գյուղակադեմիան ժառանգություն ստացավ հսկայական մի հողակտոր՝ իր շինություններով։ Իհարկե, հենց այն ժամանակ էլ՝ 1990-ականների վերջին, բուհը ստիպված էր պայքարել այդ ժառանգության համար, քանի որ 1997 թվականին, կառավարության որոշմամբ, Կորյունի 5, 17,19, հասցեներում գտնվող, «Զովետին» պատկանած երեք մասնաշենքերը հատկացվել էին քաղաքապետարանին։ Եվ միայն Գյուղակադեմիայի ղեկավարության մեծ ջանքերի շնորհիվ 1998 թվականին հաջողվել էր չեղյալ հայտարարել կառավարության որոշումը, եւ մասնաշենքերը վերադարձնել ՀԳԱ-ի հաշվեկշռին։
Վերջին մի քանի տարիներին էլ զանազան օլիգարխների, թաղային հեղինակությունների, իշխանամերձ եւ իշխանական շրջանակների ձեռքից «միլիոնը» մազապուրծ անելու համար բուհը ստիպված է եղել «լոբբիստական» լուրջ աշխատանք կատարել։ Այս ընթացքում բուհի նույն՝ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասնաշենքերը՝ հարակից տարածքներով, դիտարկվել են որպես Բրազիլիայի, ապա' Չինաստանի դեսպանատուն կառուցելու հարմար վայր, իսկ այդուհետ հավակնություններ են եղել անգամ այն Համահայկական երիտասարադական կենտրոնի վերածելու:
Սակայն համեղ պատառին ձեռք մեկնողների թիվը չի պակասում։ Ժամանակները փոխվում են, ու հայտնվում են նոր հավակնորդներ, որոնք եւս, բնականաբար, իրենց հերթին փորձում են տիրանալ ուսումնական հաստատությանը պատկանող գույքին։
Եվ ահա, պարզվում է, որ տակավին վերջերս՝ 2004 թվականին, կառավարական շրջանակներում սկսել են նոր կրքեր բորբոքվել, եւ նույն շենքերի վերաբերյալ այստեղ շրջանառվել է մի նոր որոշման նախագիծ։ Ըստ այդմ' նախատեսվել է Գյուղակադեմիայի՝ Կորյունի 19 հասցեի 5-րդ մասնաշենքի 1200 քմ հատվածը հատկացնել «Եվրոբիլդինգ» ՍՊԸ-ին։ Ի դեպ, նման նախագծի գոյությունը փաստում է նաեւ ի պատասխան մեր հարցման ՀՀ ԿԳ նախարարությունից ստացված պաշտոնական պատասխանը։ Դրանում, իհարկե, մանրամասներ չկան, թե ինչ կազմակերպություն է «Եվրոբիլդինգը», կամ ովքե՞ր են կանգնած դրա թիկունքում։ Բայց անորոշության շղարշը ցրելու համար բավական է նշել, որ այն եվրոպական կրթական կենտրոն է, իսկ մեր հանրության համար վաղուց արդեն գաղտնիք չէ, թե ով է մեր երկրում ստանձնել եվրոպական ուղղվածության կրթական կենտրոնների, ինչպիսին է նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, «խնամակալությունը»։ Որոշման նախագիծը շրջանառության մեջ դրած մարդկանց համար, անշուշտ, անհերքելի իրողություն էր, որ «Եվրոբիլդինգին» հատկացվող կառույցը հետագայում փոխանցվելու էր «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ որպես գրասենյակային շենք։ «Եվրոբիլդինգը» պարզապես «շղարշ» է եղել, ինչի մասին անուղղակիորեն վկայում է մեր ձեռքի տակ գտնվող մեկ այլ փաստաթուղթ, որում արձանագրվում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը 2004 թվականի գարնանն առաջարկել է ՀԳԱ-ին իրեն տարածք տրամադրել հենց նույն հասցեում։
Այսպիսով' չնայած որոշման նախագծի համաձայն ՀԳԱ-ին առաջարկվել է գնալ փոխանակման, այսինքն' ինչ-որ տեղ բուհի համար համարժեք՝ 1200 քմ տարածքով շենք պետք է կառուցվեր, համաձայնության գալ չի հաջողվել։ «ՀՀ ԿԳ նախարարությունը քննարկել է եւ, ելնելով ինստիտուտի ուսումնա-տնտեսական պլանից, Հայկական գյուղատնտեսական ակադեմիային ամրացված Երեւանի Կորյունի 19 հասցեում գտնվող թիվ 5 մասնաշենքից «Եվրոբիլդինգ» ընկերությանը տարածք հատկացնելը գտել է աննպատակահարմար։ Արդյունքում՝ ՀՀ կառավարության կողմից վերոհիշյալի մասին որոշում չի ընդունվել»,-նշված է ԿԳՆ-ի պաշտոնական պատասխանում։
Ոչ պաշտոնական տեղեկությունների եւ շրջանառվող լուրերի համաձայն' օրինացականներին, այսուհանդերձ, հաջողվել է «անցկացնել» որոշումը, եւ այն ներկայացվել է անգամ նախագահի վավերացմանը։ Ասում են, որ իրադարձությունների նման զարգացումից անակնալի եկած բուհի ղեկավարությունը հերթական անգամ գործի է դրել իր կապերը, եւ կրկին հաջողվել է որոշումը ոչ եւս անել։
Մահացու վիրավորանք...
ԱԺ նախագահ ու կրթության նախարար ունենալու պարագայում խնդրի նման լուծումն, իհարկե, «մահացու վիրավորանք է» «Օրինաց երկիր» կուսակցության համար, ուստի շենքը ձեռք գցելու փորձերն այսքանով չեն ավարտվում եւ գտնվում է, թերեւս, անվրեպ մի տարբերակ։
2004-ի սեպտեմբերին ՀԳԱ ռեկտոր Ա. Թարվերդյանը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահից ստանում է մեկ այլ դիմում-խնդրանք, որով վերջինս նույն՝ գրասենյակ կառուցելու նպատակով հիմա էլ բուհից խնդրում է տրամադրել Աբովյան փողոցին հարող, ԳՀԱ 1-ին եւ 2-րդ մասնաշենքերի միջեւ գտնվող ազատ տարածքը, ինչպես նաեւ՝ տարածք ավտոկայանատեղի համար։ Միեւնույն ժամանակ կուսակցությունը, դիմելով Երեւանի քաղաքապետին, հրաժարվում է մեկ ամիս առաջ՝ 2004-ի օգոստոսին, գրասենյակ կառուցելու նպատակով քաղաքապետի որոշմամբ իրեն հատկացված՝ Վրացյան փողոցին հարող, «Դինամո» մարզադահլիճի հարեւանությամբ գտնվող 630 քմ մակերեսով հողամասից։ Այս «խնդրանքները» բավարարվում են՝ «հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու լուծման անհրաժեշտությունը»։ Իհարկե, Գյուղակադեմիայի համար համաձայնություն տալն այնքան էլ դյուրին չի լինում՝ ոչ միայն իր երկու մասնաշենքերը սպասարկող տարածքը ստիպված զիջելու, այլեւ օրինացականների հյուսած նոր սարդոստայնն ընկնելու անխուսափելիության գիտակցության պատճառով։ Ընդ որում, լուրջ բարդություններից խուսափելու համար ՀԳԱ-ն կուսակցության առջեւ պայման է դնում' շենքը կառուցել այնպես, որ տվյալ հատվածում պահպանվի հետիոտն եւ ավտոմոբիլային ճանապարհը՝ կամարանցումների միջոցով։ Խնդիր, որի առնչությամբ ՀԳԱ ղեկավարությանն ուղղված նամակով խիստ մտահոգություն է հայտնում ակադեմիայի բակում գտնվող ավտոկանգառից վարձակալության իրավունքով օգտվող ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի ղեկավարությունը՝ նախազգուշացնելով, որ խոչընդոտների առաջացման դեպքում կբողոքեն մինչեւ Վաշինգտոն։
Հենց այսպես էլ Աբովյան փողոցին հարող տարածքում սկսվում է շենքի կառուցումը, որն իրականացնող «Օրբան» ՍՊԸ-ի բանվորներն անգամ մեզ վստահեցնում էին, թե իրենք էլ չգիտեն' ո՞ւմ համար եւ կոնկրետ ի՞նչ շենք են կառուցում։ Նրանց հատկանշական «անտեղյակությունը», շինարարության մասին ազդարարող ցուցանակի անորոշության, ինչպես նաեւ կուսակցության գրասենյակի համար շատ չափանիշներով անհաջող տեղ լինելու հանգամանքները խոսում են որոշակի շրջանակներում արդեն շրջանառվող այն վարկածի օգտին, որ բուհի «սրտում» կառուցվող շինությունը «Օրինաց երկրի» համար Կորյունի փողոցի ՀԳԱ տարածքներին տիրանալու գործում անհաղթելի խաղաքարտ է դառնալու։
Թե նորակառույցի դիմաց այս անգամ որքա՞ն տարածք կպահանջվի բուհից, առայժմ դժվար է ասել. բուհի ղեկավարությանն այս դեպքում, թերեւս, մնում է պայքարել փոխանակման համարժեքությունն ապահովելու ուղղությամբ, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նորակառույցի դիմաց բուհից կվերցնեն ոչ միայն Կորյունի 19, այլեւ հարակից 5, 17 հասցեների շենքերը՝ ողջ տարածքով։ Հայտնի իրողություն է' ախորժակն ուտելիս է բացվում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել