
Փոփոխություններ՝ կաթնամթերքի մակնշման մեջ
Կաթնային ու կաթ պարունակող ապրանքները շուտով ավելի հեշտ կլինի տարբերակել. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք փոփոխություններ է իրականացրել այդ ապրանքների մակնշման կանոններում: Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:
Այս փոփոխությունները «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՝ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգում ընդունվել են դեռևս 2017թ. նոյեմբերի 20-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, և ուժի մեջ են մտնելու այս տարվա հուլիսի 16-ից:
Ըստ այդ նախագծի՝ մակնշման փոփոխությունները թույլ կտան սպառողին հստակորեն տարբերակել կաթնային յուղ կամ դրա փոխարինիչ պարունակող կաթնային արտադրանքները, քանի որ մակնշման մեջ դրա մասին արդեն պետք է նշվի հատուկ տառատեսակով, գույնով և չափով:
Մասնավորապես, արտադրողը պարտավոր է մակնշման մեջ նշել տեղեկություն բուսական յուղի պարունակության, ինչպես նաև՝ կաթի յուղի փոխարինիչի առկայության վերաբերյալ:
Ավելին, «պարունակում է բուսական յուղեր» գրությունը պետք է տեղակայվի պիտակի հատուկ մասում և այնպիսի տառատեսակով ու գույնով, որ լավ տեսանելի լինի:
Փոփոխությունների համաձայն՝ ապրանքի անվանման մեջ անպայման պետք է նշվի, որ այն կաթնամթերք չէ, այլ կաթնային յուղի փոխարինիչով, կաթ պարունակող արտադրատեսակ: Բացի այդ, անվանումը պետք է ներառի այն ապրանքի տեխնոլոգիան, որով պատրաստվել է:
Օրինակ` թթվասերանման կաթնային արտադրանքի դեպքում պետք է գրվի՝ կաթ պարունակող արտադրանք՝ կաթնային յուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, կամ կաթ պարունակող արտադրանք՝ կաթի յուղի փոխարինիչով՝ պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայով և այլն:
Մակնշման մեջ թույլատրվում է «կաթ պարունակող արտադրանք»-ը փոխարինել այն ապրանքատեսակի անվանումով, որի «նմանակը» պատրաստվել է: Օրինակ` կաթ պարունակող կաթնաշոռ, թթվասեր, կրեմ և այլն:
Սակայն, կաթի յուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանքի մակնշման մեջ չի թույլատրվում այնպիսի հասկացությունների կիրառումը, որոնք տեխնիկական կանոնակարգով նախատեսված են կաթի և կաթնային արտադրանքի համար, ինչպես նաև՝ բոլոր այն դեպքերում, երբ ապրանքի անվանումից սպառողը կարող է մոլորության մեջ ընկնել:
Մասնավորապես, կաթ պարունակող ապրանքների մակնշման մեջ բացառվում է կաթնային արտադրանքի հետ առնչվող բառերի կիրառումը, ինչպիսիք են՝ «պանրանման», «պանրային», «պանրագործական», «թթվասերիկ», «կաթնաշոռիկ», «կարագիկ» և այլն:
Այս փոփոխության նպատակն է՝ սահմանել խստացված պահանջներ կաթ և կաթնային յուղի փոխարինիչ պարունակող ապրանքների մակնշման նկատմամբ, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն արտադրողների համար, և մարդկիկ էլ չընկնեն թյուրիմացության մեջ:
ԵՏՀ՝ 2018թ. մարտի 20-ի որոշման համաձայն՝ սահմանվել են անցումային դրույթներ, որոնցով տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները կմտնեն ուժի մեջ:
Ըստ դրանց՝ սահմանված է, որ մինչև 2019թ. հունվարի 16-ը ԵԱՏՄ երկրներում կաթ արտադրողները կարող են արտադրել կաթ պարունակող ապրանքներ՝ հին մակնշմամբ և վաճառել դրանք, եթե ունեն տեխնիկական կանոնակարգի համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք տրվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը:
Հին մակնշում ունեցող ապրանքի շրջանառությունը կթույլատրվի պիտանելիության ժամկետի ողջ ընթացքում:
Մեկնաբանել