HY RU EN

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայ հայրենասերների միության անդամներ Ռաֆիկ Ղարագուլյան, Անդրանիկ Մխիթարյան, Վահան Եղիազարյան

սկիզբը 

Ռաֆիկ Աշոտի Ղարագուլյանը ծնվել է 1939թ., Վրաստանի Ախալքալաքի շրջանի Մարտունի գյուղում: Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ազգային-հայրենասիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1965-ից: Ծավալած գործունեության համար Պետանվտանգության կոմիտեի կողմից 1966թ. նախազգուշացվել է, սակայն, չնայած այդ հանգամանքին, շարունակել է իր գործունեությունը: Ռուբիկ Հովսեփյանի հետ նա ծանոթ է եղել 1964-65 թվականներից։ Միասին նրանք մասնակցել է 1965թ. ազգային շարժմանը։ Հովսեփյանից էլ նա տեղեկացել է Հայ հայրենասերների միության գոյության մասին եւ 1967թ. անդամակցել է ՀՀՄ-ին՝ ընդգրկվելով Ռուբիկ Հովսեփյանի գլխավորությամբ մանկավարժական ինստիտուտում գործող խմբակի մեջ: 1967թ. ապրիլի 24-ին ընդառաջ Հայ հայրենասերների միության անդամները կարողացել էին հաջողությամբ տարածել իրենց պատրաստած թռուցիկները եւ չբացահայտվել։ Նույնը պետք է կրկնեին 1968թ.։ 1968-ի ապրիլի 16-ին Ռաֆիկ Ղարագուլյանը՝ տարածման ենթակա թռուցիկների իր բաժին խմբաքանակը ձեռքին կալանավորվում է։

Ռաֆիկ Ղարագուլյանը ուներ ֆիզիկական արատ։ Նրա ձախ ոտքը աջից կարճ էր 7,5 սմ-ով։ Դատապարտվել է 1 տարի ժամանակով ազատազրկման: Պատիժը կրել է Հայաստանում` Շահումյանի ընդհանուր ռեժիմի գաղութում: Ազատ արձակվելուց հետո զբաղվել է նկարչությամբ: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Պահպանել է կապերը այլախոհական շրջանակների հետ։ Կենցաղային կռվիզոհ էդարձել 1979 թվականին: 

Անդրանիկ Սուրենի Մխիթարյանը ծնվել է 1946 թ., Թալինի շրջանի Սուսեր գյուղում: Սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում:

Անդամակցել է Ռուբիկ Հովսեփյանի գլխավորությամբ մանկավարժական ինստիտուտում գործող Հայ հայրենասերների միության մասնաճյուղ հանդիսացող խմբակին։ 

Կալանավորվել է 1968-ի ապրիլի 16-ին՝ տարածման ենթակա թռուցիկների խմբաքանակը ձեռքին։ Մայիսի 28-ին խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դատապարտվել է 1 տարի ազատազրկման։Ապա նրա նկատմամբ կիրառվել է քր. օրի 41 հոդվածը եւ սահմանված մեկ տարի ազատազրկումը փոխարինվել է երկու տարի փորձաշրջանով պայմանական դատապարտությամբ:

Ինստիտուտն ավարտելուց հետո տեղափոխվել է ք.Աշտարակ: Աշխատել է տեղի Գեղարվեստի դպրոցում: 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը:

Եղել է Աշտարակի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1990-91 թթ. զբաղվել  է  ինքնապաշտպանական  ջոկատների  կազմակերպմամբ: 

90-ականներին նշանակվել է Գեղարվեստի դպրոցի տնօրեն: 1995-ից հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն` որպես մշակույթի եւ հասարակական կապերի բաժնի պետի տեղակալ: Զբաղվում է գեղանկարչությամբ: 

Վահան Սարգիսի Եղիազարյանը ծնվել է 1947թ., Մարտունու շրջանի Ծակքար գյուղում: Սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի  պատմության  ֆակուլտետում: Անդամակցել է նույն ինստիտուտում գործող Հայ հայրենասերների միության մասնաճյուղ հանդիսացող խմբակի աշխատանքներին։ 1967թ. խմբակի ղեկավար Ռուբիկ Հովսեփյանից ստացել է դեռեւս 1963-64 թվականներից շրջանառության մեջ գտնվող  «բաց նամակ ՍՄԿԿ-ի Կենտկոմի քաղբյուրոյին» ու «կրկին ռուս-թուրքական դիվանագիտության զոհասեղանին» վերնագրով թռուցիկները եւ Անատոլի Սկաչկոյի 1921թ.փետրվարին գրած «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» խիստ հակահայ բնույթի հոդվածը եւ տարածել է դրանք իր շրջապատում։1968թ.մարտ-ապրիլ ամիսներին նա Ռուբիկ Հովսեփյանի հետ միասին բնակվել է կազմակերպության կոնսպիրատիվ բնակարանում, որտեղ զբաղվել են 1968թ. ապրիլի 24-ին ընդառաջ տարածվելիք թռուցիկների բազմացման գործով։  Կալանավորվել  է  1968-ի  ապրիլի  16-ին,  իսկ մայիսի 28-ին նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Վահան Եղիազարյանը եղել է ամուսնացած եւ նրա խնամքի տակ են գտնվել կինը եւ երկու մանկահասակ երեխաները։ Դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Դատավճռով՝ նրա նկատմամբ սահմանված մեկ տարի ազատազրկումը փոխարինվել է պայմանական դատապարտմամբ` երկու տարի փորձաշրջանով: Պատիժը կրելուց հետո բնակվել է Մասիս քաղաքում։ Աշխատել որպես ուսուցիչ, ապա` Մասիսի գիշերօթիկ դպրոցի տնօրեն: Վախճանվել է 1994 թ. հուլիսին: