HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանը դարձել է դանդաղ մահի քաղաք

Ըստ 2001թ. մարդահամարի տվյալների' Քաջարան քաղաքի բնակիչների թիվը 9800 է: Թեեւ քաղաքապետ Վարդան Գեւորգյանն այլ տվյալներ է ներկայացնում:

«Իմ հաշվարկով' 12000-12500 բնակիչ կա այսօր քաղաքում: Մեզ մոտ միգրացիան լրիվ բացակայում է: Քաղաքից դուրս են գալիս 3 պատճառներով' ուսանելու, բանակում ծառայելու կամ գործուղման: Բայց երեք դեպքերում էլ ետ են գալիս եւ մտադրություն էլ չունեն գնալու: Մեզ մոտ մյուս քաղաքների նման չէ.մեր երիտասարդները ետ են գալիս Քաջարան, քանի որ այստեղ լուծված է աշխատանքի խնդիրը»,-ասում է նա:

Քաղաքի բնակիչներն ավելի փոքր թիվ են նշում ու համոզված ասում են, որ քչերն են ուզում մնալ Քաջարանում:

«Քաղաքում բնակվողների թիվը հազիվ թե անցնի 7000-ը: Շատերն են հեռանում այնտեղից, քանի որ էկոլոգիան վիճակը շատ վատ է, մարդիկ թունավոր օդ են շնչում, կեղտոտ ջուր խմում: Բացի այդ, մահացություններն են զգալիորեն շատացել»,-ասում է 24-ամյա Արմանը: Նա նույնպես հեռացել է Քաջարանից: Այժմ բնակվում է Երեւանում կնոջ ու դեռեւս 1 տարին չբոլորած որդու հետ: Քաջարանից դուրս գալու հիմնական պատճառը քաղաքում ստեղծված էկոլոգիական ծանր վիճակն է եղել: Կինը' Անին, երբ հղի է եղել, օդի, ջրի աղտոտվածությունը հատկապես նրա վրա է ազդել: Կնոջ ու երեխայի առողջությամբ մտահգոված' տեղափոխվել են Երեւան: «Հղիության ընթացքում ընդհանրապես չէի կարողանում դիմանալ Քաջարանում. խեղդվում էի, շնչել չէի կարողանում: Անգամ ձմռանը' ցուրտ ամիսներին, քաղաքում սարսափելի ծանր է օդը: Քաջարանում միշտ դեղին ձյուն է գալիս»,-պատմում է 22-ամյա Անին:

25-ամյա Քրիստինեն մի քանի ամսից կունենա 2-րդ երեխան: «Ես արդեն մի երեխա ունեմ' 2 տարեկան, բայց հիվանդանոցներից տուն չենք գալիս. աղիքների հիվանդություն ունի: Քաղաքում մի առողջ մարդ չկա' մեկի սիրտը, մյուսի ստամոքսը, թոքերը: Համ երեխաներն են հիվանդ, համ տարեցները»,-բողոքում է Քրիստինեն:

Քաջարացիները կատակում են' ասելով, թե իրենց քաղաքը տարբերվում է մյուսներից համատարած հազով: Վերջին տարիներին հատկապես շատացել են սեռական օրգանների, սրտանոթային, ճնշման, թոքերի հետ կապված ուռուցքային հիվանդությունները:

«Համեմատած մյուս քաղաքների հետ' մեզ մոտ աշխատանք կա, բայց օդը սարսափելի վիճակում է: Ծծումբ ենք շնչում: Կանանց, տղամարդկանց սեռական օրգանների հիվանդություններն էլ են շատացել, շատերն ուռուցքներ ունեն: Բայց արգելված է քաղաքում այդ թեմայով խոսելը, այլապես կկորցնես աշխատանքդ»,-ասում է 50-ամյա Կարինեն:

Քաղաքի գլխավոր բժիշկ Վարդան Ավագյանը հիվանդությունների վերաբերյալ դեռեւս դատողություններ է անում' քարտադարաններն ուսումնասիրելով: «Քաղաքը համարվում է էնդեմիկ օջախ, տարածված են վահանաձեւ գեղձի, կանանց սեռական օրգանների, կրծքագեղձերի հիվանդությունները:

Շատ բարձր է նաեւ հղիների պաթոլոգիան: Հաճախ են լինում վիժումներ: Այս տարի երեւի 3-4 վիժում արդեն եղել է: Բայց չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված: Իսկ ծնունդներն ու մահերը, կարելի է ասել, համաչափ են»,- նշում է Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը:

Ստորեւ ներկայացված է 1997-2005թթ. Քաջարանում գրանցված մահերի ու ծնունդների թիվը (մահածին դեպքերը գրանցված չեն)

Քաջարանում շատ են խոսում տղամարդկանց սեռական օրգանների հիվանդությունների մասին: Դա հաստատում է նաեւ բժշկական կենտրոնի ուռոլոգ Վիրաբ Մանասյանը: Նա մի քանի ամիս է, ինչ աշխատում է Քաջարանի բժշկական կենտրոնում: Նախկինում հիվանդանոցը երբեւէ չի ունեցել ուռոլոգ:

«Ուռոլոգիական խնդիրներով դիմողները շատ են' հիմնականում ադենոմայի գանգատով: Շատ են նաեւ երիտասարդ տղաների' սեռական օրգանների հետ կապված այլ հիվանդությունների դեպքերը: Այդ խնդիրները մեծամասամբ հանգեցնում են անպտղության կամ ուռուցքների գոյացության: Իրականում պետք է հետազոտություններ անել' այդ կարգի հիվանդությունների սկզբնաղբյուրները բացահայտելու համար: Մեծ խնդիր է նաեւ այն, որ հայ տղամարդիկ հիմնականում ամաչում են խոսել նման հիվանդությունների շուրջ, բժշկի դիմել»,-ասում է Վիրաբ Մանասյանը:

Բժիշկները նշում են, որ չեն կարող խոսել տարածված հիվանդությունների պատճառների մասին նախքան ուսումնասիրություն կատարելը:

«Դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներից Քաջարանում սիլիկոզի, շնչառական օրգանների, արյան հետ կապված հիվանդությունների դեպքերն ամենից տարածվածն են եղել. դա արդյունաբերական հիվանդություն է, որն առաջանում է հանքանյութի փոշին շնչելով: Դրանով հատկապես տառապում են հենց կոմբինատի աշխատողները: Շատ են նաեւ տղամարդկանց սեռական օրգանների հիվանդությունները: Դա էլ հիմնականում պայմանավորում են կապարն ու մոլիբդենը»,-նշում է Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ղեկավար Էմին Բաբայանը:

Քաջարանի բնակչության առողջությունը հատկապես վատացել է 2000թ.մոլիբդենի խտանյութի վերամշակման արտադրամասի գործարկումից հետո: Արդեն 4 տարի է' ամեն օր' 24 ժամ շարունակ, արտադրամասի խողովակներից ծծմբային երկօքսիդ է արտանետվում քաղաքի վրա:

«Ըստ էության' այս արտադրամասը մոլիբդենի ձուլարան է, որից 24 ժամ շարունակ արտանետվում է SO 2 գազ: Այս գազի կաթիլներն ազդում են շնչառական օրգանների, հատկապես թոքերի, արյան մեջ հեմոգլոբինի վրա: Առաջանում է թթվածնային քաղց: Դրա համար մարդիկ շուտ հոգնում են, թուլանում է օրգանիզմը: Աղտոտված օդն ազդում է երեխաների մտավոր ունակությունների վրա»,-նշում է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Սվետլանա Հայրապետյանը:

Կոմբինատի բնապահպանության բաժնի ինժեներ Վլադիկ Մարտիրոսյանը նույնպես նշում է, որ մոլիբդենի խտանյութի վերամշակման արտադրամասի գործունեությունն անհանգստացնող է: «Ժամանակին խողովակաշար չկար, ու ծծումբն անմիջապես քաղաքի վրա էր իջնում: Հիմա խողովակաշարը քաղաքից 300-400 մ բարձրության վրա է: Բայց, միեւնույն է, ծծմբի հոտը, փոշին ազդում է: Դեռեւս չենք կարողանում լիովին չեզոքացնել ծծմբական ծուխը: Իսկ ծծումբն, ի վերջո, քայքայիչ բնույթ ունի եւ բնական է' այն անվտանգ լինել չի կարող»,-նշում է Վ. Մարտիրոսյանը:

Կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի համոզմամբ' քաղաքում մարդկանց առողջապահության հետ կապված լուրջ խնդիրներ չկան: «Մոլիբդենի ձուլարանը զգալի վնաս հասցնել չի կարող: Պատկերն այլ կլիներ պղինձ ձուլելու դեպքում: Թեեւ պետք է այնպես անել, որ դրա արտանետումներն ի սպառ չեզոքացվեն: Կոմբինատը շատ անգամներ է ուսումնասիրել, թե արտադրությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց առողջության վրա: Ու կարող եմ ասել, որ այսօր չկան լուրջ խնդիրներ»,-ասում է նա:

Երեւանի Հիգիենիկ համաճարակային վերահսկողության կենտրոնի լաբորատորիայի հետազոտող բժիշկ Անահիտ Դավթյանի կարծիքով' անգամ ոռոգման ջրում հայտնված թունավոր միացությունները հեշտությամբ իրենց ազդեցությունն են թողնում մարդկանց օրգանիզմների վրա: «Ճիշտ է, մարդիկ չեն խմում այդ ջուրը, բայց վտանգավոր միացությունները ջրից անցնում են հողին, հողից' բույսերին, բույսերից' կենդանիներն, կենդանիներից էլ' մարդուն: Արդյունքում մարդը ձեռք է բերում բազմաթիվ հիվանդություններ»,-ասում է Ա. Դավթյանը: Ըստ նրա' վերոնշյալ միացություններն ավելացնում են արյան մեջ սպիտակ գնդիկները, պակասեցնում են թթվածինը, առաջացնում թթվածնային քաղց, բարձր ճնշում: Դրանց հետեւանքով վնասվում են թոքերը, արյունը, նյարդային համակարգը:

Անկախ ամեն ինչից' քաղաքապետ Վ. Գեւորգյանն ու կոմբինատի տնօրեն Մ. Հակոբյանն այն համոզմանն են, որ կոմբինատի արտանետումները չեն ազդում մարդկանց առողջության վրա:

«Ես ուսումնասիրել եմ շրջակա միջավայրի գործոնները եւ հստակ կարող եմ ասել, որ բացասական ներգործություն չկա քաղաքի վրա: Մեր քաղաքի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ արտանետումները չեն հասնում քաղաք: ԽՍՀՄ-ի տարիներին արտանետումները միանգամից գետն էին բաց թողնում, երբ մի վթար էր լինում, իսկ հիմա ամեն բան հսկվում է խստորեն: Նույն այդ գետից մենք խմելու ջուր ենք վերցնում, կարմրախայտ ենք որսում»,-ասում է Վ. Գեւորգյանը: Նրա համար մտահոգիչ է միայն այն, որ կոմբինատի վերամշակված թափոնների հողաշերտային ծածկույթի վրա քաղաքի բնակիչները մշակումներ են անում: «Չգիտեմ' գուցե պատահականություն է, բայց քաղաքի բնակիչների մահացություններն ուսումնասիրելով' հանգել եմ եզրակացության, որ մահացողների զգալի մասն օգտվում էր թափոնների վրա մշակած բանջարեղենից»,-ասում է նա:

Առողջապահության նախարարությունն այսօր որեւէ ուսումնասիորւթյուն չի կատարում շրջակա միջավայրի' բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Մեր հարցմանն ի պատասխան' Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը նշել է. ««Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի» համար առանձին գումար չի նախատեսված ... Հայտնում եմ, որ ՀՀ ԱՆ-ն որեւէ ուսումնասիրություն Սյունիքի մարզի բնակչության հիվանդացության վերաբերյալ ներկայումս չի իրականացնում»:

Կոմբինատի ղեկավարությունը կարծես թե մտահոգված է Քաջարանի բնակիչների առողջությամբ: Պայմանագրեր են կնքվել Երեւանի մի քանի հիվանդանոցների հետ, որպեսզի կոմբինատի աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների առողջական խնդիրները լուծվեն անվճար: Սակայն այս հանգամանքը չի ուրախացնում Քաջարանի բնակիչներին:

«Կարելի է ասել, որ մեր քաղաքում դանդաղ ցեղասպանություն է կատարվում, մարդիկ հերթով հիվանդանում ու մահանում են: Ստացվում է այնպես, որ կոմբինատը մարդկանց հիվանդացնում է, հետո էլ ֆինանսավորում, որ գնան, բուժվեն: Դա մի տեսակ աչքակապություն է: Իսկ մենք' սովորական բնակիչներս, այլընտրանք չունենք. կամ պիտի լռենք, կամ զրկվենք ապրուստից: Թեեւ բողոքելն էլ արդյունք չի տա, դա' հաստատ»,-վստահեցնում է Քաջարանի բնակչուհի 50-ամյա Սեդան:

Ու մինչ էկոլոգիայով զբաղվող ՀԿ-երի ներկայացուցիչները, քիմիկ-կենսաբանները, տեղի բնակիչները մտածում են, թե ինչ է լինելու Քաջարան քաղաքի ու մարդկանց առողջության վերջը, ելքեր է առաջադրում կոմբինատի տնօրենը: «Ես վստահաբար ասում եմ, որ քաղաքում բնապահպանական լուրջ խնդիրներ չկան: Բայց, այդուհանդերձ, քարոզում եմ, որ Կապանին կից տարածքում մարդիկ առանձնատներ կառուցեն: Կոնկրետ ես շատ լավ տուն եմ կառուցել: Ի՞նչ պարտադիր է, որ բոլորն էլ ապարանք կառուցեն: Թող բնակարանը վերանորոգելու փոխարեն առանձնատուն կառուցեն: Ողջ արտասահմանում այսպես են ապրում »,-մարդկանց սեփական օրինակով ուղղորդում է Մաքսիմ Հակոբյանը, ով հանրապետության մասշտաբով մեծ եկամուտ ունեցող կոմբինատի տնօրենն է եւ բաժնետոմսերի 12.5 % -ի սեփականատերը:

Լուսանկարները' Արթուր Թորոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter