
Սկսեց գլորվել 23-րդ տարին
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
23-րդ տարին է գլորվում այն կետից, ինչ սկսեցի դեպի ճշմարտություն տանող իմ ճանապարհը: Առաջին 7 տարիներին՝ փակված խցում, որտեղ անգամ պատուհաններն էին երկաթե շերտավարագույրներով, հաճախ էի մտքով փորձում փոխել դեպքերի ընթացքը: Առաջինը փոխում էի 1996թ. հուլիսի 12-ը, փորձում այն առհասարակ ջնջել օրացույցից: Բայց եթե նույնիսկ կարողանայինք փոխել մեր սեփական քայլերը, մի՞թե հնարավոր է կանխատեսել ուրիշների մտքերը, գործողությունները, կամ բնության անհասկանալի պատճառահետևանքային կապերը… ինչպես իմ գրքերում, այդպես էլ այստեղ, այս օրը`հուլիսի 12-ին ու միշտ, ներողություն եմ խնդրում Իոսիֆի ընտանիքից, որ, միգուցե վախից, չկարողացա կանխել Իոսիֆի սպանությունը...
... այդ տարիներին ամեն ապացույց կարող էին կեղծել, հորինել, ոստիկանությունում ու բանտում շան սատակ անել մարդուն: Այն ժամանակ ո՛չ Մարդու իրավունքների պաշտպան կար, ո՛չ էլ ԵԽ-ի անդամ էր Հայաստանը, որ բողոքելու տեղ ունենայիր: Իրականում քրեական գործերով, որպես կանոն, դատաիրավական համակարգի համար ճշմարտությունը պարզելն ամենևին էլ կարևոր չէր: Մանավանդ 90-ականներին սկսած ոստիկանից` վերջացած դատախազ, դատավորներով կարևորը գործադիրից եկող հրահանգներն էին՝ ում պատժել, ում՝ ոչ, գործը փակել` ցույց տալ, թե, իբր, լավ են աշխատել, գործ են բացահայտել: Եթե տուժող կողմը սովորական քաղաքացի լիներ, բարձրաստիճան ծանոթներ, կապեր, գումար չունենար, առանձնապես աշխատանք էլ չէին անի իրականությունը բացահայտելու համար, կամ մի անտերի գլխին կջարդեին ամեն բան: Եվ հակառակը`եթե բռնվածները թիկունք, գումար ունեին, հանգիստ կխուսափեին բանտում հայտնվելուց ու նորից`մեկի գլխին կջարդեն ամեն բան ու գործը փակված կհամարեին`տուժող կողմին հանգստացնելու, բավարարված համարելու համար:
Երբ անցած դարի 1996 թվին հայտնվեցի մահապատժի դատապարտվածների 5 խցերից մեկում, իմացա, որ ամենաշատ նստածը արդեն 4 տարի է՝ մահվան զնդանում է: Շատ զարմացա. անհավանական էր՝ ինչպես կարող է մարդ 4 տարի գոյատևել այս անմարդկային պայմաններում:
Ընդհանուր հաշվով 23 դատապարտյալ մահացավ բանտախցերում՝ սովից, ծեծից, օդի պակասից... հույսը կորցնելուց: Հիմա դժվար, թե մենք իմանանք, թե նրանցից քանիսն էին սխալ դատապարտված: Եթե նույնիսկ մեկը, ապա դա ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի համար, այլև հասարակության, որը պիտի արդար դատաքննության իրավունքը ունենա:
Իսկ այն, որ մի շարք գործերով մահապատժի դատավճիռները ակնհայտ չափազանցված են եղել, ոչ համաչափ, միանշանակ է: Դրա մասին էլ վկայում է մահապատժի ու ցմահ դատապարտվածների մեծ թիվը մեր բնակչության համեմատ: Պարադոքսալ է, քանի որ մեր երկրում հանցավորության մակարդակը բարձրերից չէ, բայց ցմահ դատապարտյալների թիվը մեծ է՝ այն եղել է մինչև 107 դատապարտյալ, հիմա 95-ն են:
Ցմահականները պայմանական վաղաժամկետ չեն ազատվում, չնայած նման իրավունք կա պատիժը կրելուց 20 տարի անց: Մինչև հեղափոխությունը նման տաբու կար՝ չանդրադառնալ ցմահների գործերին, չազատել պայմանական, չվերաբացել հին գործերը: Այս 22 տարիներին ականատեսը եղանք միայն մեկ մահապատիժ-ցմահ ազատազրկվածի՝ Սողոմոն Քոչարյանի ազատմանը, այն էլ՝ ծանր հիվանդությունն էր պատճառը:
Կուրսային աշխատանքս պատրաստելուց իմացա, որ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Իսպանիան, Նիդերլանդները հրաժարվել են ոչ միայն մահապատժից, այլև ցմահ ազատազրկում պատժատեսակից: Առաջնային պատճառը հենց այն է, որ որևէ պետություն, որևէ դատական համակարգ ապահովագրված չէ սխալվելուց: Իսկ ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի դիրքորոշումների համաձայն, ցմահ ազատազրկումն առանց պայմանական վաղաժամկետ ազատման գործուն մեխանիզմների, առանց ներման ինստիտուտի կիրառման, համարվում է անմարդկային պատիժ, հավասարեցվում է խոշտտանգմանը:
Նախկին երեք նախագահների օրոք մահապատիժ-ցմահ ազատազրկվածները փաստացի ենթարկվել են խոշտանգման: Իսկ պատժի հիմնական նպատակն է քաղաքացուն ուղղելը: Այն պիտի լինի կոնկրետ ծրագրերի միջոցով, իսկ լավ վարքի, աշխատանքի, ուսման համար նաև խրախուսելով, որ անձը վերափոխվելու մոտիվացիա ունենա: Նախկինում գործել է չգրված կարգ՝ հնարավորինս չխրախուսել ցմահ դատապարտյալներին: Հուսով եմ՝ այս արատավոր չգրված օրենքը կվերանա նոր իշխանության օրոք: Որոշում կայացնողները պիտի գիտակցեն, որ հենց աշխատանքն ու ուսումն են ուղղման ամենակարևոր գործիքները (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի հոդված 17 և 93):
Ինչևէ, նայում եմ առաջ, նորից սկսել եմ աշխատել հերթական վճռաբեկ բողոքի վրա: Պարզից էլ պարզ է, որ նման հիմնարար խախտումներով 1996 թ-ի նոյեմբերի 29-ի դատավճիռը չի կարող մնալ: Հավատում եմ, որ նոր Հայաստանում արդեն առանց Բաղրամյան 26-ի հրահանգների, դատարանը կարող է արդարադատություն իրականացնել:
Շարունակում եմ նաև այլ դատապարտյալների գործերով իրավաբանական խորհրդատվություն տալ, նրանց համար դիմումներ պատրաստել: Զուգահեռաբար զարգացնում եմ անգլերենի, ավելի ճիշտ` իրավաբանական անգլերենի իմացությունը: Կարդում եմ նաև ընթերցողների կողմից՝ ինձ ուղղված նամակները, գրառումները: Մեր քաղաքացիներն ինձ ազատություն ու արդարություն են մաղթում: Շնորհակալ եմ յուրաքանչյուր գրառման համար: Հավատում եմ, որ հանուն արդարության ու ազատության պայքարը չի կարող երբեք անպտուղ լինել:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել