HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալկոնում Անի Խաչիկյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում մասնագիտությամբ կինոգետ, դերասանուհի Անի Խաչիկյանն է։

Անի Խաչիկյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Երեկ գիշեր արդեն մտածում էի այս «տարածության» մասին իր համար երրորդ դեմքը բարդ է, որովհետեւ բոլոր գաղափարների, իրավիճակների մասին խոսում է երկրորդ դեմքով․․․ Այսինքն, երբ ասում է «դու այս», «դու այն», ճշտում է մտցնում, որ դա հենց  իրեն ուղղվածն է։

Փաստորեն ինքն իրեն այդքան մոտ չի, որ խոսի առաջին դեմքով եւ այնքան հեռու էլ չի, որ խոսի երրորդ այդ տարածության մեջ։ Գուցե ճիշտ հակառակն էլչգիտեմ։

Իր ձեւավորման երկրորդ մեծ փուլում, երբ արդեն ընտանիքից դուրս կար նաեւ ինստիտուտը, փողոցը, այլ միջավայրը, պայքարը, անընդհատ իրեն ներկայացնելու ձեւեր էր փնտրում։ Այդ փնտրտուքն այնքան տեւեց, որ մի պահ ուղղակի դադարեց։

․․․Ավելի ուշ հասկացավ, որ ինքն իրեն ուրիշների մեջ դնելու ֆանատիկ հակում ունի սա գուցե նվիրումն է, գուցե սիրելն է, բայց միշտ ուրիշ մարդու մեջ իրեն «դնելու» ցանկությունը կա։ Գուցե նաեւ դրանից է, որ ինքը խոսում է երկրորդ դեմքով, ու այդ դիմացի «դու»-ին նույնացնում է իր հետ։

Ժամանակն ու փորձառությունը ցույց են տալիս, որ «դու»-երը հեռանում են, ուշանում են, կորչում են, այդտեղ ինքն իր հետ մենակ է մնում, շատ, թե քիչ հասկանում է ինքն իրեն, բայց շատ արագ կրկին գտնում է մեկին, ում մեջ հանգիստ ու ապահով նորից տեղավորվելու է։

Սա նաեւ մաքսիմալիզմից, կտրուկ դիրքերից, սահմանվելու փորձից հեռու մնալու ձեւ է։ Դու շարքային ես, եւ ընթացքի մեջ լինելն ամեն րոպե կարեւոր է։

Ի՞նչ է նշանակում «ընթացքի մեջ լինել»։

Բոլոր հարցերի պատասխանները պտտվելու են հենց այդ ընթացքի շուրջ։ Հարցերիդ հիմնականում պատասխանելու եմ այս ընթացքի կարեւորությունը մեջբերելով, որովհետեւ միշտ եմ մտածում՝ իմ գործողությունները, գաղափարներ կիսելը, ենթարկվելը կամ մաս կազմելը մեռնելուց մի քանի րոպե առաջ անարժեք են դառնալուկարեւոր է լինելու ընթացքը, որն ապրել եմ՝ գուցե հաճախ սխալվելով, բայց ինձ չկեղծելով։

Կարծու՞մ ես՝  վերջում իսկապես նման հարց կառաջա։

Վերջում չլինի այնպես, որ զգաս՝ հնարավորություններ ես բաց թողել, սպունգ լինելու փոխարեն քարի պես տեղում ես մնացել ու չես շարժվել։

Այսինքն ընթացքը գործողությու՞ն է ենթադրում։

Ամենայն հավանականությամբ հենց դա էերբ դու չես որոշում, որ այս ես ու վերջ, դու չես սահմանում քեզ, այլ տալիս ես հնարավորություն, որ ինքը գնա, պտտվի, հետ գա տուն ու ասի՝ «Անի, էսօր պարզեցի, որ մտածածդ սխալ էր»։

Երեւի դա նաեւ ապրելն է, որ դու քեզ տված ժամանակահատվածը չկապես միայն քեզ հետ, քո մարմնի հետ, քո շորերի, մարդկանց, զգացածիդ ու տարածքի հետ։ Երեւի սա է ընթացը։

Սկզբունքներ, արժեհամարգ․․․

Ուսանող ժամանակ բացարձակ «ճշմարտություններ» ունեի, որոնք հիմա ինձ համար ծիծաղելի են։ Ջիգարխանյանին հարցազրույցներից մեկում հարցնում են՝ ով է Արմեն Ջիգարխանյանը, պատասխանում է՝ «я и мои обстоятельства»… Իրենից լավ չեմ կարող ասել, բայց իր ասածն է, որ հիմա լրիվ համընկնում է իմ վիճակի հետ։

Ամեն դեպքում իմ տեսակի ձեւակերպումը չեմ կարող տալ, որովհետեւ ժամանակին դա փորձել եմ բացատրել եւ հասկացել եմ, որ ես չեմ, այլ այն, ինչ պատկերացնում եմ ինչ-որ բաներից դրդված, ազդված։

Մի բան կա, որ հստակ է՝ ես ազնիվ եմ ինձ հետ ու դիմացինի հետ եւ չեմ ստում։ Ցանկալի է նաեւ, որ դիմացինն էլ սուտ չլինի, ազնիվ լինի իր հետ։ Հակառակ դեպքում քեզ տրված ժամանակն անիմաստ ես սպառում, կորցնում ես իրականության զգացումը, որովհետեւ այդ նույն ժամանակն ես օգտագործում, ծախսում, որ հասկանաս՝ ինչու ազնիվ չէիր, ինչու ստեցիր։ Սա հաստատուն բան է ինձ համար։

Մեր իրականությունը․․․

Փորձ չենք անում ինքներս մեզ հետ ծանոթանալու, վախենում ենք մեզ բացահայտել։

Ինչու՞։

Պատճառները շատ են։

Մեկն ասա։

Որովհետեւ մի պահ ուղղակի կպարզվի, որ ամենահասարակ բանը չես կարողանում խոստովանել, օրինակ այն, որ չես ուզում ապրել ընտանիքիդ հետ։ Ու դու շատ երկար չես ուզում ճանաչել քեզ կամ չես կարողանում, որովհետեւ մեր իրականությունը նեղացնում է ինքդ քեզ ճանաչելու փորձերը։

Անի, քո ու Հայաստանի հարաբերությունները։

Ինձ թվում է՝ այդ հարաբերություններն սկսվեցին այն ժամանակ,  երբ ես պաթետիկ ու նաիվ հայրենասերից դարձա գիտակից քաղաքացի։  Մի բան է, երբ քեզ փոքր ժամանակից հայրդ, պապդ հայրենասիրություն են ներարկում, որն անհասկանալի է այն ժամանակ, մի այլ բան է, երբ ինչ-որ տարիքից փորձում ես այդ ներարկածը տեսանելի ու շոշափելի դարձնել։

Հարաբերությունները՝ հիմա։

Հետաքրքիր հարաբերություններ ենսկսվել են 2013թ․-ին, երբ առաջին անգամ քաղաքացիական ակտ արեցի, նստեցի տրանսպորտ ու վճարեցի հարյուր դրամ։ Այդպես քաղաքացիական իմ առաջին ակտն ինձ հանեց նաեւ փողոց։ Հետո հասկացա, որ մենակ չեմ։

Հայրենասե՞ր ես։

Հայրենասեր ասե՞մ, չգիտեմ։ Բայց անկեղծ եմ ասում, երբ փողոցում առաջին անգամ լրիվ գիտակցելով գոռացի  «մենք ենք տերը մեր երկրի», հասկացա նաեւ, որ իրավունք չունեմ դժգոհելու, նեղանալու, թողնել գնալու, հասկացա, որ ես պիտի պատասխանատու լինեմ իմ շուրջը տեղի ունեցածի համար՝ անկախ այն բանից, թե իմ արարքների հետեւանքով է տեղի ունեցածը, թե իմ կողքինների․․․

Երկու դեպքում էլ իմ շուրջն է չէ՞ տեղի ունենում։ Սրա անունը հաճախ դնում են «առաքելություն», բայց նման պահվածքը միայն շարժումների, ակցիաների ժամանակ չի տեղի ունենում, այլ շատ սովորական առօրյայում, աշխատավայրում, տաքսիի մեջ։

Առաջիններից էիր, ով  այս տարվա ապրիլին փողոց փակեց․ քեզ տեսա մեքենայի միջից, երբ Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում մեքենաների ճանապարհն էիք փակում փոքր մի խմբով։ Տեղի ունեցածը հեղափոխությու՞ն էր։

Եթե նայենք մի տարվա առաջվա Հայաստանն ու այն Հայաստանին, որ այսօր է, էլ ի՞նչ է, եթե ոչ հեղափոխություն, բայց մյուս կողմից, եթե նայենք մի տարվա առաջվա ընտրությունների արդյունքները, ապա հիասթափություն կա․․․ Իմ խորին համոզմամբ այն ժամանակ ռեժիմը ներկայացնող կուսակցությանը ձայն տալը ստիպողաբար չէր, ուղղակի կամային դրսեւորումներ չկային, քաղաքացիական գիտակցության հարցն էր նորից մարդը գնացել եւ ընտրել էր՝ մեկը պաշտոնը չկորցնելու, մյուսը իր հորեղբոր տղայի, էն մեկը եսիմ ինչի համար։ Այս առումով դեռ հեղափոխություն չի եղել։

Բայց համախմբումն իսկապես կար․ շատերն էին հրապարակում։

Հա, էյֆորիա կար, մարդիկ դուրս եկան, բայց այդ նույն մարդիկ վաղուց գիտեին չէ՞, որ «մանվելներ» կան, «սաշիկներ» կան, հրեշներ, որոնք իրենց աչքի առաջ են մեծացել․․․ Բայց իրենցից շատերն այդ հրեշներին կերակրողներից մեկն են եղել՝ ուղղակի եւ անուղղակի ձեւով։

Այս իմաստով, եթե նայենք, նորից հարց է առաջանում, հեղափոխություն եղա՞վ, թե՞ չէ։ Ժամանակ է պետք, մաքրվելու փորձեր, այլ կետից ու այլ դիտանկյունից ամեն ինչին նայելու հնարավորություն, ինչի հողը նախապատրաստվեց։

Կոնկրետ ես հիմա ավելի լուրջ պատասխանատվություն եմ զգումմինչ հեղափոխությունը կոնկրետ պայքար կար կոնկրետ ինստիտուտների, ռեժիմի, հարցերի համար, իսկ հիմա իրավիճակի տերը իսկապես մենք ենք՝ քաղաքացիներս, ու սա ավելի է լրջացնում հարցը։

Համակարգի մարդ քեզ համարու՞մ ես։

Ազատությունն ու անկախությունը շատ ավելի լայն իմաստով, շատ ավելի շատ էլեմենտներով ու հետեւանքներով ինձ վանում է համակարգերից եւ կանոնակարգված պրոցեսներից։ Օր, ժամ, շաբաթ, տեղսրանք ինձ համար ինչ-որ իմաստով էլի համակարգային բառեր են։

Ես հասկանում եմ, որ բաց դաշտում կենդանիների համար ներկայացում չեմ կարող խաղալ, բայց միաժամանակ չեմ կարող ստանձնել թույլ համակարգային պայմանները, որոնք էլի ինձ զրկում են իմ մասնագիտական փորձարկումներից։ Ասեմ քեզ, որ բոլոր գործատուներն ինձ հետ տանջվել են պայմանագիր կնքելիս, որովհետեւ ցանկացած տող կարդացել եմ առնվազն երկու անգամ՝ համարելով, որ իմ ոլորտի օրինականությունը գոնե իմ ձեռքով պիտի պահպանվի։

Սա ամենապարզ օրինակն էր, որ այս պահին մտքովս անցավ, իսկ առհասարակ համակարգն իր մեջ համակարգ  է պարունակում, այդ մի համակարգը՝ մի այլ համակարգ։ Դու ուզած-չուզած գլոբալի մաս ես, բայց կարող ես գլոբալի մեջ կատարել փոփոխությունհնարավոր է՝ դա անվանվի «համակարգային փոփոխություն», բայց հենց դու կարողացար փոփոխության միտվել, այդ  պահից ներքին զգացում ունես, որ դու մաս չէիր։

Ինչու՞ կինոգիտություն։ Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը։

Երկար պատմություն էուզում էի դառնալ ռեժիսոր, թե ինչու, դա էլ առանձին պատմություն է։

Ընդունելությանս քննություններին պատրաստվելու, պարապելու հնարավորություն չունեի։ Երբ ինքնուրույն սկսեցի պարապել, հասկացա, որ շանսերս մեծ չեն։ Առաջին հայտով դիմեցի «Ռեժիսորական», երկրորդ հայտով ուզում էի «Դերասանական» բաժինը նշել, բայց, մեղմ ասած, հասկացրին, որ «խաղն առած ա, սուդյան ծախած ա»․․․Այնպես որ երկրորդ հայտով դիմեցի «Կինոգիտության» բաժին, որտեղ մրցակցություն չկար։ Այսպիսի դասական ընդունելության պատմություն։

Արդեն, երբ քննությունները հանձնել էի, առաջին հայտի մասին սկսեցի էլ չմտածել՝ կարծելով, որ երկրորդ կուրսից ուղղակի բաժինս կփոխեմ եւ կգնամ ռեժիսորական․․․ Ինչպես գիտես՝ այդպես էլ ավարտեցի թատերականը՝ կինոգետի որակավորմամբ։  Ամեն դեպքում ռեժիսորական կուրսերի հետ շփումներս ինտենսիվ էինհասկացա, որ իմ բաժինը կինոյի մասին տեսական գիտելիքներ շատ է տալիս եւ այդ առումով չի տարբերվում ռեժիսորականի տեսականից․․․ Իսկ ինչ վերաբերում է պրակտիկային, ապա ինստիտուտը ռեժիսորներին նման հնարավորություն ուղղակի չէր տալիս։

Լավ էր, թե վատ, ես սկսեցի նկարահանվել սերիալներում։ Տարբեր նախագծերում մասնակցությունս պայմանավորված էր տարբերվող արտաքինովս, ինձ չէր գրավում հայտնիությունը, ուղղակի գումար էր անհրաժեշտ ուսմանս վարձը վճարելու համար, թե չէ բնակաբանար պատրաստված չէի այնքան, որ հասկանայի՝ սերիալում նկարվելը հետո ինձ հանգիստ չի տալու։

Ի՞նչ իմաստով։

Զուտ այն, որ եթե ինձ ինչ-որ մեկն ընկալում է որպես դերասան, չէի ցանկանա, որ հետեւում՝ որպես սկիզբ անորակ սերիալը լիներ։

Առհասարակ Անի Խաչիկյան անուն-ազգանունից առաջ ինչ-որ բնորոշող բառ դնելու ցանկություն կա՞․․․ Օրինակ՝ դերասանուհի Անի Խաչիկյան, կինոգետ Անի Խաչիկյան։

Երբ հաղորդման էին հրավիրում, խնդրում էի անվանս դիմացից դերասանուհի բառը հանել, որովհետեւ ինձ համար նման դեր ստանձնելը լուրջ պատասախանատվություն էր։  Ուրախ եմ, որ նման բախում ունեի ինքս ինձ հետ, որովհետեւ հստակ էր՝ ես դերասանուհի չեմ։

Իսկ հիմա՞։

Հիմա վերագրում եմ եւ փորձում եմ տեղավորվել դրա մեջ։ Չեմ կարծում, որ ինձ այդպես են տեսնում իմ շրջապատի մարդիկ։ Ինձ թվում է՝ չեն ընկալում որպես դերասանուհի, ես ուղղակի Անին եմ։

Հիշում եմ, երբ Սերժ Սարգսյանը մեծ հրավեր էր արել, եւ Արցախում հավաքվել էին տարբեր տարիքի արտիստներ, արվեստագետներ, դու, ընդդիմանալով հանդերձ, այնուամենայնիվ, մասնակցեցիր։ Դա այն ժամանակ էր, երբ «Կյանք ու կռիվ» ֆիլմն արդեն մեծ էկրաններին էր ու կարճ ժամանակահատվածում մեծ լսարան էր ձեռք բերել։

Հա, մինչեւ հիմա ինքս ինձ հետ կոնֆլիկտ ունեմ այդ օրվա հետ կապված։ Անընդհատ հարցեր եմ տալիս ինձ, փորձում եմ արդարացումներ, բացատրություններ գտնել, բայց հասկանում եմ, որ այդ օրը ես ինքս դարձել էի ռեժիմի մաս, թեկուզ մեկ օրով, մեկ անգամ։

Հասկանում եմ, որ հանդիպմանն ինձ չեմ կեղծել, բայց, մեկ է, ներկա եմ եղել, մաս եմ կազմել, թեկուզ մեկ օրով հենց այդ ներկայությամբ լեգիտիմացրել եմ այդ ռեժիմը, առերեսվել եմ այդ բուրգի վերեւում նստածի հետ, որի դեմ իրականում ամեն օր պայքարում էի։

Բայց այս հարցադրումներից զատ մի ուրիշ բան տեղի ունեցավ այդ հանդիպման շնորհիվ, որը կարեւորում եմտեսա, որ մենք չունենք մտավորականություն․․․ Շատ պարզ ու առանց բացատրությունների երեւացանկեղծ՝ ես տեսա պալատական «շուտերի», տեսա մարդկանց, ում հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեի, եւ իրենք հանկարծ ուրիշ երեւացին։ Ես ընդամենը 23 տարեկան էիայդ մի օրվա մեջ մեծացա, շատ լուսավոր բաներ ուղղակի մթնեցին։ Հասկացա, որ ամբողջ կյանքում կարեւորելու եմ արժանապատվությունս։

Պատկերացու՞մ ես Հայաստանում նման հարցադրումներ չլինեին՝ կոնկրետ արժանապատվության վերաբերյալ։

Վերջերս շատ ավելի շատ եմ մտածում դրա մասին։ Երբ երկրում իրավիճակ է փոխվում, ամեն ինչ նորից սկսում ես արժեւորել, հասկանում ես, որ ինչի համար կռիվ ես տվել, պայքարել ես, որոնք որ քո շարժառիթներն են եղել արթնանալու, փողոց դուրս գալու, բանավիճելու, մեկ էլ հանկարծ ուղղություն են փոխում։ Գիտե՞ս ինչի նման է, երբ շատ կարեւոր նպատակ ունես ու ամեն ինչ անում ես, որ իրական դառնա, երբ արդեն նպատակդ իրականանում է, հասկանում ես, որ հենց պրոցեսն էր ամենից շատ բան տվողը, սովորեցնողը, երբ հասար, արդեն վերջ։

Հեղափոխությունից հետո շարժառիթներս, մտքերս խառնվեցին, փոխվեցին։ Ես հասկանում եմ, որ հիմա ինքս իմ առաջ դրված տեսանելի նշաձող չունեմ։ Միակ բանը, որ երկու ամիս է՝ կոնկրետ է, արդեն ասացի, պատասխանատվությունն է։

Հիմա բոլորս ժպտում ենք, երջանիկ ենք, բայց երբ սառն ես դատում, ու, ասենք, մտածում ես քո արժանապատվության համար տարիների պայքարի մասին, հասկանում ես, որ ուրիշ երկրի քո սերնդակիցը չունի նման հարցադրումինքը չի երջանկանում ռեժիմին տապալելու մտքից, չի ուրախանում, որ ԱԱԾ-ն դեպք է բացահայտել։ Դա նորմալ է եւ բնական։

Հիմա հռետորական հարց է առաջ գալիսարդյոք դու քո կյանքի մեկ երրորդը կամ մեկ քառորդը ապրել ես արդյունավետ, այնպես, ինչպես ապրում են ամեն տեղ՝ ունենալով այլ նշաձողեր, այլ նպատակներ, անձնական մոտիվացիաներ։

Հիշեցի, որ ապրիլի տասներեքին հանդիպեցինք, ուսապարկիդ մեջ մրգեր կային, ու դու պատրաստված գնում էիր հրապարակ։

Ինձ համար շարժումն առաջին օրերին բացարձակ միանշանակ չէր։ Ընդհանրապես «Էլեկտրիկ Երեւանից» հետո շարժումների նկատմամբ վերաբերումնքս լրջորեն փոխվեց, երբ ֆանատիզմը տեղը զիջեց հարցադրմանըեթե այդ առողջ, ոչ ուղղորդված շարժումը քանդվեց ու ուղղորդվեց, այլեւս ինչը կարող է համախմբել բոլորիս, էլ ինչ պիտի լինի այս երկրում, որ փոփոխություն լինի։

Այս կոնտեքստում, իհարկե, պրոցեսներին իմ մասնակցելու հարցն էր։ Հասկացա, որ շատ պարզ մեխանիզմ կաեթե հավաքվի այն քանակը, որը 10,000 չի, 100,000 չի, այլ շատ ու շատ է, ովքեր կանգնելու են իրենց մեկ քառակուսի մետրի վրա ու չհեռանան, նորից հույս կա։

Այս դեպքում անհնար է, որ քո քառակուսի մետրը քեզնից որեւէ մեկը կարողանա խլել։ Ես իմ քառակուսի մետրից որոշեցի չհրաժարվել, հասկացա, որ «բան չի փոխվի» գնահատականը ակտուալ չի, երբ աշխարհում ամեն րոպե ամեն վայրկյան բան է փոխվում․․․ Ու դու կամ հանդուրժող ես, կամ պայքարում ես։

Իսկ վախե՞րը։

Վախը երանգ է․․․ Արդարացում, ինքնախաբեություն, չգիտեմ՝ ոնց ուզում ես, անվանիր։ Ինձ համար կոնկրետ է թացն ու չորըկամ այս բանակից ես, կամ այն։ Երբ փորձում ես չեզոք լինել, ամենասարսափելին է։

Չի՞ կարող այնպես պատահել, որ չքաղաքականացված լինես։

Կարող է։ Գիտե՞ս՝ չքաղաքականացվածը որ տեսակն էայն միակը, ում՝ Հայաստանից գնալը ես մարսում եմ ու հասկանում եմ, այն միակը, ում չի հետաքրքրում, որ Սաշիկը «փայ» է մտնում,  բառիս բուն իմաստով ինքն անտարբեր է, չունի դիրքորոշում եւ իսկապես նման հարցերի չի բախվում․․․ Բայց մարդը, ով գոնե մի անգամ դժգոհում է, անհամաձայնություն է հայտնում ու հանկարծ պահի տրամադրության տակ «դառնում է» չեզոք, ուրեմն խոսակցությունն ավարտված էինքը չքաղաքականացված չէ, ինքը վախկոտ չէ, որովհետեւ գոնե թե արդեն խոսել է, բայց հենց իր քառակուսի մետրը պաշտպանելու ժամանակն է, ինքը բաց է թողում՝ ուրիշի վրա հույս դնելով։

Այդպես մնում էին բաց քառակուսիներ, խոցելի տեղեր, այդպես տուն էին ցրում, ջուր էին ցանում, կրակում էին։ Բաց տեղով ամեն բան հեշտ ու հանգիստ անցնում է։

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից ինչու՞ դուրս եկար։

Եթե չխորանամ ու մասնավոր իրավիճակը նկարագրող պատասխան հիմա չտամ, կասեմ, որ ես չեմ կարող թատրոնում լինել որպես աշխատող՝ բառիս բուն իմաստով։ Այսօրվա թատրոնում լինել «գրանցված» աշխատող դերասանուհի նշանակում է նաեւ, որ չես կարող հրաժարվել դերից, որը չես հավանում, կամ, կարճ ասած, հրաժարվելու շանսերդ քչանում են։

Եվ առհասարակ չեմ կարող լինել «գրանցված» մարդ, որովհետեւ մի օր կարթնանամ ու կորոշեմ՝ ուզում եմ մի քանի օր անտառում մնալ։

Ռոմանտիկ է հնչում ասածդ։

Հա, հնչում է ռոմանտիկ, բայց ներսում շատ լուրջ ընդդիմություն է պարունակում։ Տասնվեց տարեկանից ես գիտակցեցի, որ պիտի ընտանիքիս հոգսերը թեթեւացնելու մասնակիցը լինեմ։ Արեցի քայլեր, աշխատեցի, մտածեցի լուծումներ գտնելու մասին, եւ հենց սա է, որ նաեւ բերեց, հանգեցրեց  այս մտքին։

Ամենադժվար պահին էլ հասկացել եմ, որ կա այլընտրանքը։ Եթե չես հարմարվում ինչ-որ իրավիճակի, հաստատ կա ուրիշ տարբերակ, ուրիշ իրավիճակ, ուրիշ թատրոն, որտեղ խաղում ես, բայց «գրանցված» չես։ Այսպես փորձում ես ինքնազարգանալ այնքան, որ ազատ, անկախ մարդու կարգավիճակում ուղղակի հրավիրվես, անես գործդ, որը ժամանակավոր է, որը քեզ չի պարտադրում հետոն։

Դադար

Իմիջիայլոց, որ ասացիր՝ քո ու Հայաստանի հարաբերությունները, կիսատ բան մնաց ու պիտի լրացնեմ, կլինի՞։

Իհարկե։

Իմ կյանքի բոլոր էմոցիոնալ պիկերը կապված են Հայաստանի հետ։ Անձնական, մասնագիտական էմոցիոնալ պիկերը շատ անցողիկ ենՀայաստանի հետ հարաբերությունս ամեն րոպեի, ամեն ինչի հետ է կապված՝ «Էլեկտրիկ Երեւանի» հետ, «Հարյուր դրամի» հետ, երեւանի, Արագածի ու Խուստուփի, իմ գնալու ու վերադառնալու հետ․․․Մարդկանց հետ՝ չէ։ Ու ստացվում է՝ ես սիրում եմ «մենք ենք տերը մեր երկրի» ու իմ հարաբերությունները, վարվեցողության ձեւերն ու գործողությունները։

Իսկ ինչի՞ց է նման կապվածությունը։

Երեւի հորիցս է փոխանցվել, որովհետեւ հայրս ուղղակի ստիպում էր «Սասունցի Դավիթից» հատվածներ արտագրել, հարցնում էր՝ ինչ հասկացա։ Պարզ է, որ բան չէի հասկանում, պարզ է, որ լրիվ ուրիշ էր այն ժամանակ․․․ Բայց այդպես էլ ծանոթացել եմ Հայաստանի բնությանը՝ սարի, լեռան, դաշտի իմաստով եւ հենց բնությանը՝ էության իմաստով։ Մոտ ու հարազատ ենք իրար։

Այդ կապվածության ուրիշ ձեւը Հայաստանի այն քո քառակուսի մետրն է, որի մասին նշեցիդու չես կարող փոքր ու մեծ պարտություններից հետո հիասթափվել ու գնալ, նեղանալ ու փակվել, պիտի խոստովանես, որ դու ես թուլանում, դու ես հիասթափվում, դու հոգնեցիր, ու երկիրը կապ չունի։

 

Բայց ասացիր նաեւ, որ ժամանակը շատ քիչ է․ստացվում է՝ անընդհատ պայքարում ես քո քառակուսիի տերը լինելու համար։

Հա, ճիշտ ես, բայց այդ դեպքում ուրեմն պիտի չասես, որ նեղացար երկրիցդ ու գնացիր, պիտի ասես, որ քո քառակուսին ուրիշ տեղ ես փորձում գտնել, որը ոչ մի ձեւով հաստատ քեզ չի տալու քոնն ունենալու զգացողութան բավարարումը։

Քո մասնագիտությունը, գործն, ինչով զբաղվում ես, կարո՞ղ են տեղը զիջել այդ պայքարին։

Եթե այդ հարցադրումներն իսկապես անկեղծ ես դնում քո առաջ, ամեն ինչ պարզ է դառնումկամ հաշտվում ես, կամ չէ ու գնում ես։ Ես ուղղակի հերոսի ու զոհի կարգավիճակը չեմ ընդունում։ Հարց է առաջանում՝ մոտիվացիադ որն է ինչ-որ քայլ անելու համարդու փա՞ռք ես ուզում, իշխանությու՞ն ես ուզում, փո՞ղ, ինքնահաստատու՞մ․․․ Ի՞նչ ես ուզում։

Իսկ դու ի՞նչ ես ուզում։

Գուցե տարիներ անց, երբ արդեն կլինեմ վաթսունին մոտ կին, հասկանամ, որ իմ էներգիան, մոտիվացիան ուղղվել է մի բանի վրա, որն ինձնից շատ է խլել, բայց միանշանակ է՝ ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ նման հարցերն ուղղակի ակտուալ չեն լինի, որտեղ օլիգարխի դեմ պայքարելը կլինի ուղղակի անհասկանալի օրինակ այդ ժամանակի երիտասարդի համար․․․

Ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ առավոտյան լուրը լինի այն, թե տիեզերքում մենք ինչպես նոր բան բացահայտեցինք, այն, որ մեր ֆիզիկոսը կամ քիմիկոսն ունեցավ լուրջ հաջողություն այսինչ փորձի ընթացքում, որ մեր երաժիշտը վերադարձավ, բայց հյուրախաղերից․․․

Եվ դու լսես լուրը, համարես բնական, ոչինչ արտառոց չլինի, դուրս գաս փողոց ու, արեւն զգալով, գնաս ուզածդ տեղն՝ առանց մտածելու ազատությանդ, անկախությանդ, արժանապատվությանդ հետ կապված հարցերի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter