GPartners. Մարտի 1-ի գործով իրավական դիրքորոշում
GPartners իրավաբանական ընկերությունը դիրքորոշում է հայտնել 2008թ. մարտի 1-ի գործով հարուցված նոր քրեական գործի հանգամանքների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ինչպես գիտեք, ՀՀ ՀՔԾ հուլիսի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, որ վերաբերում էր Մարտի 1-ի գործով հարուցված նոր քրեական գործ հարուցելու հանգամանքին, 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկումները նոր ընթացք ստացան: Հասարակության և իրավագետների հանրույթի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին արտակարգ դրություն հայտարարելու և բանակը արտակարգ դրության պայմաններում օգտագործելու` ՀՀ նախագահի լիազորությունների հետ կապված հարցերը:
GPartners իրավաբանական ընկերությունը, մի շարք հրավիրված գործընկերների մասնակցությամբ, անցած օրերին կատարել է նոր, համապարփակ հետազոտություն և այսօր ձեր ուշադրությանն է ներկայացնում նշված հարցերը լուսաբանող իրավական դիրքորոշում (կցված է նամակին):
Հետազոտության արդյունքում մենք հանգել ենք հետևյալ եզրակացությունների.
1. 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ լիովին համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրությանը (հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները (ներառյալ' իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները), ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:
2. 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային, թե իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև Արտակարգ դրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանությունը վերաբերյալ Փարիզի մինիմում ստանդարտներին:
3. Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ ԶՈՒ ներգրավվելու և բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային և ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։ Այստեղ կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել և այդ օրը չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև»:
Ամբողջական վերլուծությունը` այստեղ:
Մեկնաբանել