HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». իմ վերևում միայն նախագահն է

Իմ վերևում միայն նախագահն է

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կառավարության այս տարվա առաջին նիստից դուրս եկավ կառավարության շենքի հիմնական մուտքով: Ոստիկանապետն իր նշանակման օրվանից կառավարության նիստի օրերին խուսափում էր լրագրողների հետ շփվելուց և հետնամուտքով էր լքում շենքը: «Հայացք»-ի այն հարցին' հնարավո՞ր է, որ այս տարի Վլադիմիր Գասպարյանը մշտապես հիմնական մուտքով դուրս գա և չխուսափի լրագրողներից, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ոստիկանապետը պետք է ամեն րոպե ամեն հարցի շուրջ խոսի: Ոստիկանապետը տարին մեկ-երկու անգամ պետք է խոսի: Հիմա նոր տարի էր, որոշեցի այսպես գալ»: Կարելի է ենթադրել, որ Վլադիմիր Գասպարյանի այս խոսքերն ուղղված էին հատկապես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը կառավարության նիստի օրերին մշտապես պատասխանում էր լրագրողներին հարցերին:

Վլադիմիր Գասպարյանին լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին ուղղելու: Ներկայացնում ենք հատված հարցուպատասխանից:

- Պարոն Գասպարյան, խոսակցություններ կան, որ ձեր նշանակումից հետո հատկապես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կադրերին եք աշխատանքից հեռացնում:

- Իմ համար նշանակություն չունի, թե որ ոստիկանապետը ինչ է նշանակել: Իմ համար նշանակություն ունի' ով է աշխատում:

- Ասում են, որ հատկապես արտաշատցիներին եք ազատում աշխատանքից:

- Եթե դա այդպես է, ես այսօրվանից կարդարացնեմ ձեր հույսերը' կազատեմ և արտաշատցիներին: Ուշադիր չեմ եղել, հիմա ավելի ուշադիր կլինեմ: Ես ոչ թե հերքում եմ, ասում եմ' հիմարություններ են դրանք: Ես արտաշատցի ընկերներ ունեմ, որոնց ուզում եմ աշխատանքից ազատել, բայց խղճում եմ:

- Լավ, ինչո՞վ են պայմանավորված կադրային կտրուկ փոփոխությունները:

- Ավելորդ, անհարկի, ուռճացված հաստիքներ ու ստորաբաժանումներ կան, ոչ ճիշտ բաշխված աշխատանք: Հիմա ավելի մոբիլ է դառնում համակարգը, ավելի աշխատունակ: Կան կադրեր, ովքեր գնում են, որվհետև իրենք իրենց սպառված են համարում և այդ առումով համաձայն են ինձ հետ: Կան մարդիկ, ովքեր ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է, պետք է համակարգում չլինեն: Եղել են և անշարժ գույքեր: Կարծում եմ, որ արդյունքներն էլ ավելի լավ են լինելու, որովհետև այդ ուռճացվածությունը իջեցնելով' ավելի արդյունավետ կաշխատենք: - Պարոն ոստիկանապետ, ինչո՞վ եք բացատրում անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի պաշտոնանկությունը:

- Ո՞վ է նման հայտարարություն արել, թե պարոն Մուրադխանյանը հեռացվել է: Նա կադրերի ռեզերվ է ուղարկվել, դա նշանակում է, որ նա ստանում է իր աշխատավարձը: Տասնյոթ տարի մարդը չի եղել արձակուրդում, թող մի երկու ամիս էլ հանգստանա: Ոչինչ, նորմալ է:

- Ընդհանուր առմամբ ձեր պաշտոնավարման ընթացքում քանի՞ մարդ է հեռացվել համակարգից:

- Համակարգից ազատված ունեմ ընդամենը 4-5 մարդ: Ուղղակի հանցագործությունների հետ կապված պատմություններ են եղել: Մնացած բոլոր դեպքերում աշխատանքից ազատվածները գտնվում են կադրերի ռեզերվում: Մոտ 10-12 հոգի կադրերի ռեզերվ անցնելուց հետո իրենց դիմումի համաձայն միացել են ժողովրդական տնտեսությունը զարգացնող թիմերին:

- Ի՞նչ բարեփոխումներ են կատարվում այսօր համակարգում:

- Շատ բարեփոխումների սպասեք: Պրոցեսն արդեն սկսվել է: Շուտով մենք ամբողջ քաղաքը կփակենք տեսախցիկներով: Դա կբերի նրան, որ գոնե Երևանում ապագայում կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը: Դրանք կվերածվեն պարեկային ծառայությունների, իսկ պարեկային ծառայություններն ավելի շատ բակերում հսկողություն կիրականացնեն, որովհետև ժողովուրդը դրա կարիքն ունի:

- Պարոն Գասպարյան, շատ է խոսվում այն մասին, որ նախորդ տարի սխալ բանդա է վնասազերծվել:

- Մեղմ ասած, ես այդպես չեմ մտածում:

- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ գողոնը չի բացահայտվում:

- Աշխատանքային հարցեր են, այսօր չի բացահայտվում, վաղը կբացահայտվի, ինչո՞ւմն է հարցը: Ես ասել եմ, որ չբացահայտվող հանցագործություններ չկան: Կան երկար և կարճ ժամանակ պահանջող բացահայտումներ, կան լավ և վատ աշխատողներ: Ես ակնկալում եմ, որ իմ պրակտիկայում ես ձեզ հնարավորություն չեմ տա հպարտանալու նրանով, որ իմ մոտ չեն բացահայտվում հանցագործությունները:

- Օրերս ոստիկանին ծեծելու և առևանգելու դեպք գրանցվեց, ի՞նչ մանրամասներ կհաղորդեք:

- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը երբեք չի հանդուրժի ոչ մեկի, որը կարող է ոստիկան առևանգել, ոստիկանի վրա ճնշումներ գործադրել: Նույնպես ես չեմ հանդուրժի, եթե ոստիկանն այդպես վարվի քաղաքացու հետ: Սա սկզբունք է, և այդ սկզբունքը ես չեմ դավաճանի: Իսկ ոստիկանին առևանգել են, այդ ոստիկանը լավ ոստիկան է: Ոստիկանի հանդեպ ցանկացած ոտնձգության դեպք խստագույնս կպատժվի, որովհետև ես դա դիտում եմ նաև անձնական վիրավորանք:

- Նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության բացահայտման գործով ի՞նչ նորություններ կան:

- Մհերյանի գործով աշխատանք է գնում, հրահանգը տրված է: Եկեք չկարևորենք այս կամ այն հանցագործությունը: Հանցագործությունները նույնն են: Ճանաչված և չճանաչված մարդկանց սպանություններն էլի նույնն են: Նույն ծնողներն են ծնել այդ զավակներին: Ես չեմ տարանջատում չճանաչվածին ճանաչվածից: Իմ մոտ սկզբունք է դա, պրոֆեսիոնալ մոտեցումն այդպիսին է: Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով: Ասեմ' ոչ բոլոր տեղերում է, որ հաջողություններ ունենք: Ինչ-որ տեղեր կան, որ պետք է սպասել: Բայց հաստատ ձեզ հավատացնում եմ, որ թե նախկինում, թե իմ ժամանակահատվածում կատարված հանցագործությունների նկատմամբ մոտեցումը նույնն է: Մի քիչ խնդիրներ ունենք ծանրաբեռնվածության մասով: Բայց ես կարծում եմ, որ մարտունակ կոլեկտիվ է: Մի քիչ էլ որ կրճատենք, ավելի պինդ կաշխատեն:

- Ընդդիմությունը ոստիկանությանը քաղաքականացված կառույց է համարում, համամի՞տ եք:

- Ընդդիմությունն իրավունք ունի կարծիքներ հայտնելու, ասելու' քաղաքական է, քաղաքական չէ: Դա ընդդիմության խնդիրն է: Ես գիտեմ, թե ով եմ, ինչ ցուցումներ եմ տալիս և իմ կառույցը ոնց եմ ղեկավարում: Ես քաղաքականությունից դուրս եմ, ես այն գիծն եմ, որ անցնում է դիմության, իշխանության, քաղաքականության և այլնների միջով:

- Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում էր, թե պատրաստ է «հեղափոխությունը խեղդել օրորոցում»: Դուք ի՞նչ կարծիքի եք հեղափոխության մասին:

- Ես մի անգամ արել եմ հեղափոխություն, 89-ական թվականներին մասնակից եմ եղել: Երկրորդ և այլ հեղափոխություններ ես չեմ ակնկալում իմ երկրում, բնականոն խաղաղ զարգացում է լինելու իմ երկրում:

- Իսկ Դուք նույնպե՞ս պատրաստ եք «խեղդելու հեղափոխությունը»:

- Ես մազոխիստական էդ ձևի բաներով չեմ տառապում, ես կողմնակից եմ խաղաղության: Սկզբից եղել է խոսքը:

- Համակարգին քաղաքական պատվերներ չե՞ն տրվում:

- Ես իմ կենսագրության ընթացքում երբեք չեմ ստացել պատվեր իմ ոչ մի ղեկավարի կողմից: Իսկ հիմա, ավելին ասեմ, իմ վերևում միայն նախագահն է: Նախագահն իմ առջև խնդիր է դրել վերադարձնել համազգեստից վերցված պատիվը, ժողովրդի վստահությունը ոստիկանի նկատմամբ վերականգնել: Մենք մեր գործընկերներով' սկսած ինձանից, վերջացրած մյուսներով, կորցրել ենք մեր ինքնասիրությունը: Այն որ ասում են' Գասպարյանն ասել է' միլիցա-պեպելնիցա, խոսքը գնում է այն մասին, որ մենք կորցրել ենք մեր հեղինակությունը: Մենք ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, չգիտեմ' քյոխվաների ապարատի: Մեր երեխաների մասին մտածենք, մեր երեխաները մեզ ասում են' միլիցա-պեպելնիցա:

- Մամուլում հրապարակումներ եղան, թե «Կարտոլ» մականունով անձի եք ծեծի ենթարկել, ով գեներալ Մանվել Գրիգորյանի շրջապատից է:

- Ես բանջարաբոստանային կուլտուրաների հետ ոչ մի շփում չունեմ: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլ հեքիաթ է և անհեթեթություն: Գասպարյանը ոստիկանապետ է, իսկ կարտոլը դա բանջարաբոստանային կուլտուրա է: Եվ ընդհանրապես, ես գոնե մի 15 տարի է' նման բան չեմ արել:

- Այսինքն' Ձեզ համար մականունները մարդու որակի և տեսակի մասի՞ն են խոսում:

- Այդ թվում նաև այդպես:

- Բայց մի մոռացեք, որ Դուք էլ մականուն ունեք:

- Ո՞րը, այն, որ ասում են «Տեր», հա՞:

- Ոչ, «Ֆիքս» են ասում:

- Էդ իբր ֆիքստուլ իմաստով, հա՞: Ուրեմն ես ուզում եմ ֆիքստուլի և թիթիզի ու լոպպազի տարբերությունն այնուամենայնիվ հասկանաք: Ֆիքստուլն այն մարդն է, որը ֆիքսում է այն, ինչ-որ կա: Իսկ թիթիզը նա է, ով փուչիկ է և ձև է անում, թե ինչ-որ բան է իրենից ներկայացնում: Այնպես որ ես չեմ կարծում, թե ինձ կարող է մականուն կպնել, ինձ մականուն կպցնող չի եղել, ես մականանունավոր մարդ չեմ: Ես կրում եմ իմ անունը' իմ ծնողներից տրված:

- Պարոն Գասպարյան, խոսակցություններ կան, որ կանանց եք սկսել ընդգրկել համակարգ:

- Կներեք արտահայտությանս համար' կանայք նույնպես մարդ են: Ամբողջ աշխարհում կանայք ընդգրկված են այս համակարգում: Ավելին, ես գտնում եմ, որ հատկապես հայ կինն ավելի զսպող է:

- Ճի՞շտ է, որ Ձեր կինն էլ է ընդունվել ոստիկանությունում աշխատանքի:

- Այո, ռեֆերենտ է: Կինս ոստիկանության փոխգնդապետ է:

- Եվ ծառայողական մեքենա ունի՞:

- Ծառայողական մեքենա ունեմ ես, ոչ թե իմ կինը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, կառավարության նիստից հետո ոստիկանապետը երեկ իր կամքով մոտեցավ կառավարության բակում հավաքված զոհված զինծառայողների ծնողներին և լսեց նրանց խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter