HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախարար Արթուր Գրիգորյանն ասում է, թե խղճահարությունից դրդված՝ պարտքով 7 կամ 8 մլն դրամ է տվել ծանոթներից մեկին

«Արդշինբանկ»-ի վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող քրեական գործով երեկ ցուցմունք տվեց էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ավելի վաղ գրել էինք այն մասին, որ Գրիգորյանը «Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ քրեական գործով վկա է: Մինչ Գրիգորյանի նախարար դառնալը դատավոր Գագիկ Պողոսյանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, սակայն նախարար դառնալուց հետո տեղի ունեցած դատական նիստին որոշվել էր Գրիգորյանին ևս մեկ անգամ ծանուցագիր ուղարկել ու հրավիրել դատարան: Ուստի նախարարը, գործով հերթական դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիր ստանալով, ներկայացել էր:

Ինչպես դատական նիստին պարզվեց, Արթուր Գրիգորյանն «Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ հարուցված քրեական գործով  որպես մեղադրյալ ներգրավված Խաչիկ Գևորգյանին, ով բանկից վարկ վերցրած «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրենն է, պարտքով 7 կամ 8 միլիոն գումար է տվել՝ հստակ չի հիշում, թե որքան, և Գևորգյանն, ըստ նախարարի, առ այսօր իր պարտքը չի վերադարձրել:

Նշենք, որ Խաչիկ Գևորգյանի վերաբերյալ գործը դեռևս նախաքննության փուլում է: Վերջինս տևական ժամանակ հետախուզման մեջ է եղել, և այժմ հայտնաբերվել է Գերմանիայում: Բանկի տրամադրած վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ հարուցված գործից «Արդշինբանկ»-ի Երևան մասնաճյուղի նախկին կառավարիչ Արթուր Կարապետյանի գործը անջատվել ու ուղարկվել է դատարան: Դատարանում Արթուր Կարապետյանի վերաբերյալ քննվող գործի շրջանակներում է, որ այժմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, իսկ նախկինում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Գրիգորյանը դատարանում ցուցմունք տվեց:

«Արդշինբանկ»ի Երևան մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանը գործով մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում  «Արդշինբանկ» ՓԲԸ-ից միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471 800 000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ օգտագործելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր լիազորությունները չարաշահելու մեջ, որով, ըստ մեղադրանքի, բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացել են ծանր հետևանքներ: Մասնավորապես՝  վարկերի համար գրավադրվել է Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի կողմից «Արդշինբանկ»-ում ավանդադրված գումարը, և Խաչիկ Գևորգյանի չմարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին:

Քրեական գործում առկա են ցուցմունքներ այն մասին, որ Արթուր Գրիգորյանն, ով 2012 թվականին եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, շահագրգռվածություն է ունեցել «Հագենասին» տրամադրվող վարկի հարցում: Վկաներից մեկն էլ նշել է Արթուր Գրիգորյանի և Խաչիկ Գևորգյանի մտերիմ հարաբերությունների մասին ու հայտնել, որ մեկ անգամ չէ, որ Արթուր Գրիգորյանը Խաչիկ Գևորգյանի հետ գնացել է բանկ, որպեսզի վերջինիս վարկ տրամադրեն:

Նշենք, որ տրամադրված վարկով, ըստ գործի նյութերի, Խաչիկ Գևորգյանը պատրաստվում էր ալկոհոլային խմիչք արտահանել Չինաստան:

Արթուր Գրիգորյանի հարցաքննության ամբողջ ընթացքում կարմիր թելով անցնում էր հարցը, թե արդյոք վարկերի տրամադրման ժամանակահատվածում սոցապնախարար եղած Գրիգորյանը մասնակցություն չի ունեցել Խաչիկ Գևորգյանի նախաձեռնած բիզնեսին, և Արթուր Գրիգորյանն իրեն այս առնչությամբ տրված հարցերին ի պատասխան պնդեց, որ այդ բիզնեսում ներգրավվածություն ու շահագրգռվածություն չի ունեցել:

Խոսելով «Արդշինբանկ»-ի վարկի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների մասին՝ Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատելու տարիներին Խաչիկ Գևորգյանը դիմել է իրեն ու խնդրել հնարավորության դեպքում աջակցել վարկ ստանալու հարցում: Գևորգյանն, ըստ նախարարի ցուցմունքի, ցանկացել է կոնյակ և գինի արտահանել չինական շուկա, որի համար իրեն վարկ է անհրաժեշտ եղել, իսկ բանկերը ձգձգել են վարկի տրամադրման գործընթացը: Արթուր Գրիգորյանի խոսքով՝ ինքը Խաչիկ Գևորգյանին ճանաչել է ԱՄՆ-ում բնակվող իր ծանոթներից մեկի միջոցով, ով ցանկացել է Հայաստանում ներդրուներ կատարել: Նախարարը դժվարությամբ հիշեց, որ ԱՄՆ-ի իր ծանոթի անունը Ռոբերտ է:

Ըստ նախարարի ցուցմունքի՝ այն ժամանակ, երբ ինքը սոցապնախարար է եղել, հախաճակի է հանդիպել «Արդշինբանկ»-ի Երևան մասնաճյուղի կառավարիչ և գործով ամբաստանյալ Արթուր Կարապետյանի հետ: Հանդիպումներն, ըստ Գրիգորյանի ցուցմունքի, եղել են գործնական. սոցապնախարարությունը նախաձեռնած է եղել կենսաթոշակները քարտային համակարգով փոխանցելու գործընթացը, և դա է եղել բանկի կառավարչի հետ հաճախակի հանդիպելու առիթը:

Վկա նախարարի խոսքով՝ երբ Խաչիկ Գևորգյանն իրենից վարկ ստանալու հարցում օգնություն է խնդրել, ինքը այդ մասին տեղեկացրել է Արթուր Կարապետյանին ու ասել, որ եթե հնարավոր է, Գևորգյանին վարկ տրամադրվի: Նախարարն ասում է՝ խոսքն օրենքի շրջանակներում վարկ տրամադրելու մասին է եղել:

Դատարանում ցուցմունք տալիս Արթուր Գրիգորյանը հայտնեց, թե տեղյակ չի եղել, որ որպես վարկի ապահովման միջոց գրավադրվել է տուժող Կարեն Գևորգյանի ու նրա ընտանիքի ավանդը: Ըստ նախարարի ցուցմունքի՝ որքանով իրեն հայտնի է եղել, վարկի համար գրավադրվել է հնեցված կոնյակի մեծ քանակություն:

Ըստ Արթուր Գրիգորյանի ցուցմունքի՝ Խաչիկ Գևորգյանն իրեն դիմել է 300 000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու հարցով, մինչ վարկի տրամադրումը վերջինս իրեն զանգել ու ասել է, որ «Արդշինբանկ»-ի կողմից վարկի տրամադրումը ևս ձգձգվում է, ապա, երբ վարկը վերցրել է, այդ մասին ևս իրեն տեղյակ է պահել:

Մեղադրող կողմը Գրիգորյանին հարց ուղղեց, թե արդյոք վերջինս Խաչիկ Գևորգյանի կամ Արթուր Կարապետյանի հետ գումարային խնդիրներ ունեցել է, ինչին նախարարը բացասական պատասխան տվեց:

Ըստ Արթուր Գրիգորյանի ցուցմունքի՝ վարկ ստանալուց հետո ինքը Խաչիկ Գևորգյանին չի տեսել, և որոշ ժամանակ անց նրան սկսել է զանգահարել «Արդշինբանկ»-ի Երևան մասնաճյուղի կառավարիչ, ամբաստանյալ Արթուր Կարապետյանն ու ասել, որ Գևորգյանը չի կատարում վարկային պարտավորությունները: Այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորյանն, ըստ իր ցուցմունքի, կապվել է և՛ Խաչիկ Գևորգյանի եղբոր, և՛ Գևորգյանի հետ՝ հորդորելով, որպեսզի վարկային պարտավորությունները կատարվեն: Գրիգորյանի խոսքով՝ ինքը չի ցանկացել, որ իր անունը անհարկի շահարկվի այդ վարկի հարցում:

Գրիգորյանն, ի պատասխան դատավարության կողմերի հարցերի, նշեց նաև, որ ինքը Արթուր Կարապետյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ սահմանված իրավական ընթացակարգերով վարկային պարտավորությունները գրավով չեն մարվում, ինչին Արթուր Կարապետյանը պատասխանել է, թե դեռ դրա ժամանակը չէ:

Հատկանշական է, որ ըստ Արթուր Գրիգորյանի ցուցմունքի՝ Արթուր Կարապետյանն իրեն ասել է, որ որոշ ժամանակ ինքն է մարել «Հագենասի» վարկային պարտավորություները, թե ինչ միջոցներով՝ նախարարը չգիտի. Արթուր Կարապետյանն իրեն ասել է, որ «ինչ-որ ձևով» մարել է:

Հարցին` Արթուր Կարապետյանը «Հագենասի» բիզնեսում ներգրավված եղե՞լ է, նախարարը պատասխանեց, թե տեղյակ չէ, նշեց նաև, որ Արթուր Կարապետյանի կողմից շահագրգռվածություն այդ բիզնեսի հարցում չի նկատել:

Նախարարի՝ դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ կային, ուստի դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները:

Հակասություններից ամենակարևորը, թերևս, այն էր, որ նախաքննության ընթացքում Գրիգորյանը գրել է, որ Խաչիկ Գևորգյանին իր նախաձեռնած գործերի համար պարտքով գումար է տրամադրել, որը, սակայն, Գևորգյանը չի վերադարձրել, մինչդեռ դատարանում տված ցուցմունքում, հիշեցնենք, նախարարը հայտնել էր, թե Գևորգյանի հետ գումարային հարց չի ունեցել: Այն բանից հետո, երբ դատարանում հրապարակվեց իր նախաքննական ցուցմունքը, նախարար Գրիգորյանը վերհիշեց, որ Խաչիկ Գևորգյանին 7 կամ 8 մլն դրամ պարտքով գումար է տվել: Թե ինչ նպատակով է տվել այդ գումարը, նախարարը հստակ չի հիշում, նախ նշեց, որ բժշկական խնդրի համար է տրվել, ապա չբացառեց նաև, որ նախաքննական ցուցմունքում իր գրածը ճիշտ լինի, այսինքն՝ այն, որ գումարը Գևորգյանին տվել է բիզնեսի համար՝ իր սեփական միջոցներից:

Ամբաստանյալ Արթուր Կարապետյանի պաշտպան Բագրատ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը: Ի պատասխան` Գրիգորյանն ասաց, որ 7-8 մլն-ի մասին է: Այսինքն՝ կարելի է փաստել, որ նախարար Գրիգորյանը դատարանում ցուցմունք տալիս մոռացել էր, որ Խաչիկ Գևորգյանն իրեն 7 կամ 8 մլն դրամ գումար է պարտք:

Այս պատասխանից հետո նախարարին բազմաթիվ հարցեր տրվեցին, թե ինչո՞ւ է որոշել պարտքով գումար տալ մի անձի, ում հետ պարզապես ծանոթ է եղել: Ի պատասխան` Գրիգորյանը նշեց, որ խղճահարությունից դրդված է տվել գումարը:

Ամբաստանյալ Կարապետյանի պաշտպան Բագրատ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Գրիգորյանն օգնելո՞ւ էր յուրաքանչյուր քաղաքացու, ով իրեն կդիմեր: Ի պատասխան` Արթուր Գրիգորյանն ասաց, թե Խաչիկ Գևորգյանն այնքան ոգևորված է պատմել իր բիզնեսի մասին, որ ինքը ցանկացել է օգնել:

Նշենք, որ դատարանում և նախաքննության ընթացքում Արթուր Գրիգորյանի տված ցուցմունքներից պարզ չդարձավ, թե կոնկրետ երբ է Գրիգորյանը Խաչիկ Գևորգյանին պարտքով գումար տվել: Նախաքննական ցուցմունքում Գրիգորյանը նշում է միայն, որ 2011 թվականի վերջին է հանդիպել Գևորգյանին, և վերջինս պատմել է իր մի քանի բիզնեսի մասին: Այս ցուցմունքում Գրիգորյանն ասում է նաև, որ Խաչիկ Գևորգյանն այնուհետև անընդհատ առիթ էր փնտրում իրեն բիզնեսի մասին պատմելու համար, և «այդ ժամանակ» իրենից պարտքով գումար է խնդրել իր նախաձեռնած գործերի համար, ինքն էլ իր սեփական միջոցներից պարտքով որոշակի գումար է տվել նրան:

Նախարարից հետաքրքրվեցինք, թե արդյոք 7 կամ 8 մլն դրամ գումարը, որի մասին խոսվում էր դատարանում, հայտարարագրել է, ինչին նախարարը դրական պատասխան տվեց: Այսինքն՝ նախարարի պատասխանից կարելի է փաստել` ինքն ընդունում է, որ գումարը պարտքով տրվել է նախարար եղած ժամանակ, հակառակ դեպքում վերջինս դրամական միջոցները հայտարարագրելու պարտավորություն չէր ունենա: Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում՝ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում հրապարակված հայտարարագրերում, սակայն, առկա չէ իր կողմից տրված 7 կամ 8 մլն-ի փոխառության վերաբերյալ որևէ տեղեկություն:

Նախարարը մեզ հետ զրույցում պարզաբանեց նաև դատարան չներկայանալու պատճառները: Վերջինս ասաց, թե տեղյակ չէր, որ դատավորն իրեն բերման ենթարկելու որոշում է կայացրել, նշեց, որ նախկինում պատշաճ ծանուցվել ու երկու անգամ  ներկայացել է նիստերին, որոնք հետաձգվել են, դրանից հետո, ըստ Գրիգորյանի, ինքը Հայաստանում չի եղել և դատարան դիմում է ուղարկել՝ խնդրելով նկատի ունենալ այդ հանգամանքը: Ըստ Գրիգորյանի` այն ժամանակ, երբ ինքը Հայաստանում չի եղել, դարձյալ ծանուցագիր է եկել, որի մասին չի իմացել: Այժմ, ըստ նախարարի, պատշաճ ծանուցվել ու ներկայացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter