
Փլուզման հետևանքով արդարադատության նախարարության աշխատակիցը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել
Երեկ՝ ժամը 11:00-ի սահմաններում, փլուզվել է արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի ճակատային հատվածի քիվը: Այն տեղակայված է Արշակունյաց պողոտայի 23 հասցեում:
Պատահարի արդյունքում ՊՈԱԿ-ի երեք աշխատակիցներ տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից 47-ամյա Արայիկ Կարապետյանը ավելի ուշ մահացել է: ՊՈԱԿ-ի աշխատակից Մուշեղ Հարությունյանը, բժշկական օգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Գրիգոր Մարտիրոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ մինչ այժմ գտնվում է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Գրիգոր Մարտիրոսյանը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել, առողջական վիճակն այս պահին կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Դեպքի վայրում երեկ եղել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նաև զրուցել «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչի հետ, տեղեկացել Գրիգոր Մարտիրոսյանի առողջական վիճակի մասին: Այս մասին Զեյնալյանը գրառում էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Մեկնաբանել