HY RU EN

Սեդա Ղուկասյան

ՀՀԿ-ն ընտրակարգի չորս տարբերակ առաջարկեց

Խորհրդարանում ընթացավ ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ուժերից միայն ՀՀԿ-ն է, որը կողմնակից է ռեյտինգային ընտրակարգին, մյուս խմբակցությունները կողմնակից են, որ լինի 100%-անոց համամասնական ընտրակարգ։ ՀՀԿ-ի աշխատանքային խմբի անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ փակ ցուցակների հրապարակմամբ համամասնական ընտրակարգի թերություններին։

«Այդ դեպքում կուսակցության վերնախավն է որոշում ընտրացուցակներում անձանց հերթականությունը, այլ ոչ թե ժողովուրդը։ Փակ համամասնական ընտրակարգի դեպքում ունենում ենք քաղաքականության գերկենտրոնացում մայրաքաղաքում  և որպես կանոն ավելի հանրապետական մակարդակի գործիչներ են լինում այդ ցուցակում, և երաշխավորված չէ, որ տեղերից ունենանք կուսակցության ներայացուցիչներ»,- ասաց Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իրենց առաջարկները:

«Առաջին՝ խոշորացնում ենք տարածքները՝ նվազեցնելու տեղական ազդեցությունները, օրինակ Հայաստանը բաժանվի երեք մասի՝ հյուսիս, հարավ և Երևան, և տարածքային ցուցակները կազմվեն այդ տեսանկյունից։ Երկրորդ՝ ընտրողներին զրկել իրենց նախասիրությունները ցույց տալու հնարավորությունից, միևնույն ժամանակ ունենալ տարածքային ցուցակներ, այսինքն ընտրողն ընտրում է տարածքային ցուցակին, իսկ կուսակցության վերանախավը որոշում է հերթականությունը»,- ասաց նա։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ մյուս առաջարկն է ունենալ 101 ընտրատարածք՝ յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունները ներկայացնում են առնվազն մեկական թեկնածու, սակայն մարդիկ ընտրություն են կատարում ոչ թե հօգուտ թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության։

«Չորրորդ՝ ունենում ենք երկու քվեաթերթիկ, մանդատների մի մասը համապետական ցուցակից են բաշխվում,  իսկ մյուսը՝ տարածքներից, տարածքային ցուցակները բաշխվում են կախված նրանից, թե այս կամ այն տարածքում քանի տոկոս ձայն է ստացել կուսակցությունը»,- ասաց Հարությունյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակադարձեց, որ ընդդիմությոնը միշտ էլ պայքարել է, որ լինի համամասնական ընտրակարգ, և երբ Ընտրական օրենսգիրքը 2016-ին ընդունվում էր, իշխանությունները վստահեցրին, որ Սահմանադրության մեջ ամրագրվելու է համամասնական ընտրակարգ, սակայն ներկայացվեց ընտրակարգ, որը խնդիրներ ուներ։

«Այն ժամանակ էլ ասում էի, որ դա վատ տեղ է տանելու մեզ, տարածքներում մրցակցություն էր միլիարդատերերի և քաղաքական մարդկանց միջև, և շատ դժվար է քաղաքական խոսք հասցնել մարդկանց»,- ասաց Մարուքյանը։

Նիստին որոշվեց կրկին հանդիպել և որոշել՝ արդյոք յուրաքանչյուր խմբակցություն է ներկայացնում իր առաջարկը Կառավարություն, թե խմբակցությունները միասին են մեկ տարբերակ առաջարկում։