Քաղաքացու դիմումի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի նկատմամբ ապօրինի հետապնդումներ է իրականացրել
Հուլիսի 13-ին գլխավոր դատախազությունից ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հանցագործության մասին առերևույթ տվյալներ պարունակող հիշյալ հաղորդումը և ՊԵԿ հետաքննության վարչությունում առկա՝ դիմումին վերաբերելի փաստաթղթերը 2018 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել