HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Իզմիրլյան մանկատունը հրաժարվել է բարեգործից. «Ձեր բարեգործությունն ինձ պետք չէ»

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանը թվարկում է մանկատան հիմնական բարերարներին, նաեւ՝ առիթից առիթ այցելողներին, բացի մեկից՝ «Յուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամից: Հիմնադրամը 2011թ.-ից ատամնաբուժական ծառայություն է մատուցել մանկատան սաներին, սակայն արդեն 8 ամիս է, ինչ մանկատան բուժական հատվածում գտնվող ատամնաբուժարանի դուռը փակ է: 2017թ.-ի նոյեմբերից մանկատան տնօրենի պարտավորությունները ժամանակավորապես ստանձնած Լիլիթ Հակոբյանը դադարեցրել է ատամնաբուժարանի գործունեությունը:

Հետաքրքիր էր, թե ինչու են Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջոցներով ստեղծված մանկատանը հրաժարվել բարեգործից: «Երբ ես եկա, նրանք պայմանագիր չունեին կնքված եւ աշխատում էին այստեղ: Գործիքների ախտահանումը նորմալ չէր արվում, տարածքը չի համապատասխանում պահանջված նորմերին, տարածքի լիցենզիա չունեն: Ես ուզում եմ բոլորն օրենքի տառով լինի եւ հենց սկզբից պահանջ եմ դրել, որ ամեն ինչ պետք է օրենքի պահանջին համապատասխանեցվի»,- պատասխանեց Լ. Հակոբյանը:

Բարեգործական ատամնաբուժարանը մանկատանը սկսել է գործել 2013թ.-ից՝ մանկատան նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանի հրավերով: «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը շատ մեծ խնդրանքով դիմում է «Fundacja Wiewiorki Julii»-ի ղեկավարությանը մանկատան բուժկետի սենյակներից ամենահարմարավետը՝ հնարավորինս վերանորոգել ատամնաբուժական կետ ստեղծելու համար, որը կծառայի մանկատան սաներին»,- սա մեջբերում է նախկին տնօրենի 2013 թ. փետրվարի 28-ի գրությունից: «Յուլիայի սկյուռիկներ» ԲՀ-ի հիմնադիր Ջուլիետտա Կիվորկովան մանկատան բուժկետի սենյակներից ամենահարմարը վերանորոգել է եւ վերածել ատամնաբուժական կաբինետի, որից հետո մանկատան սաներին այդտեղ են ընդունել։

Լեհահայ Ջ. Կիվորկովան ասում է, որ առաջին անգամ մանկատուն այցելել է 2011թ.-ին եւ նկատել երեխաների բերանի խոռոչի աննկարագրելի վատ հիգիենան։ Լեհաստանում իրեն պատկանող «Էլեկտորալնա» ատամնաբուժական կլինիկայի ատամնաբույժների խմբով, սարքավորումներով եւ դեղորայքով վերադարձել է Հայաստան՝ երեխաներին ատամնաբուժական օգնություն ցուցաբերելու համար։ Ջ. Կիվորկովան Լեհաստանում երկու ատամնաբուժական կլինիկա ունի:

«Սկզբնական շրջանում, քանի որ մանկատանը չկարողացան ստեղծել համապատասխան աշխատանքային պայմաններ, մեզ աջակցեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը՝ երկու սենյակ տրամադրեց, որը կահավորեցինք եւ վերածեցինք կլինիկայի: Ես միկրոավտոբուս վարձեցի, որը մանկատնից երեխաներին տեղափոխում էր այնտեղ, եւ Լեհաստանից ժամանած մասնագետները կատարում էին անհրաժեշտ ատամնաբուժական միջամտություն»,- պատմեց Ջ. Կիվորկովան։

Դրանից հետո երեք ամիսը մեկ անգամ, 10-14 օրով լեհ բժիշկները 4-6 հոգանոց խմբով ժամանել են Հայաստան եւ հայ կամավորների օգնությամբ օրական 16-20 երեխա են բուժել։ «Արաբկիր» ԲԿ-ում սենյակները նրանց ժամանակավոր էին տրամադրել եւ պետք է տեղափոխվեին: «Հաշվի առնելով, որ բժիշկ Ջուլիետտա Կիվորկովան իր բժիշկների հետ միասին տարիների ընթացքում մեր մանկատան սաներին ցուցաբերել է ատամնաբուժական օգնություն եւ պարգեւել առողջ ատամներ՝ ակնկալում ենք, որ այդ օգնությունը շարունակական կլինի»,- գրում է նախկին տնօրենը եւ առաջարկում մանկատանը ատամնաբուժական կաբինետ հիմնել:

Հիմնադրամը գրանցվում է Հայաստանում, բժիշկ կամավորներից Հովհաննես Աբրահամյանը նշանակվում է հիմնադրամի գործադիր տնօրեն: Մոտ 40 տարվա փորձառություն ունեցող բժշկուհին այստեղ վերապատրաստել է կամավոր աշխատանքում ներգրավված 10 բժիշկներին, եւ 2013թ.-ից սկսած նրանք շաբաթ օրերին ծառայություններ են մատուցել մանկատան սաներին։ Ջ. Կիվորկովան նշում է, որ երեք ամիսը մեկ անգամ, Լեհաստանից 4 բժիշկներ էին ժամանում Հայաստան՝ մանկատան ատամնաբուժական կաբինետում հայ գործընկերների հետ աշխատելու:

«Հպարտ եմ, որ Լեհաստանում կան բազմաթիվ նման մարդիկ, ովքեր իրենց անձնական կարիերայից եւ գործնական հաջողություններից դուրս, կարեւորում են նաեւ այլոց կյանքը»,- բժիշկ Կիվորկովայի բարեգործական գործունեության մասին ասել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկինը` Յադվիգա Նովակովսկան: Վերջինիս եւ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի նվիրատվության շնորհիվ մանկատան ատամնաբուժական կաբինետը համալրվել է իտալական արդիական ռենտգեն սարքավորումով (MYRAY Zen-x, MYRAY RXDC):

Քանի որ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ը 2013թ.-ից հատուկ խնամքի (ֆուկցիոնալ եւ ֆիզիկական արատներ ունեցող) երեխաների մանկատուն է, որոնց ատամների բուժումը բավականին դժվար է, «Յուլիայի սկյուռիկներ» հիմնադրամը 2017թ.-ին ներմուծել է ատամնաբուժական մինտուրբինային համասարք եւ ատամնաքարերը մաքրելու սարք: Նվիրատվության պայմանագրով դրանք հանձնվել են «Մուրացան» հիվանդանոցին՝ մանկատան ոչ լիարժեք բուժառուներին եւ ընդհանրապես անկանխատեսելի բուժառուներին ընդհանուր անզգայացումով այնտեղ բուժելու համար։

Հ. Աբրահամյանն ասում է, որ երբ պայմանագիր չունենալը պատճառաբանելով՝ Լ. Հակոբյանը 2017թ. նոյեմբերին պահանջել է հեռանալ մանկատնից, իրենք առաջարկել են պայմանագիր կնքել: Սակայն ներկայացրել են մի պայմանագիր, որտեղ պատավորություններ էին սահմանված միայն իրենց համար, իսկ տնօրինությունը ոչ մի պարտավորություն չէր ստանձնում:

«Մեր առաջարկներով լրացրինք պայմանագիրը եւ ներկայացրինք տնօրենին, առաջարկներից մեկն էլ վերաբերում էր ատամնաբուժական կաբինետում տեսախցիկի պարտադիր առկայությանը: Սակայն Լ. Հակոբյանը չհամաձայնեց տեսախցիկն ամրագրել պայմանագրով: Մենք գործ ունենք ուղեղի կաթվածով հիվանդ երեխաների հետ, եւ շատ մեծ է ռիսկը: Տեսախցիկը մեզ կարող էր ապահովագրել ամեն տեսակ մեղադրանքներից»,- նշում է Հովհաննես Աբրահամյանը: Վերջինիս ասելով՝ Լիլիթ Հակոբյանը բավականին ժամանակ ձգձգելուց հետո ի վերջո կտրուկ հրաժարվել է պայմանագիրը վավերացնել:

Հ. Աբրահամյանն ասում է, որ իրենց բացակայության ժամանակ Լ. Հակոբյանի հրավիրած անձը փորձանմուշ է վերցրել կաբինետից: Իրենց հրամցրել են անստորագիր մի թուղթ, ըստ որի՝ կաբինետում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվում: Երբ պահանջել են սահմանված նորմերով ստուգում իրականացնել՝ Լ. Հակոբյանը պատասխանել է. «Մանկատունն ատամնաբույժ ունի, ձեր բարեգործությունն ինձ պետք չէ, ազատեք տարածքը»։

«Հաջորդ այցիս արդեն բուժանձնակազմի հագուստը թափված էր գետնին, տեսախցիկը պոկել էին, դրել սեղանին»,- պատմում է հիմնադրամի գործադիր տնօրենը: Հ. Աբրահամյանը որոշել է չենթարկվել տնօրենի կամայականությանը, որովհետեւ տարածքը վերանորոգվել եւ կահավորվել է Ջ. Կիվորկովայի միջոցներով: Կաբինետը մի անգամ էլ վնասվել է 2013թ.-ի մայիսի 5-ին մանկատանը ծագած հրդեհի պատճառով, որից հետո կրկին վերանորոգել են եւ նոր կաբինետ կահավորել՝ այս անգամ արդեն երկու աթոռով։ Հիմնադրամը 7 տարի ատամնաբուժական ծառայություն է մատուցել մանկատան սաներին, եւ նպատակ ունեն շարունակելու իրենց գործունեությունը:

Անցնող 8 ամիսներին բողոքներ են ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի ենթակայությամբ է գործում Իզմիրլյան մանկատունը: Այստեղ նրանց ընդունել է աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը: Հանդիպել են սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին, դիմել են Վերահսկիչ պալատ եւ այլն: «Բոլորը դրական պատասխան են տվել, խոստացել են աջակցել, բայց մինչ օրս ատամնաբուժարանի գործունեությունը փաստացի վերականգնված չէ»,- ասում է Հ. Աբրահամյանը։

«Ներսում 15 000 եվրոյի նյութեր են փչանում, բայց ատամնաբուժարանի դուռը շարունակում է փակ մնալ: Մանկատան բոլոր սաները (ներկայումս 108 երեխա ունի մանկատունը) ունեն առողջական լուրջ խնդիրներ եւ բերանի լիարժեք խնամքը նրանց առանձնահատուկ անհրաժեշտ է: Մենք դա երեխաների համար ենք անում, ոչ թե տնօրենի»,- ասում է Ջ. Կիվորկովան։  

Իշխանափոխությունից հետո «Յուլիայի սկյուռիկներ» հիմնադրամը կրկին դիմումներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Վերջինիս ուղղված գրությունից հետո նրանց ընդունել է նախարարության Ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը: Վերջինիս ասելով՝ կողմերի հետ քննարկել են ատամնաբուժարանի գործունեության հետ կապված կազմակերպաիրավական հարցերը:

Քննարկումը խաղաղ մթնոլորտում չի ընթացել, Լ. Հակոբյանը հիմնադրամին մեղադրել է մանկատանը «լեւի երեխաներ» ընդունելու համար: «Մենք պատասխանեցինք, որ նրա ասած «լեւի երեխաները» հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված արցախցի 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինվորականների երեխաներն են, որոնց Ջ. Կիվորկովայի առաջարկով անվճար ատամնաբուժական ծառայություն ենք մատուցել»,- տեղեկացրեց Հ. Աբրահամյանը: Ավելացրեց, որ իրենց պահանջը նախարարությունից եղել է՝ առողջ աշխատանքային միջավայր ապահովելը, իսկ ինքը հանձն է առել լուծել տարածքի լիցենզիայի հարցը:

«Մենք համաձայնության ենք եկել, որ միասին աշխատելու ենք մինչեւ մի որոշման գանք: Եկել ենք եզրակացության, որ պետք է վերացնեն թերությունները»,- մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց տնօրենի ժ/պ Լ. Հակոբյանը: Քննարկման ժամանակ նա դարձյալ պնդել է, որ 8 քմ սենյակում ատամնաբուժական կաբինետ չեն կարող ստեղծել: Սահմանված չափորոշիչներով, գործիքների ախտահանման համար առանձին սենյակ պետք է լինի, բժշկական հանդերձանքի համար՝ առանձին, իսկ ինքը տարածք չունի:  

Մանկատանը հիմա վերանորոգում է ընթանում: Տնօրենի ասելով՝ նախկին մանկապարտեզի շենքը հարմարեցվում է մանկատան պահանջներին՝ շարժունակության սահմանափակումներ ունեցող երեխաների տեղափոխումը կազմակերպելու համար թեքահարթակ են կառուցել, վերելակ են տեղադրել: Նա, եթե շարունակում է պնդել, որ ատամնաբուժարանը սահմանված նորմերին չի համապատասխանում եւ այդ պատճառով է դադարեցրել գործունեությունը, այս ընթացքում կարող էր լուծումներ գտնել համապատասխանեցնելու համար: Եթե բուժական մասում հնարավոր չէ դա անել, կարող է իր զբաղեցրած 3 սենյակներից զիջել ատամնաբուժարանին: Տնօրենի համար նպատակ պետք է լինի մանկատան սաների բոլոր պահանջների բավարարումը: Այնինչ, ավելի քան 8 ամիս պատճառներ է հորինել ատամնաբուժարանի փակելը հիմնավորելու համար:

Ջ. Կիվորկովան ստեղծել է ատամնաբուժարանը, կահավորել բարձրակարգ սարքավորումներով, այդ թվում նաեւ լավագույն ախտահանող սարքով, վերապատրաստել է բուժանձնակազմին, երեխաներին ապահովել է հիգիենայի պարագաներով եւ որակյալ բուժսպասարկումով: Մնացածը՝ փաստաթղթային թերությունները վերացնելը կամ համապատասխանեցնելը, տնօրենի խնդիրը պետք է լինի: Տնօրեն նշանակում են կազմակերպաիրավական հարցերին լուծում տալու համար:

Այդպիսի հաստատությունները պետք է տնօրինեն սակավապետ անձինք, որոնց դավանանքը կույրին, անկյալին, տկարին ծառայելն է: Երբ նախարարությունները կմտածեն հատուկ հաստատություններում զեխությունները կրճատելու մասին՝ «շեֆի» մտածողությամբ մարդկանց տնօրեն դառնալու գայթակղությունն էլ կվերանա: Մանկատներում ու ծերանոցներում կհայտնվեն մարդիկ, որոնց հավատամքը Աստծուն ծառայելը կլինի, ոչ թե աշխատասենյակներ, սպասարկող ավտոմեքենա, քարտուղարուհի եւ այլ ճոխություններով իրենց շրջապատելը:

Մեկնաբանություններ (18)

Հովսեփ
Ես անձամբ եղել եմ այդ մանկատանը։ Երեխաներին նվերներ էի պատրաստել ու որ տեսա բժիշկներ ու երեխաներ շփումը ուղակի չէի հավատում։ Երեխաները իրենք էին վազում այդ երիտասարդ բժիշկների մոտ գրկում նրանց և ցույց տալիս թե ինչպես են մաքրել իրենց ատամները։Հետաքրքրությունից գնացել եմ իրենց ատամնաբուժարան և ծանոթացել անձնակազմի հետ։Նրանք աշխատում էին այնպիսի նյութերով , որ ՀՀ տարածքում ամենալավ կլինիկայում չես կարող գտնել։ Անիմաստ խոսակցությունննննն ։Պետք է շնորհակալ լինել որ դեռ կան այդպիսի բարերարներրր։
Արամն
Հարգելի Մարիամ, Ձեր նամակին ի պատասխան հայտնում եմ, այո եղել են իրավաբանական թերություններ, բայց օգնությունը ցուցաբերվել է համապատասխան պայմաններում (տարածքը ունի Առողջապահության նախարարության լիցենզիան, որը թույլ է տալիս այդ պայմաններում մատուցել ատամնաբուժական օգնություն, նշեմ նաև որ տարածքը վերանորոգվել և կահավորվել է Բարերարի միջոցներով), համապատասխան կրթություն ունեցող ատամնաբուժների կողմից։ Մինչև տնօրենի փոփոխությունը հիմնադրամը այնտեղ աշխատել է առանց պայմանագրի, ներքին պայմանավրովածության հիման վրա, ինչը ընդունում եմ իրավաբանական տեսանկյունից սխալ է։ Բայց, եկեք մի փոքր ավելի խորը նայենք, երիտասարդ բժիշկները մատուցել են օգնություն ՀԻՎԱՆԴ երեխաներին, Բարեգործի միջոցներով, անհատույց։ Դուք հավանաբար գիտեք, որ նույնիսկ առողջ երեխային դժվար է ատամնաբուժական օգնություն ցուցաբերելը...աբանությունը...
Արման
Ծանոթ լինելով Հիմնադրամի գործունեությանը, նրանց աշխատանքին, հայտնում եմ, որ նրանք այնտեղ այնպիսի մեծ աշատանք են ծավալել, որ վերջին շրջանում, որպես կանոն կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ, այլ ոչ թէ բուժիչ։ Դեղանյութերը, որոնք օգտագործվել են նրանց աշխատանքի ընթացքում ուղղարկվում են արտասահմանից, իսկ կաբինետը հագեցած է ժամանակակից ատամնաբուժական տեխնիկայով, որոնցով հիմա կահավորվում են Հայաստանի ամենալավ ատամնաբուժական կլինիկաները։ Հիշենք նաև, որ այնտեղ ոչ միայն օգնություն է մատուցվել մանկատան երեխաներին, այլ նաև մեր Հայրենիքի համար զոված, կամ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների երեխաներին։ Իսկ ինչ վերաբերվում է օրենքի տառին, կարելի էր ուղղակի պայմանագիր կնքել Հիմնադրամի հետ և լուծել որոշ իրավաբանական խնդիրներ, այլ ոչ թէ մեջբերել իրականության հետ ոչ մի կապ չունեցող, հորինված խնդիրներ և դրանց հիման վրա դադարեցնել այդ երիտասարդ բժիշկների հայրենանվեր գործը։
Գևորգ
Իրոք զարմանում եմ ոնց կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հանդեպ ովքեր օտարության մեջ ապրելով ավելի շատ բան են անում այս երկրի համար քան մեր երկրում ապրող շատ շատերը ու ամենատհաճը այն է որ հերիք չի ոչինչ չեն անում մի բանել փորձում են խանգարել։ ......
Մարիամ
Հարգելիներս, Ստացվում է, որ «Յուլիայի սկյուռիկներ» հիմնադրամը 7 (յոթ) տարի շարունակ չունենալով համապատասխան լիցենզիա, այսինքն՝ նշված գործունեության իրականացման թույլտվություն, չհամաատասխանելով օրենքով նախատեսված պահանջներին ու պայմաններին իրականացրել է ատամնաբուժական գործունեություն օրենքի խախտմամբ ՝ ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 30.10.2014թ. թիվ 1202-Ն որոշում, ...: Հերևաբար, մանկատունը օրենքի տառին համահունչ իրականացրել է իր լիազորություններով սահմանված գործունեությունը:
Էլեն
Այդ մանկատնից որոշ տեղեկություն ունեմ, որ տնօրենի և աշխատողների միջև լարված մթնոլորտ է վախի մթնոլորտ իմ կարծիքով նման աշխատանքները պետք է իրականցվեն շատ նուրբ և խիստ համագործակցության աշխատանքների արդյունքում բարերարներին խորհուրդ կտամ լավ մտածեն վերադառնալուց առաջ մեկա չի թողնելու հանգիստ աշխատեք բա ձեր նեռվերը ափսոս չի 8 ամիս նման ստոր վերբերմունքից հետո դժվար գրկաբաց ընդունի պատճառ միշտ կգտնի ձեզ նեղացնելու ...
Անժելա
Շատ եմ ցավում, որ նման վերաբերմունք եմ տեսնում երեխաների հանդեպ: Մինչև հիմա ամեն հարց լուծվել է օրենքով սա անօրինություն էր, երբ խոսքը գնում է երեխաների առողջության մասին: Բարեգործություն է արվել ու հնարավոր ամեն ձևով պետք է դրան աջակցել: Հոդվածը կարդալուց հետո բավականին հետաքրքրվեցի բարեգործական հաստատության մասին և նրանք այս անձնանվեր գործով զբաղվում են երկար տարիներ և բավականին մեծ մաշտաբներով: Եթե չեք կարողանում դա հասկանալ ու գնահատել փորձեք հնարավորինս չխանգարել:
Սաթի
Կարդալով այ հոդվածը ,ես մտահոգվեցի մանկատան սաների ապագա ճակատագրի համար: Ինչպե՞ս կարելի է տնօրենի սկզբունքների պատճառով տուժեն անմեղ երեխաներ: Ես ինքս ծանոթ եմ հիմնադրամի գործունեությանը,ավելին ասեմ . Բնակվում եմ Լեհաստանում և 2 երեխաներիս ատամների խնդրով դիմեցի Էլեկտորալնա ատամնաբուժական կենտրոն: Պարզվեց ,որ 2 երեխաներիս մոտ էլ ատամների լուրջ խնդիր կա,և բոլորիս էլ հայտնի է թե Եվրոպայում ինչ մեծ գումարների հետ է կապված ատամների բուժումը: Դիմեցի տիկինԿիվորկովային և նա մեծ աջակցություն ցուցաբերեց ինձ: «Յուլիայի սկյուռիկներ» հիմնադրամի հոբանավորության շնորհիվ մի բալիկս ավարտել է բուժումը և հիմա ունի առողջ ատամներ , մյուս բալիկս էլ արդեն բուժման վերջին փուլում է: Հիմնադրամի, բարեխիղճ բժիշկների և մասնավորապես տիկին Կիվորկովայի շնորհիվ մենք ունենք առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ, ինչը նաև կցանկանայի ունենային իմ հայրենիքում ապրող և հնարավորություն չունեցող յուրաքանչյուր բալիկ: Ավելացնեմ նաև ,որ բուժումը տևել է մի քանի ամիսներ և բժշկուհու կողմից ոչ մի անձնական շահի կամ փիարի կարիք չեմ նկատել: Կարծում եմ իրավաբանական հարցերը լուծելի են , և յուրաքանչյուր սկզբունք էլ կարելի է մի կողմ դնել,երբ խոսքը վերաբերվում է անօգնական բալիկների օգնությանը
ՍԱՐԻԲԵԿ
Ջուլիետան ճիշտ ասեց՝ անհեթեթություններ մի գրեք ժողովորդ ջան։ Ամոթ է, մի գրեք նման բաներ:Դուք չեք ճանաչում Բժշկուհուն ու անտեղյակ եք նրա գործունեությանը։ Նա շատ ու շատ Գործեր է արել ու շարունակում անել ․․․Դուք և մյուները ուղակի, բնականաբար, տեղյակ չեք որովհոտև Նա այն «բարերաներից» չի՝ ովքեր անում են «պիառի» համար ․․․ Նա ԻՍԿԱԿԱՆ Բարերար է, Լավ Մարդ ու Լավ Բժիշկ ։ Իսկ մանկատան ատամնաբուժական կաբինետը պիտի բացվի, կրկնվում եմ, վստահ եմ Իզմիրլյան մանկատան երեխաները շատ ունեն դրա կարիքը։
Ջուլիետա
Ես հայ եմ, ապրում եմ Վարշավայում ու աշխատում Տիկին Կիվորկովայի ատամնաբուժական կլինիկայում՝ որպես բուժքույր։Ինձ նույնպես շատ մտահոգում է, որ մանկատան տնօրենը չի թողնում, որպեսզի այլևս գործի մանկատանը արդեն իսկ յոթը տարի գործող բարեգործական ատամնաբուժական կաբինետը։Ես վստահությամբ կարող եմ ասել, որ մանկատան երեխաները այդ կաբինետի կարիքը շատ ունեն։ Վարշավայից պարբերաբար Երևան եկող ատամնաբուժների խմբի հետ ես ևս եղել եմ մանկատանը ու լավ քաջատեղյակ եմ իրականությանը։ Ես կարդացի քննարկումների մեջ ինչ որ ահեթեթ մտքեր՝ իբր Բժշկուհին ինչ-որ շահ ունի ու նման բաներ։ Ամոթ է, մի գրեք նման բաներ՝ քանի որ չեք ճանաչում նրան ու տեղյակ չեք նրա գործունեությանը։ Հույսով եմ շատ շուտով Արդարությունը կհաղթի ու կվերաբացվի մեր շատ սիրելի երեխաների համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ատամնաբուժական կաբինետը։ Ինչ որ տեղ նաև վստահ եմ ՝ քանի որ չկա «նախկին ռեժիմը ու նախկին Հայաստանը», այլևս ունենք Նոր Հայաստան։
Ակելա
Արման, Դուք ձեր մեկնաբանության մեջ նշում եք, որ բարեգործության հետ առնչություն ունեք, ճիշտն ասած հավատս չի գալիս։ Բացատրեմ ինչու, բարեգործությամբ զբաղվելու դեպքում հստակ պատկերացում կունենաիք, որ բարեգործություն կատարող անձը, որը ունի այդ հնարավորությունները, բարեգործությունը անում է կոնկրետ նպատակներով, նախորոք ուսունասիրելով այն ոլորտը, որտեղ պլանավորում է բարեգործություն անել։ Եթե բարեգործի երեսին թքում են, ասելով, որ քո բարեգործությունը մեզ հարկավոր չի, բարեգործը երբեք չի շարունակի իր գործը։ Ծավոք սրտի Հայաստանում Ձեր նմանները դեռ գոյություն ունեն, այդ իսկ պատճառով, այն օգնությունը, որը մենք ստանում ենք սփյուռքից, վերջին տարիներին գնալով նվազել է։ Ինչ վերաբերվում է հոդվածում նշված Լեհաստանի բժիշկներին, ապա գալով Հայաստան նրանք շատ բաներ են կորցնում, նրանք կորցնում են իրենց հաճախորդներին, իրենց բարձր աշխատավարձը, ժամանակավորապես բաժանվում են իրենց ընտանիքներից, երեխաներից և այս մարդկանց Դուք ուզում եք ասել․ -Ձեր բարեգործությունը պետք չի՞․․․ Եթե լինեի նրանց տեղը, թքած կունենաի Ձեր առաջարկների վրա, ուրիշ տեղում շարունակել բարեգործությունը։
Արման
Հարգելի խմբագրություն, դուք չեք հրապարակել ին մեկնաբնության երկրորդ մասը։ Սա ի՞նչ է վերապահումով եք մոտենում կարծիքներին և մեկնաբանություններին
Հայր Վահան Յովակիմեան
Անձամբ այցելել եմ մի տարի առաջ յիշեալ կենդրոնը և հիացել․․․խնդրումեմ, երեխաներ և արդարութեան սիրոյն իրար հետ լեզու գտէք, որպէս զի վերաբացուի և գործէ այս դարմատունը․․․․ապա թէ ոչ տուժողները պիտի լինեն հաշմանդամ մեր երեխաներ, մեր կարոտեալ զաւակները։ Մեկնաբանությունը...
Գևորգ
Հարգելի' Տիգրան դու չլինելով ծանոթ այս Հիմնադրամի գործունեությանը անպատասխանտու հայտարարություններ ես անում խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ այցելես Մանկատուն ու հարցեր ուղղես մանկատան աշխատողներից ցանկացածին ում օրոք գործել է բարեգործական հիմնադրամը։ Տեսնեմ այդքանից հետո էլ համոզված կլինես արվածտ հայտարարություններում ։ Այստեղ շատերը կան ով կարծում են որ բարեգործական հիմնադրամը այլ նպատակներ է հետապնդում ուղղակի բոլորին խորհուրդ կտամ ուղղակի այցելեք Մանկատուն ու ցանկացած աշխատողի հարցրեք հիմնադրամի գործունեության մասին ....
Տիգրան
Անկախ Հայաստանի անկախ քաղաքացիներ ջան: Այդքան միամիտ եք? Չեք զգում, որ սա բարեգործություն չէ, այլ ինչ-որ բիզնես լեհաբնակ տիկնոջ ու իր ջահելների կողմից? Սրանք նախկին տնօրենին ու նախարարության երևի կապել էին ւ իրանց անօրիանակ գործը առաջ տանում: Հիմա էլ նոր տնօրենին են ուզում համոզեն չի ստացվում կատաղել են)))))Մեկնաբանությունը...
Էդգար
«Հրգելի խմբագիր նախորֆ տեքստում Արման անվան տեղը Արամ եմ գրել խնդրում եմ ուղղել»Հարգելի Արման ի պատսախան Ձեր մեկնաբանությանը ասեմ, որ բարեգործները անցնցում աշխատել են 7 տարի և նրանց մասին գրեթե ոչ մի բան չենք լսել թէ լավը թէ վատը այսինքն նրանք գովազդի կարիք չեն ունեցել: Լեհ բարերաը այքան հայտնի և հաջողված բժիշկ է Եվրոպայում, որ դժվար ֆինանսական շահույթ հետապնդեր այդ փոքր կաբինետից լոգիկա և տեղեկություն: Ինչի տեղափոխվեն ուրիշ տեղ մի մարդու սեփական կապրիզի համար: Հիմնադրամը չի ժխտում, որ իրավական խնդիրներ են եղել, բայց միարժամանակ պատրաստականություն է հայտնում ուղղելու: Ամբողջ պետական համակարգը կոռումպացված և անօրեն են եղել դե եկեք փակենք կամ տեղափոխենք այդ կառույցները դուք էք ասում նոր երկիր է դե թողեք մարդիկ աշխատեն ...
Էդգար
Հարգելի Արման ի պատսախան Ձեր մեկնաբանությանը ասեմ, որ բարեգործները անցնցում աշխատել են 7 տարի և նրանց մասին գրեթե ոչ մի բան չենք լսել թէ լավը թէ վատը այսինքն նրանք գովազդի կարիք չեն ունեցել: Լեհ բարերաը այքան հայտնի և հաջողված բժիշկ է Եվրոպայում, որ դժվար ֆինանսական շահույթ հետապնդեր այդ փոքր կաբինետից լոգիկա և տեղեկություն: Ինչի տեղափոխվեն ուրիշ տեղ մի մարդու սեփական կապրիզի համար: Հիմնադրամը չի ժխտում, որ իրավական խնդիրներ են եղել, բայց միարժամանակ պատրաստականություն է հայտնում ուղելու: Ամբողջ պետական համակարգը կոռումպացված և անօրեն են եղել դե եկեք փակենք կամ տեղափոխենք այդ կառույցները դուք էք ասում նոր երկիր է դե թողեք մարդիկ աշխատեն
Արման
Ժողովուրդ ճիշտն ասած չէի ցանկանալ մեկնաբանություն անել այս նյութին, սակայն նյութը շատ հետաքրքրեց: Հետաքրքրեց հատկապես այն իմաստով որ ես նույնպես առնչություն եմ ունեցել բարեգործության հետ՝ անձամբ դրանով զբաղվելով: Սակայն տարբեր պատճառներից ելնելով երբեք չեմ թողել որպեսզի անունս ի լուր աշխարհին հայտարարեն: Ի դեպ բարեգործությունս ավելի մեծ մասշտաբների էր հասնում քան նյութում նշվածը: Կարծում եմ բարեգործությունը չպետք է հայտարարվի՝ առավել ևս վերածվի նման ճղճիմ քննարկումների: Երբ ես զբաղվում էի բարեգործությամբ, ես նույնպես մտածում էի պետք է թելադրողի դերում լինեմ, բայց մի օր հասկացա, որ այդպես չէ: Ի վերջո պատասխանատուն բարեգործը չէ: Պետք է համատեղ որոշումներ կայացնել: Բոլորս էլ ատամնաբույժի մոտ գնում ենք, ինչու չէ վախենալով, որ կարող է ինչ որ հիվանդություն տուն բերենք: Չի կարելի խախտել օրենք՝ բարեգործության ներքո: Հետաքրքիր է, որ այստեղ նաև շեշտվում է առոգանությամբ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահի անունը: Պարզ չէր դրա կարևորությունը այս տեքստում: Ուզում եք նշել,որ նա էլ է մեծն բարեգործ? Բավական է, այս երկիրը փոխվել է: էնպիսի տպավորություն է, որ այս լեհաբնակ բարեգործ տիկինը ինչ որ աշխատանք կամ եկամուտ է կորցնում? Հարգելիս ուրիշ տեղ իրականացրեք Ձեր բարեգործությունը, չէ որ նպատակը օգնելն է: Վանաձորում, Գյումրիում, Կապանում, Սևանում, Քաջարանում, Վայքում, գյուղերում և այլ քաղաքներում բարեգործություն իրականացրեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter