
Կառավարությունը տարկետման իրավունք կտա ևս երկու մարզիկի
2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա սպորտի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող ևս երկու մարզիկ: Նման որոշման նախագիծ հրապարակված է կառավարության վաղվա՝ հուլիսի 19-ի նիստում օրակարգում, այն չզեկուցվող է: Հիշեցնենք, որ նախորդ նիստին ևս 21 մարզիկ տարկետման իրավունք էր ստացել:
Այդ մարզիկներն են՝ Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանը՝ նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն և Դավիթ Վարդանի Մադոյանը՝ բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն:
Ըստ որոշման նախագծի՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Տեղեկացնենք, որ Բաբկեն Շահազիզյանը ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Հրաչյա Շահազիզյանի որդին է:
Մեկնաբանել