HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մուտքերի առջեւի պետական տարածքն օտարել են բնակիչներից մեկին. հարեւանը զարմացած է

Նելլի Հայրիյանցն ապրում է Երեւանի Բաշինջաղյան 73/1 հասցեում: Նա այս տունը ձեռք է բերել 1988-ին, երբ Բաքվից գաղթել է Հայաստան: Այս եւ հարեւանի՝ Ստյոպա Հակոբյանի Բաշինջաղյան 73 հասցեի տների մուտքերը բացվում են պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր հողատարածքի վրա: 1998-ին Մաշտոցի ժողդատարանի վճռով, ի թիվս այլ հարցերի, երկու հարեւանների տնատիրությունների մուտքերն առանձնացվել են: Այս վճռի հիման վրա էլ Ս. Հակոբյանը հարեւանի դռնից ընդամենը 1 մ հեռավորության վրա թիթեղյա ցանկապատ է դրել՝ առանձնացնելով մուտքերը:

Սակայն  տիկին Նելլին բողոքարկել է վճիռն ու հասել մինչեւ վճռաբեկ դատարան, որը գործը մուտքերի առանձնացման մասով ուղարկել է նոր քննության: Արդյունքում վերաքննիչ դատարանը 2000 թ. մերժել է Հակոբյանի հայցը՝ մուտքերն առանձնացնելու մասին: Սակայն դրանից հետո էլ Ստյոպա Հակոբյանը չի ապամոնտաժել անօրինական ցանկապատը, ինչը Ն. Հայրիյանցին ստիպել է այդ հարցով 2001-ին մտնել դատարան: Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ, թե վճռաբեկ դատարանը միակարծիք են եղել. պետական սեփականություն հանդիսացող մայթի այդ հատվածում կառուցված ցանկապատը պետք է ապամոնտաժվի: Այդպես էլ արվել է:

Բայց ինչպես տիկին Նելլին է պատմում, «2003-ին եկել են ինժեներներ կադաստրից, հետո՝ քաղաքապետարանից եւ անտեսելով իմ միակ շքամուտքը՝ ստորագրել են ընդհանուր պետական տարածքի սեփականաշնորհման թույլտվություն: Այսպիսով՝ 2003 թ. նոյեմբերին հարեւանս ստացել է որոշում, որի համաձայն սեփականաշնորհել է մեր ընդհանուր տարածքը: Ս. Հակոբյանը ունի տանը կից մեծ բակ, մեծ ավտոտնակ եւ չբավարարվելով՝ վերցնում է երրորդ տարածքը: Մինչեւ օրս չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս էր դա հնարավոր: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո (2001 թ.), երբ այդ տարածքը ճանաչվել է ընդհանուր պետական: Ենթադրենք, որ խոսքը գնում է ոչ թե սեփական տան, այլ բազմաբնակարան շենքի մասին: Մի՞թե այդ շենքի բնակիչներից մեկը կարող է սեփականաշնորհել մուտքերի միջեւ ընկած տարածքը»:

Ընդ որում՝ Նելլի Հայրիյանցը 2003-ի այս թույլտվության մասին իմացել է միայն 2010-ի մարտին եւ դիմել դատարան՝ վերականգնելու իր իրավունքները: Ըստ էության, ստացվել է այն նույն իրավիճակը, երբ Հակոբյանը փաստորեն ինքնակամ փակել էր հարեւանի տան մուտքը՝ միայն 1 մ տարածք թողնելով դրա դիմաց: Եվ հիմա, երբ մուտքերի առջեւի ընդհանուր պետական տարածքը օտարվել է բնակիչներից մեկին, նա կարող է անել այն, ինչ ցանկանում է, այսինքն՝ այն, ինչ արել է նախկինում:  

«Եթե հարեւանը զրկի ինձ նորմալ մուտքից, ապա դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ դժվարություններ են առաջանալու ինձ համար: Ի՞նչ եք կարծում, եթե շտապօգնության կարիք ունենամ, պատգարակով ինչպե՞ս են ինձ դուրս հանելու դռնից. երկու կտո՞ր են անելու: Իսկ մեռնելու դեպքում դագաղս որտեղի՞ց են հանելու, լուսամուտի՞ց»,- հարց է տալիս տիկին Նելլին՝ հուսալով կրկին դատարանում վերականգնել արդարությունը:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter