HY RU EN

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը Փանիկ գյուղի միջադեպը համարում է սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները՝ առանց զգուշացման, Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժանք էին իրականացրել: Հնչած պայթյուններն ու կրակոցները բնակիչների մոտ վախ է առաջացրել, քանի որ զորավարժանքի մասին ոչինչ չեն իմացել:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը, պետք է համատեղ պայմանագրերը և հայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանվի:

«Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչ կառավարության նիստը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ևս անդրադարձավ Փանիկ գյուղի միջադեպին՝ այն բնորոշելով որպես անփութություն:

«Կոպիտ կհնչի, բայց պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում ուղղակի շատ են մի քիչ...»,- ասաց նա: Վանեցյանի խոսքով՝ նախապես ծանուցում չի եղել ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից:

«Դրա համար ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել, աշխատել ենք հետները, կարծում եմ նման բան չի կրկնվի»,- ասաց նա: Վանեցյանն ասաց, որ դիմել են ռազմաբազայի ղեկավարությանը, որտեղից էլ հավաստիացրել են, որ այլևս նման բան չի լինի: