
Էլեկտրոնային առողջապահության համակարգի վճարների փոխհատուցման համար կհատկացվի 301 մլն դրամ
Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց առողջապահության նախարարությանը 301 միլիոն դրամ հատկացնել։ Այդ գումարը կտրամադրվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները փոխհատուցելու նպատակով։
Նախարարությանը այդ գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից։
Գործադիր բերված որոշման նախագծի համաձայն՝ Երևանի՝ 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցները սուբսիդիա կստանան 50%-ի չափով, մայրաքաղաքի 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցները` 70%-ով, իսկ սահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկաներին և գյուղական ամբուլատորիաներին կտրամադրվի 100% սուբսիդիա:
2018 թվականի համար այս աշխատանքների սուբսիդավորման ենթակա ընդհանուր գումարը 504 միլիոն դրամ է, որից 203 միլիոնը կառավարությունը մարտի 15-ին արդեն տրամադրել է։
Մեկնաբանել