HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վթարից տուժած քաղաքացին նախարարությունից փոխհատուցում կպահանջի

Հուլիսի 8-ին M4 միջպետական ճանապարհի 88-րդ կիլոմետրին վթարի ենթարկված Մարինե Պապյանը պատրաստվում է փոխհատուցում ստանալ միջադեպի հետեւանքով կրած վնասների համար։

Վարդավառի տոնին, հիշեցնենք, Դիլիջանի ոլորաններից մեկում Մարինե Պապյանն իր վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով գլորվել էր ձորը։ Վթարի պատճառը եղել է հորդառատ անձրեւը։ Եվ քանի որ ճանապարհը ձորից բաժանող պատնեշը բացակայել է, ավտոմեքենան, որի մեջ՝ վարորդ Մարինե Պապյանն ու նրա անչափահաս թոռնիկը, հայտնվել է ձորում։

Մարինե Պապյանն աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Ասում է, որ ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում։ Այդ օրը թոռնիկի հետ մեկնել են Դիլիջան, որը նրա ծննդավայրն է։ Ասում է, որ վերադառնում էին ցածր արագությամբ։ Մեքենան կառավարումից դուրս է եկել ջրի խիտ շթի պատճառով։ Մարինե Պապյանին եւ թոռանը տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ ավելի շատ բարդությունների է հանդիպել, քան՝ բուժօգնություն ստացել;

Դեպքը նկարագրող մեր նախորդ հոդվածի ներքո կան մեկնաբանություններ այն մասին, որ եթե վարորդը մեծ արագությամբ չերթեւեկեր, միգուցե վթար տեղի չէր ունենա։ Մարինե Պապյանը պատմեց, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել․

«Նախ, թոռնիկս մեքենայի մեջ էր, տեղում էր հորդառատ անձրեւ, եւ Դիլիջանի ոլորաններում անհնար էր վերընթացի մեծ արագություն վերցնել։ Ես միայն հիշում եմ, որ այդ մի ոլորանն անցնելիս, ճանապարհի վերեւի մասից մեծ շիթով ջուր թափվեց, լցվեց մեքենայի տակ։ Ջուրը սկսեց լողացնել մեքենան։ Ու ես հասկանում էի, որ գնում ենք դեպի փլուզված պատնեշի ուղղություն։ Ոորքան փորձում էի ղեկը ձախ պտտել, ջրի հոսքն էր կառավարում մեքենայի ընթացքը։

Տեսա, որ թռնում ենք ծառերի վրա, եւ թոռնիկիս ձայնն եմ հիշում․ «Տատիկ, աչքերդ փակիր»։ Դեռ լավ է, որ ծանր մարմնական վնասվածքներ չունենք»։


Մարինե Պապյանը

Այնուհետև պատմությունը շարունակվել է Դիլիջանի բժշկական կենտրոնում։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայում, որը պատկանում է Դիլիջանի բժշկական կենտրոնին, առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ չեն եղել։ Իսկ արդեն կլինիկայում տեղի են ունեցել կասկածելի բաներ։

«Դա բոլորովին բուժօգնություն չէր։ Շտապօգնության մեքենայի մեջ ոչ սառույց կար, ոչ թրջոց։ Զգացի, որ աչքս ուռչում է, ասացի՝ սառույց տվեք, թրջոց դնենք։ Չունեին։ Ականջս արնահոսում էր։ Նույնիսկ պերեկիս չունեին։ Ու էդ վիճակում հասել ենք հիվանդանոց։ Հիվանդանոցում սառույց ճարվեց։ Առանց ինձ հարցնելու, որը խիստ խախտում է, մի երեք հատ արագ-արագ սրսկեցին։ Ես ալերգիկ եմ, ամեն դեղ ինձ ցուցված չէ։ Հարցնում եմ՝ ի՞նչ եք սրսկում, պատասխանում են՝ հանգստացնող է։ Իրենք մտածում էին, թե ես խուճապի մեջ եմ։ Հետո պարզվեց, որ անալգին-դիմեդրոլ էին ներարկել, որից ես ալերգիա ունեմ։ Միանգամից ավելի վատացա։ Ունեցա սրտխառնոց, գլխացավ եւ այլն։

Չեմ ուզում բողոքարկել, բայց շատ տգեղ էր, որ երբ բարեկամներս եկել էին Դիլիջանի կլինիկայում ինձ տեսակցության, նրանցից 7000 դրամ էին վերցրել դեղամիջոցների համար։ Անալգին-դիմեդրոլի համար՝ 7000։ Կտրոն էլ չտվեցին։ Բուժքույրը փորձում էր արդարանալ, թե՝ բժիշկն է հանձնարարել անպայման դեղի գումար վերցնել։ ՀԴՄ կտրոնի համար էլ ասացին՝ վաղը չէ մյուս օրն եկեք, կտանք։ Շատ տգեղ իրավիճակ էր։ Երբ հարց եղավ ռենտգեն կամ գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա անելու, պարզվեց, որ մասնագետը տեղում չէ, արագ չի կարող մոտենալ։

Մենք ասացինք՝ միգուցե տեղափոխեք Երեւան, 90 հազար դրամ պահանջեցին։ Ես այդ վիճակում, տաքսի եմ վարձել, տաքսիով տեղափոխվել Երեւան։ Առանց բժշկական հսկողության։ Դե ասացին՝ ակնհայտ է, որ ծանր մարմնական վնասվածք չեք ստացել, կարող եք մեկնել։ Անգամ ստորագրություն չվերցրին, որ իրենք պատասխանատու չեն իմ առողջության համար»,- պատմեց Մարինե Պապյանը։

Նա 70 հազար էլ վճարել է մեքենան Երեւան տեղափոխելու համար։ Մայրաքաղաքի կլինիկաներից եւս մեկում հետազոտվել է, կատարել վճարումներ։

Մարինե Պապյանը պահանջում է մեքենայի, ինչպես նաեւ իր կրած նյութական եւ առողջական ծախսերի ամբողջական փոխհատուցում։ Մարինեի փաստաբան Էդգար Նալբանդյանն ասում է, որ դեռ փորձաքննություն է իրականացվում՝ ծախսերի կոնկրետ չափը ճշտելու համար։ Փորձաքննությունից հետո Մարինե Պապյանի փաստաբանը կդիմի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։

«Ավտոմեքենայի 60-70 տոկոսը դեֆորմացվել է։ Պահանջելու ենք մեքենայի շուկայական գնի չափով փոխհատուցում, այսինքն՝ ոչ թե վերանորոգման գումար, այլ՝ ամբողջ ծավալով»,- նշեց փաստաբանը։


Էդգար Նալբանդյանը

Ըստ Էդգար Նալբանդյանի՝ այս պատմության մեջ կողմերը երկուսն են՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաեւ տվյալ ճանապարհահատվածը սպասարկող ճանշին ընկերությունը։ Նրանք երկուսն էլ անգործություն են դրսեւորել։ Մինչեւ Մարինե Պապյանի հետ կատարված դեպքը, այդ ճանապարհահատվածում տեղի են ունեցել նմանատիպ մի քանի դեպքեր։ Դեպքից օրեր անց, մեկ օրվա ընթացքում եւս երկու ավտոմեքենա է ընկել ձոր։ Փաստաբանն այս մասին տեղեկություն է ստացել թե ճանշինից, թե ՃՈ-ից, նաեւ նախարարությունից։

«Դեպքը տեղի է ունեցել անձրեւի հոսքի պատճառով եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոններն ապահովող մարմնի անգործության պատճառով։ Ընդ որում, ամիսներով շարունակվել է այս անգործությունը։ Եվ ճանշինը, եւ գերատեսչությունը չեն իրականացրել իրենց պարտավորությունները, ճանապարհի այդ հատվածը չեն ապահովել անվտանգության միջոցներով եւ ճանապարհային նշաններով։ Քաղաքացին, փաստորեն, այս վթարից խուսափելու հնարավարություն չի ունեցել»,-ասաց Նալբանդյանը։

Ըստ փաստաբանի՝ ճանշինից պարզաբանել են, որ արգելապատնեշները տեղադրելու համար նախարարությունը պետք է տենդեր հայտարարեր։

«Պատրաստվում ենք նախարարություն դիմում ներկայացնել համապատասխան վարույթ սկսելու վերաբերյալ։ Եթե վարույթի ընթացքում համաձայնության չգանք, եւ փոխհատուցման հետ կապված որեւէ արձագանք չեղավ, ստիպված կլինենք դատական ճանապարհով գնալու։ Եթե միանգամից դատական հայց ներկայացնենք, ուղղակի ծանրաբեռնելու ենք դատական համակարգը։ Փորձելու ենք նախարարության հետ համաձայնության հասնել։ Եթե նման մոտեցումը չգնահատվի, կդիմենք դատարան»,- ասաց փաստաբան Էդգար Նալբանդյանը։

Ինչ վերաբերում է Մարինե Պապյանի անչափահաս թոռնիկին, ապա նա, ըստ Մարինեի, այժմ հոգեբանական օգնություն է ստանում, քանի որ ուժեղ սթրես է ապրել։

Առաջին լուսանկարում՝ Մարինե Պապյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter