HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լյովա Խաչատրյանը կգնա գյուղնախարարության հետեւից

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Խոսակցություններ կան, որ գալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրելու եք Ձեր թեկնածությունը, եւ Ձեզ հետ նույն ընտրատարածքում պայքարելու է «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը: Նման եղեկություններ ունե՞ք:

Չգիտեմ, թե ովքեր են առաջադրվելու: Ինչպես միշտ, շատ մարդիկ կառաջադրվեն, եւ կընտրվի այն թեկնածուն, ում ժողովուրդը ձայն կտա:

Ասում են, որ այս ընտրություններին իշխող կոալիցիոն կուսակցությունները սատարելու են ոչ թե Ձեր, այլ հենց Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Նախկինում կոալիցիոն կուսակցությունները Ձեզ սատարե՞լ են:

Ոչ: Նախկինում էլ ինձ չեն սատարել, բայց 2003-ին ինձ սատարել են: Ես կոալիցիոն կուսակցություններից որեւէ մեկից չեմ լսել, ոի ինչ-որ մեկին պաշտպանում են: Միգուցե ինչ որ անհատ է հայտարարել եւ որոշում ընդունել, որ ասենք` Հանրապետական կուսակցությունը պարտավոր է դակել, ինչպես խորհրդարանում են երբեմն դակում մեծերի ասածները: Նախորդ ընտրություններում ես հավաքել եմ մոտ 24 հազար ձայն` 50 տոկոսից ավելի: Կարծում եմ, կուսակցությունները պետք է մտածեն, թե որ թեկնածուի հետ փոխադարձ միմյանց պաշտպանեն: Ոչ միայն կուսակցությունն ինձ պիտի պաշտպանի, այլեւ ես հնարավորություն ունեմ կուսակցությանը պաշտպանելու: Այնպես որ ակտուալ չի` կուսակցությունն ինձ կպաշտպանի, թե ոչ:

Այսինքն՝ ընտրությունների ժամանակ Ձեր ներուժն ավելի բարձր եք գնահատում, քան կուսակցությունների՞նը:

Ոչ: Իմ ներուժը իմ ընտրատեղամասում չի զիջում որեւէ կուսակցության ներուժին:

Երեկ ԿԸՀ-ն քարտեզագրեց ընտրատարածքները եւ թիվ 14 ընտրատարածքից 9 գյուղեր տեղափոխվեց թիվ 15 ընտրատարածք: Դուք ընտրվել եք թիվ 14 ընտրատարածքից, մտավախություն չունե՞ք, որ այդ փոփոխությունից հետո ընտրվելու Ձեր հնարավորությունները կնվազեն:

Բացարձակ: Ընտրատարածքների վերաձեւումը չի հետաքրքրում, որովհետեւ ինձ համար միեւնույն է, թե որ գյուղերը որտեղ կանցնեն կամ չեն անցնի: Կարծում եմ՝ իմ ընտրողներն այն մարդիկ են, որոնք այս տարիների ընթացքում տեսել են իմ աշխատանքը:

Մինչ օրս անկուսակցական եք, եւ լուրեր տարածվեցին, որ առաջիկայում կուսակցական եք դառնալու: Որոշե՞լ եք, թե որ կուսակցությանն եք անդամակցելու:

Դեռ չեմ որոշել՝ կուսակցության անդամ կդառնալու եմ, թե ոչ: Մինչ առաջադրումն ահագին ժամանակ կա, ինչպես տեսնում ենք, պրոցեսներ են զարգանում, բազմաթիվ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններ առաջարկում են անցում դեպի 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Կնայենք զարգացումներին, եւ, կարծում եմ, քաղաքական դաշտի զարգացման միակ գրավականը 100 տոկոսանոց քաղաքական խորհրդարան ունենալն է: Ինչպես զարգացումներն ընթանան, այնպես էլ որոշում կընդունեմ:

Իսկ կուսակցական դառնալու Ձեր հակվածությունն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտի կողմն է:

Անկեղծ ասած՝ առայժմ մտածում եմ, թե որ կուսակցությանը քվոտայով կտան գյուղնախարարությունը: Ես այդ տեսանկյունից եմ նայում, թե որտեղ կգնա գյուղնախարարությունը, որովհետեւ ես առավելագույնս կարող եմ օգնել գյուղացուն:

Ձեր ասածից կարո՞ղ ենք ենթադրել, որ պատրաստվում եք գյուղնախարար դառնալ:

Գործադիրում աշխատելու ցանկություն բացարձակապես չունեմ, որովհետեւ իմ ամբողջ կյանքում աշխատել եմ արտադրությունում, կարծում եմ՝ բավական է գործադիրում աշխատելը, առավել եւս խորհրդարանում բոլոր հարցումներով իմ վարկանիշը բավականին բարձր է, եւ իմ մոտ կարծես թե ստացվում է խորհրդարանական աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter