
Հանկարծամահ է եղել Նոբել անունով վագրը
Երեւանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) աշխատակազմը տեղեկացնում է, որ այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել:
Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 18 տարին, եթե ծերությունը չսպառեր նրա կենսական ուժերը:
Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը:
Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25:
Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005թ. մայիսի 9-ին: Ընկերուհու` Գերտայի հետ նրանք, Նոբելի մեղքով, այդպես էլ սերունդ չտվեցին:
Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած:
Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծաղ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:
Անկման նախնական պատճառը, ըստ ԵԿԱ կենդանաբույժի, ծերությունն է:
Մեկնաբանել