
«Հրապարակը» պետք է ապացուցի մեկնաբանությունների իսկությունը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արթուր Գրիգորյանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում 2011թ.-ի օգոստոսի 10-ին տեղադրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններից:
Այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանին ներկայացրեց հայցապահանջը, որի հիմքում ընկած է «Հրապարակ» օրաթերթի 2011թ.-ի օգոստոսի 10-ի համարում տպագրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածը: Համաձայն հայցվորի՝ սույն հոդվածի ներքո առկա մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է և՛ զրպարտություն, և՛ վիրավորանք: Հայցվորը յուրաքանչյուր զրպարտության համար պահանջում է 2 մլն դրամ, յուրաքնչյուր վիրավորանքի դիմաց՝ 1մլն դրամ, և 6 մեկնաբանությունների դիմաց ընդհանուր գումարը կազմում է 18 միլիոն դրամ:
Հայցվորը ավելացրեց նաև 2011թ.-ի նոյեմբերի 15-ի Սահմանադրական դատարանի որոշումը, համաձայն որի՝ հայցվորը պետք է հաշվի առնի պատասխանողի ֆինանսական վիճակը, երբ գումարային պահանջ է ներկայացնում, որպեսզի պատասխանողը, տվյալ դեպքում «Հրապարակ» օրաթերթը, սնանկության եզրին չկանգնի, հայցվորը դատարանից խնդրեց պարտավորեցնել՝ պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել ամսական 250.000 ՀՀ դրամ մինչև 18 միլիոն դրամի լրանալը:
Տ.Աթանեսյանը հասցված վնասի ապացուցման բեռը վերցրեց իր վրա, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը ներկայացրեց իր դիրքորոշումը ապացուցման բեռի կապակացությամբ, համաձայն որի' «Հրապարակ» օրաթերթը պետք է ապացուցի հետևյալ փաստերը.
1. ո՞վ է պատասխանտու ինտերնետային կայքում մեկնաբանություների տեղադրման համար,
2. ո՞վ է պատասխանատու՝ կայքում սահմանափակելու մեկնաբանություների տեղադրումը,
3. արդյո՞ք ընկերությունը պետք է պատասխանտվութուն կրի նշված մեկնաբանությունների համար
4. արդյո՞ք ընկերությունը վիրավորանք հասցրած և զրպարտություն կատարողն է:
Ըստ Գ.Գևորգյանի՝ պատասխանողը չի կարող կրել վիրավորանքի և զրպարտության ապացուցման բեռը, քանի որ ընկերությունը չի վիրավորել և զրպարտել փաստաբանին, և իրավասու չէ նման փաստերը ապացուցել դատարանում:
Դատարանը բաժանեց ապացուցման բեռը կողմերի միջև հետևյալ կերպ. հայցվորը պետք է ապացուցի իրեն պատճառված վնասը, ինչպես նաև ապացուցի, որ պատասխանողը պարտավոր էր կամ իրավունք ուներ թուլ չտալու, որ քաղաքացիները նման մեկնաբանություններ գրեին: Իսկ պատասխանողը, բացի իր վերևում թվարկած փաստերի ապացուցման բեռից, նաև պետք է ապացուցի մեկնաբանություների իրականությանը համապատասխանելիությունը:
Հայցվորը հավելեց, որ վնասի ապացուցման մասով դատաքննությանը կներկայացնի մի շարք հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթում իր վստահորդի վերաբերյալ այլ անձանց կողմից:
Այսպիսով, գործով նախնական դատական նիստն ավարտվեց և դատաքննության օր նշանակվեց փետրվարի 24-ը:
Մեկնաբանել