HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Աշոտ Նաջարյան․ «ՊՆ-ի «Լեռնային Հայաստան» առողջարանի տնօրենը զենքով, ծեծով ու սպառնալիքով խլեց իմ բիզնեսը»

Աշոտ Նաջարյանը «Հետք»-ի խմբագրություն եկավ իշխանափոխությունից հետո: Ինը տարի լռելուց հետո նա որոշել էր գալ ու պատմել իր կորցրած բիզնեսի մասին: Աշոտն այսքան ժամանակ վախեցել է բարձրաձայնել, որ իր բիզնեսը խլել է Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Կորյուն Եղիազարյանը, ով իր շրջանակներում հայտնի է «Սերժի Արո» անունով։

Աշոտ Նաջարյանի հաղորդումը՝ հանցագործության մասին

Աշոտ Նաջարյանը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից է, որտեղ 1999թ․ բենզալցակայան է կառուցել: Մինչև 2008թ․ կառույցը շահագործել է որպես բենզալցակայան, բայց ասում է՝ շահույթը քիչ էր և գնալով նվազում էր, քանի որ մեքենաները ավելի շատ սկսել էին գազով լիցքավորել։ Ընկերոջ հետ խորհրդակցում են, թե ինչ կարող են անել, և որոշում են բենզալցակայանը վերանորոգել ու դարձնել գազալցակայան։ Այդ ժամանակ, պատմում է, դա ռիսկային էր, որովհետև Արմավիրում գազալցակայնների մոնոպոլիան պատկանում էր գեներալ Մանվել Գրիգորյանին։

Կորյուն (Արայիկ Եղիազարյանը), աղբյուրը՝ hayzinvor.am

«Ընկերս ասեց, որի իր փեսան Տարոնիկ գյուղից է, էնտեղ էլ Սերժի ախրաննիկներից մի հատ տղա կա։ Գնանք էդ Արայիկի մոտ (Կորյուն Եղիազարյանին Արայիկ են ասում - Հետք), իրան առաջարկենք, թող մեզ տեր կանգնի, մենք էլ իրան մի քանի տոկոս գումար կհատկացնենք շահույթից»,- պատմում է Աշոտը։

Կորյուն Եղիազարյանը Դիլիջան քաղաքում պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի տնօրենն է։

Ըստ ՊՆ-ի պաշտոնաթերթի՝ նա գնդապետ է, «Արցախյան պատերազմն անցած զինվորական»։

Աշոտ Նաջարյանը ծանոթի միջոցով զանգում է Կորյուն Եղիազարյանին և պայմանվորվում հանդիպել Երևանում։

Հանդիպումը տեղի է ունենում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող թոնրատանը, որը նաև սննդի կետ է և, ըստ Աշոտի, պատկանում է Եղիազարյանին։

Նախ առաջարկեց ընկերոջս հանել բիզնեսից

Հանդիպման ժամանակ Աշոտն ասում է, որ ուզում է աշխատացնել գազալցակայանը, և եթե Եղիազարյանը իրենց «տեր կանգնի», պատրաստ է շահույթի մի մասը հատկացնել նրան։ Առաջին հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն չեն ունենում։ Կորյուն Եղիազարյանը խոստանում է մտածել, ապա հաջորդ օրը զանգում Աշոտին ու կանչում իր մոտ։

«Հարցրեց` ում հետ պիտի դնես, ասեցի ընկերոջս հետ: Ասեցի բայց մեզ պիտի օգնես։ Էդ Արայիկի ընկերը Վանաձորում գազալցակայանի ապարտուրայի ցեխ ուներ։ Ասեցի՝ եթե էդ ապարատուրայից մի հատ մեզ տաս, մենք կաշխատենք, կամաց կփակենք էդ գումարը, առաջին երկու ամսում: Ասեցի, որ ընկերոջս հետ պիտի դնեմ: Ասեց, եթե ես պիտի գազի կոմպրեսատորը տամ, կարա՞ս ընկերոջդ հանես մեջտեղից, ես ու դու լինենք, 50/50 աշխատենք: Ասի` մի օր հետո կպատասխանեմ: Դե ընկերոջս հետ պիտի խոսեի»,- պատմում է Աշոտը:

Ընկերոջ հետ քննարկում են ու որոշում համաձայնվել։ Ըստ պայմանավորվածության՝ գազի սարքավորումը պետք է տեղադրեր Կորյուն Եղիազարյանը, սարքավորման գումարն այլևս Աշոտը չպետք է վերադարձներ Եղիազարյանին։ Փոխարենը գազալցակայանը շահագործելուց հետո շահույթը կիսելու էին Կորյուն Եղիազարյանն ու Աշոտ Նաջարյանը։ Աշոտն էլ որոշում է իր 50 տոկոսից բաժին հանել ընկերոջը։

Բենզալցակայանը սկսում են վերակառուցել ու դարձնել գազալցակայան։ Այդ ժամանակ Աշոտն արդեն ունեցել է գազալցակայան շահագործելու թույլտվությունը։

Հետո իմ 50 տոկոսը դարձավ 20 տոկոս

Վերանորոգման աշխատանքները տևել են մոտ մեկուկես տարի։ Ամեն մեկն իր աշխատողներին է բերում։ Աշոտը վճարել է իր բերած աշխատողներին։ Ոսկեհատ գյուղի բնակիչներից երկուսը, որոնց Աշոտն էր տարել աշխատանքի, «Հետք»-ին պատմեցին, որ Կ․ Եղիազարյանն իր բերած աշխատողներին չէր վճարում, նրանք էլ բացակայում էին աշխատանքից։

Վերանորոգման աշխատանքների ընթացքում Աշոտ Նաջարյանի ու Կորյուն Եղիազարյանի հարաբերությունները սկսում են վատանալ։

«Գալիս էր զապրավկա, բրիգադիրներ բերեց, գազի տնօրեն բերեց, ասեցի՝ էս մարդկանց ինչի՞ ես բերում, ասեց` իրանք էլ են փող ներդրել: Ասեցի` ներդնում են, դու քո հիսուն տոկոսից գումար կտաս, իմ հետ էլ են մարդիկ փող ներդրել, դա ի՞նչ կապ ունի, բերեմ փայատե՞ր սարքեմ»,- պատմում է Աշոտը:

Աշոտ Նաջարյանը բենզալցակայանը շահագործել է որպես անհատ ձեռնարկատեր։ Սեփականության իրավունքով նրան են պատկանել թե հողատարածքը, թե շինությունը՝ բենզալցակայանը։

Սակայն բենզալցակայանը գազալցակայնի վերափոխելու ընթացքում՝ 2008թ․, Կ․ Եղիազարյանի նախաձեռնությամբ ընկերությունների գրանցման ռեգիստրում բացվում է նոր ընկերություն «Լի Գազ» անունով։ Եղիազարյանը մի օր, Աշոտի պատմելով, բերում է այս ընկերության թղթերը, ասում է, որ ընկերությունը պետք է շահագործի գազալցակայանը, և ցույց տալիս բաժնետերերի ցանկը։ Ըստ ցուցակի՝ Աշոտնինն էր միայն 20%-ը։

Այդ ժամանակ գազալցակայանի վերանորոգման աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են եղել, բայց Աշոտն ասում է, որ Եղիազարյանը չէր թողում աշխատացնել, մինչև ինքը չհամաձայնի լինել ընկերության 20% բաժնետերը։

«Վիճաբանեցինք առաջին անգամ, երկրորդ անգամ ինքը մարդ հավաքեց, եկավ, ինձ սպառնացին, զենքերով էին, եթե ես իմանայի, որ պիտի գային, ինձ սպառնային․․․ Ճիշտն ասած՝ իմ ախպերը, իմ շրջապատը հավաքվեցին, ասեցին պատերազմ սարքենք, եթե էդպես է: Բայց ես գիտեի իմ տղեն․․․ Էն մեկը` Ալիկը, դատարանում էր աշխատում, Էջմիածնի վարչական դատարանում, վիճաբանեցին նաև տղայիս հետ։ Ալիկը դատավորի օգնականն էր, մի շաբաթ չքաշեց, տղայիս հանել տվեց գործից։ Էդ Արայիկը կարողնում էր, էդքան թափ ուներ: Մեծ տղես էլ սպա էր, Մարագարայում էր ծառայում, ասեց կուղարկեմ Ղարաբաղ, դիակը հետ կբերեմ: Սերժը իրա մեջքին էր, ինչ ուզում, անում էր, մենք էլ էնտեղ ոչնչություն ենք էլի»։

Վիճաբանություններից մեկի ժամանակ գազալցակայանում վերանորոգման վրա աշխատելիս են եղել Ոսկեհատ գյուղի բնակիչներ Մկրտիչ Մելիքյանը և Վաչագան Ղլիջյանը։ Քիչ հետո իմանում են, որ դա իրենց աշխատանքային վերջին օրն էր։

Վաչագան Ղլիջյան․ «Աշխատում էինք, մի հատ ավտո եկավ, ջիպ էր երևի, տասը տարի անցել է, էդքան լավ չեմ հիշում, մի երկու - երեք հոգով էինք, Մարատն էլ հետներս էր աշխատում (Աշոտ Նաջարյանին գյուղում Մարատ են ասում- «Հետք»), օգնում էր, իրան կանչեցին, մի քիչ հեռու գնացին, պատի հետևը, մի տասնհինգ րոպե զրուցում էին, մենք աշխատում էինք, ձայները բարձրացան, կոպիտ խոսակցություն գնաց, մենք իջանք, կրիշում սվարկա էինք անում, գնացինք, որ մոտիկանանք, իրանցից մեկը ասեց` գնացեք էստեղից, որ ձեռքով արեց, կոստյումի փեշը բացվեց, զենքը շալվարի մեջ էր դրած, զենքի հետ խաղ անելն էլ մի քիչ էն չէր էն թվերին, ճիշտն ասած մենք էլ թողինք, գնացինք, որ գործ անենք, իրանք մի տասը-տասնհինգ րոպե զրուցեցին, բայց զրույցի ընթացքում լսում էինք, որ խոսում էին ինչ-որ տոկոսներից»:

Մկրտիչ Մելիքյան․ «Մարատը ասում էր` մեր պայմանավորվածությունը էդպես չի եղել, կցկտուր բաներ հասնում էր մեր ականջին, բայց թե ինչ թեմա էր կոնկրետ, էդ ինչ փայ ա, ինչ պայամանավորվածություն ա, չգիտենք: Իրանք գնացին, հետո Մարատը եկավ, ասեց` տղերք, վերջ, էսօրվանից էլ չենք աշխատում: Գնացեք տուն: Մենք էդ մի անգամ ենք տեսել իրանց ու էլ չենք աշխատել»:

Աշոտն պատմում է, որ այլընտրանք չէր մնում․ գազալցակայանում ստորագրում է ռեգիստրի փաստաթղթերը և համաձայնում լինել ընկերության 20 տոկոսի բաժնետերը։ Մյուս բաժնետերերից միայն մեկի անունն է ծանոթ եղել՝ Սերյոժա Եղիազարյանինը, ով Կորյուն Եղիազարյանի որդին է։ Հիմնական՝ 51% բաժնեմաս ունեցող Ռոզա Սաֆարյանին չի ճանաչում, մի անգամ է տեսել գազալցակայանում։ 

Յուրացման սխեմայի երրորդ փուլը․ զրոյանում նաև 20 տոկոսը

Ընկերությունում ամեն ինչ կարգավորելուց հետո Կորյուն Եղիազարյանը սկսում է պարտադրել, որ Աշոտ Նաջարյանը տարածքն ու բենզալցակայանը վաճառի։ 

Աշոտը չի ցանկանում վաճառել, համաձայնում  է նույնիսկ ընդհանրապես չխառնվել գազալցակայանի գործերին, միայն թե Կորյուն Եղիազարյանը իրենից վարձակալի բիզնեսը, աշխատացնի և իրեն տա միայն ամսական վարձավճար։ Ասում է՝ սկզբում համաձայնել են ամսական 290 հազարով: Բայց ոչ մի ամիս վարձավճար չի տվել: Կ․ Եղիազարյանի վերջնական առաջարկը Աշոտին բիզնեսը վաճառելն էր։

Կադաստրից ձեռք ենք բերել վարձակալության պայմանագիրը, որը, ըստ Աշոտի, կնքվել էր իբրև թե 290 հազարով։ Դրանում, որպես ամսական վարձավճար, նշված է 90 հազար դրամ։ Այս գնից Աշոտը տեղյակ չէր։ Նա չի հիշում, թե ինչ փաստաթղթեր է ստորագրել։ Հապճեպ ու տարօրինակ պայմանագրերը ցույց են տալիս, որ նա իրականում այլընտրանք չի ունեցել, համաձայնել է ամեն պայմանի, միայն թե չվաճառի իր գույքը։

«Ես չէի ուզում վաճառել, ոչ մի գնով չէի ուզում, ինձ ուզում էր 30 հազար [դոլար] փող տար, իրա հորեղաբոր տղան ասել էր գոնե 50 հազար փող տվեք, ես ասեցի չեմ ուզում էդ փողը։ Ես փողի կարիք չունեի, ես ունեի իմ սեփականությունը։ Զենքերը պահեցին, ասեցին՝ պիտի ձեռքիցդ վերցնենք, այլ ճանապարհ չունես։ Ես տանն էի, դուրս չէի գալիս։ Եկան, ինձ տնից տարան զապրավկի բակ, զրույցը գնաց, փեսաս ու եղբայրս էլ էին էնտեղ, մոտ եկան, չկարողացան միջամտեն, զապրավկի հետևը սկսեցին ծեծել, հահոյել, ես էլ իրենց հահոյեցի, զապրավկի մոտ մի հատ խանութ կար, էնտեղից մարդիկ եկան, որ օգնեն, բայց չթողեցին մոտենալ»,- Աշոտ Նաջարյան։

Պատմում են համագյուղացի ականատեսները

Հարություն Գևորգյանը գազալցակայանի մոտակայքում ավտոպահեստամասերի խանութ ունի: Ծեծկռտուքի ժամանակ խանութում է եղել։ Այնտեղ է եղել նաև ոսկեհատցի Հարություն Ավետիսյանը, երբ ձայներ են լսել, մոտեցել և փորձել են բաժանել, բայց չեն կարողացել։

«Ձեներից հելանք, վազեցինք, քֆուր էին տալիս, մոտեցանք իրենց, արդեն բրդբրդում էին, խփում էին, մեկը զենք ցույց տվեց, մենք էլ բնական է, վախեցանք, զենք կար մոտները  ու գիտեինք` ով էին, մենք չէինք կարա մոտիկանայաինք, սառեցինք, կանգնեցինք, չկարողացանք մեր մոտ մարդուն օգնեինք: Իրանք ինադու շորները բարձրացրին, որ մենք տեսնենք զենք կա, գիտե՞ս ոնց, ինքը չէր պահում զենքը մեր վրա, զենքը ցույց տվեց, չեմ կարա ասեմ` չվախեցանք, գիժ չէինք, չվախենայինք։ Հետո հետ եկանք: Մարատը հետո եկավ, ջուր ենք լցրել, լվացվել ա, ծեծել էին, խփել էին», - պատմում է Հարություն Գևորգյանը:

«Ես մեքենաս էի տարել սարքելու, կռվի ձայներ եկան, մոտեցանք տեսանք, որ Աշոտին ծեծում են։ Զենքերով էին իրենք, ասեցին՝ թողեք, գնացեք, մի մոտեցեք։ Չէինք կարող մոտենալ, մեզ կարող էին վնասել», - պատմում  է Հարություն Ավետիսյանը։ 

Աշոտին ստիպում են գնալ նոտարի մոտ ու ստորագրել են տալիս պայմանագիրը։ Ասում է՝ ստորագրել է առանց նայելու, և երբ դուրս է եկել, Կորյուն Եղիազարյանի մարդիկ իր մեքենայի մեջ թողել են 50 հազար դոլար ու հեռացել։

«Գիտեք էդ բենզալցկայանը ինձնից 2006թ․ 100 հազարով են ուզել, ես չեմ տվել։ Իրանք զոռով են բերել, էդ հիսուն հազար դրել իմ ավտոն, ես ոչ էլ թուղթն եմ վերցրել առուվաճառքի, էն աստիճանի էին հասցրել արդեն, ուրիշ ճար չկար։ Խլեցին իրանք, ես չեմ վաճառել, ինձնից խլել են իրանք», - ասում է Աշոտը:

Աշոտը չէր հիշում, թե ով է եղել պայմանագրի մյուս կողմը։ Նրան խնդրեցինք գնալ կադաստր և ձեռք բերել պայմանգրի պատճենը, որից էլ պարզվում է, որ գնորդը եղել է ոչ թե Կորյուն Եղիազարյանը, այլ «Լի Գազ» ՍՊԸ-ն։ Աշոտ Նաջարյանի 20% բաժնեմասը, որ արդեն ոչ որոշիչ դեր ուներ, թույլ է տվել հիմնական բաժնետիրոջը վերավաճառել բաժնետոմսերը։ Եվ քանի որ տարածքի ու գազալցակայանի սեփականատերը ՍՊԸ-ն էր, բաժնետոմսերի վաճառքի արդյունքում, վաճառվել է, փաստորեն, նաև գույքը։ Աշոտ Նաջարյանի խոսքով՝ Կորյուն Եղիազարյանը իր բիզնեսը վերավաճառել է մոտ 500 հազար դոլարով։

«Հետք»-ը փորձեց կապ հաստատել Կորյուն Եղիազարյանի հետ, սակայն նա չպատասխանեց իր բջջային հեռախոսահամարին արված զանգին։ «Լեռնային Հայաստան» հանգստյան տան աշխատակիցը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Եղիազարյանն այժմ պաշտոնավարում է։ Նա ասաց, որ միայն փոխտնօրեն Սամվել Հովսեփյանի միջոցով է հնարավոր կապվել և խոսել Կորյուն Եղիազարյանի հետ, փոխանցեց Հովսեփյանի հեռախոսահամարը, բայց վերջինս նույնպես չպատասխանեց մեր զանգին։ 

«Լի Գազ» ՍՊԸ-ի այժմյան բաժնետերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, Ոսկեհատի գյուղապետ Գևորգ Ներսիսյանի կինն է՝ Սոնիկ Ներսիսյանը։ Գևորգ Ներսիսյանը կաթողիկոսի եղբայրն է, ում ընտանիքին, փաստորեն, վերավաճառվել է Աշոտ Նաջարյանի բիզնեսը։

«Հետք»-ի ձեռք բերած փաստաթղթերից երևում է, որ բաժնետիրոջ փոփոխությունից հետո «Լի Գազ» ՍՊԸ-ն այս գույքը մի քանի անգամ գրավադրել է բանկերում, և փոխարենը ստացել մեծ վարկեր։ Վարկերից մեկի արժողությունը 1 միլիոն ԱՄՆ դոլար է։ 

Շարունակելի 

Տեսանյութերը և լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter