HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մեկնել է Արմավիր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Հանրապետության ղեկավարը մասնակցել է մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում կառուցվող «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Այստեղ նախագահին ներկայացրել են ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքում ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը: 

Նշվել է, որ գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Այն համալրելու է բնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Նոյան»-ի արտադրատեսականին և պատրաստելու է մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր և խտանյութեր, ինչպես նաև տոմատի և կարմիր պղպեղի մածուկ: Բարձրակարգ սարքավորումների, արտադրվող խտահյութերի որակի և բարեկարգ աշխատանքային պայմանների շնորհիվ՝ կառուցվող գործարանը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: Գործարանը և՛ արտադրամասերի, և՛ պահեստների տարածքներով պահանջարկի աճի դեպքում հնարավորություն ունի կրկնապատկելու իր արտադրանքը՝ կայուն հումքային բազայի առկայության շնորհիվ:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Վանանդի միջնակարգ  դպրոց: Նախագահը շրջել է դպրոցի հիմնանորոգված մասնաշենքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ավարտական փուլին: 1986թ. կառուցված դպրոցի 1-ին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի  սոցիալական  ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ և համայնքի համաֆինանսավորմամբ: Դպրոցին տրամադրվել  են  նաև համակարգիչներ և լաբորատոր սարքավորումներ:

Մարզի Էջմիածնի վարչական տարածքում նախագահն այցելել է «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ ևս, շրջել է սնկի արտադրամասի ընդլայնման նպատակով կառուցվող տարածքում և նորակառույց ջերմոցային տնտեսությունում: Սերժ Սարգսյանը վերոնշյալ ձեռնարկություններ այցելել էր նաև անցյալ տարվա ապրիլին՝ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Նախորդ այցի ընթացքում այս ձեռնարկություններում նախագահին ներկայացնելով ապագա ծրագրերը՝ նշել էին, որ «Բիգա»  ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել սնկի արտադրամասը, իսկ «Ամստեր ֆլաուերս»-ը կառուցել նոր տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ:

Ներկայացնելով այդ ուղղությամբ արդեն կատարված աշխատանքները՝ նշվել է, որ «Ամստեր ֆլաուերս» ընկերության կողմից նախաձեռնած ջերմոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտված  են և առաջին արտադրանքի թողարկումը նախատեսվում է ս.թ. հունվարի 20-ից: Ջերմոցը նախագծվել և կառուցվել է եվրոպական ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, սարքավորումները և համակարգչային տեխնիկան եվրոպական արտադրության են: Իսկ «Բիգա»  ընկերությունը սնկի արտադրության երկրորդ գործարանի շինարարությունն սկսել է ս.թ. հունվարից, որը նախատեսում է ավարտել սեպտեմբերին: Նշվել է, որ երկրորդ գործարանի կառուցման արդյունքում կավելանան «Բիգա»-ի արտադրանքի և՛ ներքին շուկայում վաճառքի, և՛ արտահանման ծավալները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter