
Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ
Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել Աշտարակի ավագանու անդամ Հայկ Վարդանյանի ընկերության հետ։ Քաղաքապետարանը ավագանու անդամի «Էփրան» ընկերության հետ պայմանագրեր սկսել է կնքել դրա հիմնադրումից մեկ ամիս անց։
«Էփրան» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա փետրվարի 8-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության միակ սեփականատերը Հայկ Վարդանյանն է։
Ընկերությունը գրանցված է Վարդանյանի բնակության հասցեում՝ Աշտարակի քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում։ Հայկ Վարդանյանը հանդիսանում է նաև ընկերության տնօրենը, այդ է վկայում ընկերության հետ կնքված պայմանագրում որպես տնօրեն նրա անվանման առակայությունը։
Ընկերությունը քաղաքապետարանի հետ վերջին պայմանագիրը կնքել է մայիսին։ Այդ պայմանագրով քաղաքապետարանը ավագանու անդամի ընկերությունից 1,9 միլիոն դրամով կամ մոտ 4 հազար դոլարով մեկ սահարան է գնել։
Պայմանագրի փոխանցմամբ՝ չինական արտադրության այդ սահարանը բազմաֆունկցիոնալ դիզայնով մոդուլային հավաքածու է։ Այն ունի 1 խողովակաձև սահաբլրակ, մեկ այլ երկտեղանի սահաբլրակ, հասանելիության սանդուղք և տանիքածածկ հարթակ։ 1,9 միլիոն դրամ արժողությամբ այդ սահարանը ըստ պայմանագրի այսպիսի տեսք ունի՝
լուսանկարը՝ Աշտարակի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-յան էջից
Ապրիլ ամսին քաղաքապետարանի հետ կնքված մեկ այլ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մինչ մայիսի 20 քաղաքապետարանին մատակարարել 2,5 միլիոն դրամ արժողությամբ շինանյութ՝ ցեմենտ, ավազ, պեմզաբլոկ։
Իսկ ապրիլի 7-ին Հայկ Վարդանյանին պատկանող ընկերությունը քաղաքապետարանի հետ կնքել է իր առաջին պայմանագիրը։ 85 000 դրամ պայմանագրով ընկերությունը պետք է տրամադրեր Աշտարակ քաղաքի մուտքի բարեկարգման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային աշխատանքների և փորձաքննության եզրակացություն։
Հայկ Վարդանյանը ավագանու անդամ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրություններով։ Աշտարակի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տվյալներով՝ Վարդանյանը ընդամենը երեք անգամ է բացակայել ավագանու նիստերից, իսկ ներկա գտնված նիստերին կողմ է քվեարկել ներկայացված բոլոր որոշման նախագծերին։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել