HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Համայնքապետի ընտանիքին պատկանող խոզաբուծարանը սպառնում է Արդենիս բնական լճի հետագա գոյությանը

Շիրակի մարզում գտնվող Արփի լիճ ազգային պարկի տարածքում, բացի Արփի լճից, մեկ այլ լճի գոյության մասին տարածաշրջան այցելողներից շատ քչերը գիտեն:

Խոսքը 10 հա մակերեսով, լեռնային աղբյուրների շնորհիվ ձեւավորված Արդենիս բնական լճի մասին է, որ գտնվում է նույնանուն բնակավայրում, Արփի լճից 11 կմ հեռավորության վրա: 2009թ-ին ազգային պարկի ձեւավորումից հետո 2050 մ բարձրության վրա գտնվող Արդենիս լիճն իր շրջակայքով հայտարարվեց հանգստի գոտի: Սակայն, արդյոք այն, ինչ գրվեց թղթի վրա ու ամրագրվեց կնիքով տարիներ առաջ, ներկայում համապատասխանում է իրականությանը: Զբոսաշրջիկներին ու ձկնորսներին հյուրընկալելու փոխարեն, լիճը վերջին 8 տարիներին վերածվել է մի քանի հա տարածքով կոյուղատարի:

Իր մեջ թափվող կեղտաջրերից «շնչահեղձ» եղած լճի ճակատագրին տարիներ շարունակ պատկան ատյանների հանցավոր անտարբերությունը բերել է որոշակի անդառնալի կորուստների՝ լճից իսպառ վերացել է ձուկը: Արդենիսը, մասնագետների հավաստիացմամբ, համարվում է մի շարք ջրլող թռչունների բնադրման վայր: Ձկան բացակայությունն իր հերթին հանգեցրել է դրանցով սնվող թռչունների բնադրման տեղափոխմանը՝ ձկնկուլին ու հավալուսնին ներկայում կարելի է հանդիպել միայն Արփի լճի տարածքում:

Լճի հարեւանությամբ բնակվող արդենիսցի Շաքրո Ղազարյանին, նրա ընտանիքին, փոքրիկ հյուրատանն ու զբոսաշրջության զարգացման մասին ապագա ծրագրերին «Հետք»-ն անդրադարձել է: Պատմել էինք նաեւ լճում մշկամկան բազմացման ձախողված ծրագրի մասին: Զրույցի ժամանակ Շաքրոն հայտնել էր, որ լիճը դանդաղ «մահանում» է հարեւանությամբ գործունեություն ծավալող խոզաբուծարանի եւ կաթի գործարանի թափոններից:

Շաքրո Ղազարյան

«Ես այդ մասին բազմիցս ահազանգել եմ, սակայն պատասխանը եղել է լռությունը,- ասում է Շաքրոն,- ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել էս հարցը կարգավորելու համար, մարդը մնացել է անպատիժ, ու էսօրվա օրը պատժված ենք մենք՝ լճում ընդհանրապես ձուկ չկա, որոշ ջրլող թռչուններ էլ չեն գալիս, ձկնորսները չեն գալիս, զբոսաշրջիկներին էլ ցույց տալու բան չկա՝ չորս բոլորը գարշահոտություն է, էդ խոզի կեղտն էլ ջրի երեսը բռնած: Տարիներ առաջ, երբ նոր-նոր էր սկսել լիճը կեղտոտվել, ես բողոքեցի, գնացի նախարարություն, էնտեղ ասին, որ հարցին անպայման ուշադրություն կդարձնեն, եթե զգան, որ վնասը մեծ է՝ խոզաբուծարանը կփակեն: Ես ասի, թե պետք չէ փակել, դուք կոյուղու հարցը լուծել տվեք սեփականատիրոջը: Անցել է 8-9 տարի, ու ոչ մի հարց չի լուծվել»:

Շաքրո Ղազարյանի փոխանցմամբ, խնդիրը լուծում չի ստացել, քանի որ Արդենիս համայնքի նախկին, ներկայում Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի ընտանիքին փաստաթղթերով պատկանող խոզաբուծարանի ու կաթի գործարանի գործունեության «հովանավորը» տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանն է: «Ավելի ճիշտ, ըստեղ ում էլ հարցնեք, սաղն էլ կըսեն, որ էդ ամեն ինչը Լոքյանինն է, դրա համար էլ բնապահպանության նախարարությունը տուգանելուց էն կողմ չանցավ: Լոքյանը ըստեղ շուտ-շուտ է գալիս, եթե իրանը չէ, կամ գոնե փայատեր չէ, ինչ դարդն է կտրել, որ գար գնար խոզաբուծարան»,- հարցնում է զրուցակիցս:

Արդյոք միայն գալ-գնալը, ինչպես պնդում է զրուցակիցս, բավարար է, որ անձը համարվի որեւէ կառույցի սեփականատեր: «Գիտեք ինչ, հնարավոր է ես չիմանամ, թե թղթով ով է իրական սեփականատերը, շատ հնարավոր է, որ Լոքյանը ոչ թե 100 տոկոսով է, այլ փայատեր է ուղղակի, բայց որ կապ ունի ու կոնկրետ խոզաբուծարանի հետ՝ փաստ է: Ես գյուղացի մարդ եմ, աչքիս առաջ շատ բան կկատարվի, հո քոռ չենք, տեսել ենք էդ մարդու հաճախակի գալն էլ, հետաքրքրվելն էլ: Եթե չեմ սխալվի վերջին անգամ Լոքյանը, որ եկել էր, ահագին ղալմաղալ էղավ, ըդոնց սաղին «շիշն էր շարել», թե դուք կըսեք խոզերի անկում կա, բայց Երեւան խանութը միս կծախեք: Եթե էդ մարդը կապ չունի էդ ամեն ինչի հետ, իրան ի՞նչ, թե Սամվելի խոզերը կսատկին: Դե թող մյուս նախարարներն էլ գան, ինչի՞ չեն գա: Ում կուզեք ստեղ հարցրեք, Մերգելը միշտ էլ պարծեցել է, որ իրենց թիկունքը Լոքյանն է: Եթե իրոք իրանց թիկունքում մարդ չլիներ, իրանք էսքան անպատիժ չէին գործե՝ ինչքան բողոքել ենք, լսել են, բայց հետո ինչ-որ մեկը «ստոպ» է տվել՝ բողոքներին արձագանքող չի եղել»,- պնդում է Շաքրոն:

Խոզաբուծական ֆերման հիմնվել է 2005թ-ին: Սեփականատերերը համարվում են Արդենիսում բնակվող Ղարիբյանները: Խոզաբուծարանին գրեթե զուգահեռ, տարածքում հիմնվել է կաթի վերամշակման գործարան: «Բուն գործունեությունը սկսել ենք 2008թ-ից, երբ գրանցվեց Մուրադ Ղարիբյան Ա/Ձ-ն, հետագայում կաթի գործարանը վերագրանցեցինք «Ոսկե սեր» ՍՊԸ-ով, իսկ խոզաբուծարանը գրանցված է Գյուլվարդ Ղարիբյանի անունով,- պարզաբանում է «Ոսկե սեր» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Ղարիբյանը (Արփի համայնքի ղեկավարի ավագ եղբայրն է-հեղ.),- որպես սկիզբ գնել ենք էն հին գոմը (նշված գոմը խորհրդային տարիներին պատկանել է կոլտնտեսությանը, անկախացումից հետո ասում են, որ երկար տարիներ այստեղ ոչխարաբուծությամբ է զբաղվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը-հեղ.), հետո քիչ-քիչ կառուցել ենք մյուս շինությունները: Ինչ ըստեղ տեսնում ես, էս տարածքում կա, մեր քրտինքով է ստեղծած»:

Սամվել Ղարիբյան

Ոչ  10 տարի առաջ, ոչ էլ հիմա, սեփականատերերին չի անհանգստացրել, թե գործարանի ու խոզաբուծարանի գործունեության արդյունքում առաջացող անպետք թափոնները որտեղ են կուտակվելու: Հարցին, թե երբեւէ մտածե՞լ են սեպտիկ հոր ունենալու, շրջակայքը, բնությունը չաղտոտելու մասին, տրվեց ժխտողական պատասխան: «Հմի էսքան գործն արել ենք, էսքան բանը սարքել ենք, մարդկանց աշխատանքով ենք ապահովել, մի հատ էլ սեպտիկ հորի մասին մտածեի՞նք,- զարմացած հարցնում է Սամվել Ղարիբյանը,- էս տարածքում որ գյուղն էլ մտնեք՝ կոյուղի չկա, բա չե՞ք հարցրել իրանց անասունի կեղտն ուր է գնում: Հա, ես էլ կողմ չեմ, որ լիճ է լցվում, բայց ի՞նչ կարող ենք անել»:

Գործունեության սկզբում, երբ ահազանգ է եղել լճի աղտոտման հետ կապված, կազմակերպությունը երկու անգամ տուգանվել է՝ առաջին անգամ 50 հազար դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն դրամով: Այսքանով ավարտվել է ազգային պարկի եւ բնապահպանական տեսչության հետեւողականությունը լճի էկոհամակարգի խախտումների վերացման հարցում: Հետագա բոլոր բողոքներն ու բարձրաձայնումները մնացել են անպատասխան ու անհետեւանք:

Մոտ 6 հա տարածքում գործունեություն ծավալող սեփականատերն Արփի խոշորացված համայնքում համարվում է խոշոր հարկատու: Սամվել Ղարիբյանը չկարողացավ նշել համայնքի բյուջե իրենց կազմակերպության կողմից վճարվող հարկի չափը: Սեփականատերը զարմանալիորեն չգիտեր նաեւ իր ենթակայության տակ աշխատողների ճշգրիտ թիվը, դրա փոխարեն հստակ հիշեց ու բարձրաձայնեց ունեցած վարկերի ընդհանուր գումարը՝ 360 հազար դոլար: «Ես ըսքան բանը կենեմ, հեչ մարդ չասեց՝ ապրես, հիմի եկել կնեղեն, թե լիճը կկեղտոտես: Արդեն փոշմանել եմ, որ էսքան բան եմ ներդրել, արդեն գուզեմ սաղ ծախեմ, թողնիմ էրթամ ստեղից»,- ասում է Սամվել Ղարիբյանը: «Փոշմանած» եւ ունեցվածքը վաճառել պատրաստվող սեփականատերը ներկայում մեծ թափով շինարարություն է իրականացնում տարածքում: «Հին գործարանը քանդել, նորը կսարքեմ: Էս ամեն ինչը սարքեմ պրծնիմ, փող էղնի, էդ սեպտիկ հորի հարցն էլ կլուծեմ: Մյուս կողմից էլ էդ սեպտիկ հորը վստահ եմ, որ իրեն չի արդարացնելու, ձմեռը մեր մոտ երկար է՝ սառելու է, ես էլ անտեղի ծախս եմ անելու»,- նկատում է զրուցակիցս:

Խոզաբուծարանում պահվող 1600 գլուխ խոզից զատ, կազմակերպությունն ունի նաեւ 100 այծ, իսկ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունը նախորդ տարի վաճառել են: Կաթը 8 գյուղի բնակիչներից գնում են լիտրը 150 դրամով: Ըստ տեղեկությունների, կազմակերպությունը շատ հաճախ վճարումները կատարում է բնամթերքով՝ միս, պանիր, կարագ: «Ոսկե սեր» ՍՊԸ-ում արտադրվող պանրատեսակն հիմնականում արտահանվում է ՌԴ քաղաքներ: «Արդենիս» ապրանքանիշը կրող սուլուգունի, չանախ, լոռի, մոցարելա պանրատեսակների կարելի է հանդիպել նաեւ մայրաքաղաքի վաճառքի կետերում: Խոզի միսն իրացվում է Երեւանում: Սամվել Ղարիբյանի փոխանցմամբ` անցած տարի իրենք 30-40 տոննա պանիր են արտահանել, իսկ այս տարի անցած 7 ամիսների ընթացքում ցուցանիշը գերազանցել է 40 տոննան: Խոզի միսն իրացվում է Երեւանում: Ղարիբյանները սեփական խանութ ունեն «Գումի» շուկայի տարածքում:

Արփի լիճ ազգային պարկի ստեղծման ժամանակ կազմակերպություններից WWF-ի ներկայացուցիչները եղել են տարածքում, ուսումնասիրություններ կատարել եւ խոստացել աջակցել սեպտիկ հոր կառուցելու հարցում: Ինչու՞ իրականություն չի դարձել խոստումը՝ տեղյակ չէին ոչ Ղարիբյանները, ոչ էլ ազգային պարկի ներկայիս տնօրինությունը:

Հովսեփ Սիմոնյան

«Ես տեղյակ եմ, որ Ղարիբյանները երկու անգամ տուգանվել են, նաեւ տեղյակ եմ, որ տարիներ առաջ իրենց խոստացել են սեպտիկ հորի հարցը լուծել, բայց չի արվել,- ասում է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը,- ես ընդամենը մեկ տարի է, որ պաշտոնավարում եմ, այս ընթացքում մի քանի անգամ հորդորել ենք լուծել խնդիրը, քանի որ հասկանում ենք. տուգանելով հարցը չի լուծվելու: Մենք վերջերս իրենց գրավոր դիմեցինք՝ հասկանալու համար, թե ինչ կոնկրետ քայլեր են պատրաստվում ձեռնարկել: Ստացել ենք պատասխան, որ պատրաստ են կառուցել սեպտիկ հորը, եթե կառավարությունն իրենց 20 մլն դրամի չափով անտոկոս վարկ հատկացնի: Ասեմ, որ նշված գումարն իրենց կատարած հաշվարկն է, մենք կոնկրետ չգիտենք, թե սեպտիկ հորի կառուցումն ինչ կարժենա, կամ թե իրենք ինչպես են հաշվարկել, որ էդ թիվն են ստացել»:

Հովսեփ Սիմոնյանն ասում է, որ հարցը ազգային պարկի տարածքում կատարվող շարքային խախտմանը չի վերաբերում: Սովորական որսագողություն չէ՝ ցանցն առգրավեն, որսագողին էլ տուգանեն եւ հետեւողական լինեն, որ տվյալ մարդն այլեւս տարածքում ձկան որսով չզբաղվի: «Այս հարցը պիտի տարիներ առաջ լուծում ստանար՝ չի ստացել: Հիմա 10 տարի է՝ տնտեսվարող սուբյեկտը գործունեություն է ծավալում, ներդրումներ է անում, եւ ուղղակի որոշում կայացնել ու մեկ ժամվա ընթացքում փակել այդ ամենը՝ դա էլ ճիշտ չէ: Մենք նամակով դիմել ենք բնապահպանության նախարարությանը, որ հարցը քննարկեն եւ որոշում կայացնեն: Եթե Ղարիբյանները հրաժարվեն որեւէ տարբերակով այդ կոյուղաջրերի հարցը լուծել՝ միակ լուծումն իհարկե, հանուն բնության, նրանց հետագա գործունեությունը կասեցնելն է լինելու: Նախարարություն նամակով դիմել ենք հուլիսի 10-ին, առայժմ պատասխան չունենք, երբ որոշում կայացվի, կտեղեկացնենք նաեւ ձեզ»,- խոստանում է պարկի տնօրենը:

Կանոնադրության համաձայն «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:


Կազմակերպության կարևոր կանոնադրական գործառույթներից են Արփի, Արդենիս լճերի եւ Ախուրյան գետի վերին հոuանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպես նաեւ Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի ջրային ու ցամաքային էկոհամակարգերի տարածքներում լանդշաֆտային ու կենuաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպումն ու իրականացումը և դրանց գիտական ուuումնաuիրության ապահովումը: Ազգային պարկը պարտավոր է իրականացնել մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավաuարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ:
Ի դեպ, Արդենիս լճի խնդրին հասցրել է ծանոթանալ նաեւ նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը: Վերջինս այցելել էր խոզաբուծարան եւ Սամվել Ղարիբյանին առաջարկել վաճառել խոզերի կեսն ու լուծել կոյուղաջրերի մաքրման կայանի հարցը: Սակայն սեփականատերը հարցի նման լուծումը չէր ընդունել:

Խոզաբուծարանի տարածք լքելուց հետո Արդենիս լճում առկա աղտեղություններն արձանագրելու նպատակով տարածքում շրջելիս հանդիպեցինք Երեւանից ժամանած կենդանաբաններին, որոնք եկել էին թռչնադիտարկման: Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը գրեթե տաս տարի է՝ առնչվում է խնդրին, ասում է առաջիններից մեկն է եղել, որ բարձրաձայնել է, նամակներ գրել բնապահպանության նախարարներին, պահանջել հարցին տալ լուծում, կամ փակել խոզաբուծարանը, կամ արգելել կեղտաջրերը լիճ թափելու հանցավոր որոշումը:

«Ես զարմացած եմ ինչից, որ էն ժամանակ ազգային պարկը, որ ստեղծում էին, էդքան փող դրեցին, չէին կարո՞ղ որոշակի գումար առանձնացնեին էդ խոզաբուծարանի հարցը լուծեին՝ դա մեկ: Երկրորդ՝ էդ ինչ դարձավ էս տնտեսությունը, որ 10 տարի է՝ նախարարությունը չի կարողանում հարցը լուծել, լիճը հասցրել են կիսամեռ վիճակի: Ես նամակով դիմել եմ նախորդ նախարարներից Արամայիս Գրիգորյանին էլ, Արծվիկ Մինասյանին էլ, էս նորանշանակ նախարարին փաթեթը ուղարկելու եմ երկուշաբթի: Ուրեմն Մինասյանի ժամանակ ինձ ասին, որ մարդ են ուղարկել, տեսչությունից եկել, տուգանել են: Բայց ախր ով է ասել, որ տուգանելով հարց են լուծում: Արծվիկի տեղակալին էլ հարցրեցի, հը, ի՞նչ եղավ, ի՞նչ եք անելու, ինձ ասեց՝ հլը դու տես, դրանց ինչ ենք անելու ու...ոչ մի բան, ոչ մի բան էլ չարեցին, ոնց կար էդպես էլ ամեն ինչ մնաց նույնը»,- նեղսրտում է Մամիկոն Ղասաբյանը:

Մամիկոն Ղասաբյան

Զրուցակիցս համարում է, որ հարցը անպայման պետք է լուծվի հօգուտ բնության: «Ձուկն իսպառ վերացել է, որոշ թռչուններ այլեւս չեն բնադրում այստեղ, էս լճի վրա լող տվող մի քանի թռչնատեսակների վերարտադրությունն էլ վտանգի տակ է, մենք դեռ չգիտենք՝ իրենք որ սնվում են էս տարածքում, ինչ է կատարվում իրենց օրգանիզմում, դեռ պետք է ուսումնասիրություններ կատարենք,- նկատում է զրուցակիցս,- դուք գիտեք գուցե, ախր լավ չգիտեք, մենակ կեղտաջուր չի թափվում լիճ, էն բոլոր մաքրող, լվացող քիմիական նյութերը, դրանք բոլորը կեղտաջրերի հետ հասնում են լիճ: Ես ունեմ ֆոտոներ, որտեղ հստակ երեւում են ջրի վրա լող տվող դեղերի տուփերը: Հիմա հարց է դրված խոզաբուծարա՞նը, թե՞ լիճը, ես ասում եմ՝ լիճը: Ինքը վաղը մյուս օրն ավելի կհարստանա, իսկ մենք ընդմիշտ կկորցնենք բնական այս հարստությունը»:

«Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը խնդրին տեղյակ է արդեն 4 տարի: Ասում է, որ բազմիցս հարցը բարձրացրել են, սակայն լուծումը, որ կբավարարեր բնապահպաններին՝ չեն տեսել: «Սա միայն բնապահպանական խնդիր չէ, սա միայն բնական լճի ոչնչացման հարցը չէ՝ խորքային մի բան էլ կա, որ շատ դեպքերում անտեսվում է: Էս ամբողջը նախ եւ առաջ սկսվել է տեղական իշխանությունների թույլտվությամբ: Ղարիբյանների մի եղբայրը՝ Մերգել Ղարիբյանը, էդ համայնքի ղեկավարն է, այսինքն՝ թողտվությունը հենց այդտեղից էլ սկսվել է: Ստացվում է ՏԻՄ-ը հովանավորում է սեփական բիզնեսը: Անընդհատ շեշտվում է, որ խոզաբուծարանն ու կաթի գործարանը կեղտոտում են լիճը, եկեք մի հատ հասկանանք, թե տարածքում գործունեություն ծավալելու թույլտվությունն ով է տվել, ու ինչու մարդիկ ի պաշտոնե ոչ թե կանխել, այլ աջակցել են բնական միջավայրի ոչնչացմանը: Ես համարում եմ, որ թույլ է տրվել պաշտոնեական դիրքի չարաշահում»,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը:

Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը մինչեւ համայնքների խոշորացումը, 2008թ-ին եղել է Արդենիս գյուղի գյուղապետը, վերընտրվել է նույն պաշտոնում 2012թ-ին, իսկ 2016թ-ին՝ դարձել խոշորացված համանքի ղեկավար: Սամվել Ղարիբյանի պնդմամբ, առաջին շինություններն իրենք ձեռք են բերել 2005թ-ին, բուն գործունեությունը տարածքում սկսել են ծավալել 2008թ-ին, այսինքն եղբոր պաշտոնավարմանը զուգահեռ:

«Ոչ մի մակարդակում խնդիրը լուծված չէ: Մարդը բիզնես է ստեղծել, շատ ուրախ ենք, բայց էդ բիզնեսը վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Ինչ-որ մեկը, մեկ տասնյակ մարդու ասենք 50-60 հազար դրամ վճարելով, հարստանում է, բայց դրա արդյունքում մենք կորցնում ենք մի ամբողջ բնական միջավայր: Նույնիսկ եթե այնտեղ չլինեին ձկնատեսակներ ու թռչուններ, ոչ ոք իրենց իրավունք չէր տվել կեղտաջրերը լցնելու լեռնային աղբյուրներից սնվող լիճ,- շեշտում է զրուցակիցս,- ինչ վերաբերում է սեպտիկ հորի սառելուն, ապա հաստատ չի սառելու, պետք չէ նման կեղծ մտավախություն ունենալ: Ես Մերգելին առաջարկել եմ երկու հոր փորել, մեկը լցվելու դեպքում՝ անցնել մյուսին, իսկ լցվածը, հատուկ մեքենաներ կան՝ դրանց միջոցով դատարկելու: Ջուրը ինչ-որ մակարդակում ներծծվելու է հողի մեջ, իսկ պինդ մասսան, հեկտարներով հողեր ունեն, թող տանեն օգտագործեն որպես պարարտանյութ: Լուծում միշտ կա, ցանկություն է պետք»:

Բնապահպանը համոզված է, որ անգամ տնտեսվարողի գործունեությունը կասեցնելու դեպքում, ամենաքիչը մեկ տասնամյակ պետք կլինի Արդենիս լճի բնական վիճակը վերականգնելու համար:

Հետգրության փոխարեն...

«Ոսկե սեր» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Ղարիբյանը դժգոհեց, որ իրեն գովելու փոխարեն՝ մի բան էլ «նեղացնում են», ու դա ընդամենը մեկ բնակչի բողոքով: «Ինքն, որ չբողոքե, հեչ մարդ էլ չի հետաքրքրվի: Հեչ մեկը չըսեց, թե ապրես, էսքան գործ ես արել: Էդ նույն բողոքողին (նկատի ուներ Շաքրո Ղազարյանին-հեղ.) գնացեք հարցրեք, թե բա ինքն ինչի լիճ կլցնե իրա գոմի էղացածը: Եթե անկողմնակալ եք էդքան, դե գնացեք ու հարցրեք»,- հրաժեշտից առաջ հորդորեց Սամվել Ղարիբյանը՝ նկատելով, թե լիճը, որ 4 հա-ից դարձել է 10 հա, իր գործարանից հոսած կեղտաջրերի հաշվին է: Սամվել Ղարիբյանի կարծիքով ինքը մեծ հանցանք չի գործել, քանի որ լճում թանկարժեք ձկնատեսակ չի եղել, իսկ կարասի վերացումը մեծ խնդիր չէ:

Շաքրոն չժխտեց, որ լճի հարեւանությամբ գտնվող գոմի թափոններն արդեն 3 տարի է՝ ինքն էլ է լցնում լիճը: «Իմը ընդամենը 10 կով է, իրանը 2000 գլուխ անասուն, դրան գումարած կաթի գործարանը: Իմս տասնոց տրուբա է, հենց հմի կփակեմ, ինքը կարո՞ղ է իր գործարանի կեղտաջրերի ճամփեն փակել: Ես նման կերպ վարվեցի, որովհետեւ արդեն 8 տարի է՝ ձուկը վերացել է լճից: Թե պիտի պատժեն, թող օրենքով բոլորիս էլ պատժեն, թե իրեն կարելի՞ է, ուրիշին չի կարելի, որովհետեւ իրանց թիկունքին մարդ կա կանգնած: Իսկ ինչ մնում է, թե ինչի հաշվին է լիճը մեծացել, ասեմ, որ հաստատ ոչ կեղտաջրերի: Ես որ նոր էի եկել էստեղ ապրելու, սարերից իջնող առու կար տանս դեմով անցնող, դրա հունն եմ փոխել, ուղղել լիճ, այ թե ինչի հաշվին է տարիների ընթացքում լիճը մեծացել, ինչպես նաեւ տակից բխող աղբյուրների»:

Համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանին հանդիպել չհաջողվեց: Համայնքապետարանից տեղեկացրին, որ արձակուրդում է հուլիսի 2-ից եւ կվերադառնա օգոստոսի 1-ին: Արփի համայնքի ավագանու անդամներից մեկը հաստատեց համայնքի ղեկավարի արձակուրդում գտնվելու փաստը՝ միաժամանակ շեշտելով, որ պարոն Ղարիբյանը արձակուրդում է եղել նաեւ այս տարվա հունվար ամսին: «Հետք»-ի ունեցած մեկ այլ տեղեկությամբ, բնակիչներից մեկից ստացած բողոք-նամակի հիման վրա, համայնքապետի գործունեությամբ հուլիսի 16-ից հետաքրքրված է ոստիկանությունը, եւ Մերգել Ղարիբյանն իր արձակուրդի երկրորդ մասն անցկացնում է ոչ թե Վրաստանում, ինչպես վաղօրոք տեղեկացրել էին, այլ իրավապահ մարմիններին այցելելով:

Մեկնաբանություններ (8)

Dr. C.J. George
No doubt we have to appreciate the owner of the farm to start a venture and give jobs to some people. It is the duty of the government to make Sauvage and keep the area clean. Moreover, the owner should make a septic well and keep a machine to dry the dung in time and make it manure. It is criminal to pollute the lake by the waste of the farm. RA should take appropriate steps to keep the area clen and beatiful as lakhs of tourists are visiting Armenia every year.
HAGOP
STICK THE MAYOR AND FORMER MINISTER WITH THE PIGS!!!!!! NO LAW AND ORDER! NO RESPECT FOR RULES OR REGULATIONS! NO RESPECT FOR THE CITIZENS OF ARMENIA! PATHETIC.
mahmouzian
the mayor his wife in the lake and david lokian with the goat .it is the way our compatroite in Armenia calculate .i spend 300000 dollars on the pigs farm you king of the pig you liar
mahmouzian
trow lokyan in the pond with the pigs the goats and his wife to see how it feel david you are a money pig what you are doing is for yourself period
Հովո
Հովո, հստակ երեւումա այն, ինչ Շաքրոնա ելույթ ունեցել։ Միայն թե այդ ելույթների դրդապատճառը չերեւաց հստակ։ Իսկ ես հստակ զրպարտություններ տեսա։
Շաքրո Ղազարյան
ճշմարտությանս չկասկածեք....ասածներիս տեր եմ
Հովո
Հոդվածից հստակ երեւում է, որ կա նախ համայնքապետի պաշտոնեական դիրքի չարաշահում, կա բնապահպանության նախարարության անգործություն եւ ազգային պարկի անտարբերություն եւ Ղարիբյանների անպատժելիություն...
Սամվել Ղարիբյան
Շաքրո', ամոթ է, կեղծ կարծիքներ մի արտահայտվի :... Խոսա ճշմարտությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter