HY RU EN

ԲՈԿ-Ի նախագահ Սմբատ Գոգյանն իր արմատների և Ջավախքի մասին

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սմբատ Գոգյանի նշանակումը ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնում հասարակության մի շարք շրջանակներում բուռն քննարկումներ առաջացրեց: Մի մասը քննադատեց Ս. Գոգյանին և ԿԳ նախարարին` նշանակման համար, իսկ որոշները, ովքեր Ս. Գոգյանին ճանաչում են առավել մոտիկից, ընդգծված դրական կարծիք ունեն նրա և' մասնագիտական կարողությունների, և' մարդկային որակների մասին: Վերջին շրջանում մեզ հայտնի դարձավ, որ Գոգյանը հաճախակի է այցելել Ջավախք` իր հարազատներին: Որոշեցինք անպայման հանդիպել և խոսել այս ամենի մասին: ԲՈԿ-ի նորանշանակ նախագահը սիրով համաձայնեց՝ չնայած որ, իր խոսքերի համաձայն, որոշել էր առաջիկայում մի որոշ շրջան այլևս հարցազրույց չտալ:         

- Պարո՛ն Գոգյան, Ձեզ մոտիկից ճանաչողներն անկեղծ հիացմունքով են խոսում Ձեր մասնագիտական հմտությունների մասին: Իսկ եթե նրանց շարքում կան ծնունդով ջավախքցիներ, ապա նրանց հիացմունքին ավելանում է նաև հպարտության զգացումը: Խնդրում եմ առավել մանրամասն  պատմեք Ձեր արմատների մասին:

- Ես ծնվել եմ Երևանում, հայրս լոռեցի է, մայրս` Ջավախքից, ծնվել է Նինոծմինդայի (նախկինում` Բոգդանովկայի) շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում: Այսինքն` մայրական կողմով եմ Ջավախքից: Մայրս Նազարյանների հայտնի ընտանիքից է, պապիկս` Նազարյան Սարգիսը, ժամանակին բարձրաստիճան պաշտոնյա է եղել Բոգդանովկայի շրջանում, քեռիս` Նազարյան Հրայրը, շատ հարգված մարդ է Բոգդանովկայում, աշխատել է՝ որպես ոստիկանության քրեական հետախուզության պետ, անցել է թոշակի, հիմա Բոգդանովկայի քաղաքապետարանում կադրերի բաժնի վարիչն է:

Ես ամեն ամառ երկու-երեք ամիս անցկացրել եմ Ջավախքում, հիմա, ցավոք, շատ չի ստացվում, շուտով Տերյանական պոզեիայի տոնն է, որին, ցավոք, չեմ կարողացել մասնակցել: Ամեն դեպքում մյուս շաբաթ՝ մորաքույրերիս ծննդյան օրերին, այցելելու եմ:

- Ուսանողական տարիներին՝ հատկապես առաջին-երկրորդ կուրսերում, շատերս ենք ընկել թեժ կռիվների մեջ: Ջավախքցիները հայտնի են իրենց պատվախնդրությամբ, անզիջող պահվածքով: Դուք հայտնվե՞լ եք այդպիսի իրավիճակներում:

- Հայտնվել եմ, կռիվներ էլ են եղել, ծեծ էլ ենք կերել տարբեր տիպի, բայց ինձ մեծ  տհաճություն է պատճառել այն դեպքը, երբ հինգ տարի առաջ ԵՊՀ-ի շենքի առջև կռիվ էր եղել, շահարկվել էր ախալքալաքցիների անունը, ես կոշտ նամակ էի գրել ԵՊՀ ռեկտորին (ես դասավանդում էի այն ժամանակ, երկու տարի առաջ եմ դուրս եկել ԵՊՀ-ից, այժմ դասավանդում եմ ֆիզմաթ դպրոցում), բաց նամակ էր, քննադատել էի պահվածքը, սակայն այդ ամեն ինչը մնաց անարձագանք:

- Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնականի մասնակցությամբ դեպքի մասի՞ն է:

- Այո՛: Այդտեղ ես չտեսա ախալքալաքցիների պատվախնդրության պահը և ավելի շատ ծառայելու միտում տեսա, ինչն ինձ համար շատ տխուր էր:  

- Չնայած արդեն մի քիչ խոսեցինք այս մասին, այնուամենայնիվ, մի քիչ էլ մանրամասնենք. ներկայումս  Ձեր հարազատներից ովքե՞ր են ապրում Ջավախքում:

- Երեք քեռիներս, երեք մորաքույրերս: Ինչպես ասացի, նրանք ծնվել են Փ. Գոնդուրայում, սակայն հետագայում ցրվել են և ներկայումս ապրում են Բոգդանովկայում, Փ. Գոնդուրայում, Մ. Գոնդուրայում, երկու մորաքույրեր էլ ունեմ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: 

- Ինչպիսի՞ն է այսօր Ձեր կապը Ջավախքի հետ, հաճախակի՞ են այցելությունները հարազատ գյուղ, հարազատներին կամ թեկուզ հենց այնպես` ընկերներով: Երբևէ ինչ-որ ծրագրեր նախաձեռնե՞լ եք Ջավախքում:

- Ինչպես նշեցի, մինչև 4-րդ կուրս կամ մագիստրատուրա 1-ին կուրս ամեն ամառ երկու ամսով գոնե Ջավախքում լինում էի, բայց աշխատանքի անցնելուց հետո ավելի ուշ-ուշ սկսեցի գնալ: Նույնիսկ պահ եղավ, որ երկու-երեք տարի իրար հետևից չէի գնացել, բայց հիմա փորձում եմ ամեն տարի մեկ անգամ գոնե երկու շաբաթով գնալ: Այս տարի էլ չի ստացվի, քանի որ օլիմպիադայի էի տարել երեխաներին, արձակուրդս դրա վրա ծախսվեց, էլ արձակուրդ չունեմ, իսկ աշխատանքս էլ շատ-շատ է: 

- Խորհրդային տարիներին ջավախահայ ուսանողները փայլել են հենց մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների բնագավառներում, Դուք, շարունակելով այդ ավանդույթները, ի՞նչ կարծիքի եք, այսօր Ջավախքը շարունակու՞մ է ծնել այդպիսի սերունդ, Վրաստանի կրթական նոր համակարգը ի՞նչպիսի դեր ունի այս հարցում:

- Ցավոք, Ջավախքի հայությունն արդեն ավելի շատ գնում է Թիֆլիսում սովորելու, քան թե  Երևանում, դրա համար նրանց հոսքը կտրուկ նվազել է: Որակական իմաստով դժվարանում եմ ասել, որովհետև աչքի ընկնողները միշտ քիչ են լինում, իսկ քչի մեջ` ավելի աննկատ: Օրինակ, Քերոբյան Գրիգոր ունեինք, այս պահին չեմ հիշում, թե Ախալքալաքի ո՛ր գյուղից էր, երեք տարի առաջ միջազգային օլիմպիադա տարա, և նա մեդալ շահեց: Այսինքն` խելացիներ էլի կան, բայց ընդհանուր քանակը քիչ է:

Վրաստանի կրթական նոր համակարգը, անշուշտ իր ազդեցությունը թողնում է, բայց ընդհանուր աշխարհում է կրթության որակն ընկնում, մեր երկրները, ինձ թվում է, բացառություն չեն, բայց որ Վրաստանի հայկական դպրոցների մաթեմատիկայի 2-րդ դասարանի դասագրքի վրա «Մակեմակիկա» էր գրված, և դա ես տեսել եմ 4-5 տարի առաջ, իհարկե, շատ տխուր է:  

- Պարո'ն Գոգյան, գաղտնիք չէ, որ ջավախահայությունն այսօր լավ օրեր չի ապրում, մի կողմից թուրքական ներկայության աճի վտանգը, մյուս կողմից՝ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը, որը հիմնված է հայության հանդեպ անվստահության վրա: Խոսքս մասնավորապես վերաբերում է Ջավախք տարվող հայատառ գիրք-գրականության տոտալ արգելքին, ինչպես նաև բազմաթիվ հասարակական գործիչների` Վրաստան մուտքի արգելքներին: Որպես մտավորական՝ Ձեր դիրքորոշումն այս երևույթների մասին:

- Այդ խնդիրը կա: Ինձ Ինստիգեյթի տնօրենը մի անգամ նվիրել էր Հայաստանի և Արցախի  Հանրապետության համատեղ քարտեզներ, մեկը նվիրեցի Երևանի մեր ֆիզմաթ դպրոցին, մեկը ինձ համար պահեցի, մյուսն էլ որոշեցի տանել գյուղ, ցավոք, վրաց սահմանապահները չթողեցին, երկար՝ մի կես ժամի չափ, քննարկումների արդյունքում վերջը կարողացա տանել պապիկիս տուն:

Իհարկե, պետք է գիտակցեն, որ ուժեղ հայությունը շատ ավելի ձեռնտու է Վրաստանին, քան ուժեղ թուրքական համայնքն այդ տարածաշրջանում: Վրացիներով բնակեցնել այդ տարածքը իրենց մոտ մի քիչ չի ստացվում, ավելի լավ է ունենալ ուժեղ, վստահելի հայություն, քան ուժեղ թուրքական համայնք:

- Վերջին հարցս կատակով է. գիտության բնագավառում հայտ ներկայացրած ջավախահայերը սպասե՞ն արտոնություններ Սմբատ Գոգյանից:

- Միակ արտոնությունը այն կլինի, որ վկայագիրն ստանալիս անձամբ ես կհանձնեմ իրենց, խոստանում եմ, բայց որակական փոխզիջում բացառվում է:

Ես կուզենայի, որ ջավախքցիները, լինելով սկզբունքային, երբեք չդավաճանեն ճշմարտությանը հետևելուն, որովհետև սկզբունքայնությունը դեռ չի նշանակում լինել ճշմարտությանը հետևող, նաև կարելի է վատին էլ սկզբունքորեն հետևել, որը շատ վատ է: Ես կոչ եմ անում միշտ ընտրություն կատարելիս ճշմարտության համար սկզբունքային լինել և ոչ թե ձեռնտուի:    

Հարցազրույցը վարեց պ.գ.թ. Վահե Սարգսյանը