HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոտնձգություն սեփականության, բիզնեսի և հուշարձան-շենքի նկատմամբ՝ բացառիկ գերակա շահի ներքո

Տիգրան Մեծ 1 հասցեի հուշարձան շենքի սեփականատերերին վերջերս մեծ անակնկալ է մատուցվել նախորդ կառավարությունից: Սեփականատերերը Երևանի քաղաքապետարանից ստացել են իրենց շենքի օտարման, հետևաբար նաև՝ իրենց տարածքները լքելու մասին ծանուցագրեր:

Երևան քաղաքի Տիգրան Մեծ 1 հասցեն տեղական նշանակության հուշարձան է: Այն ներառված է ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Կառուցված է 1892 թվականին: Անկախացումից հետո բնակելի տուն է եղել: Սակայն ներկայիս բնակիչները պատմում են, որ ավելի վաղ այստեղ տեղակայված է եղել Իրանի դեսպանությունը, որոշ ժամանակ քաղաքապետարանի մաս է կազմել, իսկ մի ժամանակահատված էլ այստեղ ջուլհակագործության դասեր են անցկացվել: 1994-ից այն դարձել է բնակելի շենք:

1996-97թթ. առաջին հարկի բնակարանները ձեռք են բերել եղբայրներ Վահագն և Վահան Խեկոյանները: Նրանք այնտեղ իրենց բիզնեսն են հիմնել, և նույն հասցեում գործում է եղբայրների հիմնադրած «Արեգ» ԱԿ-ն: Վաճառում են տարրատեսակ գործիքներ, սարքավորումներ, և Հայաստանում մի շարք արտասահմանյան ընկերությունների, ինչպիսիք են՝ ամերիկյան DᴇWALT-ը, ճապոնական Makita-ն,  ներկայացուցիչ են:     

Խեկոյանները ժամանակի ընթացքում ընդլայնել են իրենց գործունեությունը և ձեռք են բերել շենքի մյուս բնակարանները: Այժմ Տիգրանի Մեծի 1 շենքի 70 տոկոսը՝ շուրջ 400 քմ տարածքը`  3 բնակելի և 2 բիզնես տարածք նրանց սեփականությունն է: Երկու բնակարան և մեկ բիզնես տարածք էլ այլ սեփականատերերի է պատկանում:  

Խեկոյան եղբայրներն ի սկզբանե տեղյակ են եղել, որ այդ շենքը մշակութային հուշարձան է, և աշխատել են այնպես դասավորել իրենց գործունեությունը, որ վնաս չտան ոչ արտաքին տեսքին, ոչ էլ ներքին հարդարումներին, և մինչ օրս պահպանվել են պատերի բնական տեսքը, գույնը և նույնիսկ մանրահատակը:  

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից 33-րդ թաղամասի ստեղծման համար կառավարությունը 2008-ին  բացառիկ գերակա շահ է ճանաչել «Ֆիրդուս»-ի տարածքի նկատմամբ և օտարել «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ին:

Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված ծրագրով՝ ընկերությունը խոստացել է շուրջ 300 մլն դոլար ներդրում ապահովել 33-րդ թաղամասի կառուցման համար: Կառուցապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 200.000 քմ:

Նախատեսվող նոր թաղամասի կառուցման նպատակը տարածքի բարեկարգումը, կանաչապատումը, առավել արդյունավետ պլանավորումը և օգտագործումն է:

Այստեղ նախատեսվում է նաև կառուցել շուրջ 40 մետր բարձրություն և 85 մետր տրամագիծ ունեցող շրջանաձև հրապարակ, որի տակ կկառուցվի բազմահարկ ստորգետնյա ավտոկայանտեղի:

«Ֆիրդուսի» հարակից տարածքի նկատմամբ գերական շահ ճանաչված հատվածից այս շենքը դուրս էր մնացել, ինչպես դուրս էին մնացել այդ տարածքում գտնվող այլ հուշարձան-շենքեր: Օրինակ՝ ներկայիս ՀՅԴ կուսակցությանը պատկանող շենքը, Տիգրան Մեծ 9 հասցեում գտնվող «Արդշինբանկի»-ի շենքը, Տիգրան Մեծ 15 հասցեում գործող KFC-ի շենքը և այլ շինություններ:

Այս տարվա մայիսին, սակայն, Խեկոյան եղբայրները ստացել են տարօրինակ ծանուցումը «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից, որտեղ նրանց տեղեկացնում են, որ Տիգրան Մեծ պողոտայի 1 շենքի թիվ 7 տարածքի նկատմամբ ևս ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ և այն ենթակա է օտարման հասարակության և պետության կարիքների համար, ՀՀ օրենքով սահմանված փոխհատուցմամբ: Նշենք, որ ՀՅԴ կուսակցության շենքը չի օտարվել և դեռևս դուրս է մնացել այդ նախագծից: 

Միևնույն ժամանակ ծանուցագրում սեփականատերերի ուշադրությունն են հրավիրել կառավարության որոշման այն կետերի վրա, որոնցով բացառվում է ձեռքբերողների և սեփականատերերկի միջև կնքվող պայմանագրերում, որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանների տրամադրումը

Այս տարվա մարտի 22-ին, դեռևս պաշտոնավարող Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ոչ թե 33-րդ թաղամասում գերակա շահ ճանաչված տարածքի վերաբերյալ նախորդ որոշման մեջ փոփոխություններ են մտցվել, այլ նոր որոշում է կայացվել: Այդ որոշմամբ նույն օրը, նույն անձի կողմից հիմնադրած 18 ընկերություններ դարձել են 33-րդ թաղամասում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սեփականատերեր: Եվ այսպես՝ Արևմտյան Հայաստանի տեղանուններով՝ «Վան Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Էրզրում Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Բիթլիս Քոնսթրաքշն », «Ադանա Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Բայազետ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Ուրմիա Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Տրապիզոն Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Դիարբեքիր Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Սասուն Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Բաբերդ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Կարս Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Իգդիր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ները հիմնադրվել են 2015թ. մայիսի 5-ին՝ Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից:  Վերջինս, սակայն, տնօրենն է և հիմնադրել է այդ ընկերությունները, որոնց մեծ մասից 1,5 ամիս անց դուրս է եկել:

Այժմ «Դիանար» ՓԲԸ-ն է դարձել բաժնետեր (նախկինում կոչվել է «Ռիալթի ինվեստ գրուպ») «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում, որին տրվել է Տիգրան Մեծ 1 և հարակից հասցեների (վերևում տեղադրված նախագծի քարտեզում այդ հատվածը նշված է կապույտով-հեղ.) օտարման իրավունքը: Փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի մասին պետական ռեգիստրը տեղեկություններ չի տրամադրում: Իսկ կենտրոնական դեպոզիտարիան բաժնետերերին գաղտնի է պահում: Կառավարության «Հետք»-ի աղբյուրը հայտնում է, որ այս բոլոր ընկերությունների սեփականատերերից մեկը սփյուռքահայ Վահե Յաղուբյանն է։ Թե ովքեր են մյուս սեփականտերերը, առայժմ անհայտ է։ Վ․Յաղուբյանը նաև հանրությանը հայտնի «Գլենդել Հիլզ» ընկերության սեփականատերերից մեկն է եղել։ Տեղեկացնենք, որ 2015 թ․-ին  «Գլենդել հիլզը» դատարանի որոշմամբ սնանկ  է ճանաչվել։ Մասնագիտությամբ իրավաբան Վ. Յաղուբյանը վերջին 20 տարիներին իշխանություններին մոտ կանգնած անձնավորություն է:    

Կառավարություն այս որոշման նախագիծը ներկայացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա էլ տեղեկանք-հիմնավորում է ներկայացրել՝ նոր գերական հանրային շահ ճանաչելու մասին: «Տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, լուծելով տարածքում առկա իրավատեր անձանց հետ խնդիրները կառուցապատողի հաշվին, առանց բյուջետային միջոցներ ծախսելու»,- հիմնավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Սակայն նա չի նշել, թե ինչու են նոր տարածքներ ընդգրկվել նախագծի մեջ, ինչ են դառնալու հուշարձան-շենքերն այդ նոր համալիրում: Նոր շենքերի ներառումը գերակա շահ ճանաչված տարածքի մեջ որևէ կերպ չի նշվել կամ հիմնավորվել: Ըստ ամենայնի, կառավարության նոր որոշման հիմնական նպատակը նոր տարածքներ և շենքեր աննկատ ընդգրկելն է եղել:

Պարզելու համար, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Տիգրան Մեծ 1 հասցեի շենքին, արդյոք շենքը քանդվելու է, եթե ոչ կամ ի՞նչ նպատակի է այն ծառայելու, գրավոր դիմեցինք մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:

«Հայտնում ենք, որ հուշարձան-շենքը բացառիկ գերակա շահ ճանաչված հանրային տարածքում ներառվելու դեպքում անգամ՝ քանդման ենթակա չէ: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների քանդումն արգելվում է»,- մեր հարցմանը պատասխանել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:

Մշակույթի նախարարին նաև հարցրել էինք, թե ինչ դիրքորոշում ունի նմանատիպ շենքերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումների վերաբերյալ:

«Տեղեկացնում եմ նաև, որ մշակույթի նախարարության դիրքորոշումը և նպատակը՝ հուշարձանների ամրակայման, տեխնիկական տարբեր միջոցներով հետագա քայքայման կամ ավերման կանխումն է, դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումը` առանց հուշարձանի տեսքի փոփոխության, ինչպես նաև՝ հուշարձանի պահպանության, անվթարության ապահովումն՝ ամրակայումը, նորոգումը և վերականգնումը»,- պատասխանել է փոխնախարար Գալստյանը:

«Եթե շենքը պատմամշակութային արժեք է և չի քանդվում, ինչո՞ւ պիտի անցնի մեկ ուրիշին: Սա կոչվում է սեփականություն խլել,- ասում է տարածքի սեփականատեր Վահագն Խեկոյանը: -Սա բիզնես է՝  վերջին 20 տարվա պատմություն է, հաճախորդներ, կոմունիկացիա և այլն, ինչպե՞ս են բիզնեսը գնահատելու և կոմպենսացնելու: Երեկ չենք առել, խաբեությամբ չենք առել, աշխատել ենք, 20 տարվա մեջ կամաց-կամաց առել ենք: Կառավարությունը պիտի հասկանա, թե ինչու է իմ անձնական սեփականությունը տալիս ուրիշին»:

Վերջինս նշում է, որ գերակա շահ կոչվածը ոչ թե իրականում պետության կարիքների համար է, այլ մասնավոր շահի (նկատի ունի՝ «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ին), որը չի կարող գերակա լինել իրենց շահից:

«Մի օրում 13 հիմնարկ է բացվել, սրանք բոլորը «Գլենդել Հիլզի» անհաջող պատմության շարունակությունն են: Մենք 25 տարեկանից աշխատում ենք, որ վաղը մեր 8 երեխեքին ասենք՝ գիտես, Վանը, Բայազեդը, Էրզրում և այլ քոնսթրաքշենները եկան, մեզ ասեցին՝ դուրս եկեք, գնացեք խոպանում ապրեք, ես ստեղ պիտի մենակով բիզնես անեմ»,- շարունակում է Վահագն Խեկոյանը:

«Ունենք 28 աշխատող: 0-ից դարձել ենք խոշոր հարկատու: Միայն խանութում 1 մլն դոլարի մուտք կա այս պահին, իսկ ընդհանուր շենքի պահպահման, կոմունիկացիաների վրա մոտ 500 հազար դոլար ենք ծախսել»,- շարունակում է Վահան Խեկոյանը:

«Մենք չենք զիջելու ոչ մի շենք: Եթե մեզ այլ տեղ առաջարկեն, ապա միայն Լենինի արձանի տեղի համար կհամաձայնենք՝ Հանրապետության հրապարակում: Ինքը փոխարինող տեղ չի կարող տրամադրել, որը լինի քաղաքի կենտրոնում, նման բանուկ վիճակում: Եթե քանդվող շենք լիներ, ես չէի մնա մեջտեղը, բայց եթե շենքը տանելու է երկրորդ գիծ դնի, չեմ ուզում: Իմ սեփականությունն է և վերջ: Մենք մինչև եվրոպական դատարան  էլ պատրաստ ենք գնալ, բայց ինչու պիտի ես տանջվեմ, գումար ծախսեմ, դատապաշտպան վարձեմ, որ ասեմ՝ իմ ձեռքից իմ տունն ու աշխատանքը մի խլի»,- վճռականորեն ասում է Վահագն Խեկոյանը:Համաձայն ներդրումային նախագծի՝ ծրագրի իրականացման տևողությունը 3-4 տարի էր, սակայն առ այսօր որևէ բարեկարգում կամ կառուցապատում չի իրականացել:

Գործարար եղբայրներ Խեկոյանները հույս ունեն, որ նոր կառավարությունը կվերանայի նախորդի սխալները, և հուշարձան շենքին և նրա սեփականատերերին ոչինչ չի սպառնա:

Հ.Գ. «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ի և արևմտյան Հայաստանի տեղանուններով ընկերությունների տնօրեն և ներկայացուցիչ Էդուարդ Մելիքյանի հետ զրուցել առայժմ չի հաջողվել: Նա տեղում չէր: Տարածքում ապրող և ընկերության հետ պայմանագիր կնքած ու չկնքած բնակիչների պատմություններին, ինչպես նաև ընկերության դիրքորոշմանը կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանություններ (1)

Աշոտ Մնացակսնյանից
Էտ տականք հանրապիխծականները ան խնա թալանելով թալանեցին ԱՐԱՄԻ ԲՅԵՒԶԱԴԻ և նմանատիպ շենք շինություննրը հիմա էլ պխծված ձեռքերով հասել են վեջի մի քանի հիշատակ մնացած հին ԵՐևԱՆՑ էտ էլ էին ուզում լափել. Պայքար էլ մինչև ազնվության վերականգ ում. Ջնջել է պետք էտ հանրապիխծական կուսակցություը ընդանրապես ՀԱՅԱՍՏԱՆԻՑ կեխտակույտերի հավաքածուներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter