HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մի շարք պաշտոնատար անձինք շարունակում են իրավապահ մարմիններին չներկայանալ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտվեցին մի շարք կոռուպցիոն և ապօրինի հարստացման դեպքեր, վերաբացվեցին նախկինում կարճված գործեր։

Որոշ պաշտոնատար անձինք, կանխատեսելով իրավապահ մարմինների հետ առնչություն ունենալու հանգամանքը, հեռացան երկրից մինչ այդ գործերով որոշումների կայացումը։

Քննչական մարմինները նրանցից որոշների նկատմամբ հետախուզում հայտարարեցին, սակայն մինչ օրս նրանք այդպես էլ չեն ներկայացել վարույթ իրականացնող մարմնին։

Անդրադառնանք հանրային հնչեղություն ստացած որոշ գործերի՝ ներկայացնելով քննչական մարմիններից ստացած մեր թարմ տվյալները։

Հուլիսի 7-ին  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի և նրա դստեր՝ Անի Սարգսյանի, նկատմամբ հատուկ քննչական ծառայությունը հետախուզում հայտարարեց։ Լևոն Սարգսյանին կալանավորելու որոշում ևս կայացվեց։ Սակայն հայր և դուստր Սարգսյանները դեռևս թաքնվում են վարույթ իրականացնող մարմնից։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը, նրա դուստրը և որդին թաքցրել են իրենց եկամուտները։ Նրանց ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցվել էր քրեական գործ:

Սարգսյան ընտանիքի մյուս անդամը՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ևս հուլիսի 5-ից հետախուզման մեջ է։ Այդ օրվանից մինչ օրս նա չի ներկայացել ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։  Նշենք, որ Սարգսյանը իր նկատմամբ հայտարարված հետախուզումից ժամեր անց ջնջեց նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջը։

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Նարեկ Սարգսյանը հունիսի 22-ին իր թիկնապահի հետ մեկնել էր Մոսկվա։ Հիշեցնենք, որ Սարգսյանի՝ Արամի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ևս հետախուզման մեջ է։ ՀՔԾ-ի փոխանցմամբ՝  Հարությունյանը հուլիսի 3-ից մինչ օրս չի ներկայացել ծառայություն և նրա նկատմամբ հետախուզումը շարունակվում է։

Միքայել Հարությունյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով․ մասնավորապես՝ նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հունիսի 13-ին քննչական կոմիտեն հետախուզում հայտարարեց Մոնթե Մելքոնյանի անվան 11 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ։ Արդեն գրեթե մեկուկես ամիս է՝ Ազիզյանը հետախուզման մեջ է և չի ներկայացել հատուկ քննչական ծառայություն։ «Ֆեյսբուք»-յան օգտատերերից մեկը մայիսին 9-ին Ռուզաննա Ազիզյանին տեսել և լուսանկարել էր Լոս Անջելեսի օդանավակայանում, ով տեղեկությունների համաձայն՝ այցելել է ԱՄՆ-ում բնակվող որդուն։

Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Ազիզյանը 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել մի շարք աշխատակիցների դրամական պարգևատրումներ տալու մասին, սակայն վերջիններս, ստանալով պարգեւատրումները, ամբողջությամբ կամ մասնակի,  առձեռն վերադարձրել են Ազիզյանին՝  ըստ նրա նախնական պահանջի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter