HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանով են թանկացել բնակարանները

Այս տարվա ապրիլից Երևանում բնակարանների գները նկատելիորեն բարձրացել են։ Այս մասին են վկայում ինչպես կադաստրային պաշտոնական տվյալները, այնպես էլ՝ անշարժ գույքի գործակալները։ Թանկացումն առավել տեսանելի է եղել մայիս ամսին։

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները, 1քմ մակերեսի հաշվարկով, 0.9%-ով նվազել են 2017թ. հունվարի համեմատ։ Իսկ փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնանկումը կազմել է 0.3%:

Մարտից սկսած` աճի միտում է արձանագրվել. բնակարանների գները, նախորդ տարվա մարտի համեմատ, բարձրացել են 2.6%-ով։ Ապրիլին ու մայիսին թանկացման տեմպը նկատելիորեն արագացել է։ Ապրիլին, 2017-ի ապրիլի համեմատ, գները բարձրացել են 6.6%-ով, իսկ մայիսին, 2017-ի նույն ամսվա համեմատ՝ 7.7%-ով։ Հունիսի կադաստրային տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն անշարժ գույքի գործակալներն ասում են, որ հունիսին թանկացման տեմպը նվազել է։

Ներկայացված աղյուսակում այս տարվա մայիսին Երևանում վաճառված բնակարանների պայմանագրային գների և վաճառքի հանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված շուկայական միջինացված գներն են՝ 1քմ հաշվարկով, ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների։ Ներկայացված են Կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալները։

Նախ, ինչպես երևում է, բնակարանները ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանում են, որին հաջորդում են Արաբկիրն ու Դավթաշենը։ Այս տարվա մայիսին, 2017-ի նույն ամսվա համեմատ, տոկոսային առումով ամենազգալի թանկացումն արձանագրվել է Կենտրոնում, Դավթաշենում և Աջափնյակում։

Այս տարվա մայիսին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում իրականացվել է բնակարանների առուվաճառքի 865 գործարք։ Ապրիլի համեմատ այս ցուցանիշն աճել է 4.7%-ով, իսկ 2017 թվականի մայիսի համեմատ այն նվազել է 3.4%-ով։

Ըստ «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Արթուր Մնացականյանի՝ բնակարանների գների բարձրացումը պայմանավորված է գնորդների ու վաճառողների թվի աճով, որն էլ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունք է։ Գների բարձրացման վրա ազդել է նաև «արհեստական աղմուկը»։ «Գնորդների թիվը մեծացել է։ Եթե մինչև ապրիլ ամիսը մարդիկ տատանվում էին՝ գնե՞լ տուն կամ բնակարան, թե՞ ոչ, ներդրումներ կատարե՞լ, թե՞ ոչ, ապա ապրիլ-մայիսի հայտնի իրադարձություններից հետո վստահությունը մեծացել է, և մարդիկ իրենց քայլն են անում, հիմնավոր գնումներ են անում։ Հիմա, քանի որ մարդկանց գնողունակությունը այդքան էլ բարձր չէ, մարդիկ կարողանում են  հիմնականում ծայրամասերում գտնվող բնակարաններ գնել։ Իսկ եթե օգտվում են հիպոթեքից, ապա Կենտրոնին ավելի մոտ բնակարաններ են գնում։ Արտասահմանից եկող գնորդներն ավելի մեծ հնարավորություններ ունեն և կարողանում են Կենտրոնում գտնվող բնակարաններ ձեռք բերել։ Մարդիկ մտածում են, որ թանկացման միտումը կշարունակվի և ավելի նպատակահարմար են գտնում հենց այս պահին գնել անշարժ գույքը։ Նաև արհեստական աղմուկի հետևանքով են գները բարձրացել։ Լուրեր եղան, որ բնակարանները շատ են թանկացել, և շատերը իրենց բնակարանները հանեցին վաճառքի, բայց կարծում եմ` դա տևական չի լինի»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ա. Մնացականյանը։

Ըստ նրա՝ հունիսին թանկացման տեմպերը նվազել են, ինչը պայմանավորված է արձակուրդային սեզոնով։ Այնուամենայնիվ, նախորդ տարվա հունիսի համեմատ պահանջարկն ավելի մեծ է։

Չնայած կադասատրային տվյալները ցույց են տալիս, որ տոկոսային առումով գները ամենաշատը բարձրացել են Կենտրոն վարչական շրջանում, սակայն անշարժ գույքի գործակալի խոսքով՝ գործարքների քանակի աճն ու գների բարձրացումն առավել նկատելի է Կենտրոնին ոչ այնքան մոտ շրջաններում։  

Ինչ վերաբերում է նորակառույց շենքերի բնակարաններին, ըստ Ա. Մնացականյանի, դրանց գնորդներն ու հետաքրքրվողները ևս շատ են, ինչը ներկայում պայմանավորված է եկամտային հարկի վերադարձմամբ։ Հիշեցնենք, որ 2015 թվականից «Եկամտային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ  նորակառույց և կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած վարձու աշխատողներին հնարավորություն է տրված հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը և այն ուղղել հիփոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։

«Պահանջարկի աճ կա նաև բիզնես տարածքների նկատմամբ՝ հիմնականում սպասարկման ոլորտի կողմից»,- նկատում է անշարժ գույքի գործակալը։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա ըստ Ա. Մնացականյանի, առավելապես հողի առուվաճառքի աշխուժացման որոշակի միտում է նկատվում, հիմնականում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի։

Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ մայիսին ակտիվացել է նաև մարզերում գտնվող բնակարանների առուվաճառքը։ Մասնավորապես, մայիսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 402 բնակարան։ Ապրիլի համեմատ այս թիվն աճել է 10.7%-ով, իսկ 2017 թվականի մայիսի համեմատ՝ 22.6%-ով:

Ինչ վերաբերում է անհատական բնակելի տներին, ըստ Կադաստրի վերջին տվյալների՝ մայիսին Երևանում վաճառվել է 144 անհատական բնակելի տուն՝ 2017 թվականի մայիսի 128-ի համեմատ։

Իսկ մարզերում մայիսին վաճառվել է 344 անհատական բնակելի տուն՝ 2017 թվականի մայիսի 281-ի համեմատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter