
Գյումրու բժշկական կենտրոնում դեղապատ ստենտի տեղադրման գինը ամենացածրն է հանրապետությունում՝ 850 հազար դրամ
Կառավարության «Անվճար մեկ ստենտ կյանքի համար» ծրագրով հանրապետության մի շարք բուժհաստատություններում, այդ թվում եւ Գյումրիի, 2015թ.-ից իրականացվում էր ոչ դեղորայքային ստենտավորում սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների համար: Առողջապահության նախարարությունն այս տարի հուշագիր էր ստորագրել մատակարարների հետ «Կյանքի ստենտ» ծրագրի շարունակականությունն ապահովելու համար` արդեն դեղապատ ստենտով:
Հուլիսի 1-ից Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը իջեցրել է վճարովի դեղապատ ստենտավորման գինը: Եթե նախկինում հիվանդը մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար վճարում էր 1 մլն 100 հազար դրամ, ապա արդեն մոտ մեկ ամիս է Գյումրու բժշկական կենտրոնում հիվանդները նույն ծառայության համար վճարում են 850 հազար դրամ:
«Այդ քայլին գնացինք` մեկ անգամ եւս վերլուծելով ոլորտը եւ նկատի ունենալով հարեւան Վրաստան հիվանդների հոսքը՝ կապված նույնատիպ ծառայությունների մատուցման առավել մատչելի գների հետ: Քանի որ «Կյանքի ստենտ» ծրագրում արդեն իսկ մատակարարների հետ բանակցությունների արդյունքում կար գների իջեցում, որոշեցինք մենք էլ հաշվարկ կատարել եւ հասկանալ` արդյո՞ք կարող ենք արդեն վճարովի ծառայությունների մակարդակում անել նույն բանը: Բանակցություններ սկսեցինք մեր մատակարար գործընկերների հետ, նաեւ վերահաշվարկ կատարեցինք հիվանդանոցի եկամուտների մասով եւ որոշեցինք ստենտավորման գինն իջեցնել 250 հազար դրամով»,- ասում է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Գնի իջեցումը չի ազդելու ոչ ստենտի, ոչ մատուցվող ծառայության որակի վրա, հավաստիացնում են բժշկական կենտրոնից: Արմեն Իսահակյանն ասում է, որ եթե նախկինում մեկ ստենտավորումից հիվանդանոցի եկամուտը կազմում էր 150 հազար դրամ, իսկ գների իջեցումից հետո՝ 50 հազար, ապա հաշվարկել են, որ էժանացման ու քանակի հաշվին իրենք նույն չափով կարող են եկամուտ ապահովել:
«Հիմա, եթե հիվանդը գնում է Վրաստան, որովհետեւ այնտեղ առաջարկում են 750 հազար դրամ վճարել, երբ հաշվարկում ես ճանապարհածախսը, կեցությունն օտար երկրում, ապա մեր առաջարկած նոր գնի հետ համեմատած` 100 հազար դրամն այլեւս մեծ գումար չի լինում, մանավանդ, որ մենք անվճար հնարավորություն ենք տալիս, որ խնամող անձն այդ մի քանի օրը մնա հիվանդանոցում: Հատկապես, երբ մարզերից են գալիս, խնդիր կա, մենք անվճար հիվանդասենյակ ենք տրամադրում, որ գան այդ մի քանի օրը մնան, խնամեն իրենց հիվանդին»:
Արմեն Իսահակյանի վստահեցմամբ, Գյումրու բժշկական կենտրոնի առաջարկած գինն այս պահին ամենացածրն է հանրապետությունում՝ Երեւանում նույն բուժծառայությունն իրականացվում է 1 մլն դրամով: Գների նվազումից հետո անցած մեկ ամսվա ընթացքում կենտրոնի ծառայություններից հասցրել է օգտվել 34 հիվանդ:
Մեկնաբանել