Արմավիրի քաղաքապետը մեղադրվում է յուրացման մեջ
Շուշան Շահվերդյան
«Երկրում տիրում է անպատժելիության իրավիճակ, կատարվել է խոշոր չափերի' վեցանիշ թվերի հասնող յուրացում, վտանգված է Արմավիր քաղաքի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,-ահազանգում են կազմավորման փուլում գտնվող «Արմավիրցիներ» հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամներն ու պահանջում, որ այդ ամենի մեղավորն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրի:
Խնդիրն առնչվում է Արմավիր քաղաքի ջրամատակարարմանը:
Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության հետ կնքած միջկառավարական պայմանագրի համաձայն' 2004 թվականից Արմավիր քաղաքում եւ մարզի մի շարք համայնքներում իրականացվում է ջրամատակարարման համակարգի վերակառուցման վարկային ծրագիր, որով նախատեսված է շուրջ 15 մլն եվրոյի ներդրում: Արմավիր քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների համար նախատեսված է 7,5 մլն եվրո:
Վարկային ծրագրի համաձայն' քաղաքի ջրամատակարարման համակարգի շահագործումը հանձնվել է «Նոր Ակունք» ՓԲԸ-ին, որի 35%-ի բաժնետերն Արմավիրի քաղաքապետարանն է: Շինմոնտաժային աշխատանքների իրականացման մրցույթը շահել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հիմնադրած «Լեգենդա» ՍՊԸ-ն, որն, ըստ նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ քաղաքաշինության նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Նորիկ Մնոյանի, նախկինում նմանատիպ աշխատանքների փորձ չունի եւ մինչ այս աշխատանքները կատարելը զբաղվել է ոչ թե շինարարությամբ, այլ բենզինի վաճառքով եւ մանրածախ առեւտրով: Արմավիրի նախկին քաղաքապետը չի բացառում, որ հիշյալ ընկերությունը մրցույթում հաղթել է կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, քանզի մրցույթի պայմաններից մեկը եղել է այն, որ հաղթողը պետք է ունենա փորձ եւ կատարած աշխատանքների որոշակի ծավալ: 2004 թվականի ընթացքում «Լեգենդա» ընկերության կողմից կատարվել են Արմավիր քաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման բակային ցանցերի վերակառուցման, անհատական բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի հաշվիչ հանգույցների տեղադրման, ինչպես նաեւ քաղաքի Հարավ-արեւելյան թաղամասի նոր սնուցման ջրագծի' շուրջ 3 մլն դոլարի կապիտալ շինարարության եւ շինմոնտաժային աշխատանքներ: «Նախագծով նախատեսված էր, որ հին, շարքից դուրս եկած ջրագծերը պետք է փոխարինվեին նոր, հատուկ ստանդարտներին բավարարող, չժանգոտվող մետաղական խողովակներով, որոնց արժեքն ավելի թանկ է, քան ներկայումս Հայաստանում օգտագործվող խողովակներինը,-հավաստիացնում է Ն. Մնոյանը:-Սակայն իրականում քաղաքի ամբողջ տարածքում հին ջրագծերը փոխարինվել են օգտագործված, հանրապետության տարբեր տեղերից, տարբեր նշանակության օբյեկտներից ապամոնտաժված հին, սանիտարական եւ տեխնիկական նորմերին չհամապատասխանող եւ, ընդհանրապես, շահագործման' խմելու ջրի համար ոչ պիտանի խողովակներով»: Նախկին քաղաքապետի տեղեկություններով' որոշ շենքերում խողովակները ոչ միայն ցինկից են, այլեւ մարդկանց խմելու ջրի համար բերվել եւ օգտագործվել է անգամ Բաղրամյանի խոզաբուծական համալիրի տեխնիկական ջրամատակարարման ցանցից դեմոնտաժված խողովակների մի ամբողջ խմբաքանակ: Ինչեւէ, աշխատանքներն ավարտելուց հետո ջրագծերը հանձնվել են շահագործման: Ն. Մնոյանի պնդմամբ' արդեն ութ ամիս է' քաղաքի բնակչությունն օգտագործում է կասկածելի գույնով եւ համով խմելու ջուր. «Մինչեւ օրս ծորակներից հոսում է պղտոր, ժանգոտ, տարօրինակ համով, լպրծուն ջուր: Այս իրավիճակին մենք հետամուտ ենք եղել միայն մեկ ամիս առաջ, քանզի աշխատանքները կատարելու ընթացքում մեր մտքով երբեք չէր անցել, որ քաղաքապետը կարող էր թույլ տալ նման անօրինական գործողություններ»:
Ըստ Ն. Մնոյանի' ներկայիս քաղաքապետը ոչ միայն հանցավոր անտարբերություն է ցուցաբերել կատարված անորակ աշխատանքների նկատմամբ, այլեւ անձամբ է ընդունել կատարված աշխատանքները եւ փաստագրել դրանց շահագործումը:
Քաղաքի ավագանու տասներեք անդամներից միայն մեկն է որոշել բարձրաձայնել. Արմավիրի քաղաքի ավագանու անդամ, քանդակագործ Դերենիկ Սարգսյանը հավաստիացնում է, որ մյուս անդամները գիտեն ու տեսել են ամեն ինչ, սակայն լռում են, վախենում բարձրաձայն խոսել: «Արմավիր քաղաքի բյուջեն տնօրինում է Արմավիրի քաղաքապետը,-ասում է Դ. Սարգսյանը,-ինչ որոշում նա կայացնի, այն էլ պետք է անցնի: Իսկ եթե մի ավագանի կամ ինչ-որ մեկը հայտարարություն անի, կդառնա քաղաքապետի աչքի փուշը: Ես ոչ խանութ ունեմ, ոչ տաղավար, ավագանու մնացած անդամները առեւտրականներ են: Դատողություն արեք դուք»:
«Քանի դեռ համաճարակը չի չոքել յուրաքանչյուր արմավիրցու դուռը, կարճ ժամանակահատվածում պետք է շտկել վիճակը, խողովակները փոխարինել նորերով, պատժել մեղավորներին ու վերականգնել պետությանը հասցված վնասը,-պնդում է նախկինում Արմավիրի քաղաքային խորհրդի կոմունալ ձեռնարկությունների եւ բարեկարգման կոմբինատի տնօրեն, այժմ «Պարենարդշին» ԲԲԸ-ի նախագահ Աշոտ Հակոբյանը եւ շարունակում:-Պետք է այդ ամբողջը նորից քանդվի, խողովակաշարերը նորից կտրվեն, այդ ամբողջը պետք է դեմոնտաժ եւ նորից մոնտաժ արվի, այսինքն' եթե նա կատարել է 3 մլն եվրոյի շինմոնտաժային աշխատանքներ, պետք է 1 մլն եվրո էլ վրան ավելացնել, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը վերականգնել»:
«Արմավիրցիներ» հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբն արդեն հայտարարություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն, իսկ Արմավիրի մարզային դատախազությունը նյութեր է նախապատրաստում' քրեական գործ հարուցելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել