
Փաստաբաններն ահազանգում են՝ դատավոր Բեկթաշյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի նկատմամբ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի գործով դատաքննությունում կոնֆլիկտ է ծագել:
Վլադիմիր Սաչկովը պատմում է, որ երեկ կայացած նիստին նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր փաստաբանների, մասնավորապես՝ Արմեն Բաղդասարյանի նկատմամբ:
Նիստը բացելով՝ դատավոր Բեկթաշյանը հայտարարել է, որ իրեղեն ապացույցը դատարան չի ներկայացվել, և դատախազն առաջարկել է քննարկել պաշտպանական կողմի ապացույցների շարքից այն հանելու մասին միջնորդությունը, որը դատարան է ներկայացվել դեռևս մայիսին: Միջնորդությունը պատճառաբանված է եղել նրանով, որ ըստ էության դատարանը մատնված է անգործության, որի հետևանքով խախտվում են ամբաստանյալ Սաչկովի իրավունքները, ինչից էլ խիստ վրդովվել է դատավորը: Նա սկսել է վիրավորական տոնով և արտահայտություններով խոսել փաստաբանի հետ՝ նրան երբեմն «արա»-ով դիմելով:
Սաչկովի մյուս փաստաբանը՝ Նարինե Ռշտունին, երեկ դիմում է ներկայացրել դատարանի գրասենյակ՝ խնդրելով մինչ աշխատանքային օրվա վերջը տրամադրել դատական նիստի արձանագրությունը՝ լազերային կրիչով միջնորդությունն այսօրվա նիստին նախապատրաստելու համար: Աշխատանքային օրվա ավարտին զանգահարել է Բեկթաշյանի գրասենյակ, և այնտեղից պատասխանել են, որ երբ կրիչը պատրաստ լինի, այն կուղարկվի պաշտպանին: Պաշտպան Ռշտունին միայն այսօր՝ դատական նիստից 50 րոպե առաջ է ստացել տեղեկանքն առ այն, որ տեղի ունեցած դատական նիստի ձայնային ուղեկցությունը բացակայում է՝ «Ֆեմիդա» ծրագրի խափանման պատճառով:
Այսօր Նարինե Ռշտունին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ դատավորն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալի և պաշտպանների նկատմամբ: Փաստաբանը կրկին հիշեցրեց, որ 2015թ. նոյեմբերից առ այսօր նշանակված 92 նիստերից կայացել են 34-ը, իսկ վերջին 6 ամսվա ընթացքում կայացել է 6 նիստ, որից մեկով է ապացույց հետազոտվել: Մնացած նիստերը հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով, որոնց հիմնական պատճառը եղել է ապացույց դատարան չներկայացնելը կամ դատարանի կողմից իրեղեն ապացույցը հետազոտելու համար միջոցներ չձեռնարկելը:
Փաստաբանը նշեց, որ դատավորը, երեկ կայացած նիստին, միջնորդությունը քննարկելու փոխարեն թույլ է տվել դատարանին ոչ վայել արտահայտություններ` պաշտպանության կողմի նկատմամբ, որ պաշտպաններն իբր ձախողում են դատարանի աշխատանքը, ամբաստանյալին սովորեցնում են իր վրա բողոքներ գրել ԲԴԽ, դատարանում շոու են սարքում:
Փաստաբանի դիտարկմամբ՝ Արմեն Բեկթաշյանը տարբեր անհիմն պատճառաբանություններով չի քննարկում պաշտպանության կողմի միջնորդությունները: Մասնավորապես, 2017թ. դեկտեմբերից չի քննարկվել միջնորդությունը Սաչկովի` նիստերի ընդմիջումների ընթացքում ՌԴ կամ Բելառուս մեկնելը թույլատրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ցանկանում է տեսնել իր ընտանիքի անդամներին, իսկ ծնողները մեծահասակ և ծանր հիվանդ են, որի պատճառով չեն կարող գալ Հայաստան և որդուն չեն տեսել ավելի քան 4 տարի: Դիտավորյալ չեն քննարկվել Սաչկովի միջնորդությունները` կարճաժամկետ Բելառուս մեկնելու` մորեղբոր հուղարկավորությանը, կամ գոնե քառասունքին մասնակցելու վերաբերյալ: Անգամ նիստերից մեկի ժամանակ, երբ դատավորին խնդրել են քննարկել միջնորդությունը, դատավորն իրեն թույլ է տվել Սաչկովի համար վիրավորական արտահայտություն հանգուցյալ հարազատի նկատմամբ՝ հայտարարելով, որ «մահացածը ոչ մի տեղ չի շտապում»:
Այդպիսով, նկատի ունենալով, որ դատավորը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում՝ բարեխղճորեն և լիարժեք չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք չի ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ, ողջամիտ ժամկետում չի քննում գործը, կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալի և պաշտպանների նկատմամբ, դատավորի հետագա մասնակցությունն այս գործում պաշտպաններն անթույլատրելի են համարում:
Դատավոր Բեկթաշյանը միջնորդությունից անմիջապես հետո հետաձգեց նիստը մինչև վաղը՝ թարգմանչի բացակայությամբ պատճառաբանելով, սակայն նիստից առաջ գործով թարգմանիչը մոտեցել և զգուշացրել էր, որ մեկ այլ գործով հարևան դահլիճում է և մի քանի րոպեից կմիանա նիստի մասնակիցներին: Դատավորն անմիջապես հեռացավ նիստերի դահլիճից, իսկ նրա հեռանալուց մեկ րոպե չանցած` թարգմանիչը եկավ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել